«Ո՞վ է իմ մայրը կամ ովքե՞ր են իմ եղբայրները» (Մատթ. 12:48)
Մատթեոսի Ավետարանի 12-րդ գլխի 46-50 համարներից է վերցված այս խոսքը. «Մինչ Հիսուս դեռ խոսքն ուղղում էր բազմությանը, ահա նրա մայրն ու եղբայրները կանգնած էին դրսում և ուզում էին խոսել նրա հետ»: Եվ մեկն ասաց նրան. «Ահա քո մայրն ու քո եղբայրները դրսում կանգնած են և ուզում են քեզ հետ խոսել» (Մատթ. 12:46-47): Նա այդ ասողին պատասխանեց ու ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»: Եվ Իր ձեռքը երկարելով դեպի իր աշակերտները` ասաց. «Ահա՚ իմ մայրը և իմ եղբայրները, որովհետև, ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է. նա՚ է ինձ եղբայր և քույր և մայր» (Մատթ. 12:48-50):
Կան մարդիկ, որոնք առանց հասկանալու, փորձում են Ավետարանում գրվածները մեկնաբանել իրենց իմացածի պես: Շատ հաճախ չափազանցությունների մեջ մտնելով, նրանք կարող են լուրջ սխալներ թույլ տալ: Ինչպես օրինակ, Մատթեոսի Ավետարանի այս հատվածի մեկնաբանության հարցում: Շատերը պարզապես ընդօրինակելով, հանգում են այն եզրակացության, թե Հիսուս Սուրբ Կույսի միակ զավակը չի եղել, այլ ունեցել է նաև եղբայրներ՝ դրանով կասկածի տակ դնելով Աստվածամոր հավիտենական կուսությունը։
Տարօրինակ է, որ նման մարդիկ առանց հարցը ուսումնասիրելու, նկատի չեն առնում հենց Քրիստոսի իսկ տված պատասխանը, թե` «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»: Իր շարունակության մեջ Հիսուս տալիս է գեղեցիկ և տրամաբանական պատասխան, թե` «Նրանք են իմ մայրն ու եղբայրները, որոնք կատարում են իմ Հոր կամքը»:
Այս խոսքերի մեջ ուշադրության արժանի է Հիսուսի պատասխանի այն բաժինը, ուր նա մատնացույց է անում Իր աշակերտներին, որոնք Իր առաջին հետևորդներն էին և որոնք տեսնողն ու լսողները պիտի լինեին Նրա կատարած բոլոր հրաշքների և ուսուցումների։
Եթե իսկապես մեր Տերը այս պարագայում մարմնավոր եղբայրներ ունենար, վստահաբար կամ պիտի թույլատրեր նրանց մուտքը կամ թելադրեր նրանց համբերել մինչև Իր խոսքի ավարտը և կամ Ինքը պիտի միանար նրանց: Սակայն տեղի չունեցաւ ո՚չ մեկը և ո՚չ էլ մյուսը, այլ Հիսուս պարզապես ասաց. «Նրանք, ովքեր լսում են իմ խոսքերը, որոնք Աստծու կամքն են և գործադրում են դրանք, նրանք են իմ թե՚ մայրս և թե՚ եղբայրներս»:
Արդյոք մի հավատացյալ կամ Սուրբ Գիրքը լավ իմացող մեկը կարո՞ղ է գտնել որևէ նշում մարգարեությունների մեջ, ուր հիշատակված լինեն սպասված Մեսիայի եղբայրներ և այլ հարազատներ ունենալու մասին;
Ենթադրենք, որ Ավետարանիչների գրածը պետք եղածի չափով հստակ չէ, հապա ի՞նչ կասեք մարգարեների մասին, որոնք ամենայն ճշգրտությամբ ու մանրամասնություններով նախագուշակել էին Քրիստոսի կյանքի բոլոր դրվագները, որտե՞ղ կա հիշատակություն Նրա… եղբայրների մասին:
