Սբ. Ոսկյանց քահանաների հիշատակության օր

 Սուրբ Ոսկյանք (նահ. Ք.ծ.հ. 100 կամ 107, Եփրատի վտակ Արածանիի ակունքների մոտ), I դարի տոնելի վկաներ, ճգնավորներ (5 հոգի, հռոմեացիներ), Թադեոս առաքյալի աշակերտներ: Հայոց Տոնացույցում հիշատակվում են Քահանայք անունով: Ըստ հայոց վկայաբանության (գրի է առնվել V դ., VII–VIII դդ. թարգմանվել վրացերեն), հռոմի կայսրը նրանց, որպես արքունի պատգամավորների, ուղարկել է Հայոց Սանատրուկ թագավորի մոտ, բայց Ոսկյանք, Հայաստանում հանդիպելով Թադեոս առաքյալին, մկրտվել են նրա ձեռքով, հրաժարվել իրենց աշխարհիկ առաքելությունից ու հաստատվել քրիստոնեական հավատի և քարոզության մեջ: Թադեոս առաքյալը նրանց գլխավորին, որ կոչվել է Խրյուսոս (հայերեն՝ Ոսկի), ձեռնադրել է քահանա: Նրա անունով էլ խումբը անվանվել է Ոսկյանք:

 Թադեոս առաքյալի նահատակությունից հետո նրանք հաստատվել են Եփրատ գետի հարավ-արևելյան ակունքների մոտ, Ծաղկոտն գավառի Ծաղկավետ կամ Ծաղկոտն լեռներում: Ավելի քան 40 տարի, ինչպես պատմում է վկայաբանությունը («Սոփերք հայկականք», հ. 19, 1854, էջ 59–66, Ավգերյան Մ., «Լիակատար վարք և վկայաբանութիւն…», հ.2, 1811, էջ 127)՝ «հրեշտակային վարքով» ճգնելուց հետո, աստվածային ազդումով, իջել են լեռներից և գնացել Արտաշատ՝ Հայոց արքունիք՝ Ավետարանը քարոզելու Հայոց Արտաշես թագավորին, Սաթենիկ թագուհուն և ողջ պալատին: Նրանց քարոզչությամբ քրիստոնեական հավատք են ընդունել թագուհու ազգականները՝ ալանաց իշխաններ Սուքիասյանները (տես Սուքիասյանք): Հայոց արքայորդիները, գտնելով արքունիքը լքած Սուքիասյանց և չկարողանալով նրանց տարհամոզել՝ վերադառնալու արքունական կյանքին, իրենց զայրույթը թափել են Ոսկյանց վրա, որպես իրենց մոր ազգականներին մոլորեցնողների, և սպանել են նրանց:

 Հայ եկեղեցին ս. Ոսկյանց հիշատակը նշում է Առաջավորաց պահքին հաջորդող հինգշաբթի կամ Տյառնընդառաջի նախընթաց երեքշաբթի օրը՝ ս. Սուքիասյանց հիշատակի հետ: Ս. Ոսկյանց է ձոնված «Որք արժանաւորեցաք կոչիլ յաշակերտութիւն առաքելոյն Թադէոսի, Եւ աստուածային հրով մաքրութեան Ոսկի փորձեալ գըտայք ի բնակարանս հրեշտակաց» սկսվածքով շարականը

Պատրաստեց Քնարիկ Տեր-Դավթյանը
Աղբյուր՝ Ք. Հ. հանրագիտարան, Երևան, 832 էջ