Ի՞նչ է Հավիտենական կյանքը

«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում. ով հաւատում է, ունենում է Յաւիտենական կեանքը» Հովհ. 6:47:

1. Կեանք մահուանից յետոյ,

2. Հոգեւոր կեանք Տէր Յիսուսի հետ, որ սկուում է այս աշխարհում,

3. Եկեղեցու կեանքը:

Կատակ.

Մի մարդ Աստուծոյն հարցնում է.

-Որքա՞ն է քեզ համար հազար տարին:

-Դէ՜, մէկ օր,-պատասխանում է Աստուած:

-Ինչքա՞ն է քեզ համար մէկ միլիոն եվրոն,-նորից է հարցնում մարդը:

-Դէ՜, մէկ ցենտ,-նորից պատասխանում է Աստուած:

-Ինձ մի քանի ցենտ կը տա՞ս,-խնդրում է մարդը:

-Մի երկու օրից արի անպայման կը տամ,-ասում է Աստուած:

1. Սուրբ Գիրքն ասում է, որ մենք ստեղծուել ենք Աստուծոյ պատկերով եւ նմանութեամբ (Ծննդ. 1.26): Աստուծոյ նմանութիւնը մեր հոգու գոյութիւնն է եւ աստուածային հատկութիւնները, որ ունի մարդը, այդ թուում նաև հոգու յաւիտենականութիւնը: Ուրեմն, այո՛, մարդու մարմինը կարող է ոչնչանալ` հող դառնալ, քանի որ հողից է ստեղծուած, բայց մարդու հոգին, որ Աստուծոյ շունչն է մեր մէջ, երբէք չի կարող ոչնչանալ:

2. Յաւիտենական կեանք է կոչւում նաև հոգեւոր կեանքը: Հոգեւոր կեանքով ապրելու սկիզբը սկսուում է հէնց երկրից` եկեղեցու մկրտութեան Սուրբ Աւազանից, որտեղից մեր հոգեւոր կեանքի եւ առաքինութիւնների սերմերն ենք ստանում, որպէսզի աճեցնենք այն մեր կեանքի օրերում եւ լինենք կատարեալ, ինչպէս մեր Տէրն է կատարեալ: Ուրեմն, Հոգեւոր Կեանքը սկսուում է մկրտութիւնից անմիջապէս յետոյ, բայց ինչպէս ասում են. «Յաղթանակ նուաճելը աւելի հեշտ է, քան թէ այն պահելը»: Հետևապէս, հէնց դրա համար էլ մենք ի տարբերութիւն եկեղեցու մահացած անդամների, որ կազմում են Յաղթանակած եկեղեցին, կոչւում ենք` Զինուորեալ եկեղեցի, քանի որ պայքարում ենք մեր հոգեւոր կեանքի պայծառութեան եւ չարի դէմ:

3. Այս կետը նրանց համար է, որ մկրտուում են Եկեղեցում, դառնում են անդամ Քրիստոսի Մարմնի (Եկեղեցու), բայց հետագայում հեռանում են Եկեղեցուց կարծելով, թէ այս կեանքոում կարող են յաւիտենական կեանք ունենալ Եկեղեցուց դուրս: Եկեղեցու կեանքով ապրել նշանակում է ամէն օր հետևել եկեղեցու տնօրինութիւններին՝ ապրել եկեղեցու տօները և մասնակցել եկեղեցական արարողութիւններին, որով ձեռք ենք բերում աստուածային օրհնութիւնն ու երկնային շնորհները: Մեր Տէրը եկաւ աշխարհ, որպէսզի Եկեղեցին հիմնի: Եկեղեցու աստուածային լինելն էլ ապացուցուում է հէնց եկեղեցու յաւիտենականութեամբ: Ինչքան էլ անգամ եկեղեցու ծառայողներն ու հաւատացեալները վատը լինեն, միեւնոյն է Եկեղեցին կա ու գոյութիւն կունենա մինչեւ Տէր Յիսուսի երկրորդ գալուստը: Վերջիվերջո, Տէրը նիւթական կառոյց (ոչ թէ շենքը, այլ հաստատութիւնը) հիմնեց, որպէսզի մեր նիւթական վերաբերմունքով ցոյց տանք մեր որդիական սերը մեր Երկնաւոր Հօր նկատմամբ, ինչպէս Աբրահամը, որ պատրաստ էր իր միակ որդուն զոհաբերել Աստուծոյ սիրոյ համար:

Եկեղեցու կեանքի համար արուած ցանկացած զոհաբերութիւն քրիստոնեան աւելիով է ստանում Աստուծոց, ինչպէս Աբրահամը, որ բաւականին առաջացած տարիքում որդի ունեցաւ և ազգերի նախահայր դարձաւ: Մէնք կարող ենք լինել նիւթապէս ապահովուած կամ բարեկեցիկ, բայց մէկ է՝ ինչ-որ բան մարդուն միշտ խանգարում է լիարժեք երջանիկ զգալու համար: Չէ՞ որ, ամէն մարդ ուզում է լինել երջանիկ, ամէն մարդ աշխատում է իր կեանքի երիտասարդ տարիներին, որպէսզի իր ծերութիւնը անվրդով ու խաղաղ անցնի: Բայց ծերութիւնն էլ «դաւաճան ընկեր է». մի կողմից իր ներկայութեամբ հարստացնում ու իմաստուն է դարձնում մարդուն, միւս կողմից նրան մոտեցնում է մահուան: Յաւիտենական կեանքի յոյսն ու իրականութիւնը վանում է քրիստոնեայից մահուան վախը, քանի որ ճշմարիտ քրիստոնեան արդէն իսկ այս աշխարհի մէջ ապրում է այն իրականութեան մէջ, որ կոչուում է ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ ԿԵԱՆՔ: Միակ տարբերութիւնն այն է, որ մահից յետոյ քրիստոնեան շարունակում է ապրել առանց իր մարմնի, ինչը նրան տրուած էր երկրի վրայ Տիրոջ բարիքների վայելումի համար` ընտանիք, մասնագիտութիւն, բարոյական կենցաղավարութիւն և այլն: Այսօր թող Աստուած ամէնքիս ցոյց տա Յաւիտենական կեանքի իրականութիւնը, որպէսզի երբէք չկասկածենք մեր քրիստոնէական կեանքի ճշմարտութեան վրայ:

Ամէն:

Հայր Թովմա Խաչատրյան