Եկեք ժամանակագրական կարգով շարժվենք առաջ. Մարիամը և Հովսեփը դեպի Երուսաղեմ իրենց կատարած ամենամյա ուխտից վերադարձի ճանապարհին զգացին, թե տասներկու տարեկան մանուկ Հիսուսը իրենց հետ չէր: Ո՚չ մի Ավետարան, ո՚չ մի պատմիչ, ո՚չ մի ավանդություն չեն հիշում, թե Հովսեփի և Մարիամի զույգի զավակներից Հիսուսն էր, որ բացակայում էր:
Հետաքրքրական է ստուգել, թե Հիսուսի ժամանակակիցները ի՞նչ են վկայում այս մասին;
Մի առիթով, Հիսուս քարոզում էր Կափառնայումի մեջ, ասելով, թե «Ես եմ կյանքի հացը» (Հովհ. 6:35), թե` Ինքը երկնքից իջել է Հայր Աստծու կամքը կատարելու: Ժողովուրդը շփոթված և վրդովված դժգոհում է. «Սա Հիսուսը չէ՞` Հովսեփի որդին, որի հորն ու մորը մենք ճանաչում ենք» (Հովհ. 6:42): Եթե Հիսուս եղբայրներ ունեցած լիներ, պարզ է, որ ժողովուրդը նրանց պիտի հիշեր… Մենք նրա հորը, մորը և եղբայրներին էլ ենք ճանաչում: «…Սա հյուսնի որդին չէ՞. սրա մայրը չէ՞, որ Մարիամ է կոչվում. և սրա եղբայրները` Հակոբոս, Հովսես, Սիմոն և Հուդա: Եվ սրա քույրերը բոլորը մեզ մոտ չե՞ն…» (Մատթ. 13:55-56): Այս մեջբերումը թող այն տպավորությունը չթողնի, թե Հիսուս իրապես քույրեր և եղբայրներ ուներ: Վերևում նշված նրա եղբայրները ոչ թե Սուրբ Կույսի զավակներն էին, այլ մի այլ Մարիամի. «…որոնք (խոսքը Յուղաբեր կանանց մասին է) Գալիլիայից եկել էին Հիսուսի հետևից` նրան ծառայելու համար. նրանց մէջ էին Մարիամ Մագդաղենացին, Հակոբի և Հովսեի մայր Մարիամը և Զեբեդեոսի որդիների մայրը» (Մատթ. 27:55-56):
Հիսուս, երբ խաչի վրա մահվան դատապարտվեց, համաձայն ավետարանիչների, Նրա խաչելությանը ականատես վկաները եղան Նրա մայրը և այլ կանայք:
Ո՞ւր էին Նրա կարծեցյալ եղբայրներն ու քույրերը: Երբ Հիսուս խաչի վրա մեռնելուն էր դատապարտվում, եթե եղբայրներ ունեցած լիներ, հնարավոր չէր, որ նրանք այնտեղ ներկա չգտնվեին:
Խաչելությունից առաջ, նախքան Իր հոգին ավանդելը, Հիսուս ի տես Իր սգավոր մոր, կտակի նման Իր վերջին խոսքը ուղղեց Մարիամին ու Իր սիրած առաքյալ Հովհաննեսին, որը խաչի մոտ կանգնած էր. «Ո՚վ կին, ահա՚ քո որդին» իսկ Իր աշակերտին պատգամեց. «Ահա՚ քո մայրը» (Հովհ. 19:27):
Եթե Քրիստոս եղբայրներ ունենար, արդյոք Իր մոր հոգատարությունը նրանց չպիտի՞ վստահեր:
Եվ որովհետև չուներ, Իր մորը հանձնեց Հովհաննեսի խնամքին և խնդրեց մորը, որ նրան ընդունի իր որդու նման։ Այստեղ հարկավոր է ուշադրությամբ կարդալ ավետարանիչի եզրափակիչ նախադասությունը,․ «Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ առավ» (նույն տեղը)։
