ՅՈՒԴԻԹ 474

1
ՊԱՏԵՐԱԶՄ ՆԱԲՈՒՔՈԴՈՆՈՍՈՐԻ ԵՒ ԱՐՓԱՔՍԱԴԻ ՄԻՋԵՒ
1 Մեծ քաղաք Նինուէում ասորեստանցիների թագաւոր Նաբուքոդոնոսորի թագաւորութեան տասներկուերորդ տարում, մարերի վրայ եկբատանցիների երկրում թագաւորում էր Արփաքսադը: 2 Այդ ժամանակ նա այնտեղ քաղաք կառուցեց եւ եկբատանցիների շուրջը կոփածոյ քարերով պարիսպ դրեց, որի լայնութիւնը երեք կանգուն էր, երկարութիւնը՝ վեց կանգուն. նա պարսպի բարձրութիւնը եօթանասուն կանգուն արեց, իսկ լայնութիւնը՝ յիսուն կանգուն: 3 Քաղաքի դարպասների երկու կողմերում հիմքերով ամրացրեց աշտարակներ, որոնց երկարութիւնը հարիւր կանգուն էր, իսկ հիմքի լայնութիւնը՝ վաթսուն կանգուն: 4 Նա էլի դարպասներ դրեց, որպէսզի իր հրամանով իր հզօր զօրքերը, զօրավարներն ու հետեւակները դուրս ելնեն: Այդ դարպասների բարձրութիւնը եօթանասուն կանգուն էր, լայնութիւնը՝ քառասուն կանգուն:
5 Այն օրերին Նաբուքոդոնոսոր արքան պատերազմ սկսեց Արփաքսադ արքայի դէմ մի մեծ դաշտում, որ Ռագաւի սահմանի մէջ է: 6 Նրա մօտ հաւաքուեցին լեռնակողմի բնակիչները եւ բոլոր նրանք, ովքեր բնակւում էին Եփրատ, Տիգրիս եւ Հիւդասպ գետերի շրջակայքում եւ ելիմացիների Արիոք արքայի դաշտում: Եւ շատ ժողովուրդներ հաւաքուեցին Քիլոթի որդիների դէմ պատերազմ տալու համար:
7 Ասորեստանցիների Նաբուքոդոնոսոր արքան սուրհանդակներ ուղարկեց Պարսկաստանի բնակիչների եւ արեւմտեան կողմի բնակիչների մօտ, նաեւ՝ Կիլիկիայի, Դամասկոսի, Լիբանանի եւ բոլոր այն բնակիչների մօտ, որ բնակւում էին ծովեզերքի դէմյանդիման, նաեւ՝ նրանց մօտ, 8 որ կարմելացիների ազգից էին, Գաղաադից, Վերին Գալիլիայից, Եզրայէլի մեծ դաշտից 9 եւ բովանդակ Սամարիայից, նաեւ նրանց մօտ, որ Սամարիայի քաղաքներում էին եւ Յորդանան գետի միւս կողմը, մինչեւ Երուսաղէմ եւ Բետան, մինչեւ Քելուս եւ Կադէս, եգիպտացիների գետը, Տափնաս եւ Ռամեսսէ, 10 մինչեւ Գեսեմի ամբողջ երկիրը, մինչեւ Վերին Մեմփիս եւ Տանիս, նաեւ՝ Եգիպտոսի բոլոր բնակիչների մօտ, մինչեւ եթովպացիների սահմանը: 11 Երկրի բոլոր բնակիչները ապստամբելով արհամարհեցին ասորեստանցիների Նաբուքոդոնոսոր արքայի խօսքերը եւ չյօժարեցին նրա հետ պատերազմի գնալ, որովհետեւ չվախեցան նրանից, եւ նրա սուրհանդակները նրանց առջեւ արհամարհուեցին ու խիստ անարգուեցին: 12 Նաբուքոդոնոսորը սաստիկ բարկացաւ երկրի վրայ եւ այսպէս երդուեց իր թագաւորութեան ու իր աթոռի վրայ. «Ես վրէժ պիտի առնեմ, – ասում է, – կիլիկեցիների լեռներից, դամասկացիներից եւ ասորեստանցիներից ու իմ սրով պիտի ոչնչացնեմ Մովաբի բնակիչներին, ամոնացիներին, ամբողջ Հրէաստանը, բոլոր եգիպտացիներին մինչեւ երկու ծովերի սահմանները»:
13 Եւ տասնեօթներորդ տարում նա պատրաստուեց եւ իր բովանդակ զօրութեամբ յարձակուեց Արփաքսադ արքայի վրայ, ուժեղացաւ իր պատերազմի մէջ եւ վերցրեց Արփաքսադի ամբողջ ռազմական ուժը՝ նրա բոլոր երիվարները, բոլոր զէնքերը, նրա կառքերը, 14 տիրեց նրա քաղաքներին, հասաւ մինչեւ Եկբատան, գրաւեց նրա աշտարակները, քանդեց ու աւերեց նրա հրապարակները եւ նրա գեղեցկութիւնը նախատինք դարձրեց նրա համար: 15 Նաբուքոդոնոսորը բռնեց Արփաքսադին Ռագաւի սահմանի վրայ եւ իր սրով սպանեց նրան. 16 նա այնտեղից յետ դարձրեց իր զօրքերը նրա հետ եկած բազմաթիւ այլազգիների հետ միասին: Եւ այնտեղ ինքն ու իր զօրքը հարիւր քսան օր հանգստութեան եւ ուրախութեան մէջ էին:
2
ԱՐՇԱՒԱՆՔ ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ԴԷՄ
1 Տասնութերորդ տարում, առաջին ամսի տասներկուերորդ օրը Նաբուքոդոնոսորը իր զօրքերի հանդէսն արեց եւ նրանց հետ մտածում էր վրէժ առնել ամբողջ երկրից: 2 Նա կանչեց իր բոլոր մեծամեծներին եւ իր կուսակալներին ու նրանց յայտնեց իր մտադրութիւնները: 3 Նա իր բերանով, ի լուր զօրականների, յայտնեց այն բոլոր չարիքների մասին, որ պիտի բերի երկրի դէմ: 4 Նրանք, պատասխան տալով, ասացին. «Թագաւորին հակառակ ամէն մարդ կը սպանուի, նաեւ՝ նա, ով չի հնազանդուի նրա հրամաններին475»: 5 Եւ երբ ասորեստանցիների Նաբուքոդոնոսոր արքան կատարեց իր մտադրութիւնները, կանչեց իր բոլոր զօրքերի սպարապետ Հողոփեռնէսին եւ ասաց նրան. «Այսպէս է ասում մեծ արքան, այս ամբողջ երկրի տէրը. ահաւասիկ դու դուրս կ՚ելնես իմ մօտից եւ կ՚ընտրես ու կը վերցնես քեզ հետ նրանց, ովքեր վստահ են իրենց հզօրութեան վրայ. հարիւր քսան հազար հետեւակ եւ տասներկու հազար հեծեալների մեծաքանակ բազմութիւն: Դու կը գնաս արեւմտեան կողմը, որովհետեւ նրանք անտեսեցին իմ հրամանները: Նրանց կը պատուիրես, որ հող ու ջուր պատրաստեն476, եւ ես զայրոյթով նրանց վրայ կը դիմեմ, իմ զօրքերով ամբողջ երկրի երեսը կը ծածկեմ, ոտքի կոխան կը դարձնեմ այն, եւ նրանք կը մատնուեն կողոպուտի իմ բոլոր զօրքերի կողմից: Նրանց ձորերն ու կիրճերը կը լցուեն իրենց վիրաւորներով, գետերը կը յորդեն նրանց արիւնից, եւ ես երկրի բոլոր ծայրերից սկսած նրանց գերութեան կը տանեմ: Իսկ դու կ՚ելնես, ինձ համար կը տիրես եւ կը պաշարես նրանց սահմանները, յետոյ իրենք կը յանձնուեն քեզ, եւ դու նրանց կը պահես ինձ համար մինչեւ այն օրը, երբ ես կը դատապարտեմ ու կը կշտամբեմ նրանց: 6 Իմ աչքը չի խնայի նրանց, ովքեր անտեսեցին ինձ, երբ ես ասում էի, թէ՝ “Մահուան կը մատնեմ ձեզ եւ կողոպուտի՝ ձեր ամբողջ երկիրը”: Ահա կենդանի եմ ես իմ զօրութեամբ, ասացի եւ կ՚անեմ այն ամէնը, ինչ իմ կամքն է: Եւ դու ոչ մի բանով զանց մի՛ առ այն հրամանը, որ տուի քեզ, այլ՝ խստօրէն կատարի՛ր այն բոլորը, ինչ ասացի քեզ եւ մի՛ դանդաղիր անել այդ»:
7 Հողոփեռնէսը ելաւ իր տիրոջ մօտից, իր մօտ կանչեց Ասորեստանի բոլոր իշխաններին եւ զօրապետերին. պատերազմի համար նա նրանցից ընտրում եւ հաշւում էր այրեր ինչպէս իր տէրն էր հրամայել իրեն. հարիւր քսան հազար աղեղնաւոր, քսան հազար հեծելազօրայիններ: 8 Նա նրանց դասաւորեց ու պատրաստեց՝ ճակատելու համար պատերազմում: Նա վերցրեց մեծ քանակութեամբ ուղտեր եւ գրաստներ՝ կահկարասի բարձելու համար, նաեւ անթիւ ոչխարների հօտեր, արջառներ եւ այծերի երամակներ՝ զօրքը կերակրելու համար: 9 Ճանապարհի համար բոլորին պաշար տուեց, 10 նաեւ՝ թագաւորական տնից՝ մեծաքանակ ոսկի եւ արծաթ: 11 Ինքն ու իր ամբողջ զօրքը պատերազմի ելան, որպէսզի նախապատրաստեն թագաւորին՝ դուրս գալու եւ երկրի արեւմտակողմի ամբողջ երեսը ծածկելու մարտակառքերով, երիվարներով եւ ընտիր հետեւակով: Նրանք, ովքեր խառնուել էին նրա զօրքերին, նման էին մորեխի պարսի եւ երկրի աւազի, որովհետեւ թիւ չկար նրանց բազմութեանը: 12 Նրանք գնացին Նինուէ քաղաքից, երեք օրուայ ճանապարհ անցնելով հասան Բեկեղիթի դաշտը եւ բանակ դրեցին Վերին Կիլիկիայի ձախակողմում գտնուող լերան մօտ: Հողոփեռնէսը վերցնելով իր բովանդակ զօրքը, հեծեալները, հետեւակը, զէնքերն ու կառքերը՝ գնաց դէպի լեռնակողմը: 13 Նա գրաւեց Փուդն ու Լուդը, ոչնչացրեց եւ աւարի մատնեց Ռամասի եւ Իսմայէլի ցեղերին, որոնք բնակւում էին անապատում, Քիլոնի հարաւակողմում: 14 Անցաւ Եփրատ գետը, անցաւ միջագետքով եւ կործանեց Աբրոնի ձորից մինչեւ ծովի սահմանը գտնուող բարձրադիր քաղաքները: 15 Հասնելով եւ գրաւելով Կիլիկիայի սահմանները՝ նա կոտորեց բոլոր իրեն դիմադրողներին: Եկաւ մինչեւ Յափեթի հարաւակողմի սահմանը, որ Արաբիայի դիմաց է: 16 Շրջափակեց Մադիամի բոլոր որդիներին եւ հրոյ ճարակ դարձրեց նրանց բնակարաններն եւ վրանները, աւերեց, քանդեց նրանց հօտերի բոլոր գոմերը: 17 Նա ցորենի հնձի օրերին իջաւ Դամասկոսի դաշտը եւ հրոյ ճարակ դարձրեց նրանց հանդերն ու ագարակները, ոչնչացրեց նրանց հօտերն ու նախիրները, աւարի մատնեց նրանց քաղաքները, կոտորեց նրանց մանուկներին եւ սրի բերան անցկացնելով՝ հարուածեց, սպանեց նրանց երիտասարդներին: 18 Եւ ահ ու երկիւղ ընկաւ Տիւրոսի եւ Սիդոնի ծովեզերքի բնակիչների մէջ, նաեւ Սուրի եւ Իւկինի բնակիչների մէջ, նաեւ Յեմնանի բոլոր բնակիչների մէջ: Իսկ նրանք, ովքեր բնակւում էին Ազոտոսում եւ Ասկաղոնում, խիստ վախեցան նրանից:
