Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2017-2018 ուսումնական տարվա փակումը (նկարներ)

01.03.08 - Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի  2017-2018 ուսումնական տարվա փակումը (նկարներ)

 Հուլիսի 3-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի` 2017-2018 ուսումնական տարվա փակման հանդիսությունը:

Միջոցառումը բացվեց միասնական Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը:

Այնուհետև խոսք ասաց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

«Յուրաքանչյուր տարի ճեմարանական կյանքի վրա դաջվում է որպես անմոռաց հիշատակ ուսումնական բուռն գործընթացի, աղոթական հոգենորոգ ապրումների ու պարզ ընտանեկան` քրիստոնյա համայնքին հատուկ անցուդարձի:

Հոգևոր կրթության առանցքում ընկած է զոհողության ոգին, որը թրծվելով վեցամյա բովում, վերածվում է ծառայելու պատրաստակամության: Ընդ որում ճեմարանի կրթությունը հաջողված պիտի համարվի, եթե այստեղ ավարտող ցանկացած սան գիտակցի, թե դեռևս մի ողջ օվկյան գիտության և իմաստության մնացել է աննվաճ իր կյանքում: Այսուհանդերձ, իր տարիների ուսումը բարերար հարթակ պիտի ստեղծի ու անհագուրդ ցանկություն իր մնացյալ ծառայական կյանքը դարձնելու ոչ այլ բան, քան Աստծո միջոցով աշխարհը բացահայտելու ճամփորդություն` չմոռանալով իհարկե Սուրբ Նազիազանցի հայրապետի խոսքերը. «Հիշիր Աստծուն ավելի հաճախ, քան դու շնչում ես»», — ասաց տեսուչ Հայր Սուրբը:

Գարեգին վարդապետը տեղեկացրեց անցնող ուսումնական տարում արձանագրված հաջողությունների մասին: Տեղեկացվեց, որ ընթացիկ ուսումնական գործընթացները համեմվեցին մշակութային միջոցառումների մասնակցությամբ, միջհամալսարանական գիտական ու սպորտային ծրագրերով: Տեղի ունեցավ Ս. Հովհան Օձնեցի կաթողիկոսի գահակալման 1300-ամյակին նվիրված գիտաժողով, Մաղաքիա արք. Օրմանյանի մահուան 100-ամյա տարելիցին նվիրված նիստ: Ուսումնական տարվա ընթացքում դասախոսելու համար ճեմարան հրավիրվեցին հեղինակավոր դասախոսներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իսրայելից և այլն: Գիտելիքները ծառայության մեջ կիրառելու նպատակով ճեմարանականներից շատերն այցելել են մանկատներ, ծերանոցներ, հիվանդանոցներ ու բարեսիրական այլ կառույցներ, նաև Երևանի և Էջմիածնի տարածաշրջանի երիտասարդական որոշ հաստատություններ:

Տեսուչը հայտնեց, որ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ այս տարի ևս ճեմարանի սաները մեկամսյա ամառային ծառայության կմեկնեն Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի թեմեր` հմտանալու թեմական, հովվական ծառայության մեջ: Տեղեկացվեց նաև, որ վերջերս տեղի ունեցան Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի առաջին դիմորդների ընդունելության քննությունները, ինչի արդյունքում առաջիկա ուսումնական տարում ճեմարանը կգործի ամբողջական եռաստիճան կրթության ձևաչափով:

   Հայր Սուրբն իր երախտագիտությունը հայտնեց դասախոսներին և տեսչական կազմին` նվիրումի և շահեկան համագործակցության, վերատեսուչ Սրբազանին` օժանդակության և օգտակար խորհուրդների համար:

Անդրադառնալով Ճեմարանի ու առհասարակ հոգևորականների կրթության հանդեպ Նորին Սրբության ուշադրությանը, որպես ապացույց հայրական սիրո, այս առաքելության հանդեպ մեծ հավատքի ու տեսիլքի` Հայր Գարեգինը Վեհափառ Հայրապետին ճեմարանի տեսչության, դասախոսական և ուսանողական կազմերի անունից փոխանցեց ներկաների սերն ու որդիական խոնարհումը:

Այնուհետև երաժշտական կատարումներով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը` ղեկավարությամբ Արտաշես Բաբուրյանի: Ուսանողության անունից խոսք ասաց ավարտական 6-րդ լսարանի սան Բարեշնորհ Դավիթ սարկավագ Սահակյանը, իսկ Նարեկ Գասպարյանը (2-րդ լսարան) ասմունքեց Հ. Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը: Քահանայից պատրաստության շրջանավարտ լսարանի սաների անունից իր շնորհակալական խոսքն ուղղեց ներկաներին Միքայել դպիր Փարսադանյանը:

Ճեմարանի ուսումնական տարվա փակման առիթով ներկաներին ողջունեց նաև Մայր Աթոռի հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Սրբազան Հայրը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց. «Հիրավի սպասված է այսօրը թե՛ սանի և թե՛ մանկավարժի համար: Սակայն այդ սպասումը ճեմարանցու հոգեբանության մեջ այնքան չի առնչվում արձակուրդի կամ հանգստի գաղափարի հետ, որքան, որ կապվում է գիտության հաջորդ աստիճանը հաղթահարելու առաջադրանքի հետ: Այդ գիտակցության լույսի ներքո պետք է դիտել ուսումնական տարվա փակման հանդիսավոր արարողությունը, որն իր բնույթով հատուկ է միայն ճեմարանական միջավայրին, ըստ էության տոնական: Գիտության աստիճանի հաղթահարումն այլ խոսքով՝ ճեմարանական միջավայրում տոնական նշանակություն ունի: Ահավասիկ այսօր մենք տոնում ենք այդ իրադարձությունը: Աշխարհիկ հաստատությունները չունեն այս ավանդույթը»:

Հանդիսության ընթացքում կատարվեց նաև նվիրաբաշխություն: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ուսման մեջ բարձր առաջադիմության և կարգապահության համար պարգևների արժանացան տարբեր լսարանների ուսանողներ:

Վերջում Գևորգյան հոգևոր ճե­մա­րանի սաներին, դասախոսներին և ներկա եկեղեցականներին իր պատգամն ուղղեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Մեր Սուրբ Եկեղեցու կյանքում մեծ դերակատարություն և առաքելություն է վերապահված Գևորգյան հոգևոր ճեմարանին` կրթելու, դաստիարակելու և «քաջ հովիվներ» հասցնելու Հայ Եկեղեցու համար, ովքեր Տիրոջով զորացած և մեր լուսամիտ հայրերի հավատքով գոտեպնդված` պիտի շարունակեն Ավետարանի լույսը ջամբել մեր «փոքր ածուին»` տերունապատվեր սիրով, հավատքով ու հույսով առաջնորդելով դեպի փրկություն: Ճեմարանը մեր Եկեղեցու զարկերակն է, ներկայի և ապագայի առհավատչյան, որի զորացումն անխտիր ամենքիս սրբազան պարտականությունն է: Հետևաբար, առավել գուրգուրանքով պիտի մոտենանք հոգևոր կրթության և գիտության այս լուսավոր կաճառին` մեր արդյունավոր նպաստը բերելով ճեմարանի զարգացմանը և գործունեության արդյունավորմանը:

Այսօրվա մեր կյանքի պայմաններում, զանազան ներքին ու արտաքին մարտահրավերներին դեմ հանդիման, մեր Սուրբ Եկեղեցին և ժողովուրդը կարիքն ունեն բարձր պատրաստվածություն և մեծագույն նվիրում ունեցող եկեղեցականների, ովքեր իրենց հոգևոր ներուժով, իրենց հավատքի և կյանքի օրինակով պիտի շարունակեն առաջնորդել և հովվել մեր ժողովրդին: Ժամանակի բոլոր մարտահրավերներին և խնդիրներին մեր պատասխանը պետք է լինի նաև ազգի ու Եկեղեցու պայծառության ու վերելքի մեծ տեսլական ունեցող հոգևորականների նոր սերնդի պատրաստությունը: Մեր Սուրբ Եկեղեցու, ազգի ու հայրենիքի պայծառության տեսիլքն է, որ պիտի առաջնորդի մեզ Քրիստոսապատվեր առաքելության ճանապարհին: Որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս` ուրախությամբ և հպարտությամբ ենք արձանագրում, որ մեր եկեղեցականաց շարքերում բազում են այդպիսիք, ովքեր անտրտունջ, նախանձախնդիր ոգով և անսակարկ նվիրվածությամբ իրենց ծառայությունն են բերում մեր ժողովրդին` չծնկելով դժվարությունների առաջ, արձանագրելով նորանոր հաջողություններ իրենց ծառայության մեջ», — ասաց Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունը ճեմարանականներին պատգամեց ամենայն նախանձախնդրությամբ շարունակել տերունավանդ սպասավորությունը մեր ժողովրդի կյանքում` ամուր պահելով ծառայանվիրումի կամքը, անսասան՝ հավատքը և անմնացորդ՝ սերը Սուրբ Եկեղեցու հանդեպ: «Թեև մեր ժամանակացույցի ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր չի լինում առավել հաճախ հանդիպել ձեզ հետ, սակայն դուք միշտ մեր աղոթքներում եք, մեր ուշադրության կենտրոնում: Ուսման մեջ արձանագրած ձեր հաջողությունները ուրախացնում են Հայրապետիս, թերացումները՝ մտահոգություն պատճառում և բերում անհրաժեշտությունը՝ դասախոսական կազմի հետ միասին ամեն ջանք գործադրելու մշտապես ձեր ուսման արգասավորման համար: Սիրելի սաներ, տեսնում եք, որ մեր Սուրբ Եկեղեցու դեմ ծառացած են արդի աշխարհի մարտահրավերները, աշխարհիկացման ընթացքները, նոր ժամանակներում հոգևորի անտեսման միտումները, աղանդների ներթափանցումն ու աղանդավորականների քայքայիչ գործելակերպը: Այս ամենի առջև պիտի նախանձախնդիր լինեք՝ հավատքով, գիտելյաց պաշարով զորանալու, որպեսզի Քրիստոսի առաքյալների պես շարունակեք Կենաց Խոսքը քարոզել և Ավետարանի լույսը սփռել մեր ժողովրդի կյանքում», — հավելեց Հայոց Հովվապետը` մաղթելով, որ ուշիմ և օրինակելի վարքով, գովելի նվիրումով արդյունավորեն իրենց ուսումը հոգևոր կաճառում, որպեսզի կարողանան նորանոր հաղթանակներով հյուսել հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու նորօրյա փառքը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ. Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանին, տեսչական կազմին և բարեջան դասախոսներին իրենց նվիրյալ գործունեության համար:

Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց նաև այն հոգևորականներին, ովքեր իրենց ծառայության հետ մեկտեղ ազնիվ նպաստ են բերում ճեմարանականների կրությանն ու ճեմարանի գործունեության արգասավորմանը` պատգամելով մեծ ուշադրությամբ, հույժ կարևորումով շարունակել դասախոսական իրենց ծառայությամբ կրթել ու դաստիարակել իրապես նվիրյալ և լուսամիտ եկեղեցականներ, Տիրոջ հնձի համար պատրաստել Սահակ-մեսրոպյան ոգով նոր մշակներ:

Նորին Վեհափառությունն աղոթեց, որ Բարձրյալն Աստված անսասան պահի ու պահպանի մեր հայրենիքը և Առաքելական Սուրբ Եկեղեցին, զորավոր պահի եղբայրսիրության և նվիրումի ոգին Գևորգյան հոգևոր ճեմարանում, որպեսզի Հայ Եկեղեցու կրթական դարբնոցից դուրս եկած շրջանավարտները ժրաջան ծառայությամբ հոգևոր նոր շունչ հաղորդեն մեր ժողովրդի կյանքին:

Հանդիսությունն եզրափակվեց հայրապետական «Պահպանիչ» աղոթքով:

Անցնող տարում ճեմարանն ունեցել է 106 ուսանող, հաստատությունում դասավանդել է 25 հոգևորական և 41 աշխարհական դասախոս: Այս տարի ճեմարանն ավարտեց 27 սարկավագ:

01.03.01 - Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի  2017-2018 ուսումնական տարվա փակումը (նկարներ)01.03.02 - Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի  2017-2018 ուսումնական տարվա փակումը (նկարներ)01.03.03 - Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի  2017-2018 ուսումնական տարվա փակումը (նկարներ)01.03.04 - Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի  2017-2018 ուսումնական տարվա փակումը (նկարներ)01.03.05 - Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի  2017-2018 ուսումնական տարվա փակումը (նկարներ)01.03.06 - Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի  2017-2018 ուսումնական տարվա փակումը (նկարներ)01.03.07 - Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի  2017-2018 ուսումնական տարվա փակումը (նկարներ)01.03.08 - Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի  2017-2018 ուսումնական տարվա փակումը (նկարներ)01.03.09 - Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի  2017-2018 ուսումնական տարվա փակումը (նկարներ)01.03.10 - Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի  2017-2018 ուսումնական տարվա փակումը (նկարներ)01.03.11 - Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի  2017-2018 ուսումնական տարվա փակումը (նկարներ)01.03.12 - Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի  2017-2018 ուսումնական տարվա փակումը (նկարներ)01.03.13 - Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի  2017-2018 ուսումնական տարվա փակումը (նկարներ)01.03.1212 - Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի  2017-2018 ուսումնական տարվա փակումը (նկարներ)