Ղկ. 11.14-32։ Գրծ. 16.6-40։ Բ. Պտ. 3.10-18։ Յհ. 7.1-13։ Մտ. 13.36-52։ Մր. 6.14-29։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
14Իսկ ուրիշներ փորձում էին նրան եւ երկնքից նշան էին ուզում նրանից։ 15Իսկ նա իմանալով նրանց մտածումները՝ ասաց նրանց. «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն տուն՝ կործանւում։ 16Արդ, եթէ սատանան էլ ինքն իր մէջ բաժանուեց, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ. որովհետեւ իմ մասին ասում էք, թէ՝ «Դա դեւերին հանում է դեւերի իշխան Բէեղզեբուղի միջոցով»։ 17Եթէ ես դեւերին հանում եմ Բէեղզեբուղի միջոցով, ձեր հետեւորդները ինչո՞վ պիտի հանեն. դրա համար նրա՛նք պիտի լինեն ձեր դատաւորները։ 18Իսկ եթէ Աստծու մատով եմ հանում դեւերին, ապա Աստծու արքայութիւնը հասել է ձեր վրայ։ 19Երբոր զինուած հզօր մի մարդ պահպանում է իր տունը, նրա ինչքը ապահով է։ 20Բայց եթէ նրանից աւելի հզօրը գայ նրա վրայ եւ յաղթի նրան, նրանից կը հանի այն զէնքերը, որոնց վրայ յոյս էր դրել, եւ նրա աւարը կը բաժանի։ 21Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ, եւ ով ինձ հետ չի հաւաքում, ցրում է»։ 22«Երբ պիղծ դեւը ելնում է մարդուց, շրջում է անջրդի տեղերում, հանգիստ է փնտռում. եւ երբ չի գտնում, ասում է՝ «Վերադառնամ իմ տունը, որտեղից ելայ»։ 23Եւ գալիս է ու գտնում այն՝ մաքրուած եւ կարգի բերուած։ 24Այն ժամանակ գնում եւ վերցնում է իրենից աւելի չար եօթը այլ դեւեր եւ մտնում, բնակւում է այնտեղ. եւ այն մարդու վերջին վիճակը լինում է աւելի վատ, քան նախկինը»։ 25Եւ մինչդեռ Յիսուս այս բանն էր խօսում, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց եւ ասաց. «Երանի՜ է այն կնոջը, որ յղացաւ եւ դիեցրեց քեզ»։ 26Եւ նա ասաց. «Մանաւանդ երանի՜ է նրանց, որ լսում են Աստծու խօսքը եւ կը պահեն»։ 27Եւ երբ ժողովուրդը նրա շուրջը խռնուեց, սկսեց ասել. «Այս սերունդը չար սերունդ է. նշան է ուզում, եւ նրան երկնքից այլ նշան չի տրուի, բացի Յովնանի նշանից. 28որովհետեւ, ինչպէս Յովնանը նշան եղաւ նինուէացիների համար, նոյնպէս մարդու Որդին նշան կը լինի այս սերնդի համար։ 29Հարաւի դշխոն դատաստանի ժամանակ վեր պիտի կենայ այս սերնդի մարդկանց հետ եւ պիտի դատապարտի նրանց, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա Սողոմոնից մեծը կայ այստեղ։ 30Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ վեր պիտի կենան այս սերնդի հետ եւ պիտի դատապարտեն նրան, որովհետեւ Յովնանի քարոզութեան վրայ ապաշխարեցին. եւ ահա Յովնանից մեծը կայ այստեղ»։ 31«Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյս տեսնի։ 32Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կը լինի։
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ
6Շրջեցին Փռիւգիայում եւ Գաղատիայի կողմերում՝ Սուրբ Հոգուց արգելուելով, որ Ասիայի նահանգում խօսքը չքարոզեն։ 7Բայց երբ Միւսիայի մօտերքը եկան, փորձում էին Բիւթանիա գնալ, սակայն Յիսուսի Հոգին նրանց թոյլ չտուեց։ 8Ուստի, Միւսիայի միջով անցնելով, Տրովադա իջան։ 9Գիշերը Պօղոսին մի տեսիլք երեւաց. մի մակեդոնացի մարդ կանգնել աղաչում էր նրան ու ասում. «Մակեդոնիա անցի՛ր եւ օգնի՛ր մեզ»։ 10Եւ երբ նա այդ տեսիլքը տեսաւ, իսկոյն ուզեցինք առաջ գնալ դէպի Մակեդոնիա՝ հետեւութիւն անելով, որ Տէրը մեզ հրաւիրեց, որ նրանց աւետարանենք։ 11Տրովադայից դուրս գալով՝ ուղիղ գնացինք դէպի Սամոթրակէ եւ յաջորդ օրը՝ Նոր քաղաք. 12այնտեղից էլ՝ Փիլիպպէ, որ Մակեդոնիայի առաջին գաւառի մէկ քաղաքն էր՝ Կողովնիա։ Այնտեղ, քաղաքում մի քանի օր մնացինք։ 13Շաբաթ օրը քաղաքից դուրս ելանք դէպի գետափ, ուր հրեաները սովոր էին աղօթք անել։ Եւ նստած խօսում էինք հաւաքուած կանանց հետ։ 14Եւ Լիդիա անունով աստուածավախ մի կին, որ Թիւատիր քաղաքից էր եւ ծիրանի զգեստներ վաճառող, լսում էր. եւ նրա սիրտը Տէրն ինքն էր բացել՝ անսալու Պօղոսի խօսքերին։ 15Եւ երբ որ մկրտուեցին ինքը եւ իր տունը, նա աղաչեց եւ ասաց. «Եթէ ինձ Տիրոջ հաւատացող էք համարում, իմ տունը մտէ՛ք եւ օթեւանեցէ՛ք»։ Եւ ստիպելով՝ մեզ տարաւ։ 16Եւ մինչ մենք աղօթելու էինք գնում, մեզ հանդիպեց մի աղախին, որին մի հարցուկ՝ չար ոգի էր բռնել. սա գուշակութիւններով իր տէրերին մեծ օգուտ էր տալիս։ 17Նա Պօղոսի եւ մեր յետեւից ընկած՝ աղաղակում էր ու ասում. «Այս մարդիկ Բարձրեալն Աստծու ծառաներն են, որ ձեզ պատմում են փրկութեան ճանապարհները»։ 18Եւ շատ օրեր էր անում այդ բանը։ Պօղոսը, զայրանալով, դարձաւ եւ չար ոգուն ասաց. «Յիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզ, որ դրա միջից դուրս ելնես»։ Եւ նոյն ժամին չար ոգին ելաւ։ 19Երբ նրա տէրերը տեսան, որ իրենց շահի աղբիւրը կտրուեց, Պօղոսին եւ Շիղային բռնելով՝ քաշեցին դէպի հրապարակը, իշխանաւորների առաջ 20ու նրանց բերելով զօրագլուխների մօտ՝ ասացին. «Այս մարդիկ մեր քաղաքները խռովեցնում են. իրենք հրեաներ են 21եւ մեզ քարոզում են օրէնքներ, որ օրինաւոր չէ մեզ համար ո՛չ ընդունել եւ ո՛չ էլ գործադրել, քանի որ հռոմէացիներ ենք»։ 22Եւ ամբոխը թափուեց նրանց վրայ. զօրագլուխները պատռեցին նրանց զգեստները եւ հրամայեցին նրանց գանահարել։ 23Եւ նրանց շատ վէրքեր հասցնելուց յետոյ բանտարկեցին ու բանտապետին պատուիրեցին, որ նրանց զգուշութեամբ պահի։ 24Սա այսպիսի հրաման ստանալով՝ նրանց ներսի բանտը նետեց ու նրանց ոտքերը կոճղի մէջ ամրացրեց։ 25Եւ գիշերուայ կէսին Պօղոսն ու Շիղան աղօթում էին ու օրհնում Աստծուն։ Կալանաւորները նրանց ականջ էին դնում։ 26Եւ յանկարծակի մեծ ցնցում եղաւ, այնպէս որ բանտի հիմքերը շարժուեցին, եւ իսկոյն բոլոր դռները բացուեցին, ու բոլորի կապանքները քանդուեցին։ 27Երբ բանտապետը արթնացաւ եւ բանտի դռները բացուած տեսաւ, սուրը քաշեց եւ ուզում էր ինքն իրեն սպանել՝ կարծելով, որ բանտարկեալները փախել են։ 28Բայց Պօղոսը բարձր ձայնով կանչեց ու ասաց. «Դու քեզ վնաս մի՛ հասցրու, քանի որ բոլորս այստեղ ենք»։ 29Նա լոյս խնդրեց ու ներս խուժեց. եւ զարհուրած ընկաւ Պօղոսի եւ Շիղայի առաջ. 30եւ նրանց դուրս բերելով՝ ասաց. «Տիա՛րք իմ, ես ի՞նչ պէտք է անեմ, որ փրկուեմ»։ 31Եւ նրանք ասացին. «Հաւատա՛ Տէր Յիսուս Քրիստոսին եւ կը փրկուես դու եւ քո ամբողջ տունը»։ 32Եւ նրան ու բոլոր նրանց, որ նրա տանն էին, քարոզեցին Տիրոջ խօսքը։ 33Եւ գիշերուայ նոյն ժամին տարաւ նրանց, վէրքերից լուաց, եւ ինքն ու իւրայինները բոլորն էլ անմիջապէս մկրտուեցին։ 34Եւ նրանց բերելով իր տունը՝ նրանց առաջ սեղան դրեց. եւ իր ամբողջ տնով ուրախացաւ Աստծուն հաւատացած լինելու համար։ 35Երբ առաւօտ եղաւ, զօրագլուխները պատուիրակ ուղարկեցին ու ասացին. «Արձակի՛ր այդ մարդկանց»։ 36Եւ բանտապետը Պօղոսին տեղեկացրեց այս խօսքերը. «Զօրագլուխները մարդ են ուղարկել, որ ազատ արձակուէք։ Ուստի, դո՛ւրս եկէք եւ գնացէ՛ք խաղաղութեամբ»։ 37Իսկ Պօղոսը նրանց ասաց. «Հրապարակաւ գանահարեցին մեզ՝ հռոմէացի անմեղ մարդկանցս, եւ բանտ դրեցին ու հիմա թաքուն-թաքո՞ւն են մեզ դուրս հանում. ո՛չ, այդպէս չի լինի. այլ հէնց իրենք թող գան եւ դուրս հանեն մեզ»։ 38Եւ պատուիրակները այս խօսքերը տեղեկացրին զօրագլուխներին, որոնք, երբ լսեցին, թէ հռոմէացիներ են, զարհուրեցին եւ եկան աղաչեցին նրանց։ 39Եւ երբ նրանց դուրս հանեցին, խնդրեցին նրանց, որ իրենց քաղաքից գնան։ 40Եւ նրանք, բանտից դուրս գալով, մտան Լիդիայի մօտ եւ, եղբայրներին տեսնելով, մխիթարեցին նրանց ու մեկնեցին։
Բ Պետրոս
10Բայց Տիրոջ օրը պիտի գայ ինչպէս մի գող, երբ երկինքը պիտի անցնի չքանայ շառաչիւնով, եւ տարերքը, հրով կիզուած, պիտի լուծուի, եւ երկիրն ու ինչ գործեր, որ կան նրա վրայ, յայտնի պիտի լինեն։ 11Եւ քանի որ այս ամէնն այսպէս պիտի լուծուի, ուրեմն ինչպիսի՜ մարդիկ պէտք է լինէք դուք. սուրբ վարմունքով եւ աստուածապաշտ ընթացքով՝ 12սպասելով եւ հասնել ջանալով Տիրոջ օրուայ գալստեան, երբ հրավառ երկինքը պիտի չքանայ, եւ տարերքը հրկիզուելով պիտի հալուի։ 13Բայց մենք, Աստծու խոստման համաձայն, աչքներս յառած սպասում ենք նոր երկնքի եւ նոր երկրի, որոնցում արդարութիւնն է բնակւում։ 14Ուստի, սիրելինե՛ր, սպասելով այս բաներին, ջա՛նք թափեցէք, որ Նա գտնի ձեզ անբիծ եւ անարատ, խաղաղութեան մէջ։ 15Եւ Տիրոջ համբերատարութիւնը փրկութի՛ւն համարեցէք, ինչպէս որ մեր սիրելի եղբայր Պօղոսն էլ գրեց ձեզ, ըստ Աստծուց իրեն շնորհուած իմաստութեան, 16եւ ինչպէս որ իր բոլոր թղթերում էլ խօսում է դրանց մասին. դրանց մէջ կան ինչ-ինչ դժուարիմաց բաներ, որ անուսներն ու տատանուողները ծուռ են մեկնում. նրանք այդպէս են մեկնում նաեւ բոլոր Գրուածքները՝ իրենց անձերի կորստեան համար։ 17Դուք ուրեմն, սիրելինե՛ր, իբրեւ նախապէս տեղեակ դարձած մարդիկ, զգուշացէ՛ք, որ անառակ մոլորութեամբ տարուած՝ չկորցնէք ձեր վստահութիւնը։ 18Աճեցէ՛ք մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի շնորհով եւ գիտութեամբ։ Նրան փա՜ռք թէ՛ այժմ եւ թէ՛ մինչեւ յաւիտենութեան օրը։ Ամէն։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ
7 Դրանից յետոյ Յիսուս շրջում էր Գալիլիայում, քանի որ չէր կամենում Հրէաստանում շրջել, որովհետեւ հրեայ առաջնորդները ուզում էին սպանել նրան։ 2Հրեաների Տաղաւարահարաց տօնը մօտ էր։ 3Եւ նրա եղբայրներն ասացին նրան. «Այստեղից անցիր գնա՛ Հրէաստան, որպէսզի քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ դու անում ես. 4որովհետեւ չկայ մէկը, որ թաքուն գործի եւ դեռ ուզենայ իրեն համարձակ ներկայացնել. եթէ այդ գործերն անում ես, ուրեմն յայտնի՛ր քեզ աշխարհին». 5քանի որ եղբայրներն իսկ դեռեւս չէին հաւատացել նրան։ 6Յիսուս նրանց ասաց. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է։ 7Աշխարհը չի կարող ձեզ ատել, բայց ինձ ատում է, որովհետեւ ես վկայում եմ աշխարհի մասին, թէ մարդկանց գործերը չար են։ 8Դուք գնացէ՛ք այդ տօնին, ես այդ տօնին չեմ գնում, որովհետեւ իմ ժամանակը դեռ չի լրացել»։ 9Երբ այս ասաց, ինքը մնաց այնտեղ, Գալիլիայում։ 10Երբ նրա եղբայրները գնացին, ապա ինքն էլ գնաց տօնին, բայց ոչ յայտնապէս, այլ՝ թաքուն։ 11Իսկ հրեաները նրան փնտռում էին այդ տօնի ժամանակ եւ ասում էին՝ ո՞ւր է նա։ 12Եւ ժողովրդի բազմութեան մէջ նրա մասին քրթմնջիւն կար. ոմանք ասում էին՝ լաւն է, ուրիշներ ասում էին՝ չէ, ընդհակառակը, ժողովրդին մոլորեցնում է։ 13Եւ հրեայ առաջնորդների վախի պատճառով ոչ ոք նրա մասին համարձակ չէր խօսում։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
36Այն ժամանակ Յիսուս արձակելով ժողովրդին՝ տուն եկաւ. աշակերտները մօտեցան նրան ու ասացին. «Մեկնի՛ր մեզ համար արտի որոմների առակը»։ 37Նա պատասխանեց եւ ասաց. «Այն, որ սերմանում է բարի սերմը, մարդու Որդին է, 38իսկ արտը այս աշխարհն է. բարի սերմը նրանք են, որ արքայութեան որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են. 39եւ թշնամին, որ այն ցանեց, սատանան է. իսկ հունձը այս աշխարհի վախճանն է, եւ հնձողները հրեշտակներ են։ 40Ինչպէս որոմը հաւաքւում է եւ կրակի մէջ այրւում, այնպէս կը լինի այս աշխարհի վախճանին։ 41Մարդու Որդին կ՚ուղարկի իր հրեշտակներին, եւ նրանք կը հաւաքեն նրա արքայութիւնից բոլոր գայթակղութիւնները եւ նրանց, որոնք անօրինութիւն են գործում։ 42Եւ կը գցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում։ 43Այն ժամանակ արդարները երկնքի արքայութեան մէջ կը ծագեն ինչպէս արեգակը։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»։ 44«Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է արտի մէջ թաքցուած գանձի, որ մի մարդ, գտնելով, նորից թաքցնում է. եւ ուրախութիւնից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը եւ այդ արտը գնում է։ 45Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ էր որոնում. 46եւ գտնելով մի թանկարժէք մարգարիտ՝ գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը եւ այդ մարգարիտը գնեց։ 47Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է ծով նետուած ուռկանի, որ ամէն տեսակ բան է հաւաքել. 48երբ լցուել էր, այն ցամաք հանելով եւ նստելով՝ լաւերը մի առ մի հաւաքեցին ամանների մէջ, իսկ անպէտքը դուրս գցեցին։ 49Այնպէս էլ կը լինի այս աշխարհի վախճանին։ Հրեշտակները կ՚ելնեն եւ չարերին արդարների միջից կը բաժանեն 50ու կը գցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում»։ 51Յիսուս իր աշակերտներին ասաց. «Այս բոլորը իմացա՞ք»։ Նրան ասացին՝ այո՛, Տէ՛ր։ 52Եւ Յիսուս նրանց ասաց. «Դրա համար երկնքի արքայութեանն աշակերտած ամէն օրէնսգէտ նման է տանուտէր մարդու, որ իր գանձից հանում է նորը եւ հինը»։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ
14Եւ բազում դեւեր էին հանում, բազում հիւանդների օծում էին իւղով ու նրանց բժշկում։ 15Եւ Հերովդէս արքան լսեց այս բաները, որովհետեւ Յիսուսի անունը յայտնի էր դարձել. եւ նա ասաց. «Յովհաննէս Մկրտիչը յարութիւն է առել մեռելներից, եւ դրա համար զօրութիւններ են գործւում նրա միջոցով»։ 16Ուրիշներ ասում էին, թէ՝ Եղիան է. իսկ միւսները, թէ՝ մարգարէ է կամ թէ՝ մարգարէների նման մէկը։ 17Երբ Հերովդէսը այս լսեց, ասաց. «Յովհաննէսը, որի գլուխը կտրեցի ես, սա նա՛ է. մեռելներից յարութիւն է առել»։ 18Արդարեւ, ինքը՝ Հերովդէսն էր մարդ ուղարկել, ձերբակալել էր Յովհաննէսին, կապել նրան ու բանտարկել՝ իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով, քանի որ Հերովդէսը նրան իրեն կին էր դարձրել, 19եւ քանի որ Յովհաննէսը Հերովդէսին ասում էր. «Քո եղբօր կնոջը քեզ կին առնելը օրինաւոր չէ»։ 20Եւ Հերովդիան ոխ էր պահել նրա դէմ ու ուզում էր նրան սպանել տալ, բայց չէր կարողանում, 21որովհետեւ Հերովդէսը վախենում էր Յովհաննէսից, քանի որ նրան գիտէր որպէս արդար եւ սուրբ մարդու, եւ նրան հովանաւորում էր ու նրան անսալով՝ շատ բաներ էր անում եւ քաղցրութեամբ լսում էր նրան։ 22Սակայն մի յարմար օր եկաւ, երբ Հերովդէսը իր ծննդեան տարեդարձի ընթրիքն էր տալիս իր նախարարներին, Գալիլիայի մեծամեծներին եւ հազարապետներին։ 23Եւ երբ Հերովդիայի դուստրը ներս մտաւ եւ սկսեց պարել, դուր եկաւ Հերովդէսին եւ սեղանակիցներին. թագաւորը աղջկան ասաց. «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, եւ քեզ կը տամ»։ 24Եւ երդուեց նրան շատ անգամ, թէ՝ դու ինձնից ինչ էլ որ ուզես, կը տամ քեզ, մինչեւ իսկ իմ թագաւորութեան կէսը։ 25Աղջիկը դուրս գնալով իր մօրն ասաց՝ ի՞նչ ուզեմ։ Եւ սա ասաց՝ Յովհաննէս Մկրտչի գլուխը։ 26Եւ աղջիկը շտապով վերստին մտնելով թագաւորի մօտ՝ ասաց. «Ուզում եմ, որ հիմա ինձ տաս սկուտեղի վրայ Յովհաննէս Մկրտչի գլուխը»։ 27Եւ թագաւորը սաստիկ տրտմեց, բայց իր երդումների եւ հրաւիրեալների պատճառով չուզեց նրան մերժել։ 28Եւ թագաւորը իսկոյն դահիճ ուղարկեց ու հրամայեց բերել Յովհաննէսի գլուխը։ Եւ սա գնաց գլխատեց նրան բանտում 29ու նրա գլուխը սկուտեղով բերեց եւ տուեց աղջկան, եւ աղջիկը տարաւ տուեց իր մօրը։