Ս. ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐ

Ըստ քրիստոնեական ավանդության՝ Եդեսիայի Աբգար թագավորը առաջին թագավորն է, որը, Քրիստոսի կենդանության օրոք լսելով Նրա հրաշագործությունների մասին, հավատացել է, որ Նա Աստծո Որդին է: Հայ Եկեղեցին, հիմնվելով հնագույն պատմական աղբյուրների վրա, որդեգրել է Աբգարի՝ հայոց թագավոր լինելու վարկածը:
Ավանդությունը պատմում է, որ Աբգարն անբուժելի հիվանդ էր եւ նամակ ուղարկեց Քրիստոսին, որով Նրան խնդրում էր գալ իր քաղաքը, բժշկել իրեն եւ բնակվել այնտեղ:
Փրկիչը պատասխանեց, որ Ինքը պետք է ավարտի Իր առաքելությունն Իսրայելում, որից հետո կառաքի Իր աշակերտներից մեկին՝ բժշկելու Աբգարին եւ պարգեւելու հավիտենական կյանքի ավետիսը: Աբգարի սուրհանդակը, Քրիստոսի պատասխանի հետ բերեց նաեւ Նրա անձեռակերտ սրբապատկերը, որը Տերն Իր դեմքի հպումով տպավորել էր դաստառակի վրա:
Քրիստոսի համբարձումից հետո Նրա առաքյալներից մեկը՝ ս. Թադեոսը, եկավ Եդեսիա, բժշկեց Աբգարին եւ քաղաքի բոլոր հիվանդներին՝ քարոզելով ավետարանը: Ողջ քաղաքը հավատաց Քրիստոսին եւ դարձի եկավ, հրաժարվեց կռապաշտությունից եւ մկրտվեց: Այնուհետեւ Թադեոս առաքյալն ուղեւորվեց Հայաստան՝ քարոզելու հայոց Սանատրուկ արքային:
Այսպես Աբգարի հավատը առիթ դարձավ, որ Եդեսիայում, իսկ հետո նաեւ ողջ Հայոց աշխարհում տարածվի քրիստոնեության լույսը: