Եհովայի վկաների արժեհամակարգում չկան պետություն, մշակույթ, ազգային և ավանդական արժեքներ

Որտեղի՞ց են եկել Եհովայի վկաների կողմից զենք չվերցնելու և պետության բանակում չծառայելու մոտեցումները: Ի՞նչ իրադարձություններ են ընկած դրա հիմքում:
Առաջին անգամ այդ հարցը Եհովայի վկաների համար արդիական դարձավ նացիստական Գերմանիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված:
Նախնական շրջանում Եհովայի վկաներն իրենց հետևորդներին առաջարկում էին Աստվածաշնչի ուսումնասիրություն` ներկայանալով որպես քրիստոնեական կազմակերպություն։ Սակայն իրականում տարբեր ձեռնարկներով ուսումնասիրվում էին Աստվածաշնչի իրենց մեկնաբանությունները` սեփական, կամայական թարգմանությամբ։ Մասնագետների կարծիքով Եհովայի վկաների Աստվածաշնչում` ուղղադավան թարգմանությունների հետ համեմատած, հաշվառվել են 1200 զգալի դավանաբանական փոփոխություններ։ Քանի որ շատերը հիմնականում տեղյակ չեն այդ փոփոխություններից, Եհովայի վկաների կողմից հղումը Աստվածաշնչին մարդկանց մոտ ներշնչում է վստահություն, որը հետագայում ամրապնդվում է նրանց կողմից դրսևորված «բարոյական» նորմերով։ Իրենից անկախ, քայլ առ քայլ մարդը ենթարկվում է գաղափարական մշակման` կտրվելով ընտանեկան, ազգային, ընկերական և սոցիալական արժեքներից։ Ձևավորվում է նոր արժեհամակարգ, որում կան միայն սև և սպիտակ գույներ։ Սևը «Սատանայի աշխարհն է», որը չի ընդունում Եհովայի վկաների գաղափարները։ Դրա մեջ են մտնում պետությունը, մշակույթը, ազգային և ավանդական արժեքները, ընտանեկան արժեքները, ընկերները, որոնք մերժում են այդ գաղափարները, տոները, հիշատակության օրերը։ Սպիտակը` Եհովայի վկաների քարոզիչները, հետևորդները և համակրողներն են, որոնք դիտվում են որպես պոտենցիալ հետևորդներ։ Քանի որ մշակման ընթացքում անձին ներշնչվում է, որ ամբողջ աշխարհը և նրանում առկա բոլոր երևույթները Սատանայից են, հետևաբար անձը որոշակի պատրաստ ներքին ռեսուրսներ ունի արտաքին դիմագրավման համար, եթե նրա ընտանիքում կամ աշխատանքի վայրում հնչեն քննադատություններ Եհովայի վկաների վերաբերյալ։ Բացի այդ, Եհովայի վկաների ղեկավարությունը սովորություն ունի իրեն անհարմար բոլոր երևույթները դասել Սատանայի արարքների շարքին` դրդելով հետևորդներին իրենց հարմար քայլեր կատարելու։ Դրա վկայությունը կարող ենք տեսնել ֆաշիստական Գերմանիայի հետ Եհովայի վկաների իրական փոխհարաբերությունների ժամանակ։
Առողջ հոգեկերտվածք ունեցող մարդն իր պետությանը և ընտանիքին վտանգ սպառնալու պահին մոբիլիզացնում է իր ողջ ուժերը, կարողությունները և մղվում պաշտպանելու հայրենիքը, մտերիմներին, կարողանում է տարբերակել առաջնային և երկրորդական խնդիրները, հետևում է իր սրտի ձայնին։ Եհովայի վկաները հետևում են միայն իրենց կազմակերպության դոգմաներին կյանքի բոլոր իրավիճակներում, եթե անգամ այդ դոգմաները տրամաբանորեն կամ իմացականորեն դեմ են իրենց անձնական պատկերացումներին, սրտին կամ խղճին։ Սրա վառ օրինակը կարելի է դիտարկել նացիստական ռեժիմի ժամանակ Եհովայի վկաների վարքագծի մեջ։

 Եհովայի վկաներն իրենց ուղղության սկզբնավորման տարիներին լրջորեն համակրում էին հրեաներին և սիոնիստական շարժմանը։ Նրանց նախահայր և հիմնադիր Չառլզ Ռասսելը բազմիցս արծարծել է սիոնիզմի գաղափարները, նշելով որ հրեաները ընտրյալ ազգ են և իրավունք ունեն ապրելու իրենց պատմական հայրենիքում։ Հետաքրիրական է, որ Եհովայի վկաները որոշ ժամանակ գրանցված են եղել որպես «Սիոնի դիտարանի հրատարակության ընկերություն»: Շատ երկրներ մինչ այժմ համոզված են, որ Եհովայի վկաները ստեղծվել են և ֆինանսավորվում են հրեաների կողմից։ Անգամ գերմանական իշխանություններն էին այդ կարծիքին, ինչի արդյունքում 1933թ. փակվեց Եհովայի վկաների Մարբուրգի գրասենյակը։ Սակայն շուտով ամերիկյան ղեկավարության միջնորդության շնորհիվ այն կրկին վերաբացվեց։ Այդ տարիներին կազմակերպության նախագահ Ջոսեֆ Ֆռանկլին Ռուտերֆորդը սկսեց ակտիվ գործողություններ ձեռնարկել նացիստական Գերմանիայի կառավարող շրջանակների հետ բարեկամական հարաբերություններ կառուցելու նպատակով` մի քանի լուրջ քայլեր ձեռնարկելով հրեաների դեմ։ Մասնավորապես հայտարարություն տարածվեց այն մասին, որ կազմակերպությունը երբեք գումար չի ստացել հրեաներից, և բացի այդ իրենք Հիսուսի հետևորդներն են, իսկ հրեաները մերժում են Հիսուսով փրկությունը։ Հետաքրքրական է, որ Երկորդ համաշխարհային պատերազմից հետո Եհովայի վկաները բոլոր կրոններին մեղադրեցին նացիստական Գերմանիային համակրելու մեջ։ Անգամ 1991թ. Եհովայի վկաների «Դիտարան» ամսագրի սեպտեմբերի համարում հատուկ ցուցմունք կա նրանց համար, ովքեր տնային ծառայությունների ժամանակ պատահաբար կհանդիպեն հրեաների։ Այնտեղ նշվում է, որ կարելի է հրեաներին հիշեցնել, որ բոլոր քրիստոնյաները Գերմանիայում նրանց շատ են վնասել, իսկ Եհովայի վկաները Հիտլերի ժամանակ դեմ են եղել հրեաների բոյկոտին։ Հարց է առաջանում, եթե Եհովայի վկաներն անմեղ են հրեաների առաջ, ապա ինչ կարիք կա հատուկ արդարացնող կետ ներառել իրենց ծառայության մեջ։ Հետևաբար, նրանք վստահ էին, որ հրեաները լավ տեղեկացված են իրենց գործողություններից։ Այսպիսով, Ջ. Ռուտերֆորդը 1932թ.–ին հայտարարեց, որ հրեաներին առանց այն էլ չափից շատ ուշադրություն են դարձնում, և մարգարեանում էր, որ հրեաները մեծ մաս են կազմում եվրոպական սատանայական կազմակերպություններում, որ նրանք կուտակել են մեծ կապիտալ և օգտագործում են այն այլ ազգերին ստրկության ենթարկելու համար (այդ կարծիքին էին նաև նացիստները)։ Ռուտերֆորդը հայտարարեց, որ հրեաները պատկանում են Սատանայի տերությանը։ Սակայն դա չի նշանակում, որ առօրյա կյանքում սովորական Եհովայի վկաները որևէ կերպ ճնշում էին իրենց հարևան հրեաներին, այլ ապացուցում է Եհովայի վկաների կազմակերպության՝ հրեաների հանդեպ այդ տարիներին ունեցած այնպիսի դիրքորոշումը, որի ցինիզմը գերազանցում էր այն ժամանակ նացիստամետ որոշ այլ կրոնական հարանվանությունների մոտեցումներին։ Ռուտերֆորդը փորձեց տիրող իրավիճակն օգտագործել իր քաղաքական ամբիցիաների բավարարման, կազմակերպության դիրքերի և շահերի ամրապնդման համար` շատ հեռու գնալով Հիտլերի հետ խաղերի մեջ։ Նա կարծեց որ հրեաների դեմ ուղղված իր քայլերից հետո իր կառավարած կառույցը