3
ՀՈՂՈՓԵՌՆԷՍԸ ՄՕՏԵՆՈՒՄ Է ՀՐԷԱՍՏԱՆԻ ԴՌՆԵՐԻՆ
1 Հողոփեռնէսի մօտ ուղարկեցին պատգամաւորներ՝ խաղաղութեան խօսք ասելու համար: Նրանք ասացին. 2 «Ահաւասիկ մենք Նաբուքոդոնոսորի ծառաներն ենք եւ կանգնել ենք քո առջեւ. վարուի՛ր մեզ հետ ինչպէս հաճելի կը թուայ քեզ, 3 որովհետեւ ահա մեր տներն ու ցորենի բոլոր դաշտերը, հօտերն ու նախիրները, մեր ոչխարների բոլոր գոմերը քո աչքի առաջ են. վարուի՛ր այնպէս, ինչպէս բարի կը թուայ քեզ, որովհետեւ ահա մեր քաղաքները եւ մենք՝ նրանց բնակիչները, քո ծառաներն ենք: Արի՛ մեր մէջ եւ վարուի՛ր ինչպէս բարի կը թուայ քեզ»:
6 Պատգամաւորները եկան Հողոփեռնէսի մօտ եւ նրան ասացին այս խօսքերը: 7 Հողոփեռնէսն ու իր զօրքը իջան ծովեզերք. նա նրա բարձրադիր քաղաքներում պահապաններ դրեց: Այդ քաղաքներից իր համար նա վերցրեց զինակից ընտիր մարդիկ: 9 Այդ քաղաքները նրան դիմաւորեցին երգերով, 10 պսակներով, ծնծղաներով եւ թմբուկներով: 11 Հողոփեռնէսը քարուքանդ արեց նրանց սահմանները եւ հատեց նրանց բոլոր անտառները: 12 Նրան հրաման էր տրուած խորտակել այդ երկրի աստուածներին, 13 որպէսզի բոլոր ազգերն ու ժողովուրդները միայն Նաբուքոդոնոսորին պաշտեն եւ նրան աստուած անուանեն: 14 Նա եկաւ Եզրայելոմի հանդիպակաց կողմը, որ մօտիկ էր բնակիչներին477 եւ դէմյանդիման Հրէաստանի մեծ սարին: 15 Նա բանակ դրեց Գայի ու Բիշանի միջեւ եւ այնտեղ մի ամիս մնաց՝ իր զօրքի համար զինամթերք եւ պաշար հաւաքելու:
4
ԴԻՄԱԴՐՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ
1 Երբ իսրայէլացիները եւ Հրէաստանի բնակիչները լսեցին այն ամենի մասին, ինչ արեց ասորեստանցիների արքայի զօրապետ Հողոփեռնէսը ազգերին եւ հեթանոսներին, թէ ինչպէս քանդեց եւ պղծեց նրանց բոլոր մեհեանները, 2 խիստ վախեցան նրանից եւ տագնապեցին Երուսաղէմի ու իրենց Աստծու Տան համար, որովհետեւ այդ ժամանակ նոր էին վերադարձել իրենց գերութիւնից, դեռ նոր էին հաւաքուել Հրէաստանում եւ իրենց Տէր Աստծու սեղանը, սպասքը եւ Տունը նոր էին սրբել պղծութիւնից: 3 Նրանք մարդիկ ուղարկեցին Սամարիայի, Կոնոբեթորոնի478, Բելմայի, Երիքովի, Քոքի, Սոմայի բոլոր սահմանները եւ Սաղէմի հովիտները: 4 Նրանք հասան եւ գրաւեցին բոլոր բարձր լեռների գագաթները, պարսպեցին նրանց մէջ գտնուող գիւղերը եւ պատերազմելու համար պաշար հաւաքեցին, որովհետեւ այն ժամանակ նոր էին հնձուել նրանց դաշտերը: 5 Մեծ քահանայ Յովակիմը, որ այն օրերին Երուսաղէմում էր, գրեց Բետիլուի եւ Եզրոմի, Դոթայիմին մօտիկ դաշտի հանդիպակաց կողմում գտնուող Բեթոմեսթի բնակիչներին եւ ասաց. 6 «Ելէք գրաւեցէ՛ք լեռնանցքի կողմը» (որովհետեւ այնտեղ էր գտնւում մուտքը դէպի Հրէաստան, եւ իրենց համար հեշտ կը լինէր խոչընդոտել նրանց, քանզի կիրճերի անցումներն այնքան նեղ էին, որ երկու մարդ կարող էին պահել): 7 Իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս հրամայել էին մեծ քահանայ Յովակիմը եւ Երուսաղէմում նստող Իսրայէլի ժողովրդի ծերակոյտը: 8 Իսրայէլի բոլոր տղամարդիկ իրենց ամբողջ սրտով կանչեցին Տիրոջը եւ իրենք ու իրենց կանայք խոնարհեցրին իրենց անձերը: 9 Բոլոր պանդուխտներն ու վարձկանները իրենց անասուններով հաւաքուեցին մի տեղ, եւ արծաթով գնուած նրանց ծառաները քուրձ գցեցին իրենց մէջքին: 10 Երուսաղէմում բնակուող Իսրայէլի բոլոր տղամարդիկ իրենց կանանցով եւ երեխաներով Տիրոջ տաճարի առջեւ ծնկի իջած աղաչում էին նրան, մոխիր էին ցանում իրենց գլխին, Տիրոջ առջեւ հանում էին իրենց քրձերը, սրբութեան սեղանը ծածկում քրձով եւ միասին ամբողջ սրտով կանչում էին Իսրայէլի Աստծուն, որպէսզի իրենց որդիներին չմատնի յափշտակութեան, իրենց կանանց՝ աւարի եւ իրենց ժառանգութիւն մնացած քաղաքները՝ ոչնչացման, սրբութիւնը չմատնի պղծութեան եւ իրենց՝ հեթանոսների նախատինքին ու ծաղրին: Տէրը լսեց նրանց ձայնը եւ տեսաւ նրանց նեղութիւնները: Ամբողջ Հրէաստանի ու Երուսաղէմի ժողովուրդը շատ օրեր պահեցողութեան մէջ էր Ամենակալ Տիրոջ սրբութիւնների առջեւ: 16 Մեծ քահանայ Յովակիմը եւ Տիրոջ առջեւ կանգնած բոլոր քահանաներն ու Տիրոջ պաշտօնեաները քուրձ էին հագել, մշտապէս զոհեր էին մատուցում, աղօթում եւ նուիրում ժողովրդի կամաւոր ընծաները: 17 Նրանց գլխանոցների վրայ մոխիր կար: Նրանք իրենց ամբողջ սրտով կանչում էին Տիրոջը՝ օգնութեան գալու եւ բարիք անելու Իսրայէլի տանը:
5
ՀՈՂՈՓԵՌՆԷՍԸ ԺՈՂՈՎ Է ԳՈՒՄԱՐՈՒՄ
1 Ասորեստանի զօրքերի զօրապետ Հողոփեռնէսին պատմեցին, թէ իսրայէլացիները պատերազմի են նախապատրաստւում, փակել են լեռնանցքները, պարսպապատել բարձր լեռների գագաթները, ծածուկ որոգայթներ լարել դաշտերում: 2 Հողոփեռնէսը խիստ զայրացաւ, կանչեց Մովաբի բոլոր իշխաններին, Ամոնի զօրապետներին, ծովեզերքի բոլոր նախարարներին եւ ասաց նրանց. 3 «Դուք, ո՛վ քանանացիներ, յայտնեցէ՛ք ինձ, ո՞վ է այդ ժողովուրդը, որ բնակւում է լեռնակողմում, ի՞նչ քաղաքներ են, ուր բնակւում են նրանք, կամ ինչքա՞ն է նրանց զօրքերի բազմութիւնը, ի՞նչ է նրանց ուժը կամ զօրութիւնը, կամ ո՞վ է նրանց թագաւորը եւ նրանց զօրքերի առաջնորդը, 4 եւ ինչո՞ւ նրանք փոխեցին իրենց միտքը, որպէսզի ինձ չդիմաւորեն, այլ գոռոզացան Արեւմուտքի բոլոր բնակիչներից աւելի»:
5 Եւ ահա բոլոր ամոնացիների առաջնորդ Աքիորը ասաց նրանց. «Թող տէրը լսի իր ծառայի խօսքերը. ես քեզ կը պատմեմ ճշմարտութիւնն այդ ժողովրդի մասին, որ բնակւում է այդ լեռնակողմում եւ մօտիկ է քեզ. ոչ մի սուտ խօսք դուրս չի գայ քո ծառայի բերանից: 6 Այս ժողովուրդը քաղդէացիների ազգից է 7 եւ առաջինը պանդխտեց Միջագետքից, որովհետեւ քաղդէացիների երկրում չկամեցաւ պաշտել իր հայրերի աստուածներին. նրանք դուրս եկան իրենց հայրենի երկրից 8 եւ երկրպագեցին երկնքի Աստծուն, որին ճանաչում էին իբրեւ ճշմարիտ Աստծու: Նրանք դուրս գալով՝ գնացին Միջագետք եւ այնտեղ պանդխտեցին բազում օրեր: Իրենց Աստուածն ասաց նրանց, որ դուրս գան պանդխտութիւնից եւ հաստատուեն Քանանի երկրում: Նրանք բնակուեցին այնտեղ, հարստացան ոսկով, արծաթով եւ բազում անասուններով: 9 Նրանք իջան Եգիպտոս, որովհետեւ քանանացիների երկրում սով եղաւ: Այնտեղ պանդխտեցին այնքան ժամանակ, քանի դեռ կարող էին սնուել, այնտեղ խիստ բազմացան, եւ թիւ չկար նրանց ազգին: 10 Նրանց վրայ յարձակուեց եգիպտացիների արքան, նրանց գցեց ծառայութեան տակ՝ չարչարելով եւ հարկադրելով նրանց աղիւսներ պատրաստել: 11 Նրանք կանչեցին իրենց Աստծուն, եւ Աստուած հարուածեց Եգիպտացիների երկիրը անբուժելի աղէտներով: Եգիպտացիները նրանց հալածեցին իրենց երկրից: 12 Աստուած ցամաքեցրեց Կարմիր ծովը նրանց առջեւ 13 եւ նրանց բերեց դէպի Սինայի ճանապարհը, դէպի Կադէս-Բառնա. սրանք անապատի բոլոր բնակիչներին տեղահանեցին, 14 բնակեցրին ամորհացիների երկրում եւ իրենց զօրութեամբ կոտորեցին բոլոր եսեբոնացիներին: Անցան Յորդանան գետը ու ժառանգեցին ամբողջ երկիրը, 20 իրենցից քշեցին հեռացրին քանանացիներին, փերեզացիներին, յեբուսացիներին, սիւքեմացիներին, բոլոր գերգեսացիներին եւ երկար օրեր բնակուեցին այդ երկրում: 21 Քանի դեռ նրանք իրենց Աստծու առջեւ չէին մեղանչել, նրանց հետ էր բարիքը, որովհետեւ Աստուած, որ ատում է անիրաւութիւնը, նրանց հետ էր: 22 Եւ երբ իրենք հեռացան Աստծու պատուիրած ճանապարհից, կոտորուեցին բազմաթիւ պատերազմների մէջ եւ գերուեցին օտար երկիր, որ իրենցը չէր: Իրենց Աստծու տաճարը կործանուեց ու իրենց քաղաքները մատնուեցին իրենց թշնամիների ձեռքը: 23 Այժմ նրանք դարձի են եկել դէպի իրենց Տէր Աստուածը: Հաւաքուեցին այն վայրերից, ուր ցրուած էին իրենց գերութեան մէջ, գրաւեցին Երուսաղէմը, որտեղ սրբարանն էր գտնւում. նրանք ապրեցին լեռնակողմում, որովհետեւ այն անբնակ էր: 24 Եւ արդ, տէ՛ր, եթէ այժմ նրանց ժողովրդի մէջ մոլորութիւն կայ, եւ նրանք մեղանչում են իրենց Աստծու դէմ, ակնկալելով սպասենք դրան, որովհետեւ սա գայթակղութիւն է նրանց համար. մենք յետոյ կը յարձակուենք նրանց վրայ եւ պատերազմ կը տանք նրանց դէմ: 25 Իսկ եթէ որեւէ անիրաւութիւն չունեն իրենց Աստծու հանդէպ՝ զանց առնենք նրանց, տէ՛ր, թերեւս իրենց Տէր Աստուածը պաշտպանի նրանց, եւ մենք ամօթով նախատինք կը կրենք ամբողջ երկրի առջեւ»:
26 Երբ Աքիորը դադարեց այս բաները խօսելուց, ամբողջ բանակը, որ վրանի շուրջն էր, տրտնջաց: 27 Եւ իշխանները, ծովեզերքի բնակիչները, մովաբացիները Հողոփեռնէսին ասացին, որ պատժի Աքիորին: «Մենք, – ասացին նրանք, – չենք վախենում իսրայէլացիներից, մի ժողովուրդ, որ պատերազմի ոչ մի կարողութիւն չունի: 28 Արդ, տէ՛ր Հողոփեռնէս, մենք կ՚ելնենք նրանց դէմ, եւ նրանք քո բոլոր զօրքերին կերակուր կը դառնան»:
6
1 Երբ դադարեց նրանց աղմուկը, ովքեր իրենց վրանի շուրջն էին, Ասորեստանի զօրքերի զօրապետ Հողոփեռնէսը բոլոր այլազգիների479 զօրքերի առջեւ Աքիորին ասաց. «Ո՞վ ես դու, Աքիո՛ր, որ մովաբացիների եւ Եփրեմի երկրի վարձկանների, բոլոր այլազգի ժողովուրդների հետ դէմ կանգնեցիր ինձ, 2 մարգարէացար մեզ համար, ինչպէս այսօր, եւ ասում ես, թէ պատերազմ մի՛ տուէք իսրայէլացիների դէմ, որովհետեւ նրանց Աստուածը պաշտպանում է նրանց: Նաբուքոդոնոսորից բացի էլ ի՞նչ Աստուած կայ. նա կ՚ուղարկի իր զօրութիւնը եւ երկրի երեսից կը ջնջի նրանց, եւ նրանց Աստուածը չի փրկի նրանց: 3 Բայց մենք՝ նրա ծառաներս, կը վանենք480 նրանց իբրեւ մէկ մարդ, եւ նրանք չեն կարող կանգնել մեր հեծելազօրի, մեր երիվարների դէմ. դրանցով կը ջնջենք նրանց, նրանց լեռները կը յագեցնենք իրենց արիւնով, նրանց դաշտերը կը լցուեն իրենց դիակներով, եւ այլեւս նրանք չեն կարող մեր դէմ կանգնել, այլ՝ իսպառ կը կորչեն, 4 ինչպէս ասում է բովանդակ երկրի տէր Նաբուքոդոնոսոր արքան. եւ քանի որ նա այսպէս է ասել, իզուր չեն լինի նրա բերանի խօսքերը: 5 Բայց դու, Ամոնի վարձկա՛ն Աքիոր, որ յանիրաւի խօսեցիր այս բաները, այլեւս չես տեսնի իմ երեսն այսօրուանից, մինչեւ չլուծեմ իմ վրէժն այդ ազգից, որ դուրս է եկել Եգիպտոսից. եւ այն ժամանակ իմ զօրքերի սուրը կը խրուի քո կողը, 6 եւ երբ ես վերադառնամ, դու կը կործանուես բազում վիրաւորների հետ: Բայց այժմ իմ ծառաները թող քեզ տանեն լեռների կողմը եւ քեզ պահեն մի քաղաքում, որ ճանապարհների վրայ է, եւ չես կորչի մինչեւ չսպանուես նրանց հետ միասին: Եւ եթէ քո սրտում յոյս ունես, թէ նրանք մահուան չեն մատնուի, այդ բանին վստահ մի՛ եղիր, որովհետեւ ես խօսեցի, եւ իմ խօսքերից ոչ մէկը իզուր չի անցնի»:
7 Հողոփեռնէսը հրամայեց իր ծառաներին, որ նրա առջեւ էին, բռնել ու կապել Աքիորին, նրան տանել Բետիղուա եւ նրան մատնել իսրայէլացիների ձեռքը: 8 Եւ նրա ծառաները բռնեցին նրան, դուրս տարան բանակից այնտեղի դաշտը, նրանք գնացին այդ դաշտից ու եկան լեռնակողմի աղբիւրների մօտ, Բետիղուայի ստորին մասը, որ Սամարիան է: Երբ քաղաքի տղամարդիկ նրանց տեսան լերան գագաթին, վերցրին իրենց զէնքերը եւ լերան գլխին յարձակուեցին նրանց վրայ: Բոլոր պարսատիկաւոր տղամարդիկ փակեցին նրանց ելքի ճանապարհը եւ քարկոծեցին նրանց: 9 Սրանք անցան լեռնալանջով, կապեցին Աքիորին, նրան գցեցին լերան ստորոտին ու վերադարձան իրենց տիրոջ մօտ: 10 Իսրայէլացիներն իջան քաղաքից, հասան նրան, արձակեցին կապանքները, տարան Բետիղուա եւ կանգնեցրին իրենց քաղաքի իշխանների առջեւ: 11 Այդ օրերին իշխաններն էին Միքիայի որդի Օզիան՝ Շմաւոնի տոհմից, եւ Մելքիէլի որդի Քարմին: 12 Քաղաքի բոլոր ծերերին, երիտասարդներին ու կանանց հաւաքեցին ժողովարանում եւ Աքիորին կանչեցին ամբողջ ժողովրդի առաջ. Օզիան հարցրեց նրան. «Ինչո՞ւ այդ բանը պատահեց քեզ հետ»: Նա պատասխան տուեց ու պատմեց Հողոփեռնէսի ժողովում ասուած խօսքերը եւ բոլոր այն խօսքերը, որ ինքն էր ասել ասորեստանցիների իշխանների առջեւ, 13 նաեւ այն խօսքերը, որ Հողոփեռնէսը յոխորտալով ասել էր Իսրայէլի տան մասին: 14 Երկրի ամբողջ ժողովուրդը ծնկի գալով երկրպագում էր Աստծուն, աղաղակում եւ ասում. 15 «Երկնքի Տէ՛ր Աստուած, տե՛ս նրանց ամբարտաւանութիւնը, ողորմի՛ր մեր ազգի խոնարհութեան համար եւ այս օրերին նայի՛ր մեզ՝ քո սրբութեանը, Տէ՛ր»: 16 Նրանք աղաչեցին, մխիթարեցին Աքիորին եւ շատ գովեցին նրան: 19 Օզիան նրան վերցրեց ժողովարանից եւ տարաւ իր տուն, 20 խրախճանք արեց ծերերի ու քահանաների հետ, եւ այդ ամբողջ գիշեր նրանք օգնութեան կանչեցին Իսրայէլի Տէր Աստծուն:
7
ՀՈՂՈՓԵՌՆԷՍԸ ՊԱՇԱՐՈՒՄ Է ԲԵՏԻՂՈՒԱՆ
1 Յաջորդ օրը Հողոփեռնէսը պատուիրեց իր զօրքերին եւ հաւաքուածներին, որ եկել էին նրան օգնելու, արշաւել Բետիղուայի վրայ, գրաւել լեռնակողմի ելքը եւ հասնել ու պատերազմել իսրայէլացիների դէմ: 2 Այն օրը բոլոր տղամարդիկ, որ պատերազմ էին գնալու, կազմ ու պատրաստ էին: Ամբողջ հետեւակ զօրքը հարիւր եօթանասուն հազար էր, իսկ զինավառուած հեծելազօրը՝ տասներկու հազար, չհաշուած ամբողջ ժողովուրդը եւ մեծաթիւ հանդերձանքը: 3 Նրանք բանակ դրեցին հովտում, որ մօտիկ էր Բետիղուայի աղբիւրին, եւ լայնութեամբ տարածուեցին դէպի հարաւային կողմը՝ մինչեւ Դոթայիմ, մինչեւ Բելբեմ, իսկ երկարութեամբ Բետիղուայից մինչեւ Կիամ, որ հանդիպակաց է Եզրայէլոմին, այսինքն՝ Յեզրայէլին: 4 Երբ իսրայէլացիները տեսան այդ անչափ բազմութիւնը, խիստ տագնապեցին, եւ ամէն մարդ ասում էր իր ընկերոջը. «Հիմա սրանք կը ճարակեն ու կը լիզեն երկրի ամբողջ երեսը. էլ ո՛չ լեռների բարձունքները, ո՛չ ձորերն ու բլուրները չեն կարող դէմ կանգնել նրանց զօրութեանը»: 5 Եւ իսրայէլացիներից իւրաքանչիւր տղամարդ վերցրեց իր զէնքը, ջահեր վառեցին քաղաքի աշտարակների վրայ եւ ամբողջ գիշեր պահպանում էին այն: 6 Երկրորդ օրը Հողոփեռնէսը ամբողջ հեծելազօրը հանեց իսրայէլացիների դէմ, որոնք Բետիղուայում էին, 7 հասաւ նրանց քաղաքի ելքին, իմացաւ ջրի աղբիւրների տեղերը, շտապեց պաշարել դրանք, դրեց պատերազմող այրերի բանակների հսկողութեան տակ եւ ինքը վերադարձաւ իր բանակը: 8 Այն ժամանակ բոլոր ամոնացիները, ամբողջ ժողովուրդը, մովաբացիների առաջնորդները եւ ծովեզերքի բնակիչների զօրավարները եկան նրա մօտ եւ ասացին. 9 «Թող մեր տէրը լսի իր ծառաների խօսքը, որպէսզի քո զօրքերի վրայ հարուածներ չտեղան, որովհետեւ իսրայէլացիները չեն վստահում ո՛չ իրենց նիզակներին եւ ո՛չ զէնքերին, այլ ապաւինում են իրենց բարձր լեռներին, ուր բնակւում են իրենք: Նոյնիսկ անհնարին է նրանց հասնել: Եւ արդ, տէ՛ր, դու նրանց դէմ պատերազմ մի՛ տուր սովորական պատերազմի պէս, եւ քո զօրքերից ոչ մի տղամարդ չի ընկնի: Դու հանգիստ մնա՛ քո բանակում եւ կը փրկես քո զօրքերը, բայց քո ծառաները թող գրաւեն ջրերի աղբիւրները, որ դուրս են գալիս լերան ստորոտից, որովհետեւ քաղաքի բոլոր բնակիչները այդտեղից են խմում. նրանք կը կոտորուեն ծարաւից, իսկ յետոյ իրենք իսկ քո ձեռքը կը յանձնեն քաղաքը: Մենք մեր բոլոր զօրավարներով կը բարձրանանք լեռների մօտիկ բարձունքները եւ մի մարդու նման կը տեղաւորուենք դրանց վրայ481: Նրանք սովից ու ծարաւից կը մեռնեն. նախքան սուրը նրանց վրայ գալը իրենք, իրենց կանայք եւ իրենց որդիները դիտապաստ կ՚ընկնեն իրենց քաղաքի հրապարակներում, եւ դու կը հատուցես նրանց ի պատասխան նրանց չարութեան, որ փոխանակ անսալու, կռուի մէջ մնացին եւ խաղաղութեամբ չհնազանդուեցին քեզ»:
10 Այս խորհուրդը հաճելի թուաց Հողոփեռնէսին նրա բոլոր ծառաներին, եւ նա հրամայեց անել այնպէս, ինչպէս ասել էին: Ամոնացիների բանակը եւ նրանց հետ հինգ հազար էլ ասորեստանցիներից գնացին եւ բանակ դրեցին ձորահովտում եւ հասնելով՝ գրաւեցին իսրայէլացիների ջրի աղբիւրները: Եդոմացիները եւ ամոնացիները դուրս եկան եւ բանակ դրեցին Դոթայիմի հանդիպակաց լեռնակողմում: Նրանց մի մասին ուղարկեցին հարաւակողմը եւ դէպի հիւսիս՝ Եգրեբիլի հանդիպակաց կողմը, որ մօտիկ է Քուշին, որն էլ Քումուրի ձորի եզրին է: Իսկ Ասորեստանի միւս զօրքերը բանակ դրեցին դաշտում եւ ծածկեցին ամբողջ երկրի երեսը: Մնացեալ ժողովուրդը հանդերձանքով ու վրաններով տեղաւորուեց մեծ տարածութեան վրայ: Իսրայէլացիները կանչեցին իրենց Տէր Աստծուն, որովհետեւ ահից սարսափած մարել էին նրանց հոգիները, քանի որ թշնամին պատել պաշարել էր նրանց, եւ ոչ մի հնար չկար դուրս գալու նրանց միջից: Ասորեստանցիների զօրքերը ռազմակառքերով, իրենց երիվարներով ելան պաշարեցին նրանց երեսունչորս օր:
ՊԱՇԱՐՈՒԱԾՆԵՐԻ ՅՈՒՍԱԼՔՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՕԶԻԱՅԻ ՔԱՋԱԼԵՐՈՒԹԻՒՆԸ
11 Բետիղուայի բոլոր բնակիչները յուսահատուեցին ու թուլացան, եւ ջուրը սպառուեց նրանց բոլոր ամաններում, ջրհորների ջուրը վերջացաւ, մէկ օրուայ խմելու ջուր իսկ չմնաց, եւ ինչ խմում էին՝ չափով եւ կշռով էին խմում: 12 Նրանց կանայք եւ մանուկները վախի ու տարակոյսի մէջ էին, նրանց երիտասարդները թուլացել էին ծարաւից ու գլորուել քաղաքի հրապարակներում, դռների շեմին, եւ ոչ մի տեղից մխիթարութիւն չկար նրանց համար: Ամբողջ ժողովուրդը հաւաքուեց Օզիայի եւ քաղաքի իշխանների շուրջը. երիտասարդները, կանայք եւ մանուկները բարձր ձայնով լացեցին եւ ժողովրդի բոլոր ծերերի առջեւ ասացին. 13 «Թող Աստուած մեր եւ ձեր մէջ դատ անի, որովհետեւ դուք մեր հանդէպ անիրաւ գործ արեցիք՝ ասորեստանցիներին չարեցիք խաղաղութեան առաջարկ: 14 Եւ արդ, ոչ ոք չկայ, որ օգնի մեզ, այլ Աստուած մեզ նրանց ձեռքը մատնեց, որպէսզի դիտապաստ ընկնենք նրանց առջեւ եւ կորստի մատնուենք ծարաւից: 15 Այժմ դուք նրանց աղաչեցէ՛ք եւ, որպէս աւար, ամբողջ քաղաքը նրանց տուէ՛ք. 16 աւելի լաւ է մեզ համար մատնուել գերութեան եւ ծառայութեան, բայց ողջ մնալ, քանզի չենք կարող մեր աչքերով տեսնել մեր տղաների եւ կանանց մահը, քանի որ թուլացել, տկարացել են նրանց հոգիները: 17 Արդ, երկնքի ու երկրի առջեւ վկայում ենք ձեզ, մեր հայրերի Աստծուն, որ վրէժխնդիր է մեզանից մեր եւ մեր հայրերի մեղքերի համար, որպէսզի մեր օրերին նա չանի ըստ իր խօսքերի»: 18 Եւ ժողովի ժամանակ բոլորը միասին լացեցին, մեծ ողբ արեցին եւ բարձր ձայնով կանչեցին Տէր Աստծուն: 23 Օզիան նրանց ասաց. «Քաջալերուեցէ՛ք, եղբայրնե՛ր, համբերեցէ՛ք եւս հինգ օր, եւ այդ օրը Տէրը կ՚առաքի իր ողորմութիւնը մեզ վրայ, 24 որովհետեւ նա մեզ իսպառ չի լքի: 25 Բայց երբ այս օրերն անցնեն ու մեզ օգնութիւն չգայ, ես կ՚անեմ ձեր խօսքերի համաձայն»: Նա ժողովրդին արձակեց իրենց տները. նրանք գնացին դէպի քաղաքի աշտարակները եւ պարիսպները՝ թշնամիներից զգուշանալու համար: Բոլորն էլ վարանումի եւ մեծ տարակուսանքի մէջ էին:
8
ՅՈՒԴԻԹԻ ՁԵՌՆԱՐԿԱԾ ԳՈՐԾԸ
1 Այն օրը այս բոլորը լսեց Յուդիթը, որ դուստրն էր Մերարիի, եւ սա՝ որդին Ոքոզիայի, եւ սա՝ որդին Յովսէփի, եւ սա՝ որդին Օզիէլի, եւ սա՝ որդին Ելկիի, եւ սա՝ որդին Ելիէսի, եւ սա՝ որդին Քելկիի, եւ սա՝ որդին Եղիաբի, եւ սա՝ որդին Նաթանայէլի, եւ սա՝ որդին Սամամիէլի, եւ սա՝ որդին Սարասադդի, եւ սա՝ որդին Իսրայէլի: 2 Յուդիթի ամուսինը՝ Մանասէն, նրա սերնդից եւ տոհմից էր: Նրա ամուսինը մեռաւ գարու հնձի ժամանակ, 3 երբ դաշտում իր հնձողների մօտ էր. խորշակը եկաւ եւ հարուածեց նրա գլխին, որից էլ մեռաւ իր քաղաքում՝ Բետիղուայում, եւ թաղուեց իր հայրերի մօտ, ագարակում, որ մօտիկ էր Դոթայիմին եւ Բալսոնին: 4 Յուդիթը երեք տարի չորս ամիս այրի նստած էր իր տանը: 5 Նա տաղաւար պատրաստեց իր տան տանիքի վրայ, իր մէջքին քուրձ գցեց եւ այրիութեան զգեստ առաւ իր վրայ: 6 Նա իր այրիութեան բոլոր օրերում ծոմ էր պահում, բացի շաբաթ օրից, ամսամուտից, տարեկան տօներից եւ Իսրայէլի տան ուրախութեան օրերից: 7 Նա տեսքով շատ գեղեցիկ էր: Նրա ամուսինը՝ Մանասէն, նրան թողել էր ոսկի, արծաթ, ծառաներ, աղախիններ, արտեր, ագարակներ եւ անասուններ: Յուդիթն ինքն էր խնամում ամէն ինչ: 8 Ոչ ոք չար բան չէր խօսում նրա մասին, որովհետեւ նա խիստ երկիւղ ունէր Աստծու հանդէպ: 9 Յուդիթը լսեց իշխանի մասին ժողովրդի ասած անիրաւացի խօսքը, քանի որ նրանք թուլացել էին ծարաւից. լսեց նաեւ Օզիայի խօսքերը, որ նա ասել էր ժողովրդին, ինչպէս երդուել էր, թէ հինգ օրից ասորեստանցիների ձեռքը կը յանձնի քաղաքը: Նա Օզիայի մօտ ուղարկեց իր այն նաժիշտին, որ պատասխանատուն էր նրա ամբողջ ունեցուածքի: Սա կանչեց Օզիային, Քաբրիին, Քարմիին եւ քաղաքի բոլոր ծերերին: 10 Նրանք եկան Յուդիթի մօտ: Յուդիթն ասաց նրանց. «Լսեցէ՛ք ինձ, Բետիղուայի բնակիչնե՛ր, որովհետեւ ճիշտ չեն ձեր խօսքերը, որ այսօր ասացիք ժողովրդի առջեւ ու երդումով հաստատեցիք այն, ինչ խօսեցիք Աստծու եւ ձեր միջեւ. ասացիք, որ քաղաքը կը մատնէք մեր թշնամիների ձեռքը, եթէ Տէրը չուղարկի իր օգնութիւնը մեզ: 11 Արդ, դուք, որ այս օրերին փորձում էք Աստծուն եւ ձեզ Աստծու տեղ էք դնում մարդկանց որդիների մէջ, 12 ահա այժմ չէք հարցնում Ամենակալ Տիրոջը եւ ոչինչ չէք իմանում: 13 Եւ եթէ մարդու սրտի խորքն անիմանալի է, ու եթէ դուք նրանց սրտի խորհուրդները չէք հասկանում, ապա ինչպէ՞ս էք համարձակւում քննել Աստծուն, որ այս բոլորն արարեց, իմանալ նրա կամքը եւ կամ ըմբռնել նրա միտքը. քա՛ւ լիցի, եղբայրնե՛ր, մի՛ բարկացրէք մեր Տէր Աստծուն: 14 Եթէ նա չկամենայ մեզ օգնել այս հինգ օրերում, ապա նա իշխանութի՛ւն ունի մեզ պաշտպան լինելու այն օրերին, երբ կը կամենայ, եւ կամ մեզ կոտորել տալու մեր թշնամիների առջեւ: 15 Արդ, դուք գրաւ մի՛ դրէք ձեր482 Տէր Աստծու խորհուրդները, որովհետեւ Աստծուն չի կարելի մարդու նման սպառնալ եւ ոչ էլ մարդու որդու նման տանջել: 16 Ուրեմն, այժմ սպասելով՝ ակնկալենք նրանից ողորմութիւն գտնել, աղաչենք ու նրան օգնութեան կանչենք մեզ, եւ նա կը լսի մեր աղօթքի ձայնը, եթէ նրան հաճելի լինի. 17 քանզի այդպէս չի վարուել երբեք մեր ազգի նկատմամբ, այդպէս չի եղել մինչեւ այսօր ո՛չ մեր ազգի, ո՛չ մեր տոհմի, ո՛չ մեր ժողովրդի եւ ո՛չ մեր քաղաքի հետ: 18 Այժմ չեն երկրպագում ձեռակերտ կուռքերին, ինչպէս վաղնջական օրերում, որի պատճառով մեր հայրերը մատնուեցին սրի ու յափշտակութեան եւ մեծ կործանումով կործանուեցին իրենց թշնամիների առջեւ: 19 Բայց մենք ուրիշ Աստուած չճանաչեցինք, բացի նրանից, որին յուսացինք, որովհետեւ նա չի անտեսի մեզ 20 եւ մեր ազգը կորստեան չի մատնի այնպէս, ինչպէս դուք ասացիք, կամ աւարի չի մատնի մեր սրբութիւնները եւ կամ վրիժառու չի լինի թշնամիներից սրբութիւններն անարգելու, մեր եղբայրների մահուան, այս երկրի գերութեան համար: Նա մեր ժառանգութեան աւերումը մեր գլխին կը բերի հեթանոսների մէջ, ուր էլ որ ծառայելու լինենք նրանց: Մենք ամօթ եւ նախատինք կը դառնանք նրանց առջեւ, ովքեր իշխում են մեզ վրայ, որովհետեւ մեր ստրկութիւնը չի կարող ուրախութիւն լինել նրանց համար, այլ՝ մեր Տէր Աստուածն անարգանք եւ կործանում կը բերի նրանց: 21 Եւ արդ, եղբայրնե՛ր, մեր եղբայրներին ցոյց տանք, որ նրանց կեանքը մեզանից է կախուած, ու մեզ վրայ են հաստատուած ե՛ւ սրբութիւնները, ե՛ւ զոհասեղանը, ե՛ւ տաճարը: Արդ, այս բոլորի համար գոհութիւն յայտնենք մեր Աստծուն, որ փորձում է մեզ, ինչպէս փորձել է մեր հայրերին: 22 Յիշեցէ՛ք, թէ ինչ արեց Աբրահամին, թէ ինչ արեց Իսահակին, կամ՝ Յակոբին Ասորիքի Միջագետքում իր մօրեղբօր՝ Լաբանի հօտերն արածացնելիս, 23 քանզի նրանց չփորձեց իրենց սրտի խորհուրդները ճանաչելու համար. այդպէս էլ մեր մեղքերի համար վրիժառու չի լինի մեզնից, այլ Տէրը տանջում է իր մերձաւորներին՝ խրատելու եւ սովորեցնելու համար»:
28 Օզիան ասաց նրան. «Ինչ որ ասացիր, ամբողջ սրտով եւ բարի մտքով ասացիր, եւ ոչ ոք չկայ, որ դէմ կանգնի քո խօսքերին, որովհետեւ ոչ թէ լոկ այսօր յայտնի դարձաւ քո իմաստութիւնը, այլ սկզբի օրերից ամբողջ ժողովուրդն իմացաւ քո խելքը, քանի որ բարի են քո սրտի պտուղները: Բայց ժողովուրդը սաստիկ ծարաւեց, եւ մենք հարկադրուած եղանք անել այնպէս, ինչպէս խօսեցինք նրանց հետ. նրանք մեզ պարտաւորեցրին երդումով, որը չենք կարող դրժել: Արդ, դու խնդրուածքներով աղաչի՛ր Աստծուն, որովհետեւ դու արդար կին ես. Տէրը անձրեւ կ՚ուղարկի, կը լցուեն ջրհորները, եւ մենք այլեւս չենք նուաղի ծարաւից»:
30 Յուդիթն ասաց նրանց. «Դուք լսեցէ՛ք ինձ, մի բան պիտի անեմ, որի մասին պատմուելու է սերնդից սերունդ եւ որդուց մինչեւ որդի: 32 Դուք այս գիշեր կանգնեցէ՛ք քաղաքի դարպասի մօտ, ես դուրս կը գամ իմ այս նաժշտի հետ, եւ այս օրերին, երբ մենք որոշեցինք այս քաղաքը մատնել մեր թշնամիների ձեռքը, Տէր Աստուած ձեզ կ՚այցելի իմ միջոցով: 33 Դուք մի՛ քննէք իմ գործերը, որ անելու եմ, քանի որ ես ձեզ ոչինչ չեմ ասի, մինչեւ որ ես կատարեմ այն, ինչ անելու եմ»:
34 Օզիան, որ իշխանների հետ էր, ասաց նրան. «Գնա՛ խաղաղութեամբ, եւ Իսրայէլի Տէր Աստուածը քեզ հետ թող լինի՝ մեր թշնամիներից վրէժխնդիր լինելու համար»:
Եւ նրանք Յուդիթի տաղաւարից վերադարձան՝ իւրաքանչիւրը պարսպի պահպանութեան իր տեղը:
9
ՅՈՒԴԻԹԻ ԱՂՕԹՔԸ
1 Յուդիթն ընկաւ իր երեսի վրայ, վրայից գցեց քուրձը, որ հագել էր, եւ իր գլխին մոխիր ցանեց: Այդ ժամին Երուսաղէմում երեկոյեան խունկն էին մատուցում Տիրոջ տաճարում: Նա բարձր ձայնով կանչեց Տէր Աստծուն եւ ասաց. 2 «Իմ հօր՝ Շմաւոնի Տէ՛ր Աստուած, որի ձեռքում սուր դրեցիր վրէժխնդիր լինելու համար այն այլազգիներից, 3 ովքեր պղծեցին կոյսերի արգանդը, մերկացրին նրանց անդամները, խայտառակեցին նրանց կուսութիւնը նախատինքի եւ թշնամանքի համար, մի բան, որ հաճելի չեղաւ քո առջեւ: Դրա համար էլ նրանց իշխաններին անկողինների պղծութեան համար, որով նրանք դատապարտուեցին, մատնեցիր արեան, սպանեցիր ծառաներին իրենց տէրերի հետ միասին ու հայրերին՝ իրենց աթոռների վրայ. նրանց կանանց մատնեցիր աւարի ու նրանց աղջիկներին՝ գերութեան: Ամբողջ աւարը բաժիններն էին քո սիրելի որդիների, ովքեր խիստ նախանձախնդիր եղան քեզ համար, գարշանք համարեցին իրենց քոյրերի պղծութիւնը եւ օգնութեան կանչեցին քեզ: Արդ, Տէ՛ր Աստուած իմ, լսի՛ր քո աղախնի ձայնը եւ նայի՛ր այրուս խնդրուածքներին: 4 Դու ես արել այդ բոլորը, ինչ եղել է առաջ եւ դրանից յետոյ, ինչ լինում է այժմ եւ ինչ լինելու է յետոյ. դո՛ւ մտածեցիր այդ բոլորը, եւ եղաւ այնպէս, ինչպէս որ դո՛ւ կամեցար: Այդ բոլորը, ինչպէս դու մտածել էիր, կանգնեցին քո առաջ եւ ասացին. 5 «Ահա մենք»: Քո բոլոր ճանապարհները պատրաստ են, քո դատաստանները՝ կանխորոշուած: 6 Ահաւասիկ ասորեստանցիներն իրենց զօրքերով լցուեցին մեր երկիրը, գոռոզացան իրենց երիվարներով ու հեծեալներով, հպարտացան ու մեծամտեցին իրենց հետեւակի բազմութեան հզօրութեամբ, յոյս դրեցին իրենց նիզակների, սպառազինութեան, աղեղնաւորների ու պարսատիկաւորների կորովի վրայ. նրանք չիմացան, որ դու ես Տէրը, որ խորտակում ես պատերազմները, եւ որ քո անունը Տէր է: Փրկի՛ր մեզ այս նեղութիւնից 11 եւ ցրի՛ր նրանց զօրութիւնը, ո՛վ Ամենակալ Տէր, խորտակի՛ր, տապալի՛ր նրանց զօրութիւնը քո բարկութեամբ, որովհետեւ նրանք կամեցան պղծել քո սրբութիւններն ու քո փառքի անուան բնակարանները եւ երկաթով խորտակել քո սուրբ զոհասեղանի եղջիւրները: 12 Նայի՛ր եւ տե՛ս նրանց ամբարտաւանութիւնը, քո բարկութիւնն ուղարկի՛ր նրանց գլխին եւ զօրութի՛ւն տուր քո աղախնու, իմ՝ այրուս ձեռքին, որ կատարեմ այն, ինչ մտածեցի: 15 Իմ շուրթերի խաբէութեամբ հարուածի՛ր, կործանի՛ր ծառային եւ իշխանին՝ իր ծառաներով483, խորտակի՛ր նրանց հպարտութիւնը իմ՝ այս կնոջ ձեռքով, որովհետեւ քո զօրութիւնը ոչ թէ բազմութեան մէջ է, քո արդարութիւնը ոչ թէ նրանցն է, ովքեր հզօր են, այլ դու խոնարհների Տէր Աստուածն ես, կարօտեալների օգնականը, տկարների ապաւէնը, կարօտեալների խնամակալը, յուսահատների փրկիչը: 17 Այո՛, դու իմ հօր Աստուածն ես, Իսրայէլի ժառանգութեան Աստուածը, երկնքի եւ երկրի Տէրը, ջրերի Արարիչը, դու ես քո բոլոր արարածների Թագաւորը, 18 լսի՛ր քո աղախնի աղօթքը, ինձ այնպիսի խօսքեր տո՛ւր, որ խօսեմ կործանելու համար նրանց, ովքեր եկել յարձակուել են քո կտակարանների վրայ, քո Տան վրայ, Սիոնի բարձունքի ու քո որդիների բնակարանների վրայ, որովհետեւ դաժան բաներ խորհեցին: 19 Քո բարձր բազուկը ցո՛յց տուր մեզ՝ քո ժառանգութեանը, թէ դու ես Աստուածը, որ տիրում ես բոլոր զօրութիւններին եւ իշխանութիւններին, եւ բացի քեզնից ոչ ոք չկայ, որ պաշտպան լինի Իսրայէլի ազգին, ո՛վ Տէր»:
10
ՅՈՒԴԻԹԸ ԳՆՈՒՄ Է ԹՇՆԱՄՈՒ ԲԱՆԱԿԸ
1 Երբ Յուդիթն աւարտեց իր աղօթքը եւ վերջացրեց այս խօսքերը, ոտքի կանգնեց խոնարհուած դիրքից, 2 կանչեց իր նաժիշտին եւ իջաւ իր տունն, ուր անցկացնում էր շաբաթ օրերն ու տօն օրերը: 3 Իր վրայից նա հանեց քուրձը, որ հագել էր, հանեց իր այրիութեան զգեստը, ջրով լուաց իր մարմինը, օծեց անուշ իւղով, հիւսեց իր գլխի մազերը, իր ճակատին կապեց ապարօշը եւ հագաւ իր ուրախութեան զգեստը, որ հագնում էր իր ամուսնու՝ Մանասէի կենդանութեան ժամանակ: 4 Նա ոսկեզօծ կօշիկներ հագաւ, իր ձեռքերին ապարանջաններ եւ իր պարանոցին մեծագին քարերով ընդելուզուած մանեակ անցկացրեց, մատանիներ՝ իր մատներին եւ իր գլխին՝ գլխազարդ: Նա զարդարուեց իր ամէն տեսակ զարդերով, է՛լ աւելի գեղեցկացաւ՝ իր դէմքի սիրունութեամբ խաբելու, գայթակղելու համար նրանց, ովքեր կը տեսնեն իրեն: 5 Մախաղը տուեց իր աղախնին եւ այն լցրեց փոխինձով, չոր թուզով, ընտիր հացով, վերցրեց խսիրապատ գինու ամանը, իւղի սրուակը: Այս բոլորը մաքրեց ու դրեց, ըստ իրենց սովորութեան, եւ տուեց իր աղախնին: 6 Նրանք եկան Բետիղուա քաղաքի դարպասի մօտ ու այնտեղ տեսան Օզիային, որ դարպասի մօտ էր, եւ նրա հետ՝ քաղաքի միւս քահանաներին՝ Քաբրինին ու Քարմինին: 7 Երբ նրանք տեսան Յուդիթին, որ փոխել էր իր երեսի գեղեցկութիւնը եւ իր զգեստը, նրանք շատ զարմացան նրա գեղեցկութեան վրայ 8 եւ ասացին նրան. «Թող Աստուած, մեր հայրերի Աստուածը քեզ շնորհ տայ եւ կատարի քո սրտի ուզածը՝ ի ցնծութիւն եւ յուրախութիւն իսրայէլացիների եւ ի փառս Երուսաղէմի»: Եւ նրանք երկրպագեցին Աստծուն: Յուդիթը նրանց ասաց. 9 «Հրամայեցէ՛ք, որ ինձ համար բացեն քաղաքի դարպասները, որպէսզի ես դուրս գամ կատարելու այն, ինչ ասացիք ինձ»: Նրանք հրամայեցին դռնապաններին բացել եւ, ինչպէս ասել էին, այնպէս էլ արեցին: 10 Յուդիթն իր աղախնի հետ դուրս եկաւ: Քաղաքի մարդիկ նայում էին նրա յետեւից, մինչեւ նա անցաւ լերան յետեւը, մինչեւ անցաւ հովտի կիրճը, եւ ապա այլեւս չտեսան նրան:
11 Նրանք գնում էին հովտի կիրճով, ուղիղ ճանապարհով: Նրանք հանդիպեցին ասորեստանցի պահապանների, 12 որոնք բռնեցին նրանց, հարցրին ու ասացին. «Ո՞ր ցեղից ես դու, որտեղի՞ց ես գալիս, ո՞ւր ես գնում»: Յուդիթը նրանց ասաց. «Ես եբրայեցիների դուստրն եմ եւ փախչում եմ նրանցից, որովհետեւ նրանք ձեզ կեր են դառնալու: 13 Ես եկել եմ ձեր զօրքերի իշխան Հողոփեռնէսի առջեւ կանգնելու՝ նրան ճշմարիտ բաներ պատմելու եւ նրան ցոյց տալու համար այն ճանապարհը, որով կը գնայ եւ կը գրաւի ամբողջ լեռնակողմը, ու նրա զօրքից ոչ մէկին վնաս չի լինի»: 14 Երբ մարդիկ լսեցին Յուդիթի խօսքերը, նրանք նայեցին նրա երեսին, նա խիստ գեղեցիկ երեւաց իրենց, եւ ասացին նրան. 15 «Դու այսօր փրկեցիր քո անձը. արդ, շտապի՛ր իջնել՝ տեսնելու մեր տիրոջ երեսը, մեզ հետ կը գնաս նրա վրանը, մենք քեզ կը յանձնենք նրա ձեռքը. 16 երբ կանգնես նրա առջեւ, քո սրտի մէջ մի՛ վախեցիր, այլ դու նրան կը պատմես ըստ քո այն խօսքերի, որ ասացիր, եւ նա քեզ բարիք կ՚անի»: Նրանք իրենց միջից ընտրեցին հարիւր մարդ, ուղարկեցին նրանց հետ, որոնք նրանց տարան Հողոփեռնէսի վրանը: Ամբողջ բանակին նրանք պատմեցին նրա գեղեցկութեան ու գալու մասին: Բոլորը գալիս էին նրան տեսնելու, մինչ նա կանգնած էր Հողոփեռնէսի վրանից դուրս, իսկ ներսում նրա մասին պատմում էին Հողոփեռնէսին: 17 Նրանք խիստ զարմանում էին նրա գեղեցկութեան վրայ ու բոլոր իսրայէլացիների վրայ: 18 Իւրաքանչիւր ոք իր ընկերոջն ասում էր. «Արդ, ո՞վ կարող է չար բան մտածել այս ազգի մասին, որ այսպիսի գեղեցիկ կանայք ունի: Նրանց տղամարդիկ չպէտք է ապրեն, որպէսզի նրանց աղջիկները մեզ կին լինեն, քանի որ, եթէ ապրեն, վնաս կը տան ամբողջ երկրին»: Հողոփեռնէսի սպասաւորները եւ նրա բոլոր ծառաները դուրս եկան եւ Յուդիթին տարան վրան: 19 Հողոփեռնէսը նստել էր իր գահոյքին, որը շուրջանակի ծածկուած էր վարագոյրով, ընդելուզուած էր ոսկով, մարգարտով եւ թանկագին քարերով: Երբ նա լսեց Յուդիթին, դուրս եկաւ վրանի սրահը ջահերով եւ արծաթեայ լապտերներով, որովհետեւ գիշեր էր: 20 Եւ երբ Հողոփեռնէսը նրան տեսաւ, զարմացաւ նրա գեղեցիկ տեսքի վրայ: Յուդիթը խոնարհուելով մինչեւ գետին՝ երկրպագեց Հողոփեռնէսին, իսկ նրա ծառաները կանգնեցրին նրան:
11
ՅՈՒԴԻԹԸ ՀՈՂՈՓԵՌՆԷՍԻ ԱՌՋԵՒ
1 Հողոփեռնէսը նրան ասաց. «Արիացի՛ր, ո՜վ կին եւ մի՛ վախեցիր, որովհետեւ ես չեմ չարչարում ոչ մի մարդու, ով կամենում է ծառայել Նաբուքոդոնոսոր արքային, որը տիրում է այս ամբողջ երկրին: 2 Արդ, քո այդ ժողովուրդը, որ բնակւում է լեռնակողմում, եթէ չապստամբէր իմ դէմ, ես նիզակ չէի բարձրացնի դրանց վրայ, բայց դրանք այս բանն իրենք իրենց արեցին: 3 Արդ, դու ինձ ասա, թէ ինչո՛ւ ես փախել նրանցից եւ եկել ես մեզ մօտ. քաջալերուի՛ր, որովհետեւ եկել ես փրկուելու համար, կենդանի կը մնաս թէ՛ այս գիշեր եւ թէ՛ քո բոլոր օրերին: Քեզ ոչ ոք չի վնասի, այլ լաւ կը վարուեն քեզ հետ, ինչպէս վարւում են իմ տիրոջ՝ Նաբուքոդոնոսորի ծառաների հետ»:
4 Յուդիթը ասաց նրան. «Թո՛յլ տուր, որ քո աղախինը խօսի քո առջեւ. ես այս գիշեր ոչ մի սուտ բան չեմ ասի իմ տիրոջը: Եթէ հետեւես եւ լսես քո աղախնի խօսքերը, Աստուած քո միջոցով մեծ գործ կը կատարի, եւ քո գործն իզուր չի անցնի: 5 Թող ապրած կենայ Նաբուքոդոնոսորը՝ բովանդակ երկրի արքան, եւ ապրած կենայ նրա զօրութիւնը, որ քեզ ուղարկեց՝ ուղղութիւն տալու ամէն մարդու, որովհետեւ քո ձեռքով ոչ միայն մարդիկ են ծառայում նրան, այլեւ՝ վայրի գազանները, անասունները եւ երկնքի թռչունները. քեզնով են ապրելու Նաբուքոդոնոսորն ու նրա ամբողջ տունը: 6 Արդարեւ, մենք լսեցինք քո իմաստութեան ու քո հոգու մեծութեան մասին, որ պատմւում է ամբողջ երկրում, որովհետեւ միայն դու ես բարերարը նրա բովանդակ թագաւորութեան մէջ, դու հզօր ես խօսքով ու սքանչելի՝ պատերազմող զօրականների մէջ: 7 Արդ, այն խօսքերը, որ Աքիորն ասել է ժողովում, քո սենեակի մէջ, մենք էլ լսեցինք, որովհետեւ Բետիղուայի մարդիկ խնայեցին նրան, եւ նա պատմեց բոլորը, ինչ ասել էր քեզ: Արդ, տէ՛ր, այժմ նրա խօսքերը մի՛ անտեսիր, այլ հաստատի՛ր քո սրտում, որովհետեւ դրանք ճշմարիտ են, 8 քանզի ոչ ոք չի կարող չարչարել մեր ազգը, եւ ոչ էլ թշնամու սուրը կը վնասի մեզ, եթէ նրանք չմեղանչեն իրենց Աստծու դէմ: 9 Եւ արդ, թող չվնասուես, տէ՛ր իմ, դու եւ քո զօրքը, որովհետեւ հասել է նրանց մահուան ժամը այն մեղքերի պատճառով, որ գործեցին իրենց Աստծու դէմ, քանզի նրանք անիրաւութեան մեծ մեղք գործեցին: 10 Պակասեց նրանց ջուրն ու կերակուրը, 11 նրանք մտածեցին եւ իրենց ձեռքը երկարեցին այն անասունների վրայ, որ հրամայուած չէր ուտել իրենց Աստծու կողմից, 12 ցորենի բերքի, գինու եւ իւղի տասանորդի վրայ, որոնք սրբագործուած էին քահանաների կողմից, որ մեր Աստծու սպասաւորներն են Երուսաղէմում: Նրանք սկսեցին ուտել դրանք, որ ոչ ոք իրաւունք չունէր ուտելու, բացի միայն քահանաներից: Նրանք Երուսաղէմ մարդիկ ուղարկեցին, որպէսզի, ովքեր այնտեղ են, այսպէս անեն: Դրա համար էլ նրանց թողութիւն էր լինում Աստծու կողմից քահանաների ձեռքով: Եւ արդ, երբ նրանք այս մեղքը գործեցին, մահուան պիտի մատնուեն: 13 Ահա թէ ինչու, ես՝ քո աղախինը, երբ այս իմացայ, նրանցից փախայ: Աստուած484 ինձ ուղարկեց քեզ հետ մեծ գործ կատարելու, որից ամբողջ երկիրը պիտի զարմանայ՝ ով էլ որ մի անգամ լսի այդ մասին, 14 որովհետեւ քո աղախինը աստուածապաշտ է եւ գիշեր ու ցերեկ աղաչում է երկնքի Տէր Աստծուն: Իսկ արդ, ես թող քեզ մօտ մնամ, տէ՛ր իմ, քո աղախինը թող այս գիշեր դուրս գայ հովտի կիրճը, թող ես աղօթեմ իմ Տէր Աստծուն, եւ երբ մեղանչեն իր դէմ, նա կը յայտնի ինձ: 17 Ես կը գամ ու կը պատմեմ քեզ, դու քո ամբողջ զօրքի հետ միասին դուրս կը գաս, նրանցից ոչ մէկը չի փրկուի քեզանից: Ես քեզ կը տանեմ Հրէաստանի միջով, քեզ կը տանեմ մինչեւ Երուսաղէմ, եւ դու քո աթոռը կը հաստատես նրա մէջ, նրանց կը հաւաքես հօտի նման, որ չունի հովիւ, եւ ոչ մի շուն իր լեզուով չի հաչի քո դէմ: Ինձ յայտնուեց, որ այս բանը լինելու է Աստծուց, ու ես եկայ՝ ցոյց տալու քեզ»:
18 Յուդիթի խօսքերը հաճելի թուացին Հողոփեռնէսին եւ նրա բոլոր ծառաներին: Զարմանում էին նրա իմաստութեան վրայ եւ ասում. 19 «Սրա նման գեղեցիկ կին չկայ երկրի մէկ ծայրից մինչեւ միւս ծայրը՝ իր խօսքի իմաստութեամբ եւ իր դէմքի գեղեցկութեամբ»: 20 Հողոփեռնէսը նրան ասաց. «Աստուած բարիք գործեց, որ քեզ ուղարկել է՝ առաջնորդելու այս ժողովրդին, որպէսզի հզօրանայ մեր տէրութիւնը, եւ ովքեր ապստամբեցին մեր դէմ՝ կորչեն485: Արդ, տեսնում եմ, որ դու կայտառ ես, եւ բարի են քո բոլոր խօսքերը: 21 Եւ եթէ Աստուած այնպէս անի, ինչպէս ասացիր, ապա քո Աստուածը նաեւ իմ Աստուածը կը լինի. դու կը նստես Նաբուքոդոնոսորի տանը եւ անուանի կը լինես ամբողջ երկրում»:
12
ՅՈՒԴԻԹԸ ԹՇՆԱՄՈՒ ԲԱՆԱԿՈՒՄ
1 Հողոփեռնէսը հրամայեց տանել նրան ճաշասենեակ, հրամայեց, որ նա օգտուի իր սեղանի կերակուրներից եւ այնտեղի գինուց, որ ինքն էր խմում: 2 Յուդիթը նրան ասաց. «Ես դրանցից չեմ ուտի, որպէսզի ինձ համար գայթակղութիւն չլինեն, այլ հրամա՛ն տուր ուտել այն, ինչ բերել են այն քաղաքից ինձ համար»: 3 Հողոփեռնէսը նրան ասաց. «Եթէ այն պակասի, քեզ որտեղի՞ց տանք դրանց նմանը, քանզի քո ազգից ոչ ոք չկայ մեր մէջ»: 4 Յուդիթը նրան ասաց. «Ապրած կենաս, տէ՛ր իմ, քո աղախինը չի վերջացնի այն կերակուրը, որ բերուած է ինձ հետ, մինչեւ որ իմ ձեռքով անեմ այն, ինչի մասին խօսուեց:
Հողոփեռնէսի ծառաները նրան տարան վրան: Նա այնտեղ քնեց մինչեւ կէսգիշեր: Առաւօտեան պահին Յուդիթը վեր կացաւ 5 եւ մարդ ուղարկեց Հողոփեռնէսի մօտ՝ ասելու. «Թող իմ տէրը հրամայի թոյլ տալ իր աղախնին աղօթքի դուրս գալ»: 6 Հողոփեռնէսը պահապաններին հրամայեց չարգելել նրան: Յուդիթը երեք օր այնտեղ էր՝ բանակում: 7 Նա գիշերը դուրս էր գալիս Բետիղուայի ձորը եւ լուացւում էր բանակում աղբիւրի ջրով, ըստ հրեաների սովորութեան: 8 Երբ նա լուացւում էր, Իսրայէլի Տէր Աստծուն աղօթում էր, որ յաջողութիւն տայ իր ճանապարհին՝ իր ժողովրդի փրկութեան համար: 9 Նա մաքրուած էր մտնում վրանը, իսկ կերակուրը երեկոյեան վերցնում տանում էին իր մօտ:
ՀՈՂՈՓԵՌՆԷՍԻ ԽՆՋՈՅՔԸ
10 Չորրորդ օրը Հողոփեռնէսը միայն իր ծառաների համար խնջոյք արեց եւ խնջոյքի չկանչեց օտարներից եւ ոչ մէկին, որ այնտեղ էին: Նա ասաց Բագուին՝ իր ներքինուն, որը նրա ամբողջ ունեցուածքի հաւատարիմ տնտեսն էր. «Գնա՛ դու, համոզի՛ր, – ասում է, – եբրայեցի կնոջը, որը քեզ մօտ է, որ գայ ուտելու ու խմելու մեզ հետ: 11 Ամօթ է մեզ՝ թողնել այդպիսի կնոջը ու բոլորովին չխօսել նրա հետ: Արդ, եթէ չկանչենք նրան եւ չմօտեցնենք մեզ, գուցէ նա ծաղրի մեզ»: 12 Բագուն ելաւ Հողոփեռնէսի մօտից, մտաւ Յուդիթի մօտ ու ասաց նրան. «Ո՛վ դու, գեղեցի՛կ աղախին, մի՛ յապաղիր գալ իմ տիրոջ մօտ, փառաւորուել նրա կողմից ու նրա կողքին, մեզ հետ միասին, խմել ուրախութեան գինին: Դու այսօր կը լինես իբրեւ ասորեստանցիների դուստրերից մէկը, որ սպասաւորում է Նաբուքոդոնոսոր արքային»: 13 Յուդիթը նրան ասաց. «Ո՞վ եմ ես, որ ընդդիմանամ իմ տիրոջը, 14 որովհետեւ ամէն ինչ, որ հաճելի է քո աչքին, փութով կատարում եմ, եւ դա ինձ համար ցնծութիւն կը լինի մինչեւ իմ մահուան օրը»: 15 Նա վեր կացաւ, զարդարուեց կանացի իր զարդերով. նրա նաժիշտը ներս մտաւ ու Հողոփեռնէսի դէմյանդիման նրա համար բազմելու մորթի փռեց գետնին, որ նա Բագուից էր ստացել ամենօրեայ օգտագործման համար: Յուդիթը բազմեց դրա վրայ: 16 Հողոփեռնէսը յափշտակուեց նրա տեսքից, նրա հոգին խռովուեց նրան ունենալու մեծ ցանկութիւնից: Այն օրից, ինչ տեսել էր նրան, Հողոփեռնէսն առիթ էր փնտռում հրապուրելու նրան: 17 Հողոփեռնէսն ասաց. «Դու խմի՛ր եւ մեզ հետ ուրա՛խ եղիր»: 18 Յուդիթն ասաց. «Այո՛, տէ՛ր, որովհետեւ այսօր իմ կեանքը մեծարուեց աւելի, քան իմ ծննդից սկսած բոլոր օրերին»: 19 Եւ Յուդիթը նրա առջեւ վերցնում, ուտում, խմում էր, ինչ նրա համար պատրաստում էր իր աղախինը: 20 Հողոփեռնէսն ուրախացաւ դրանից ու այնքան շատ գինի խմեց, ինչքան նա չէր խմել իր ծննդեան օրից:
13
ՅՈՒԴԻԹԸ ԿՏՐՈՒՄ Է ՀՈՂՈՓԵՌՆԷՍԻ ԳԼՈՒԽԸ
1 Երբ երեկոյ եղաւ, Հողեփեռնէսը իր ծառաներին շտապեցրեց դուրս գնալ: Բագուն փակեց վրանի դուռը, նրանք գնացին՝ իւրաքանչիւրն իր անկողինը, որ դրսում էր, 2 քանզի բոլորը մեծ գինարբուքից շատ էին յոգնել: 3 Վրանում մնացին միայն Յուդիթը եւ Հողոփեռնէսը: 4 Հողոփեռնէսը, մտնելով իր անկողինը, քնեց, որովհետեւ խիստ թմրել էր գինուց: 5 Յուդիթն ասաց իր աղախնին, որ մնայ վրանից դուրս, սպասի իրեն, ինչպէս միւս օրերին, երբ ինքը դուրս էր գալիս ասելով, թէ՝ «Ըստ սովորութեան գնում եմ աղօթելու»: Այս նոյն բանը նա Բագուին ասաց:
6 Երբ բոլորը գնացին այդ սենեակից, ու այնտեղ ոչ ոք չմնաց, Յուդիթը կանգնեց նրա մահճակալի մօտ եւ ասաց. «Զօրութիւնների Տէ՛ր Աստուած, այս ժամին նայի՛ր իմ ձեռքի գործերին եւ Երուսաղէմի բարձունքին, 7 որովհետեւ այժմ ժամանակն է, որ դու օգնես ինձ՝ քո ժառանգութեանը, եւ այս գործը կատարես իմ ձեռքով, սատակեցնես մեր թշնամիներին, որ յարձակուել են մեզ վրայ»: 8 Նա մօտեցաւ մահճակալի ճաղին, որ Հողոփեռնէսի սնարի կողմն էր, հանեց նրա դաշոյնը ազդրից, բռնեց նրա մազերից եւ ասաց. 9 «Զօրացրո՛ւ ինձ այսօր, Իսրայէլի՛ Աստուած»: 10 Եւ նա իր ամբողջ ուժով երկու անգամ հարուածեց նրա պարանոցին եւ կտրեց նրա գլուխը: 11 Նրա մարմինը թաւալեց գցեց մահճակալից. մէկ ժամ յետոյ դուրս եկաւ, իր նաժշտին տուեց Հողոփեռնէսի գլուխը, 12 եւ նա այն գցեց իր կերակրի մախաղի մէջ: Երկուսը միասին, ըստ իրենց սովորութեան, ելան ու անցան բանակի միջով, շրջանցեցին ձորը, ելան Բետիղուայի լեռը 13 եւ եկան քաղաքի դարպասների մօտ: Յուդիթը դարպասների պահապաններին ասաց հեռուից. «Բացէ՛ք, բացէ՛ք դարպասները, մեզ հետ է մեր Տէր Աստուածը, որպէսզի էլ աւելի զօրութիւն տայ Իսրայէլին՝ մեր թշնամիներին յաղթելու համար, ինչպէս արեց այսօր»: 14 Երբ քաղաքի մարդիկ լսեցին նրա ձայնը՝ փութացին իջնել իրենց քաղաքի դարպասների մօտ: Նրանք կանչեցին ժողովրդի քահանաներին ու ծերերին, 15 եւ հաւաքուեցին բոլորը, փոքրից մինչեւ մեծը, որովհետեւ նրանք շատ էին զարմացել, որ նա եկել է: Նրանք բացեցին քաղաքի դարպասը, նրանց ներս առան, 16 վառեցին իրենց լապտերները եւ հաւաքուեցին նրանց շուրջը: 17 Յուդիթը բարձր ձայնով ասաց. «Ո՛վ իսրայէլացիներ, օրհնեցէ՛ք Աստծուն, 18 որ իր ողորմութիւնը չհեռացրեց Իսրայէլի տնից, այլ այս գիշեր իմ ձեռքով հարուածեց, վանեց թշնամուն»: 19 Եւ նա Հողոփեռնէսի գլուխը հանեց մախաղից, ցոյց տուեց նրանց եւ ասաց. «Ահա Հողոփեռնէսի՝ ասորեստանցիների զօրքերի զօրապետի գլուխը, ահա թանկարժէք վարագոյրը, որի վրայ նա փռուել էր հարբած, եւ Տէր Աստուած իմ՝ այս կնոջ ձեռքով սատակեցրեց նրան: 20 Կենդանի է Տէրը, որ պահպանեց ինձ այն ճանապարհին, որով ես գնացի, որովհետեւ իմ երեսի տեսքը խաբեց նրան՝ ի կորուստ իրեն, բայց նա ինձ չպղծեց՝ իմ անձը խայտառակելու համար»: 22 Ամբողջ ժողովուրդը գոհութիւն յայտնեց ու խոնարհուելով՝ երկրպագեց Աստծուն: Բոլորը միաբերան ասացին. «Օրհնեալ ես դու, մեր Տէ՛ր Աստուած, որ այսօր ամաչեցրիր քո ժողովրդի թշնամիներին»: 23 Օզիան ասաց Յուդիթին. «Բարձրեալ Աստծու դո՛ւստր, օրհնեալ ես դու աւելի, քան երկրի վրայ եղած բոլոր կանայք, 24 եւ օրհնեալ է Տէր Աստուած, որ ստեղծել է երկինքն ու երկիրը, որ յաջողութիւն տուեց քեզ՝ կտրելու մեր թշնամու իշխանի գլուխը: 25 Դրա համար քո անունը չի վերանալու մարդկանց միջից՝ Աստծու առջեւ յաւիտենապէս քեզ յիշելու համար: Թող իմ Տէր Աստուածը բարձրացնի քո անձը եւ բարիքներ շնորհի քեզ ի հատուցումն այն բանի, որ մեր ազգի տառապանքների պատճառով դու չխնայեցիր քո անձը, այլ վրէժխնդիր եղար մեր կրած կործանարար հարուածների համար՝ մեր Տիրոջ առջեւ ընթանալով ուղիղ ճանապարհով»: 26 Եւ ամբողջ ժողովուրդն ասաց. «Թող այդպէս լինի, թող այդպէս լինի»:
14
ԱՔԻՈՐՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԻ ՀԱՒԱՏԸ
1 Յուդիթը նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, լսեցէ՛ք ինձ, թէ ինչ եմ ասում ձեզ. վերցրէ՛ք այս գլուխը եւ կախեցէ՛ք քաղաքի պարիսպների սիւներից: 2 Երբ բացուի առաւօտը, ու երկրի վրայ ծագի արեգակը, պատերազմելու կարող բոլոր տղամարդիկդ զինուեցէ՛ք, ձեր վրայ զօրավարնե՛ր կարգեցէք, դո՛ւրս ելէք քաղաքից՝ իբրեւ թէ դաշտ էք իջնում, գնացէ՛ք դէպի ասորեստանցիների առաջապահ թեւը, բայց այնտեղ չիջնէք, այլ միայն անհանգստացրէ՛ք նրանց: 3 Նրանք կ՚առնեն իրենց զէնքերը, կը գնան իրենց բուն բանակը, կ՚արթնացնեն ասորեստանցիների զօրապետներին, հաւաքուելով կը դիմեն Հողոփեռնէսի վրանը եւ չեն գտնի նրան: Նրանց մէջ ահ կ՚ընկնի, նրանք կը փախչեն ձեզանից, 4 486 եւ դուք կ՚ընկնէք նրանց յետեւից: Իսրայէլի սահմաններում բնակուող բոլոր բնակիչները թող նրանց դիտապաստ անելով ոչնչացնեն իրենց բոլոր ճանապարհների վրայ: 5 Արդ, մինչ այս անելը, ինձ մօ՛տ կանչեցէք Աքիոր Ամոնացուն, որ տեսնի գլուխն այն մարդու, որ ոտնահարեց Իսրայէլի տունը, կապեց նրան՝ մահ բերելու այստեղ»: 6 Աքիորին կանչեցին Օզիայի տնից, ու երբ նա եկաւ եւ Հողոփեռնէսի գլուխը տեսաւ ժողովրդի մէջ մի տղամարդու ձեռքին, երեսնիվայր ընկաւ, թաւալուեց: 7 Երբ սթափուեց, ընկաւ Յուդիթի ոտքը, երկրպագեց նրան եւ ասաց. «Օրհնեալ ես դու Յուդայի երկրի բոլոր բնակավայրերում եւ բոլոր ժողովուրդների մէջ, ուր, լսելով քո անունը, կը զարմանան: 8 Արդ, դու ինձ պատմի՛ր, թէ ի՛նչ էիր անում այս օրերին»: Եւ իր ամբողջ ժողովրդի առաջ Յուդիթը նրան պատմեց, թէ ինչ էր նա արել այն օրից, երբ դուրս էր եկել, մինչեւ այդ ժամը: 9 Երբ Յուդիթը դադարեց խօսելուց, ժողվուրդը բարձր ձայնով աղաղակեց՝ փառաբանելով Աստծուն իրենց քաղաքում: 10 Երբ Աքիորը տեսաւ այն ամէնն, ինչ Իսրայէլի Աստուածն արել էր, իր ամբողջ սրտով հաւատաց Աստծուն, թլփատեց իր անթլփատ մարմինը եւ այդ օրից էլ միացաւ Իսրայէլի տանը:
ԲԱԳՈՒՆ ՅԱՅՏՆՈՒՄ Է ՀՈՂՈՓԵՌՆԷՍԻ ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
11 Երբ բացուեց առաւօտը, Հողոփեռնէսի գլուխը կախեցին պարսպից. իւրաքանչիւր տղամարդ զինուեց իր զէնքով, եւ նրանք դուրս եկան գրաւելու այն լեռնանցքը, որ լերան վրայ էր: 12 Երբ ասորեստանցիները նրանց տեսան, իրենց առաջնորդներին տեղեակ պահեցին, նրանք էլ եկան իրենց զօրապետների, իշխանների եւ նրանց հազարապետների մօտ: 13 Նրանք գնացին Հողոփեռնէսի վրանը եւ ասացին նրա սենեկեպետին. «Նե՛րս մտիր, արթնացրո՛ւ մեր տիրոջը, որովհետեւ եբրայեցիները յանդգնեցին պատերազմել մեր դէմ, որպէսզի նրանց իսպառ ոչնչացնենք»: 14 Բագուն մտաւ ու բախեց սենեակի դուռը, որովհետեւ կարծում էր, թէ Հողոփեռնէսը Յուդիթի հետ քնած է: 15 Երբ ոչ ոք նրան չպատասխանեց, համարձակ սենեակ մտաւ եւ տեսաւ, որ նա մերկ ընկած էր գետնին, եւ նրա գլուխը կտրուած էր մարմնից: 16 Բագուն գոչեց բարձր ձայնով, լացով ու մեծ ողբով եւ պատռեց իր պատմուճանը: 17 Նա մտաւ Յուդիթի սենեակն ու նրան չգտաւ, դուրս եկաւ, գնաց զօրքի մօտ եւ ասաց. 18 «Եբրայեցիներն ապստամբեցին, որովհետեւ եբրայեցի մի կին ամօթ ու նախատինք դրեց Նաբուքոդոնոսոր արքայի տան վրայ, քանզի, ահա, Հողոփեռնէսը գետին է գլորուել, եւ նրա գլուխը իր վրայ չէ»: 19 Երբ Ասորեստանի զօրքերի իշխանները լսեցին այս բաները, բոլորը պատռեցին իրենց պատմուճանները, խիստ վախեցան, ու նրանց աղաղակն ընկաւ բանակի մէջ:
15
ԱՍՈՐԵՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՆԱՀԱՆՋԸ
1 Ովքեր վրանում էին, երբ լսեցին կատարուած բաների մասին, ապշեցին, 2 ու նրանց վրայ սաստիկ ահ ու դող ընկաւ: Ապա ոչ մի մարդ չմնաց իր ընկերոջ մօտ, 3 եւ բոլորը խուճապով փախուստի դիմեցին դէպի դաշտի ու լերան կողմերը, որ գտնւում էին Բետիղուայի շուրջը: 4 Այնտեղից էլ դարձեալ փախան: Դրանից յետոյ իսրայէլացիներից իւրաքանչիւր պատերազմող տղամարդ յարձակուեց նրանց վրայ:
5 Օզիան սուրհանդակներ ուղարկեց Բետմեսթեմ, Քոբա, Կոլա եւ Իսրայէլի բոլոր սահմանները՝ աւետելու կատարուած բաների մասին, որպէսզի բոլորը միասին հաւաքուեն ու հետապնդեն նրանց՝ ոչնչացնելու համար: 6 Երբ իսրայէլացիները լսեցին, բոլորը միասին յարձակուեցին նրանց վրայ, կոտորեցին ու հալածեցին մինչեւ Քոբա: Այդպէս արեցին նաեւ երուսաղէմացիները: Բոլոր նրանք, ովքեր լեռնակողմից էին եկել, նրանց պատմեցին այն, ինչ եղել էր բանակում: Սրանք Գաղաադից ու Գալիլիայից էին. հասան, յարձակուեցին եւ քշեցին նրանց՝ հասցնելով մինչեւ Դամասկոս ու նրա սահմանները: 7 Բետիղուայի միւս բնակիչները ելան ու յարձակուեցին բանակ դրած ասորեստանցի բնակիչների վրայ՝ աւարելու եւ կողոպտելու համար: Նրանք վերցրին բանակի այդ կողոպուտը, որով խիստ յղփացան ու հարստացան Բետիղուայի բնակիչները: 8 Իսրայէլացիները կոտորածից վերադարձան եւ սկսեցին հաւաքել սպանուածների կողոպուտը: Լեռնակողմի ու դաշտակողմի գիւղերի ու ագարակների բնակիչներն էլ եկան հաւաքեցին աւարի մնացորդները: 9 Յովակիմ մեծ քահանան ու իսրայէլացիների ծերակոյտը, որ բնակւում էին Երուսաղէմում, եկան տեսնելու այն բարիքը, որ Տէր Աստուած արեց Իսրայէլին, տեսնելու նաեւ Յուդիթին եւ ողջունելու նրան: 10 Եւ երբ ներս մտնելով տեսան նրան՝ բոլորը միաբերան օրհնեցին նրան ու ասացին. «Դու Երուսաղէմի հպարտութիւնն ես, դու Իսրայէլի ցնծութիւնն ես, դու մեր ազգի պարծանքն ես, 11 որովհետեւ քո ձեռքով արեցիր այս ամբողջ բարիքն Իսրայէլին, եւ Աստուած հաւանեց դրանք. յաւիտենապէս օրհնեալ լինես դու Ամենակալ Աստծուց»: 12 Եւ ամբողջ ժողովուրդն ասաց. «Թող այդպէս լինի»:
13 Երեսուն օր ժողովուրդը կրում էր բանակի աւարը: Յուդիթին տուեցին Հողոփեռնէսի վրանը եւ վրանի ամբողջ արծաթն ու կահոյքը, նրա ամբողջ ոսկէ ու արծաթէ սպասքը: Նա վերցնելով այդ՝ բարձեց իր սայլի, իր գրաստների վրայ եւ քաղաք բերեց: 14 Նրա մօտ եկան իսրայէլացիների բոլոր կանայք՝ նրան տեսնելու. նրանք օրհնեցին նրան եւ նրա համար նուագում էին ու պարելով երգում: Յուդիթը վերցնելով արմաւենու ոստեր ձիթենու ծաղիկների հետ՝ տալիս էր նրանց: 15 Ուրիշ կանայք եւս յայտնի վայրերից խմբերով գալիս էին գովելու նրան: Բոլոր իսրայէլացիները զարդարուած գնում էին նրանց յետեւից՝ իրենց գլուխներին դրած տեսակ-տեսակ պսակներ. նրանց բոլորի բերանում օրհնութիւն կար՝ Աստծուն փառաբանելու համար:
16
ՅՈՒԴԻԹԻ ԵՐԳԸ
1 Յուդիթն սկսեց երգել այս երգը, եւ ամբողջ Իսրայէլը ձայնակցում էր նրան:
Յուդիթն այսպէս էր ասում.
2 «Երգեցէ՛ք Տիրոջ համար թմբուկներով,
օրհնեցէ՛ք նրան ծնծղաներով,
երգեր եւ օրհնութիւններ ուղղեցէ՛ք նրան:
Փառաբանեցէ՛ք նրան եւ կանչեցէ՛ք նրա անունը,
3 որովհետեւ Աստուած Տէր է եւ խորտակում է պատերազմները,
4 նա իր բանակներն է դնում ժողովուրդների մէջ.
նա՛ ինձ փրկեց իմ հալածիչների ձեռքից:
5 Ասորեստանը եկաւ հիւսիսային լեռներից,
եկաւ իր բիւրաւոր զօրքերով.
նրանց բազմութիւնը ծածկեց ձորերը,
երիվարների բազմութիւնը ծածկեց բլուրները,
6 նա ասաց, որ հրի է մատնելու իմ սահմանները,
իմ երիտասարդներին ոտնատակ է անելու487,
իմ տղաներին աւարի է մատնելու
եւ իմ կոյսերին գերի վարելու:
7 Ամենակալ Տէր Աստուածը նրանց կործանեց կնոջ ձեռքով,
8 որովհետեւ նրանց հզօր այրը ոչ թէ երիտասարդների ձեռքով ընկաւ,
ոչ թէ տիտանների որդիները նրան սատակեցրին,
ոչ թէ բարձրահասակ հսկաները յարձակուեցին նրա վրայ,
այլ՝ Յուդիթը՝ Մերարիի դուստրը.
նրա դէմքի գեղեցկութիւնը խաբեց նրան:
9 Նա հանեց իր այրիութեան զգեստները՝
բարձրացնելու համար նրանց,
ովքեր ծեծուած էին Իսրայէլի մէջ:
10 Նա անուշ իւղերով օծեց իր երեսը
եւ իր գլուխը զարդարեց իր զարդերով:
11 Բեհեզեայ զգեստ հագաւ հրապուրելու համար:
Զօրապետի սիրտը զմայլուեց նրա կօշիկների գեղեցկութիւնից,
նրա նրբագեղութիւնը գերեց նրա հոգին,
եւ դաշոյնը կտրեց նրա պարանոցը:
12 Պարսիկները դողացին նրա քաջասրտութիւնից,
եւ մարերը շփոթուեցին նրա արիութիւնից:
13 Այն ժամանակ աղաղակեցին իմ տառապեալները,
իմ հիւանդները գոչեցին բարձրաձայն,
եւ նրանք պարտուեցին.
բարձրացաւ իրենց ձայնը,
եւ նրանք վհատուեցին:
14 Թոյլ կանանց որդիներ համարուածները խոցոտեցին նրանց,
տնանկ պանդուխտների որդիներ համարուածները կոտորեցին նրանց,
եւ նրանք ոչնչացան իմ Տիրոջ գրոհից:
15 Նոր երգ եմ երգելու իմ Տէր Աստծուն:
16 Տէ՛ր, մեծ ես դու եւ փառաւորեալ,
սքանչելի ես աննուազ զօրութեամբ:
17 Թող քեզ ծառայեն քո բոլոր արարածները,
որովհետեւ դու ասացիր՝ եւ նրանք գոյացան,
դու առաքեցիր քո Հոգին՝
եւ նրանք ընդունեցին այն ու կազմաւորուեցին,
եւ ոչ ոք չկայ, որ հակառակ լինի քո ձայնին:
18 Լեռներն իրենց հիմքով ջրերի հետ միասին սասանուեցին,
ժայռերը մոմի նման հալուեցին քո դէմքի առջեւ,
բայց դու քաւիչ ես նրանց համար, ովքեր երկիւղ են կրում քեզնից,
քանզի անուշ բուրմունքի համար փոքր է իւրաքանչիւր զոհ,
եւ չնչին՝ այն ճարպը, որ քեզ համար ողջակէզ է,
19 սակայն յաւիտեանս մեծ է նա, ով երկիւղած է:
20 Վա՜յ այն ազգերին, ովքեր կը յարձակուեն մեր ազգի վրայ.
Ամենակալ Տէրը դատաստանի օրը վրէժխնդիր կը լինի նրանցից:
21 Նա կրակի կը մատնի ու որդերի ճարակ կը դարձնի նրանց մարմինները,
եւ նրանք սգի մէջ լաց կը լինեն յաւիտեան»:
ՅՈՒԴԻԹԻ ՄԱՀԸ
22 Երբ նրանք Երուսաղէմ գնացին, Աստծուն երկրպագեցին, ու երբ ժողովուրդը մաքրուեց, հանեցին իրենց ողջակէզները, կամաւոր զոհերը եւ իրենց ընծաները: 23 Յուդիթը բերեց ու նուիրեց Հողոփեռնէսի ամբողջ ունեցուածքը, այն ընծայաբերեց Տէր Աստծուն: 24 Երուսաղէմում երեք ամիս ժողովուրդն ուրախանում էր սրբարանի դէմյանդիման, եւ Յուդիթը նրանց հետ էր: 25 Այդ օրերից յետոյ իւրաքանչիւրը գնաց իր կալուածքը, Յուդիթն էլ գնաց Բետիղուա եւ պահում էր իր տունը: 26 Այդ ժամանակից ի վեր նրա անունը փառաբանւում էր ամբողջ երկրում: 27 Նրա ամուսնու՝ Մանասէի մահից ու գերեզմանում նրա թաղուելուց յետոյ շատերը ցանկացան488 ամուսնանալ նրա հետ նրա կեանքի բոլոր օրերին: 28 Յուդիթն օրըստօրէ մեծարւում եւ փառաբանւում էր: Նա ծերացաւ իր ամուսնու տանը՝ ապրելով հարիւր հինգ տարի: Նա ազատ արձակեց իր նաժշտին: Յուդիթը մեռաւ Բետիղուայում, եւ նրան թաղեցին իր ամուսնու՝ Մանասէի շիրմի մօտ: 29 Իսրայէլի ամբողջ տունը եօթն օր սուգ արեց նրա վրայ: մահանալուց առաջ նա իր ինչքերը բաժանեց բոլորին, ովքեր իր ամուսնու՝ Մանասէի ազգականներն էին, նաեւ բաժանեց բոլոր նրանց, ովքեր իր մերձաւորներն էին: 30 Յուդիթի ապրած օրերին եւ նրա մահից շատ օրեր յետոյ էլ չկար մէկը, որ վախ պատճառէր իսրայէլացիներին:

[474] Սոյն գրքի որոշ գլուխներում համարների հերթականութիւնը չի պահպանուած գրաբար բնագրում:
[475] Յունարէնում՝ Նրանք որոշեցին ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր չէին ենթարկուի արքային:
[476] Սա մի արտայայտութիւն է, որը նշանակում է հնազանդուել:
[477] Յունարէն՝ Դոթային:
[478] Յունարէն՝ Կոնայի եւ Բեթորոնի:
[479] Յունարէնն աւելացնում է՝ եւ բոլոր մովաբացիների:
[480] Յունարէնում՝ կը հարուածենք:
[481] Յունարէնում՝ եւ կը տեղաւորուենք դրանց վրայ հսկելու համար, որպէսզի ոչ մի մարդ դուրս չգայ քաղաքից:
[482] Յունարէնում՝ մեր:
[483] Յունարէնում՝ ծառային՝ իշխանի առջեւ եւ իշխանին՝ իր ծառայի առջեւ:
[484] Գրաբար բնագրում չիք, դրել ենք ըստ յունարէն բնագրի:
[485] Յունարէնում՝ որպէսզի մեր ձեռքերում ուժ լինի, իսկ իմ Տիրոջը ատողներին՝ մահ:
[486] Թուահամարները վերականգնել ենք ըստ յունարէն բնագրի:
[487] Յունարէնում՝ իմ երիտասարդներին սրով է սպանելու եւ նորածիններին գետնին գցելու:
[488] Յունարէնում՝ ցանկացան, բայց ոչ մի տղամարդ չմերձեցաւ նրան իր կեանքի…: