Հաճախ մարդիկ կարծում են, թե պահքը սոսկ կենդանական սննդից հրաժարումն է, սակայն, իրականում, այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է և զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքի դառնալը:
Ի՞նչ չի կարելի անել պահքի ժամանակ
Պահքի ժամանակ (և առհասարակ) կան բաներ, որոնցից յուրաքանչյուր անհատ, յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հնարավորինս հեռու մնա և հրաժարվի.
Ա. Հրաժարվել կենդանական ծագում ունեցող բոլոր տեսակի կերակուրներից (մսեղեն, կաթնեղեն, ձկնեղեն, ձու), քանզի բուսական կերակուրներ ուտելով «թուլացնում ենք մեր մարմնական ցանկությունները, որպեսզի հոգևոր ցանկություններն առաջ գան, որ մարդը հիշի, որ ինքը մարմնավոր էակ լինելուց բացի, նաև հոգևոր էակ է, որպեսզի հոգևոր էակն ավելի կարևորություն ստանա և մարդն ավելի շատ մտածի հոգևոր սննդի մասին»:
Իհարկե, պետք է նշել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսանկյունից, մասնավորաբար Մեծ Պահքի շրջանում, քանի որ գարնանամուտն առանց կենդանական, ճարպային սննդի անցկացնելը դրական ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա:
Բ. Հրաժարվել մոլություններից (ծխախոտ, ոգելից խմիչք, թմրադեղ, թղթախաղ, հաճույքի և զվարճանքի վայրեր, որկրամոլություն, ագահություն, բղջախոհություն և այլն): Անշուշտ, մոլություններից հրաժարվելու համար պետք չէ սպասել Մեծ պահքին, քանզի դրանցից ազատվելու համար ճիգ անելը յուրաքանչյուր մարդու բոլոր ժամանակների պարտքն է: Մոլությունների հետ կապված «տանջանքն», արդարև, ինքնազրկանքի և առավելաբար կամքի զորացման մի սքանչելի հնարավորություն է, քանզի այդ տեսակ ապաշխարությունն ու պահեցողությունն ավելի ընդունելի են Աստծուն և օգտակար` մարդուն:
Գ. Հնարավորինս հեռու մնալ սեռական հարաբերություններից ու տեղ չտալ ցանկասիրությանը: Խոսքն անշուշտ ընտանիքի մասին է, իսկ ընտանիքից դուրս նման հարաբերություններից առհասարակ պետք է հրաժարվել թե՛ պահքի ընթցքում, թե՛ դրանից դուրս, քանի որ նման հարաբերությունները քրիստոնեության մեջ որակվում են որպես շնություն, պոռնկություն, բղջախոհություն. «Ամուսնությունն ըստ ամենայնի հարգելի է, և ամուսնական անկողինը՝ սուրբ։ Եվ Աստված պիտի դատի շնացողներին և պոռնիկներին» (Եբր. 13:4):
Դ. Հրաժարվել լեզվի «հիվանդություններից»` ստախոսությունից, հայհոյանքից, շատախոսությունից և ամեն տեսակ լեզվական արատներից, որոնք դեմ են մարդկային արժանապատվությանը և պղծում են մարդուն, քանի որ «Ոչ թե` ինչ որ բերանով է մտնում, այն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից` այն է պղծում մարդուն» (Մատթ. 15:11):
Ե. Հրաժարվել գանգատներից, տրտունջներից, նախանձից, հպարտությունից (այսինքն պահքը չպետք է դառնա հպարտանալու և ամբարտավանանալու միջոց, որ տե´ս, ես պահք եմ պահում, իսկ նա չի պահում: Սրա մասին Պողոս առաքյալը գրում է. «Ով ուտում է, թող չարհամարհի նրան, որ չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ. 14:3)
Պետք է նենգություններից, դառն ու հուսահատ արտահայտություններից, որոնք մեռցնում են մեր հոգեկան կենսունակությունը և վնասակար մանրէի նման վարակում նաև մեր շրջապատը: Պետք է հրաժարվել վիճաբանություններից, կռվազանություններից, որոնք խանգարում են մեր և մեր շուրջ եղողների խաղաղությունը:
Զ. Հեռու վանել մեզանից եսասիրությունը և միշտ մեր եսասեր տրամադրությունները մասնավոր ճիգով զոհելով, առհասարակ մարդկանց հանդեպ լցված լինենք բարյացակամությամբ և բազմաթիվ այլ կերպերով արտահայտել մեր բարյացակամությունը յուրաքանչյուր մարդու հանդեպ` հաճախ զրկելով մեզ մեր փոքր առավելություններից և իրավունքներից:
Ի՞նչ է խրախուսվում անել պահքի ժամանակ
Այս ժխտական թելադրությունների կողքին կան նաև այնպիսի դրական հոգեվիճակներ, որոնք կարելի են իրագործել` կատարելով դրական և առաքինի գործեր: Հետևաբար Մեծ Պահքին և, ընդհանրապես, կան բաներ, որոնք յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա պետք է կատարի:
Ա. Առաջին հերթին և, ամենակարևորը, դա հարատև աղոթքն ու Սուրբ Գրքի ընթերցանությունն է (սրանց զուգահեռ պետք է նշել նաև զղջումն ու ապաշխարությունը), որոնք պահեցողությունից պետք է անբաժան լինեն, քանի որ ստեղծում են այն հիմնական պայմանները, որտեղ Աստծո բուժիչ և քավիչ զորությունն է գործում:
Բ. Պետք է ջանալ բարիք գործել, այսինքն` օգնել և օժանդակել օրինակ` համայնքային հաստատություններին, կրթական, կրոնական և այլ բարեսիրական նպատակների, օգնել նույնիսկ երբ մեզանից չեն խնդրում:
Գ. Կարեկցանք, խնամք` նյութական և հոգևոր օժանդակություն ցուցաբերել աղքատ ու հաշմանդամ մարդկանց և առհասարակ նրանց, ովքեր ունեն կարիքներ` թեթևացնելով նրանց դրամական պարտքերը, օգտակար լինել մեզ նմանների հազար ու մի կարիքները: Օրինակ` զրկելով մեր քիմքն ու քմահաճույքները` մենք մեզ հարկադրելով օրական որոշակի գումար մի կողմ դնել` այն ծառայեցնելով բարի նպատակների համար:
Դ. Նյութական օժանդակություններին զուգահեռ, եթե ի վիճակի չենք նյութական օգնություն ցույց տալու, կարող ենք ժամանակը տրամադրել ազնիվ նպատակներին և գործերին` այցելելով հիվանդներին և բանտարկյալներին, որբանոցներ և ծերանոցներ, սուգ ու ցավ ունեցողների` անկեղծ ու մարդկային զրույցով կիսելով նրանց հոգու ծանրությունը:
Ե. Պահքը պետք է առիթ տա սեփական «ես»-ի ինքնավերլուծման, ինքնաճանաչողության, քանի որ «պահքի սխրանքը մարդու ներսուզումն է այնպիսի հոգևոր մթնոլորտի մեջ, որը նրան օգնում է ձեռք բերել ինքնավերլուծության կարողություն և գնահատել սեփական հոգեվիճակը»:
Զ. Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորհների և հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»:
Վերջում պետք է մի բան հստակ իմանալ, որ պահեցողությունը (այստեղ պահեցողություն ասելով պետք է հասկանալ նաև վերոհիշյալ կետերի կատարումը) յուրաքանչյուրի համար անհատական խնդիր է, անհատական փրկության խնդիր: Ոչ ոք պահք չի պահում ուրիշի համար և սխալ են այն մարդիկ, ովքեր պարծենում են, թե պահք են պահում: Եվ եթե որևէ մեկը պահք է պահում, ապա իր համար է պահում և պահք պահելով ինքն իրեն է օգնում: Պահեցողությունն աննպատակ չպետք է լինի, այլ պետք է ունենա նպատակ և յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ «ոչ թե ես պահք եմ պահում, որովհետև մյուսներից ավելի սուրբ եմ, այլ պահք եմ պահում, որովհետև մյուսներից ավելի մեղավոր եմ և իբրև ավելի մեղավոր առաջնահերթ դա ի´նձ է անհրաժեշտ»:
«Պետք է հատկապես էլ ավելի զորացնենք պահքի սխրանքը` այն ավարտելով աղոթքի ջանասիրությամբ, կատարելով մեղքերի ընդհանրական և անկեղծ խոստովանություն, բարի գործեր, առատաձեռն ողորմություններ, ցուցաբերելով հանդարտություն, հեզություն և ամեն տեսակի առաքինություններ, որպեսզի նմանօրինակ բարի գործերով արժանանաք հասնելու Տիրոջ Հարությանը և բերկրելու Նրա առատաձեռնությամբ» (Սուրբ Հովհան Ոսկեբերանի հորդորական խոսքը Քառասնօրյա Սուրբ Պահքի վերաբերյալ):
հոդվածը պատրաստել է Միքայել սարկավագ Մարգարյանը
Աղբյուր՝ www.pahq.info