որոշակի արտոնություններ կունենա Հիտլերի կողմից այլ կրոնների և կառույցների համեմատ, և սկսեց պահանջներ ներկայացնել իր անձի և Կազմակերպության նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերելու համար։ Դրա նպատակն իրականում նացիստական Գերմանիայում իշխող կրոնական կառույցի կարգավիճակ ստանալն էր: Կազմակերպության՝ Բեռլինում կայացած տարեկան ժողովի ժամանակ դահլիճում ամենուր կախված էին նացիստական դրոշներ, իսկ ժողովը բացվեց նացիստների կողմից օգտագործվող հիմնով, ինչը դժգոհություն էր առաջացրել սովորական հետևորդների շրջանում։ Այդ ժողովի ժամանակ բոլորին բաժանվել էին հակահրեական թերթոն-հայտարարարագրեր, որոնք տարածում էին անգամ Ռուտերֆորդի հետ տարաձայնություն ունեցող հետևորդները, քանի որ նրանք կուրորեն կատարում էին Կազմակերպության հրահանգը։ Միևնույն ժամանակ կազմակերպության շարքային հետևորդները, որոնք երկար տարիներ ապրում էին Գերմանիայում, կարծում էին, որ պետք է որոշ ժամանակ դադարեցնել հավաքները և խիստ լարվածության առիթ չտալ տեղական իշխանություններին, ինչի արդյունքում քարոզիչների թիվն այդ տարիներին նվազեց 85%-ով։ Շատերը կարծում էին, որ անիմաստ է գնալ ինքնազոհողության, և ըստ Գեստապոյի (պետական գաղտնի ոստիկանություն ֆաշիստական Գերմանիայում) փաստաթղթերի՝ մինչև 1938թ. մոտ 500 Եհովայի վկաներ համաներում ստացան`ստորագրելով փաստաթուղթ, համաձայն որի՝ նրանք չէին քարոզելու իրենց ուսմունքը։ Սակայն կազմակերպության համար սա անընդունելի էր, հետևաբար, որոշում կայացվեց փոխել կազմակերպության քաղաքականությունը: Այս քայլն արվեց, քանի որ Եհովայի վկաների համար մարդկանց քանակը ստեղծում է եկամուտ, և կազմակերպության համբավը և շահերը ավելի կարևոր են, քան սովորական մարդկանց կյանքը:
1933թ. վերջնականորեն տապալվեցին Ռուտերֆորդի քաղաքական խաղերը, և արգելվեց Եհովայի վկաների գործունեությունը Պրուսիայում հետևյալ մեկնաբանությամբ. «Աստվածաշնչի գիտական ուսումնասիրության անվան տակ Աստվածաշնչի ուսումնասիրողները և նրա հետ փոխկապակցված կազմակերպությունները իրականացնում են պետության և եկեղեցու դեմ ուղղված գործունեություն։ Այս երկու ինստիտուտներն անվանելով Սատանայի գործիք` նրանք խարխլում են ազգային միասնականության հիմքերը…. Նրանց պայքարի ձևերն առանձնանում են հետևորդների վրա ֆանատիկ ազդեցությամբ…. Այդ կազմակերպության ուղղվածությունը խիստ տարբերվում է մեր ներկայիս պետության նպատակներից, նրա մշակութային և բարոյական արժեքներից…. Այդ նպատակով պետք է արգելել կազմակերպության գործունեությունը` քաղաքացիներին և պետությանը պաշտպանելու նպատակով»։
Ռուտերֆորդը կոչ էր անում գնալ նահատակության` օրինակ բերելով առաջին դարի քրիստոնյաների նահատակությունը։ Մինչդեռ Ռուտերֆորդը, ծովի ափին վայելելով ալկոհոլը (ի դեպ Ռուտերֆորդը ի թիվս այլ շեղումների տառապում էր նաև ալկոհոլիզմով), Հիտլերի և նացիզմի հասցեին հրապարկումներ էր անում կազմակերպության ամսագրերում` Հիտլերին անվանելով Սատանայի ծնունդ, իսկ իրեն «անապատում կանչողի ձայն»: Ռուտերֆորդը ներկայացրեց Հիտլերի գործունեությունը որպես Արմագեդդոն, իսկ իր հետևորդներին համոզում էր, որ սա հենց այն ժամանակն է, երբ պետք է ապացուցվի յուրաքանչյուրի հավատքը և նվիրումը Եհովային։ Այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Ռուտերֆորդի ժամանակ, հիմք են հանդիսանում ներկայիս Եհովայի վկաների գաղափարախոսության և գործելաոճի։ Սակայն, ինչպես նշեցինք, Ռուտերֆորդն իր համար ապահով ապրում էր Ամերիկայում, իսկ իր հավակնոտ գաղափարների համար համակենտրոնացման ճամբարներում մահանում էին կազմակերպության հետևորդները։
Ռուտերֆոդը մահացավ 1942թ., իսկ իր հետևորդները մինչև այժմ համոզված են, որ զենք չվերցնելը քրիստոնեության դրսևորման բարձրագույն ձևն է։ Ռուտերֆորդը կազմակերպության մեջ ներմուծեց թեոկրատիկ աստվածաբանությունը` այսինքն Աստված Ինքն է ղեկավարում կազմակերպությունը, իսկ Ռուտերֆորդը նրա ներկայացուցիչն է երկրի վրա և մինչ այժմ Եհովայի վկաները այդ մոլորությանն են հետևում։ Գերագույն ղեկավարության յուրաքանչյուր հրահանգ դիտարկվում է որպես Աստծո ձայն, Եհովայի ձայն։
1938-ից հետո Եհովայի վկաների նկատմամբ ռեպրեսիաները ավելի լայնածավալ բնույթ կրեցին, համակենտրոնացման ճամբարները իրականություն դարձան շատերի համար` նոր զոհեր ներգրավելով իրենց շարքերում։ Զոհեր, որոնք տառապում էին ոչ միայն սեփական գաղափարների համար, այլ շատ դեպքերում կազմակերպության ղեկավարության հերթական անպատասխանատվության պատճառով` մասնավորապես Ռուտերֆորդի հավակնությունների:
Խոնարհվելով այն մարդկանց հիշատակի առաջ, որոնք տուժել են նացիստական ռեժիմից, պետք է ասել, որ այս հարցին չէինք անդրադառնա, եթե Եհովայի վկաները հենց իրենք անտեսելով ամեն տեսակի բարոյական սահմաններ, չփորձեին այդ մարդկանց տառապանքից իրենց կազմակերպության համար գովազդային վահանակներ պատրաստել։
Այս մի դեպքը ապացույցն է այն բանի, որ շատ անգամ Եհովայի վկաները չեն գործում իրենց սեփական խղճի և առողջ վերլուծական կարողությունների համեմատ։ Նրանց վարքագիծը` անգամ կյանքի և մահվան հարցերում, ձևավորվում է կազմակերպության՝ ոչ մի քրիստոնեական և մարդասիրական հիմնավորում չունեցող դոգմաների վրա։
Եվ զարմանալի չէ, որ Եհովայի վկաները, գտնվելով պատերազմական երկրներում, քարոզում են զենք չվերցնելու և չծառայելու գաղափարը։ Զենք չվերցնողը չի ծառայում հայոց բանակում, բայց նա միանշանանակ ծառայում է թշնամու գաղափարների առաջխաղացման օգտին, քանի որ, ինչպես ասում է Ջ. Օրվելլը, պացիֆիզմը միանշանակ թշնամու կողմնակիցն է։ Եթե որևէ մեկը դեմ է երկրի զինվորական գործողություններին, դա նպաստում է թշնամու գործողություններին։ Մի կողմ քաշվել երկրի պաշտպանության գործում, թողնել որ ուրիշները իրենց կյանքը վտանգեն` սակայն օգտվել այդ երկրի ապահովությունից և անվտանգությունից` անբարոյականության դրսևորում է և ոչ ավելին։ Մարդկային վախկոտություն` թաքնված կրոնական գաղափարախոսությունների և խաղաղության կոչերի ներքո։ Խաղաղության կոչ անողը պետք է պայքարի խաղաղության համար, հակառակ դեպքում դա էլ է կեղծիք` Եհովայի վկաների ողջ գաղափարախոսության նման։

 Եհովայի վկաներն իրենց իրավունք են վերապահում յուրաքանչյուր երկրում մտնել քաղաքական խաղերի մեջ, հետո հայտարարել, որ իրենք դուրս են քաղաքականությունից։ Իրենց անդամներին ամենուր ներկայացնել որպես բացառիկ տուժածների և տառապանքների ենթարկվածների, և դրա միջոցով պետություններից գումարներ վաստակել իրենց կազմակերպության ֆինանսական համալրման համար։ Ո՞ւմ են ծառայում նրանք, ովքեր պատերազմական վիճակում գտնվող երկրից բանակում չծառայելու համար պահանջեցին 120 000 եվրո գումար վճարել։ Եվ դա ոչ թե մեկ մարդու որոշումն էր, այլ կազմակերպության ազդեցությունը, որովհետև «այդպես է կարծում Կկազմակերպությունը»։ Պատերազմական իրավիճակում Եհովայի վկաները խուսափում են զինվորական ծառայությունից, որովհետև այդպես է սովորեցնում կազմակերպությունը։ Դժվար է պատկերացնել հայ տղամարդու, որն անտարբեր կմնա իր հայրենիքի և ընտանիքի պաշտպանության հանդեպ, ինչպես շատերը հիմա դժվարանում են պատկերացնել, բայց ստիպված են հավատալ, որ Եհովայի վկան կարող է քարոզել մյուսներին, որ դառնան իրենց կազմակերպության անդամ բանակից խուսափելու համար։ Վստահ եմ, որ դա հայի խիղճը չէ, այլ այն է «ինչ սովորեցնում է կազմակերպությունը», այսինքն՝ Ռուտերֆորդի նման պարանոիկներ, որոնք ծառայում են թշնամուն։
Մեկ հետաքրքիր դեպք ևս։ Պատերազմի ավարտից հետո Եհովայի վկաները դիմել էին դատարան՝ զինվորական ծառայությունից հրաժարվելու պատճառով համակենտրոնացման ճամբարում հայտնված անձանց համար փոխհատուցում ստանալու նպատակով։ Սակայն 1964թ.-ին Համբուրգի դատարանը մերժեց փոխհատոցումը, համարելով, որ զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով կալանքի տակ լինելը չի կարող դիտարկվել որպես նացիզմի ռեժիմից տուժած լինելու հանգամանք հետևյալ տրամաբանական հիմնավորմամբ.
«Գոյություն չունեն պետություններ, որոնք իրենց քաղաքացիներին ապահովում են իրավունք ընտրելու՝ արդյոք պատերազմը արդար է, թե անարդար, և հետևաբար նաև ընտրել կատարել կամ չկատարել իրենց քաղաքացիական պարտքը երկիրը պաշտպանելու գործում։ Եթե պետությունը վերապահեր այդպիսի իրավասություն յուրաքանչյուր քաղաքացուն, ապա այն կդադարեր որպես պետություն գոյություն ունենալուց։ Հետևաբար, պատերազմի արդար կամ անարդար լինելու որոշումը չի կարող թողնվել առանձին քաղաքացիների հայեցողությանը։ Այդ հարցին չեն կարող պատասխանել անգամ արդի պատմաբանները։ Հաճախ պատմությունը ինքն է դատավճիռ եզրակացնում` կախված պատերազմի արդյունքներից։ Հետևաբար յուրաքանչյուր քաղաքացու դիրքորոշումը պատերազմի արդարության/անարդարության վերաբերյալ չի կարող գնալ այնքան հեռու, որպեսզի արդարացնի պետությանը զգալի վնաս հասցնելու գործողությունները»։
Այո՛, գոյություն չունեն պետություններ, որտեղ առանձին քաղաքացին կարող է որոշում կայացնել այդ երկրի ռազմական գործողությունների ճշմարտացիության վերաբերյալ, մանավանդ եթե այդ գործողությունները վերաբերվում են ինքնության, ազգության, պետականության և կրոնի պահպանմանը։ Միակ որոշումը` դա խղճի որոշումն է, այն է՝ պաշտպանել սեփական հայրենիքը։

Հոդվածում օգտագործվել են հատվածներ Ս. Կովտունի «Եհովայի վկաներ» գրքից
Հոդվածը պատրաստեց Ալմաստ Մուրադյանը