Աստվածաշնչի Կանոնական գրքերի մասին

 Աստվածաշնչի՝ եկեղեցու կողմից ընդունված և վավերացված գրքերի ցանկ՝ ի տարբերություն մերժված, անհարազատ, անկանոն կամ պարականոն գրքերի: Հին և Նոր կտակարանների կանոնական գրքեր կազմում են Աստվածաշնչի Կանոնը: Հինկտակարանային եբրայական կանոնի մեջ մտնող 22 գրքերի անվանացանկը բերված է Որոգինեսի Սաղմոսների մեկնության մեջ (218), Հին և Նոր կտակարանների կանոնական գրքեր բերված են նաև Աթանաս Ալեքսանդրացու 367-ի 39-րդ Զատկական նամակում, ուր առաջին անգամ Նոր կտակարանի 27 գրքերը ներկայացված են իբրև մի ամբողջություն:

 Աստվածաշնչի գրքերի մինչմեսրոպյան հայկական կանոնի մասին ստույգ քիչ բան է հայտնի: կանոնական գրքերի որոշ ցուցակներ Հայ եկեղեցուն ծանոթ են եղել նախքան գրերի գյուտը և Աստվածաշնչի թարգմանությունը, երբ Սուրբ Գիրքը Հայոց մեջ կարդացվել ու ընդօրինակվել է հունարեն և ասորերեն: Հայերեն թարգմանության Աստվածաշնչի կանոնական գրքերի առաջին ցանկը տվել է Կորյունն իր «Վարք Մաշտոցի» երկում:

 Նրանից հետո Հին և Նոր կտակարանների կանոնական գրքերի ցանկերի հանդիպում ենք տարբեր հեղինակների մոտ (Մովսես Խորենացի, Անանիա Շիրակացի, Հովհաննես Սարկավագ, Մխիթար Այրիվանեցի, Գրիգոր Որդի Աբասա, Գրիգոր Տաթևացի և ուր.):

 Հայ եկեղեցում առաջին պաշտոնական կանոնը սահմանել է 768-ի Պարտավի եկեղեցական ժողովը՝ Սիոն Ա Բավոնեցու ձեռամբ: Ժողովի 23-րդ որոշումը հիշատակում է Հին կտակարանի 37 գիրք իբրև կանոնական: Նոր կտակարանի գրքերը չեն հիշատակվում: Ըստ Մ. Օրմանյանի՝ մեզ է հասել Պարտավի ժողովի որոշման միայն պատառիկը, որը բավարար չէ ճիշտ պատկերացում կազմելու Հայոց մեջ այդ ժամանակ ընդունված կանոնական գրքերի մասին: Դարերի ընթացքում կանոնական գրքերի ցուցակը կրել է որոշ փոփոխություններ: Ներկայիս հայկական կանոնն ընդգրկում է 75 գիրք (Հին կտակարանի 48, Նոր կտակարանի 27 գիրք):

 Աստվածաշնչի Յոթանասնից հունարեն թարգմանության բնագիրը, բացի 39 կանոնական գրքերից, որոնք կազմում են եբրայական կանոնը, ընդգրկել է նաև, այսպես կոչված՝ երկրորդականոն գրքերը: Երկրորդականոն են այն գրքերը, որոնք թեև աստվածաշունչ չեն, սակայն որպես ոչ մերժելի, բարեպաշտական գրություններ հանձնարարելի են ընթերցման և հավատի շինության համար:

 Հայկական երկրորդականոն գրքերը թվով ինն են. Եզրասի Ա, Հուդիթ, Տոբիթ, Մակաբայեցիներ Ա, Բ, Գ, Իմաստություն Սողոմոնի, Սիրաք, Բարուք, ինչպես նաև Դանիելի և Եսթերի գրքերի այն մի քանի հատվածները, որոնք բացակայում են եբրայական բնագրում:

 Երկրորդականոն այս գրքերից տարբերելու համար Հին կտակարանի 39 աստվածաշունչ գրքերը կոչվում են նաև նախականոն: Դրանք են՝ Ծննդոց, Ելք, Ղևտական, Թվեր, Երկրորդ օրենք, Հեսու, Դատավորներ, Հռութ, Ա, Բ, Գ, Դ Թագավորություններ, Ա, Բ Մնացորդաց, Բ Եզրաս, Նեեմի, Եսթեր, Սաղմոս, Առակներ, Ժողովող, Երգ երգոց, Հոբ, Եսայի, Օսեե, Ամոս, Միքիա, Հովել, Աբդիու, Հովնան, Նավում, Ամբակում, Սոփոնիա, Անգե, Զաքարիա, Մաղաքիա, Երեմիա, Ողբ, Դանիել, Եզեկիել  (տես նաև Աստվածաշունչ մատյան կամ Սուրբ Գիրք):

Աղբյուր Ք.Հ. հանրագիտարան