Սնահավատությունն ավելի շուտ սխալ մտածելակերպի հետևանք է, ժողովրդական սխալ մեկնաբանություն, թյուրըմբռնում, քան թե հոգևոր արժեքների միտումնավոր խեղաթյուրում: Սովորաբար ժողովրդական մեկնաբանությունը կարող է հետաքրքրական, ուշագրավ լինել, բայց ոչ` ճշգրիտ: Այսպես է նաև բառերի նշանակության մասին ժողովրդական մեկնաբանությունը, որոնք չեն համապատասխանում լեզվի քերականական կամ իմաստաբանական ըմբռնումներին: Սնահավատությունը գալիս է Աստվածաշնչի, հոգևոր գրականության մասին անտեղյակությունից: Այսպիսի անտեղակությամբ է պայմանավորված նաև աղանդավոր դառնալը, երբ մարդիկ Սուրբ Գրքից հիմնովին տեղեկություններ չունենալով` հեշտ որս են դառնում հիմնականում արևմուտքից Հայաստան թափանցած, կասկածելի անձերի կողմից հիմնված աղանդների կողմից: Տարբեր ոլորտներում մարդիկ վստահում են մասնագետներին և ինքնագործունեությամբ չեն զբաղվում, որովհետև գիտակցում են, որ նման ինքնագործունեությունը կարող է վատ հետևանքների հանգեցնել: Այսպես է բժշկության, շինարարության, կահույքագործության, ուսուցչության և այլ գիտությունների կամ արվեստների հանդեպ վերաբերմունքը: Այդպես էլ առավել ևս կրոնի հարցում պետք է ավելի զգուշավորություն հանդես բերել, ոչ թե սեփական կամ այլոց մեկնաբանություններին հետևել, այլ լսել եկեղեցականներին և նրանց բացատրությունները հոգևոր կյանքի, հոգևոր իրողությունների մասին` հիմնված Աստվածաշնչի և Քրիստոսի ուսուցման վրա:

Ինչո՞ւ է սնահավատությունն այդքան մեծ տեղ գրավում կյանքում:

 Խորհրդավորն ու անհականալին ձգում են մարդուն: Բացի դրանից, մարդը կյանքի փորձառությամբ զգում է, որ շատ բան իրենից կախված չէ, այլ տարբեր իրադարձություններից, հանգամանքներից, և փորձում է պաշտպանվել: Ապագայի հանդեպ անորոշությունը վախ է առաջ բերում, որից մարդը ջանում է ազատվել տարբեր առարկաների միջոցով` հավատալով, որ այդ առարկաները կարող են ինչ-որ անհասկանալի զորությամբ իրեն հեռու պահել չարից և փորձանքներից: Մինչդեռ հենց այս սնահավատությամբ է մարդն ավելի մոտենում չարին, որովհետև սնահավատությունը հեռացնում է ճշմարիտ հավատքից, հետևաբար և` Աստծուց, իսկ Աստծուց հեռանալը մոտեցնում է սատանային:

 Որո՞նք են սնահավատության վրա հիմնված ամենատարածված սովորույթները, որ անընդունելի են քրիստոնյայի համար:

Տարածված սնահավատությունները կարելի է բաժանել մի քանի խմբերի:

1. Ճաշի սեղանի հետ կապված – Աղը թափվելը նշանակում է կռիվ ընտանիքում, սեղանի անկյունում նստելը` յոթը տարի չամուսնանալ, գդալի, դանակ-պատառաքաղի կամ հացի կտորի ընկնելը` այդ տուն հյուր կգա:

2. Առարկաների գործածություն – Ձիու պայտ տան մուտքին՝ երջանկության համար, փշեր, աչքի ուլունքներ` չար աչքից խուսափելու կամ չկամեցողների վատ ցանկություններն իրականություն չդառնալու համար, թալիսմաններ՝ հաջողության համար, ընկնող աստղ` աստղի անկման ընթացքում պահված երազանքը կկատարվի:

3. Թվեր և օրեր – Վատ է համարվում 13 թիվը` կապված Քրիստոսի և աշակերտների Վերջին ընթրիքի հետ, որին մասնակիցների թիվը 13 էր և որից հետո սոսկալի դեպքեր տեղի ունեցան: Հատկապես այս սնահավատությունն այնքան է տարածված, որ դրա հետ հաշվի են նստում նույնիսկ տնտեսական գործունեության մեջ` հյուրանոցներում չկա 13-րդ համար, 13-րդ հարկ, ինքնաթիռներում չկա 13-րդ շարք: Վատ է համարվում նաև 666 թիվը, քանի որ Հովհաննու Հայտնության մեջ նշված է, որ դա նեռի թիվն է (13.18): Բայց եկեղեցական հեղինակները բացատրում են, որ Հայտնության գրքում գործ ունենք խորհրդանշանների հետ, որոնցից է և 666 թիվը: Այլապես մեզ համար մերժելի պիտի լինեն մարդիկ, որոնց փաստաթղթերում կամ հեռախոսահամարներում կամ մեքենայի համարանիշում համընկել են երեք վեցեր: Այլ բան է, երբ մարդն ինքն է իր հոգեվիճակը կամ քրիստոնեության հանդեպ թշնամանքը շեշտելու համար այդպիսի համար վերցնում: Սակայն եթե նման մտադրություն չկա, ուրեմն այդ թիվը մարդու մասին ոչինչ չի ասում: Սուրբ Գրիգոր Տաթևացին 666-ը բացատրում է հայերեն այբուբենի թվային նշանակությամբ, հետևյալ նախադասության բառերի առաջին տառերի թվային մեկնաբանությամբ` ուրանամ կամաւ զԱստուած: Այսինքն` սեփական կամքով Աստծուն ուրացողներն են նեռերը, ինչպես որ բացատրվում է Աստվածաշնչում (Ա Հովհ. 2.18, 22, 4.3, Բ Հովհ. 7): Անբարենպաստ է համարվում ուրբաթ օրը, որովհետև շաբաթվա այդ օրը տեղի ունեցավ Քրիստոսի խաչելությունը:

4. Գործողություններ – Տեառնընդառաջի կրակի վրայով թռչել՝ հիվանդություններից ազատվելու համար. սա դատապարտելի է, որովհետև կրակին վերագրում ենք անիրական զորություն, հավատում ենք կրակին` դառնալով կրակապաշտներ: Զատկին ձու չներկելն այն ընտանիքներում, որտեղ այդ տարի ընտանիքի անդամներից մեկը մահացել է, նույնպես ընդունելի չէ. ժողովրդական մեկնաբանությամբ ձվի գույնն ուրախություն է խորհրդանշում, իսկ սգացյալներն ուրախության նշաններից պետք է հեռու լինեն: Մինչդեռ հատկապես այդպիսի ընտանիքներում պիտի ձու ներկեն, որովհետև կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը, որով փրկվեց մարդկությունը, ինչպես նաև հարության ավետիսն ենք տալիս: Ուրեմն, սա հատկապես այդպիսի ընտանիքների համար մխիթարություն է: Դիմացով սև կատու անցնելը` մտածում են, որ անհաջողության կամ փորձանքի նշան է: Հայելի կոտրելը վատ հանգամանքների առջև կարող է կանգնեցնել: Նոր տարվա օրը ինչպես դիմավորես, այդպես կլինի և ողջ տարին: Ավելի շատ եվրոպական երկրներում տարածված սնահավատություններ են, որ եթե շատրվանով ավազանի մեջ դրամ գցես և ցանկություն մտապահես, ապա այն կիրականանա:

5. Անհատական սնահավատություններ – Մահճակալից աջ ոտքով ելնել կամ նախ աջ գուլպան, կոշիկը հագնել, որպեսզի գործերը աջ, այսինքն` հաջող լինեն: Հաշվում են, օրինակ, աստիճանները, եթե զույգ կամ կենտ է, ըստ համապատասխանության, օրը կամ գործը հաջող կամ անհաջող կլինի: Տնից դուրս գալիս մի մարդու տեսնելը համարում են հաջողության նշան, մեկ ուրիշին տեսնելը` անհաջողության:

 Այս բոլորը մտացածին բաներ են, որևէ կապ չունեն իրականության և ճշմարտության հետ: Ֆրանսերենում, անգլերենում, իտալերենում «սնոտիապաշտություն» բառը ծագում է լատիներեն «superstitis» բառից, որը նշանակում է վերապրած, ողջ մնացած: Սնոտիապաշտությունը նկարագրվում է պատերազմից հետո ողջ մնացած, կանգուն զինվորի տեսքով, ով դիմացել է ժամանակներին, կրոնի բացատրություններին ու փաստարկներին, գիտության ձեռքբերումներին և այդ ամենով անցնելով` դեռևս կանգուն է և գոյություն ունի` հակառակ ամեն տրամաբանության: Ուրեմն, սնոտիապաշտությունը սին ու դատարկ բան է և քրիստոնյան պետք է հեռու մնա այդպիսի կեղծ հավատալիքներին հետևելուց, այլապես կդադարի քրիստոնյա լինելուց և կվերածվի կռապաշտի:

Ադամ քահանա Մակարյան «Ոչ միայն հացիվ»
Սուրբ Էջմիածին 2016թ.