«Քանզի պիտի գա ժամանակ, երբ չպիտի անսան ողջամիտ վարդապետությանը, այլ, յուրաքանչյուրն ըստ իր ցանկությունների, ուսուցանողներ պիտի հավաքի իր շուրջը՝ իր ականջներին հաճելի բաներ լսելու մարմաջով. և նրանք ականջները պիտի դարձնեն ճշմարտությունից ու պիտի մոլորվեն, գնան առասպելների հետևից:»
(Բ Տիմ. 4:3-4)
Թալիսմանը (հուռութք) այն առարկան է, որը, ըստ սնոտիապաշտական պատկերացումների, կրողին կամ ունեցողին երջանկություն, հաջողություն բերելու, փորձանքից, վտանգից ու չարիքներից զերծ պահելու հատկություն ունի1: Պատմությունից կարող ենք հիշել Շամիրամի հուռութքը, որը հավարտ նրա չարագործությունների ծովն ընկավ՝ երջանկություն չբերելով իր տիրուհուն («Ուլունք Շամիրամա ի ծով»2 ): Մարդը սրա անհրաժեշտությունն զգում է այն ժամանակ, երբ հեռանում է Աստծուց, կորցնում Նրա պահպանիչ աջի ուղեկցության զգացողությունը:
Յուրաքանչյուր Քրիստոնյա, սակայն, բազում օրհնաբեր միջոցներ ունի խաղաղություն, երջանկություն ու մխիթարություն գտնելու, թե՛ հոգով և թե՛ մարմնով զորանալու համար՝ Սուրբ Հաղորդություն, խաչ և խաչակնքում, Աստվածաշունչ մատյան, ջերմեռանդ աղոթք, հրեշտակների զորակցություն, սրբերի բարեխոսություն, սրբերի մասունքներ, սրբապատկերներ, նշխար: «Հնում հավատացյալները ճամփորդությունների ժամանակ, իբրև հզոր վահան, իրենց հետ մի նշխար են կրել,- գրում է Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:- Այդ սովորությունը հույժ խրախուսելի էր, և շատ ցանկալի կլինի, որ այսօր ևս շարունակվեր կյանքի կոչվել, որովհետև ադամորդիներս միշտ ձգտում ենք մեզ հետ, իբրև հաջողության և պաշտպանության խորհրդանիշ, մի որևէ իր կրել: Ուստի որքան ցանկալի կլիներ, որ մենք մեզ հետ, փոխանակ մոգական ու կախարդական առարկաներ կրելու, իբրև Տիրոջ օրհնության մնայուն նշան, Եկեղեցում Սբ. Պատարագի ժամանակ, Աստծո սպասավորների՝ քահանաների կողմից նվիրական բանաձևերով օրհնված մի նշխար կրեինք3»:
Բայց բանսարկուն այստեղ էլ պղտորել է ջուրը: Մարդիկ ձգտում են վերոնշյալ մոգական ու կախարդական առարկաները կրել և սրանցից ամենատարածվածներն են աչքի հուլունքն ու ձիու պայտը, որոնք շատ հաճախ կարելի է նկատել խանութներում, ավտոմեքենաներում և նույնիսկ իրենց քրիստոնյա համարող շատ մարդկանց տների դռների վրա:
Ըստ թուրքական մի ասացվածքի՝ «Մեխը կարող է պահպանել պայտը, պայտը՝ ձիուն, ձին կարող է հեծյալին փրկել, իսկ հեծյալը կարող է փրկել ամբողջ երկիրը»: Բայց ակնհայտ է, որ պայտերը կախվում են մեր հայրենակիցների դռներից ո՛չ թե այս տրամաբանությամբ, այլ փոխանցվել են մեզ մեր նախնյաց կողմից, որոնց մոտ «անիմիստական-հոգեպաշտական հայացքները և տոհմային աշխարհայացքի ու նրանից ծագած բարքերի ու ծեսերի հազարամյա ազդեցությունն այնքան զորավոր է եղել, որ նոր ժամանակներում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական զգալի փոփոխություններից հետո էլ պահպանեվել է որպես վերապրուկ՝ հաճախ իմաստը կորցրած և կիրառողների կողմից անբացատրելի» 4:
Հնում ձիու ոսկորներ էին պահում տանը, իսկ Հին Հռոմում տան մուտքի մոտ ամրացնում էին երկաթե մեխեր՝ չար ուժերից պաշտպանվելու համար: Շատերն էլ պնդում էին, որ պայտը միանգամայն երկու «դիվահալած ուժերի»՝ ձիու և երկաթի միացությունն է: Սրան հավելենք նաև այն փաստը, որ պայտը նաև հարստություն էր խորհրդանշում (չէ՞ որ ամեն մարդ չէր կարող իրեն թույլ տալ ձի գնելու շքեղությունը): Այսպիսով՝ ձիու ոտքերի տակ տրորված երկաթի կտորը բարձրացավ ու շողշողաց մարդկանց գիտակցության մեջ… Եվ շողշողում է մինչև այսօր: Բայց առաքյալը գրում է. «Չեմ ուզում, որ դուք դևերին հաղորդակից լինեք. քանզի չեք կարող խմել և՛ Տիրոջ բաժակը, և՛ դևերի բաժակը: Եվ չեք կարող վայելել և՛ Տիրոջ սեղանից, և՛ դևերի սեղանից» (Ա Կորնթ. 10:20-21): Քրիստոսի մեկ խոսքը բավական էր դևին հեռացնելու համար (Մարկ. 5:8): Նա առաքյալներին դիվահանության պարզ բանաձև տվեց. աղոթք և ծոմապահություն (Մատթ. 17:20), և առաքյալներն ու Քրիստոսին հավատացող մարդիկ հալածում էին դևերին (Մարկ. 9:38-40, Ղուկ. 9:49-50, Գործք 16:16-19, 19:11-13): Իսկ նրանք, ովքեր պահքով, աղոթքով ու առաքինասեր վարքով չեն զարդարում իրենց անձը, ո՛չ հուլունքներով, ո՛չ էլ այլ տարատեսակ կուռքերով չեն փրկի և չեն փրկվի դևերից, քանզի «Տիրոջ աչքերն ուղղված են արդարներին, իսկ ականջները` նրանց աղոթքին» (Սաղմ. 33:16):
451թ. մայիսի 26, Ավարայր: Մեր նախնիք ունեին հստակ որդեգրած մեկ սկզբունք. «Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել՝ ո՛չ հրեշտակները և ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը և ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ այլ դառն հարված»5: Եվ հանուն քրիստոնեական հավատքի՝ նրանք դուրս եկան զրադաշտականության դեմ, իրենց կյանքը տվեցին, բայց հավատափոխ չեղան: Իսկ մե՞նք: Մենք այսօր պաշտում ենք զրադաշտական կրոնում հիշատակված բազմաթիվ դևերից մեկին՝ խաժին, որը մի ժողովրդական աղոթքում խաժակն է կոչվում, այսինքն՝ կապուտաչյա:
Կռապաշտ մարդիկ ընտանեկան անդորրը դևից՝ չար աչքից պաշտպանելու համար դռան շեմին փուշ էին դնում` ասելով «չար աչքին` չար փուշ»: Բացի այդ՝ նրանք կարծում էին, որ նույն ազդեցությունը կարող է ունենալ կապուտաչյա դևի դեմ կապույտ աչքի հուլունքը, ինչն այսօր էլ տարածված է սնահավատ մարդկանց տներում և ավտոմեքենաների մեջ: Կապույտ աչքի հուլունքը, փաստորեն, մեզ հաշտեցնում է զրադաշտական խաժ դևի հետ…
Սնահավատության այս ատրիբուտի պատմությունը մեզ տանում է նաև դեպի մահմեդականություն: Ըստ իսլամական լեգենդի՝ Մուհամեդի դուստրը՝ Ֆատիման, իր փեսացուին կապույտ ապակու մի կտոր է նվիրում, որն էլ օգնում է վերջինիս՝ անվնաս վերադառնալ հեռավոր ճանապարհորդությունից: Այս լեգենդին հետևելով՝ թուրքերն իրենց տները զարդարում էին կապույտ հուլունքով: Այստեղից էլ այն տարածվում է Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում, Սիրիայում, Եգիպտոսում, Իրանում, Ադրբեջանում, Հայաստանում և այլուր: Սակայն այսօր նույնիսկ մահմեդական աստվածաբաններն են հորդորում հրաժարվել «նազար բոնջուկ» (չար աչքեր) կոչված «աշտպանությունից», Ղուրանից մի շարք մեջբերումնորով ցույց տալիս, որ այն ոչ միայն չի օգնում, այլև կարող է վնասել և դժբախտությունների պատճառ դառնալ: Մենք էլ հրաժարվենք սնահավատությունից, տարատեսակ թալիսմեններից և «թող օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապավինում և Տերն է նրա հույսը» (Երեմ. 17:7):
Ըստ այսմ հիշենք, որ սնահավատությունը սին, անիրական, դատարկ, ունայն երևույթներին հավատալու, սնոտիապաշտության, նախապաշարմունքների չար սովորությունն է6 , «սատանայի ծիծաղ հարուցող զվարճաշարժ թելադրանքը, որ ոչ միայն չարախինդ ծաղր է, այլև դեպի գեհեն առաջնորդող գայթակղություն»7 : Հին հունարենում սնահավատություն բառը «ματαιότης»-ն է, որ նշանակում է դատարկություն, ունայնություն: Յուրաքանչյուր քրիստոնյա, սակայն, պետք է լցված լինի Սուրբ Հոգու շնորհներով՝ իմաստության և հանճարի, խորհրդի ու զորության, գիտության ու աստվածաբանության հոգով և Աստուծո երկյուղով (Եսայի 11:2-3): Արդ, քրիստոնյայի մեջ առաջանում է այս դատարկությունն այն ժամանակ միայն, երբ նա դադարում է լսել Սուրբ Հոգու յոթնարփյան շնորհների ձայնը, ճանաչում է Աստծուն, բայց իբրև Աստված չի փառավորում կամ գոհություն չի մատուցում Նրան, իր մտածումների մեջ նանրանում է և խավարեցնում սիրտն իր անմտությամբ (հմմտ. Հռոմ 1:21): Ըստ այսմ՝ ճշմարիտ հավատքի բացակայությունից առաջանում է սին հավատքը, որի մասին առաքյալը զգուշացնում է. «Պիղծ խոսքերից ու պառավական առասպելներից հրաժարվի՛ր. և դու քեզ մարզի՛ր աստվածպաշտությամբ» (Ա Տիմ. 4:7):
Հոդվածի հեղինակ՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի սան Թովմաս Առաքելյան
1Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երեւան, 1976, Հ. 1, Էջ 412
2Մովսես Խորենացի, Հայոց Պատմություն, Երևան, 1961, էջ 116-117
3Էջմիածին հանդես, Յուլիս 1998, Արթուր դպիր Կարապետյան, Հոգևոր բարեպաշտական արարողություններ, էջ 62:
4Հայ ազգագրություն և բանահյուսություն, Նյութեր և ուսումնասիրություններ, I, Երևան, 1970, Վ. Ս. Թեմուրճյան, Գամիրքի հայերը (պատմա-ազգագրական ուսումնասիրություն), էջ 127
5Եղիշեի Վարդանանց պատմությունը, Երևան, 1958թ., էջ 40
6Տե՛ս Էդուարդ Աղայան – Արդի հայերենի բացատրական բառարան (1796), հատոր 2, էջ 1314
7Святитель Иоанн Златоуст, Творения, Свято-Успенская Почаевская Лавра, 2009, том 10, книга 1, стр. 38