Իր Հարությունից հետո իսկ Քրիստոս, երբ երևաց Յուղաբեր կանանց և Մարիամին, հայտնեց իր ով լինելը, չթույլատրեց նրան Իրեն մոտենալ, քանի որ վերջինս Նրան տիրոջ պարտիզպանի հետ էր շփոթել, այլ հանձնարարեց․ «Ինձ մի մոտեցիր, քանի որ Հորս մոտ չեմ բարձրացել․ ուրեմն գնա դու իմ եղբայրների մոտ ու նրանց ասա, որ ես բարձրանում եմ դեպի իմ Հայրը և ձեր Հայրը, դեպի իմ Աստվածը և ձեր Աստվածը» (Հովհ․ 20:17):
Այս բոլոր բացատրությունները լսելուց հետո ակամայից կարող է մի հարց ծագել․ ինչպե՞ս բացատրել եղբայրների պարագան,․ ովքե՞ր են Քրիստոսի հիշած «եղբայրները»։
Քրիստոնեության առաջին դարերոմ, Հիսուսի բացատրության համաձայն, բոլոր նրանք, որոնք քրիստոնեական հավատքի հետևորդներ էին, իրար «եղբայր և քոյր» էին կանչում։
Այս ոգու արտացոլումն էր Գործք Առաքելոցի մեջ և այլուր զանազան առիթներով արձանագրված․ «Եղբայրներ, Աբրահամի տոհմի որդիներ» (Գործք 13:26) կամ «Սավուղ եղբայր» (Գործք 9:17) կամ «Եղբայրները, այս բանը իմանալով, նրան Կեսարիա իջեցրին» (Գործք 9:30): (Խոսքը Սողոսի մասին է, որ վերջում դարձավ Պողոս առաքյալ)։
Հիշենք, որ Հիսուս կոչվում էր նաև Միածին Որդի: Սա հետագայում ավելացված մի նոր անուն չէր, այլ նույնիսկ առաջին դարում գործածվել է Ս․ Կույսից միակ ծնունդը լինելու համար։ Հովհաննես ավետարանիչն ասում է. «Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. 3:16):
Այս հավատը հիմնավորվեց Քրիստոնեական Ընդհանրական Եկեղեցու կյանքում իբրև անհերքելի իրողություն 325 թվականին կայացած Նիկիո առաջին տիեզերական ժողովի ընթացքում, որտեղ բանաձևված Նիկիական Հանգանակում, որը որդեգրվել է Հայց․ Առաքելական Եկեղեցու կողմից, կարդում ենք․ «Հավատում ենք նաև մեկ Տեր Հիսուս Քրիստոսին, Աստծու Որդուն, որը ծնվել է Հայր Աստծուց` իբրև Միածին…»:
Նրա Միածին լինելը մեկ անգամ ևս հաստատում է, որ Հովսեփը և Մարիամը միայն մեկ զավակ՝ Հիսուսին են ունեցել։
Այստեղ ուզում եմ ավելացնել, որ երկու հազար տարիներ անց, այսօր էլ կան Եղբայրակցություններ և հոգևոր հաստատություններ, որտեղ մեկը մյուսին «եղբայր և քույր» բառերով են կանչում` իբրև քրիստոնյաներ:
Գեղեցիկ է «եղբայր» լինելը, պարզ է, որ մենք պէտք է աղոթենք հավատքով, սիրով ու ջերմությամբ լցված՝ այն հարստացնելու համար՝ օրինակ վերցնելով մեր Տիրոջից, և շարունակենք իրար նկատմամբ ունենալ այդ եղբայրական սերը` հոգևոր իմաստով: Արևմտահայ Գրականության տաղանդավոր բանաստեղծներից Մկրտիչ Պեշիկթաշլյանը իր «եղբայր եմք մեք» բանաստեղծության յուրաքանչյուր տունը վերջացնում է այսպես`
«Ընդ աստեղօք ինչ կայ սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն…»:
Սիրենք իրար՝ իբրև եղբայրներ Քրիստոսով, իբրև համայնք, Եկեղեցի, Հայրենիք, ու այս եղբայրական սիրով զարդարենք մեր հոգիներն ու սրտերը: Ամեն:
ՀԱՏՎԱԾ´ ՀՈՎՍԵՓ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Ճշմարտախոս քրիստոնյան» ԳՐՔԻՑ: