Դ դարում լայն տարածում ստացան սրբապատկերները: Մինչ այդ սրբապատկերներ, անշուշտ, կային, բայց քրիստոնյաները Փրկչին ներկայացնելու համար հիմնականում գործածում էին խորհրդանիշներ՝ նավ, քնար, ձիթենու շյուղ, խաղողի վազ, գառ, առյուծ, սիրամարգ, աղավնի և այլն1: Տերտուղիանոսը (155-212 թթ.) հիշատակում է Փրկչի նկարված լինելը եկեղեցական սկիհների վրա՝ բարի հովվի կերպարանքով2: Այս խորհրդանիշների մեջ, սակայն, առանձնանում էր մեկը՝ չափազանց տարածված պատկեր, որը զուտ խորհրդանիշ լինելուց անդին անցնելով՝ դարձել էր ուրույն հավատո հանգանակ, խոստովանություն, որը հեթանոս աշխարհում կյանք արժեր: Այդ խորհրդանիշն էր ձուկը:
Այս խորհրդանիշը հանդիպում է դեռևս հնագույն կրոններում: Մերձավոր Արևմուտքում այն համարվում էր ասորական աստվածուհի Իշտարի խորհդանշան, սակայն այս պարագայում մենք գործ ունենք ոչ թե ձկան, այլ ջրահարսի հետ (կին՝ ձկան պոչով): Ըստ հինավուրց առասպելի՝ այս կերպարանքը նա ընդունել է իր որդու հետ Եփրատ գետը նետվելիս : Հնդկական և չինական առասպելներում ձուկը համարվում է պտղաբերության, մայրության և հարստության, իսկ հույների և հռոմեացիների մոտ՝ ուժի խորհրդանիշ: Հին Կտակարանում ձուկը հիշատակվում է բավականին հաճախ: Հովնան մարգարեի գրքում, օրինակ, կարդում ենք. «Տերը խոշոր կետ ձկանը հրամայեց կուլ տալ Հովնանին» (Հովնան 2:1): Եբրայական տեքստում «կետ» բառը չկա, և կարելի է այդ խոշոր ձկանը նույնացնել նաև քանանական օձաձկան հետ, որը խորհրդանշում էր քաոսը3: Այս դրվագը մեկնաբանվում է նաև որպես Քրիստոսի թաղմանն ու հարությանը վերաբերող կանխասացություն : Ընդհանուր առմամբ, ձկան մասին Հին Կտակարանում այս կամ այն առիթով խոսվում է շուրջ 200 անգամ, սակայն առայժմ պատճառը ոչ այնքան ձկան խորհրդանշական բնույթն է, այլ Սուրբ Երկրի բնական պայմանները: Բանն այն է, որ Գալիլիայի քաղցրահամ ջրերում դարեր շարունակ ձկնորսությամբ են զբաղվել: Որոշ տեղանունների թարգմանությունն ընդգծում է ձկնորսության դերն ու ազդեցությունն այս տարածաշրջանում. Բեթսայիդա՝ ձկնորսների տուն (եբր.), Մագդաղե՝ ձկների պատրաստման քաղաք (հուն.)4 և այլն:
Հայտնի էր նաև Երուսաղեմի Եքթիերան՝ ձկների դուռը (տե՛ս Նեեմ. 3:3):
Չնայած անտանելի հարկերին՝ հրեաները շարունակեցին զբաղվել ձկնորսությամբ, և Նոր Կտակարանում արդեն ձկնորսները կոչվեցին փրկչական առաքելության. «Իմ հետևի՛ց եկեք,- ասաց նրանց Քրիստոս,- և ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ» (Մատթ. 4:19, հմմտ. Մարկ. 1:17): Սա քրիստոնյաներին ձկների հետ համեմատելու առաջին, շատ աննկատ փորձն է5 , որը հետագայում պետք է ավելի հստակ արտահայտվեր թե՛ հայրերի քարոզներում և թե՛ այս տողի մեկնությանների մեջ6: Սբ. Եփրեմ Ասորին, օրինակ, վերոնշյալ համարը մեկնելիս հիշատակում է ևս մեկ ավետարանական պատում. Քրիստոս երկդրամյանը վճարելու համար պատվիրում է Պետրոսին ձուկ բռնել. «Գնա՛ ծով ու կարթ գցիր, և առաջին ձուկը, որ դուրս կելնի, վերցրո՛ւ ու բա՛ց նրա բերանը և մի արծաթ դրամ կգտնես» (տե՛ս Մատթ. 17:23-26): Սբ. Կյուրեղ Ալեքսանդրացին էլ մեկնում է այս տողերը և բացատրում, թե ինչու Քրիստոս, ով հողից անգամ կարող էր ստեղծել այդ արծաթ դրամը, կամեցավ հենց ձկան բերանից հանել այն. «Ձկները մենք ենք,- գրում է նա,- որ դուրս ենք գալիս կյանքի ողբալի ալեկոծումներից և առաքելական կարթի շնորհիվ մեր շուրթերին Քրիստոս ունենք»7:
Ձկնորսությունն Աստծո և մարդու մերձեցման խորհրդանիշ է նկատում նաև սբ. Եղիշեն: Նա գրում է. «Ծովն աշխարհս է, ուռկանն՝ քարոզութիւն Տեառն, ծագք ուռկանին՝ չորք աւետարանք, ուռկանաւորք՝ երկոտասան առաքեալքն, որս ձկանցն՝ ամենայն ազգք հեթանոսաց, իսկ խանձոցն ի միջին՝ մարմին և արիւն Տեառն մերոյ Հիսուսի Քրիստոսի, և միջոցք ամենայնի՝ հաւատք ճշմարիտք» :
Արդեն ակնարկեցինք, որ ձուկը տարածված ուտեստ էր հրեաների մեջ: Բայց արդյոք դա՞ էր պատճառը, որ հացի երկու բազմացումներների (տե՛ս Մարկ. 6:30-44, 8:1-37) ժամանակ Քրիստոս ոչ միայն հաց, այլ նաև ձուկ բազմացրեց: Թվում է, թե ձուկն էական դեր չի խաղում այս հրաշագործությունների մեջ: Ձուկ բազմացնելու պարագան մեկնում է սբ. Հովհան Ոսկեբերանը, սակայն տեսնում է այստեղ միայն ապացույցն այն բանի, որ Քրիստոս արարիչն է ցամաքի ու ծովի և այն ամենի, որ բնակվում են դրանց մեջ: Մենք էլ կանգ չէինք առնի ավետարանական այս դրվագների վրա, եթե ցայսօր Սուրբ Կալլիստոսի կատակոմբներում պահպանված չլինեին Բ-Գ դարերի որմնանկարներ, որտեղ այս ընթրիքը ներկայացվում է Խորհրդավոր ընթրիքին զուգահեռ, իսկ ձկներն իրենց մեջքին են կրում հացն ու գինին՝ Մարմինն ու Արյունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի:
Քրիստոս ձուկը բարի պտուղ է համարում՝ ասելով. «Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթե հաց ուզի, մի՞թե քար կտա նրան. և կամ եթե ձուկ ուզի, մի՞թե օձ կտա նրան» (տե՛ս Մատթ. 7:9-11): Որոշ մեկնություններում ձուկը համեմատել են Քրիստոսի, իսկ օձը՝ սատանայի հետ8:
Վերջապես հայտնի է Քրիստոսի առակներից մեկը. «Երկնքի արքայությունը նման է ծով նետված ուռկանի, որ ամեն տեսակ բան է հավաքել. երբ լցվել էր, այն ցամաք հանելով և նստելով՝ լավերը մի առ մի հավաքեցին ամանների մեջ, իսկ անպետքը դուրս գցեցին: Այնպես էլ կլինի այս աշխարհի վախճանին» (Մատթ. 13:47): Առակի մասին Մաղաքիա արք. Օրմանյանը գրում է, որ ձկները խորհդանշում են Ավետարանի քարոզությունն ընդունածներին, որոնցից ոչ բոլորն են ընտիր. «Այս անգամ մեկնությունն ինքը Հիսուսն է ավելացնում,- նկատում է նա:- Ուռկանների ջրից հանվելն աշխարհի վերջն է, ուռկանները դատարկող ձկնորսները հրեշտակներն են. լավ ձկները՝ արդարները, խոտան ձկները չար քրիստոնյաներն են, ամաններն արքայությունն են, ետ նետվելը դժոխքի կրակին դատապարտվելն է, որ ցավերի, ողբերի, անօգուտ ցասման ու գրգռության, հուսահատությունից ատամները կրճտացնելու տեղ է»9 :
Հետագա տարիներին քրիստոնյաները սկսեցին ընկալել ձուկն իբրև քրիստոնեության խորհրդանիշ: Բայց պատճառը, այնուամենայնիվ, չի սահմանափակվում բիբլիական մեջբերումներով: Այս խորհրդանշի տարածման բուն ազդակը պետք է փնտրել հին հունարեն լեզվի մեջ: Ձուկ՝ հին հունարեն IΧΘΥΣ (իխտիս կամ իխտյուս): Այս բառի յուրաքանչյուր տառին համապատասխանեցնելով մեկական բառ՝ քրիստոնյաները ստացել են Ἰησοὺς Χριστὸς Θεoς῾Υιὸς Σωτήρ, այսինքն՝ Հիսուս Քրիստոս Որդի Աստծո Փրկիչ. համապարփակ մի հավատո հանգանակ, քրիստոնեական հավատքի խոստովանություն, բանաձևում, որն, ինչպես արդեն ասել ենք, կյանք արժեր:
Աշխարհը պատրաստ չէր ընդունելու քրիստոնյաներին: Նրանք հալածվում էին, խաչվում, սպանվում ու բանտարկվում, բայց հրաժարվում էին երկրպագել կուռքերին: Հեթանոսների համար «քրիստոնեաների մահն արհամարհելն աւելի քան տարօրինակ յիմարութիւն, խաչեցեալ սոփեստին երկրպագելը աբսուրդ էր թւում…»10: Քրիստոնյաներից շատերը պատրաստ էին իրենց արյունը սերմ դարձնել հանուն Քրիստոսի Եկեղեցու, սակայն նահատակությունը ինքնասպանության չվերածելու համար պաշտպանվում էին, երբեմն թաքցնում իրենց քրիստոնյա լինելը: Եվ այս պայմաններում ձուկը դարձել էր ծածկագիր, նշան, որով նրանք ճանաչում էին միմյանց: Այս իրողությունը նկարագրված է թե՛ գիտական11 և թե՛ գեղարվեստական12 գրականության էջերում:
Ձուկն իբրև քրիստոնեության խորհրդանիշ է հիշատակում Ընդհանրական Եկեղեցու հայրերից Տերտուղիանոսը: Խոսելով սրբարար Մկրտության մասին՝ նա քրիստոնյաներին դարձյալ համեմատում է ձկների հետ. «Բայց մենք,- գրում է նա,- փոքրիկ ձկներ ենք և մեր IΧΘΥΣ Հիսուս Քրիստոսի օրինակով ծնվում ենք ջրում: Եվ մենք ջրի մեջ անդադար մնալուց բացի, անվտանգության հասնելու այլ ճանապարհ չունենք: Այս պատճառով հրեշավոր արարածները գիտեն, թե ինչպես սպանեն փոքրիկ ձկներին. նրանց ջրից հեռացնելով»13: A. Cleveland Coxe-ը նկատում է, որ IΧΘΥΣ-ն այստեղ օգտագործվում է որպես մեր Տեր Հիսուս Քրիստոսի անուն և հիշատակում ձկների պատկերները, որ արվել են 193 թ. Սիրկայի (Circa) կատակոմբներում14: Իսկ Կղեմես Ալեքսանդրացին իր ներբողներից մեկում Քրիստոսին փառաբանում է իբրև «մարդկանց որսորդ, որ փրկում է իր ձկներին անարգանքի ծովից և թշնամական ալիքներից»15: Համեմատելով այս երկու մեջբերումները՝ տեսնում ենք. առաջին պարագայում ջուրն Աստծո շնորհի, իսկ երկրորդում՝ գայթակղությամբ լի աշխարհի խորհրդանիշն է: Հայ իրականության մեջ նույնպես,եթե սբ. Գրիգոր Տաթևացին ջուրը համարում է կյանքի խորհդանիշ, որ Տիրոջ կողից բխելով շնորհվել է մեզ իբրև նյութ Մկրտության, Քրիստոսի կողմից հրաշքով վերափոխվել է գինու և «զարդարի ձկամբք»16, ապա սբ. Մեսրոպ Մաշտոցը ջուրը, ծովը համեմատում է իրեն ալեկոծող կենցաղի հետ. «Ի խորս մեղաց ծովու տարաբերեալ ծփիմ. Նաւապետ բարի, փրկեա զիս», «Ծով կենցաղոյս հանապազ զիս ալէկոծէ: Մրրկեալ ալիք թշնամին ինձ յարուցանէ: Նաւապետ բարի, լեր անձին իմոյ ապաւէն», «Մերձ եմ յընկղմիլ, օգնեա ինձ, Նաւապետ բարի, քանզի ծանրացան ի վերայ իմ բեռինք մեղաց», «Փրկեա ի վտանգէ զնաւաբեկս ի յալեաց ծովէ, քանզի կորնչիմ ի մեղաց անօրէնութեան իմոյ», «Ալիք յանցանաց զիս ալէկոծեն»,«Ծով մեղաց իմոց զիս ալէկոծէ. որ ես Նաւապետ բարի՝ շնորհեա ինձ նաւահանգիստ, Հայր ամենակալ», և այլն17:
Տարիներն անցնում էին, քրիստոնեությունը շարունակում էր տարածվել ու զորանալ, քրիստոնյաներն աղոթում էին, ստեղծագործում, անվարան տալիս իրենց կյանքը հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի, «եկեղեցիներն ամրապնդվում էին հավատի մեջ և օրեցօր նրանց թիվն ավելանում էր» (Գործք. 16:5): Դարձի էին գալիս երևելի պաշտոնյաներ, իշխաններ, մտավորականներ, հռետորներ: Նրանցից մեկն էլ սբ. Օգոստինոս Երանելին էր (354-430 թթ.), ով նույնպես վկայում է, թե որքան տարածված էր մեզ հետաքրքրող խորհրդանիշը: Նա մեջբերում է մի հոգևոր երգ, որը թարգմանվել է լատիներենից: Այս երգի յուրաքանչյուր տողի սկզբնատառերը կարդալով՝ կստանանք Ἰησοὺς Χριστὸς Θεoς ῾Υιὸς Σωτήρ18: Սա փաստորեն մեկն է հնագույն աքրոստիկոս-երգերից (հայ շարականագիտության մեջ՝ անձինք): Այս հոգևոր երգը Քրիստոսի երկրորդ գալստյան մասին է: Քրիստոնյաները առաջին մի քանի դարերում համոզված էին, որ Մեսիայի հայտնվելով սկսվել է ժամանակների վախճանը: Դա ակնհայտ է Պողոսի նամակներում, որտեղ առաքյալը մարդկության պատմությունը բաժանում է երկու ժամանակաշրջանների. ներկա չար ժամանակաշրջանը շուտով պիտի փոխարինվի նոր դարաշրջանով (Գաղ. 6:14, Ա. Կորնթ. 15:20-28,, 7:29-31, Բ Կորնթ. 5:17): Այս երկու դարաշրջանների միջև կար քաոսի սիմվոլը, որը պատկերվում էր ջրի, օվկիանոսի տեսքով: Արդ, փրկվել և փրկել կարող է նա, ով կդիմանա այդ օվկիանոսում (այսինքն՝ քաոսի մեջ): Ո՞վ է ապրում ջրերի մեջ, օվկիանոսում՝ ձուկը: Վաղ քրիստոնեական Եկեղեցու այս պատկերացումն իր արձագանքն է գտել սբ. Օգոստինոսի երկում: Նա գրում է, որ IΧΘΥΣ անվան տակ «խորհրդավոր կերպով ենթադրվում է Քրիստոս, որովհետև մահվան անդունդի մեջ, ինչպես ջրի խորքերում, Նա կարողացավ կենդանի մնալ»19:
Չափազանց տարածված և, ինչպես տեսանք, գաղափարապես հիմնավորված այս խորհրդանիշը տարածվեց քրիստոնյաների մեջ, բացատրվեց հայրերի կողմից մինչև Դ դար, որից հետո խորհդանիշները զիջեցին իրենց տեղը սրբապատկերներին: Միայն խաչն էր, որն իբրև Քրիստոսի նշան մնաց քրիստոնեության մեջ և ձևավորեց մի գիտակցություն, որը ձևակերպում է սբ. Ներսես Շնորհալին. «Ուր խաչ, անդ և Խաչեալն է յանդիման»20: Հետագա դարերում եկեղեցական հեղինակների, հայրերի գրվածքներում հիշատակվում, բացատրվում, փառաբանվում էր խաչը, որն էլ դարձել է հաղթանակած նշանն այլևս հաղթանակած Եկեղեցու: Իսկ ձկները պատկերված մնացին վաղ քրիստոնեական կատակոմբներում, մութ քարայրներում21, որպես ձկան պես լուռ, բայց միաժամանակ չափազանց խոսուն վկայությունն այն ճանապարհի, որ անցավ Պողոսը՝ հասնելով Հռոմ, և քրիստոնեությունը՝ արևելքից արևմուտք:
Հ.գ.: Ձկան՝ քրիստոնեության խորհրդանիշ լինելը կապ չունի պահոց օրերին ձուկ ուտել-չուտելու, սուրբծննդյան կամ զատկական սեղաններին ձուկ դնելու հետ:
Պատրաստեց Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսանող
Թովմաս դպիր Առաքելյանը
1 Տե՛ս Амброджо Донини, У истоков христианства, Москва, 1989, էջ 104-105: Քրիստոսին գառանև այլ խորհրդանիշներով պատկերելն արգելվել է 692 թ. ժողովի 82-րդ. կանոնով:
2 Տե՛ս Макарий епископ, Православно-Догматическое богословие, С. Пб., 1857, էջ 436-439: Հմմտ. Успенский Л. Богословие иконы Православной Церкви, Издательство Западно-Европейского Экзархата, Московский Патриархат, 1989 г., էջ 40-41:
3 Հմմտ.прот. Александр Мень, Исагогика (курс по изучению священного писания), Киев, 2012, էջ 453:
4 Այստեղ բնակիչները զբաղվում էին ձկան մսի մշակմամբ. չորացնում էին, աղ կամ թթու դնում՝ սոուսներ պատրաստելու համար, որն էլ պահում էին կավե կճուճների՝ ամֆորաների մեջ։ Արտադրանքը փաթեթավորվում, առաքվում էր Իսրայելի տարբեր քաղաքներ կամ արտահանվում:
5 А. П. Лопухин, Толковая Библия, том 3, Петербургъ, 1904-1913, էջ 152:
6 Որոշ հեղինակներ, այս հատվածն ի նկատի ունենալով, ձուկը համարել են հոգու փրկության խորհդանիշ: Տե՛ս Религия, энциклопедия, Минск, 2007, էջ 740:
7 https://ekzeget.ru/tolk.php?kn=mf&gl=17&st=27&id_tolk=362 (23.09.2017):
8 https://ekzeget.ru/tolk.php?kn=mf&gl=7&st=10&id_tolk=301(23.09.2017): Հմմտ. https://ekzeget.ru/tolk.php?kn=mf&gl=7&st=10&id_tolk=316(23.10.2017):
9 Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան, Համապատում, Գ հրատարակություն (արևելահայերեն թարգմանությամբ), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997, էջ 223:
10 Երուանդ վարդապետ Տէր-Մինասեանց, Ընդհանուր եկեղեցական պատմութիւն, Հատոր առաջին, Հին Եկեղեցին, Ս. Էջմիածին, 2013, էջ 147:
11 Տե՛ս Амброджо Донини, նշվ. աշխ. էջ 10:
12 Տե՛ս Հենրիկ Սենկևիչ, Յո երթաս, թարգմ. Ստ. Լիսիցյան, Երևան, 1961, էջ 28-29:
13 The Writings of the Fathers down to A.D. 325, Ante-Nicene Fathers, Volume 3, Tertullian (I, II, III), edited by Alexander Roberts, D. D. & James Donaldson, LL. D., Peabody, 1995, էջ 669:
14 «…it was used as a name for our Lord Jesus»: Տե՛ս նույն տեղում:
15 The Writings of the Fathers down to A.D. 325, Ante-Nicene Fathers, Volume 2, Clement of Alexandria, The Stromata, or Miscellanies, edited by Alexander Roberts, D. D. & James Donaldson, LL. D., Peabody, 1995, Էջ 295-296:
16 Տե՛ս Սբ. Գրիգոր Տաթևացի, Գիրք հարցմանց, Երուսաղէմ, Տպարան Սրբոց Յակոբեանց, էջ207:
17 Ձայնքաղ Շարական, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1999, Էջ 89-91, 93, 97:
18 A select Library of the Christian Church, Nicene and Post-Nicen Fathers, Volume 2, Augustin, City of God, Christian Doctrine, edited by Philip Schaff, D. D., LL. D.,Peabody, 1999, էջ 372-373:Հոգևոր այս երգը ռուսերեն թարգմանությամբ տե՛սhttps://azbyka.ru/otechnik/Avrelij_Avgustin/o-grade-bozhem/18(23.09.2017): Книга 18, глава 23:
19 A select Library of the Christian Church, Nicene and Post-Nicen Fathers, Volume 2, Augustin, City of God, Christian Doctrine, edited by Philip Schaff, D. D., LL. D.,Peabody, 1999, էջ 373:
20 Տեառն Ներսիսի Շնորհալւոյ Չափաբերականք, Վենետիկ, 1830, էջ 234:
21 Անշուշտ, չի կարելի ձուկը մեռած խորհդանիշ համարել: Այն այսօր էլ մեծ տարածում ունի: Անգլիկան Եկեղեցում, օրինակ, խաչը հաճախ պատկերվում է երեք ձկների միջոցով: Բայց այնուամենայնիվ այս խորհդանիշն այլևս չունի այն շեշտված կարևորությունն ու նշանակությունը, որն ուներ առաջին դարերում: