Դարձը
Ապաշխարանքը կորած դրախտը վերագտնելու նախապայման է
«Եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես կկորչեք»: (Ղուկ. 13:3)
Մեծ պահքի 3-րդ կիրակիից սկսած` դուրս ենք գալիս Հին Կտակարանի շրջանակից ու մտնում Նոր Կտակարանի մթնոլորտ: Այս կիրակին և հաջորդող երկուսը իրենց անունները վերցնում են օրվա ավետարանական ընթերցվածի գլխավոր առակից: Ուրեմն հետևում է, որ Գ կիրակի կարդացվող գլխավոր հատվածը Անառակ որդու առակն է:
Նոր Կտակարանի ամենաթանկագին գոհարներից է այս առակը: Եթե ասենք, որ այն իր մեջ խտացնում է Ավետարանի հիմնական ուսուցումները, չափազանցություն արած չենք լինի: Հիսուսի ուսուցման հիմնական կորիզը Աստծո հայրությունը և Նրա անսահման սերն են, որոնք այնքան սրտագրավ եղանակով են պատկերված այս առակում: Սրանից զատ, ոչ միայն Հովհաննես Մկրտիչը, այլ նաև Հիսուսն Իր քարոզությունն սկսեց մարդկանց ապաշխարանքի կանչելով: Գաղափար, որն այս առակի կորիզն է: «Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին` ապաշխարության» (Ղուկ 5:32), -Իր քարոզության սկզբում ասել է Հիսուսը:
Մեծ պահքի կենտրոնական նպատակը, մինչև իսկ գոյության պատճառը այս կիրակիի իմաստի և նրանից եկող թելադրանքի մեջ է: Նկատելի է, որ նախորդ երկու կիրակիներով հիշատակված երկու վիճակները` երջանկությունը և նրա կորուստը, կրկնվում են նաև այս առակում: Այս կիրակիի գաղափարը անկումից վերելքը, ընկած վիճակից վերականգնումը, կորստի գյուտն է:
Անկումը
Առակի հերոսը երջանիկ ընտանիքի երջանիկ կրտսեր որդին է: Երջանկության բոլոր պայմանները նրա տրամադրության տակ են: Հարուստ ու պատվավոր հոր զավակ է, գեղեցիկ, համակրելի մի երիտասարդ` ուրախ, զվարթ, առողջ ու բարեսիրտ: Գյուղում ծանոթ է ամենքին և բարեկամ` գրեթե բոլորին: Գյուղի տոնական բոլոր առիթներից անպակաս է: Հատկապես հարսանիքներում փնտրվող երիտասարդ է, ով առողջ զվարթություն է ստեղծում իր շուրջ և ամենուրեք: Հայրը հպարտ և երջանիկ է նրանով: Ասում են` առանց փուշի վարդ չի լինում, բայց ամեն վարդի փուշն էլ անպատճառ խոցող չի լինում, կան նաև անվնաս ու փափուկ փշերով վարդեր: Այս տղան էլ մի տկարություն ուներ, որը, սակայն, մեծահարուստ այս տանը զգալի չէր` աշխատելու ախորժակ և հակում չուներ: Իր մեծ եղբոր մշտակա և գործոն հսկողության ներքո ծառաները տան ներսում և տնից դուրս բոլոր գործերն անում էին: Սրանից զատ, նաև փոքր-ինչ շփացած էր:
Այս տղայի «դրախտային» կյանքն էլ երկար չտևեց: «Փորձիչը», դարավոր «օձը», նրա ականջին էլ մի օր փսփսաց. «Քո կյանքը կյա՞նք է` այս գեղջկական սեղմ շրջանակում: Ի՞նչ է քեզ պակասում կյանքը լիովին վայելելու համար: Ազատագրիր քեզ հոր, եղբոր և տգետ գյուղի կաշկանդումներից, գնա մի հեռավոր քաղաք, կյանքն ապրիր իր բոլոր հաճույքների մեջ, երկրորդ անգամ աշխարհ չես գալու…»: Որքան քաղցր էին հնչում այս խոսքերը նրա ականջին, կաշկանդումներից ազատագրվելու հեռանկարն անգամ նրան հաճույք էր պատճառում: Բայց ինչպե՞ս ասեր հորը, ում հանդեպ անկեղծ սեր ուներ, գիտեր, որ նման գաղափարը խորապես կխոցի ծերունի հոր սիրտը:
Այն օրից, երբ տնից հեռանալու միտքը տեղ գտավ նրա ուղեղում, տղան կորցրեց իր հանգիստը, քունը և զվարթությունը: Հայրը նկատել էր տղայի մեջ առաջ եկած փոփոխությունը, նրա մտախոհ և ցրված վիճակը: Եվ մի օր էլ հարցրեց նրան. «Տղաս, ի՞նչ է եղել, ինչո՞ւ է մարել դեմքիդ պայծառությունը, արդյոք հիվա՞նդ ես»: «Այո, հայր, ներաշխարհս է հիվանդ, ու եթե ավելի երկար մնամ սահմանափակ այս շրջանակում, բոլորովին կխամրեմ ու կխեղդվեմ. արդ, տուր քո հարստությունից ինձ հասանելիք բաժինը, ես ուզում եմ հեռանալ այստեղից»: Հայրը հասկացավ, որ հակաճառելն ավելորդ կլինի: Առանձնացավ` ծածկելու համար իր արցունքները: Ի վերջո, զգացմունքների վրա քար դրած, ունեցվածքը բաժանեց երկու զավակների միջև: Եվ կրտսերն իր բաժինն ամբողջությամբ դրամի վերածեց ու մի առավոտ էլ գյուղից անհայտացավ` առանց ոչ մեկին, նույնիսկ հորը, «մնաք բարով» ասելու:
Հաստատվեց մի մեծ քաղաքի «լյուքս» պանդոկներից մեկում և սկսեց կյանքը «վայելել»: Նրա դրամը, երիտասարդությունը և ուրախ ու առատաձեռն բնավորությունը «բարեկամների» ու «բարեկամուհիների» մի հսկա փաղանգ հավաքեցին շուրջը: Գիշերները մինչև լուսաբաց զվարճանում, իսկ ցերեկները մինչև երեկո քնում էր: Եվ նրա օրերն անցնում էին հազարումեկ գիշերների էջերից պոկված հեքիաթների պես:
Հարստությունը, սակայն, լեռ էլ լինի, սահմանված է սպառվելու, եթե պակասածի տեղը նորը չդրվի: Եվ երիտասարդը մի օր էլ ուշքի եկավ, որ գրպանում դրամի կտոր իսկ չի մնացել: Անմիջապես անհայտացան «բարեկամներն» ու «բարեկամուհիները»: Պանդոկապետը մի քանի օրից դուրս նետեց նրան` նրա հագուստները և մնացորդ ինչքը պարտքերի փոխարեն գրավելով: Նրա չար բախտից այդ օրերին սով էլ էր սկսվել երկրում: Ընկավ հետին չքավորության մեջ: Ոչ ոք երեսին չէր նայում, նախկին «բարեկամները» ձևացնում էին , որ չեն ճանաչում նրան: Ոչ իսկ գիշերելու տեղ ուներ: Մոտակա ագարակից մի մարդ քաղաք էր եկել խոզարած փնտրելու: Հակառակ սովին ու գործազրկությանը, ոչ ոք այդ ստորին և գարշահոտ գործը կատարել չհամաձայնեց: Երբ ագարակապանը դա առաջարկեց այս դատարկապորտ ու հյուծված երիտասարդին, վերջինը սիրահոժար պատրաստակամություն հայտնեց, և գյուղացին հրամայեց նրան հետևել իր իշուկին:
Թշվառ տղան խորհում էր, որ առնվազն գլուխը դնելու տեղ կունենա և աղիքների գալարումն ու բողոքը լռեցնելու չափ ուտելիք: Պոռնիկների ընկերակցությունը երբեմնի այս բախտավոր ու հարուստ երիտասարդին առաջնորդել էր դեպի խոզերի ընկերակցություն: Մենակ էր մնացել ամբողջ աշխարհում, նա, ով ժամանակին ամեն ինչ ուներ:
Օրերի շղթան դժվար էր քանդվում, միշտ տխուր և կիսասոված էր, տրվող հացը բավարար չէր, խոզերի առջև նետվող եղջերենու փայտացած ու վատորակ պտուղներից երբեմն փորձում էր ուտել, ստամոքսը կարծես բզկտվում էր, և վա’յ, որ տերը տեսներ. ապտակն էլ հետն էր ուտում: Նրա պառկելու տեղը խոզանոցում գետնից փոքր-ինչ բարձր մի տախտակամած էր, որի վրա չոր խոտ էր նետված: Գիշերները քունը մշտապես ընդհատվում էր խոզերի խռնչյուններով, որոնք նրան հրեշների ցնորական երազներով էին գալիս: Իսկ գարշահոտությունը… դրան արդեն վարժվել էր:
Վերականգնումը
Երբեմն անձնասպանության կամ տունդարձի մտածումներն ակամա խուժում էին նրա հիվանդ ուղեղը: Դրանք վանում էր իբրև անկարելի մտքեր: Տունդարձի միտքը, սակայն, կամաց-կամաց, համառ և հարատևորեն ռմբակոծում էր ուղեղը: Նրա անոթությունը սնունդ էր հայթայթում այդ մտածումի համար: Հիշում էր իր մանկությունը, գյուղը, երջանկությունը և մանավանդ իր տան ծառաներին ու նախանձում նրանց, ում վիճակն արքայական էր իր հետ համեմատած: Այս բոլոր երևակայությունների մեջ, սակայն, կար մի պատկեր, որը տառացիորեն հալածում էր նրան: Վերջին անգամ տեսած հոր պատկերն էր` իր վրա լայն-լայն բացված տամուկ աչքերով: Դա հայրական խանդաղատանքով օծուն և որդուն կորցնելու երկյուղով լեցուն դեմք էր, որ հայրն ընդունել էր այն օրը, երբ որդին նրան հայտնել էր իր աղետաբեր որոշումը: Այս պատկերը ցնորական այցելությամբ շփոթմունքի էր մատնում նրան, խռովում ամբողջ էությունը և արցունքով ողողում հյուծված ու աղտոտված դեմքը: Այդ պատկերը թեև ծանր տառապանք էր պատճառում նրան, բայց միաժամանակ նրա միակ լույսն էր, միակ փրկագոտին, որը նրան արգելում էր ալեկոծ ծովում ընկղմվել և իսպառ կորչել, ուր ընկել էր իր կյանքի նավաբեկությունից հետո:
Վերադառնա՜լ տուն, հոր մոտ: Մտածումն անգամ նրան երջանկություն էր պատճառում: Բայց ինչպե՞ս, ի՞նչ երեսով նայեր իր գյուղացիներին, ինչպե՞ս հանդուրժեր եղբոր հեգնանքը… Վանում էր աներես ճանճերի նմանվող այս մտածումները, որոնք, սակայն, վերստին թառում էին նրա գլխին: Կյանքը, սակայն, գլորվում էր թշվառությունից թշվառություն:
Ի վերջո, մտքում հաստատ ձև ստացան երկու մտածումներ, որոնք ստվեր գցեցին մյուս բոլոր նկատառումների վրա: Նախ ներաշխարհում զգում էր, որ հայրը դեռևս սիրում է իրեն և սպասում իր դարձին: Մյուս կողմից սրտի խորքում զգում և ընդունում էր, որ իր հերթին անկեղծորեն սիրում է հորը: Նրա կյանքում ամեն բան թառամել էր, բացի հոր հանդեպ ունեցած իր սիրուց, և այդ սերն այժմ վերածվել էր աղեկեզ մի կարոտի: Նրա համար ամեն ինչ աղարտված էր` աշխարհը, իր կյանքը, հոգին և մարմինը: Բայց հոր կերպարն անաղարտ էր մնացել: Արդ, այս երկու սերերը` իրենը և հորը, նրա ներաշխարհի առագաստում միացան իրար և ահավոր երկունքով ծնեցին զղջումը: Ամբողջ գիշեր լաց եղավ մի անդիմադրելի լացով, լաց եղավ կորցրած անմեղության, վատնած երիտասարդության, մանավանդ իր գերագույն ոճրի` հոր սերը կոխոտած լինելու սրբապղծության համար: Այս սպառող լացից խոնջացած և թեթևացած` առաջին անգամ քնել էր խոր ու հանգիստ քնով: Լուսաբացին արդեն արձակել էր իր երկրորդ և այս անգամ` փրկարար ու նույնքան անդառնալի վճիռը. «Պետք է գնամ հորս մոտ և ասեմ նրան. «Հայր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առջև, այլևս արժանի չեմ որդիդ կոչվելու, ընդունիր ինձ` իբրև քո ծառաներից մեկը»: Իջավ մոտակա գետակը, հագուստներն ու իրեն նետեց ջուրը` խոզերի գարշահոտությունից գեթ մասամբ մաքրվելու համար: Արևի տակ չորացրեց իրեն և հագուստները: Ապա, ցուպը ձեռքին, ճակատն ուղղեց դեպի տուն:
Արյան և սիրո կապերով զոդված հոգիներն իրար հետ հաղորդակցության մեջ մտնելու անտեսանելի և անբացատրելի կերպեր ունեն, որոնք այսօրվա գիտությունը համադրում է «հեռակրություն» բառում, և որը հաճախ ավելի ծանոթ է «տելեպատիա» միջազգային բառով: Հայրը զգաց, որ այսօր իրեն մի բարի լուր է սպասում իր կորած զավակից: Իր ապարանքի վերնատան պատուհանի առջև նստած` աչքը գամել էր այն ճանապարհին, որտեղից մեկնել էր կրտսեր որդին: Քիչ հետո հորիզոնի վրա մարդկային մի ուրվագիծ ձև առավ: Քանի ճամփորդը մոտենում էր, այնքան հոր սիրտն ուժգին էր տրոփում: Վատ տեսնող աչքերին օգնության հասած հայրական բնազդը նրան ասում էր, որ եկողն իր տղան է: Դողդոջ քայլերով ցած իջավ: Ճամփորդը դեպի նրա տունն էր ուղղվել: Հազիվ բակից դուրս էր եկել, երբ եկվորն արդեն ընկել էր նրա ոտքերը և մեկիկ-մեկիկ լալահառաչ բառերն էր հեգում. «Հայր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առջև, այլևս արժանի չեմ որդիդ կոչվելու, ընդունիր ինձ` իբրև քո ծառաներից մեկը»: Հակառակ արևից և աղտից սևացած նրա դեմքին, հակառակ մուրացիկի կերպարանքին, հայրը գտել էր իր հարազատ որդուն: Բարձրացրեց նրան, գրկեց, ընկավ պարանոցը, և երկուսն էլ լաց եղան իրենց կյանքի ամենաանուշ արցունքներով: Հայրը, հազիվ կարոտն առած, հրաման արձակեց ծառաներին. «Որդուս տարեք տան իշխանական բաղնիքը, լողացրեք նրան ամենաթանկագին օճառով, հագցրեք նրա նախկին թանկարժեք զգեստները, որոնք պահել եմ սնդուկներումս, նրա ուսերին իշխանական պատմուճանը գցեք, մատին ադամանդով մատանին անցկացրեք: Մյուսները թող մորթեն պարարտ եզը, կանչեք գյուղի երգիչներին և նվագահարներին, ճաշկերույթի հրավիրեք ամբողջ գյուղը, ուտենք, խմենք և ուրախանանք, քանզի իմ այս որդին կորած էր` գտնվեց, մեռած էր` հարություն առավ»:
«Անառակի» դարձի լուրը պայթեց գյուղում. հավաքվեցին գյուղի նահապետի տանը, բոլորի երեսներին ծաղկել էր հին օրերի մտերմական ժպիտը, բոլորն էլ համբուրեցին վերստին որդիական պատվին բարձրացած իրենց երբեմնի բարեկամին, շատերը լաց եղան, բոլորն ուրախացան:
Եվ Ավետարանն իբրև եզրակացություն ավելացնում է. «Այսպես ուրախություն կլինի երկնքում, Աստծո հրեշտակների առաջ, երբ որևէ մեղավոր ապաշխարի» (Ղուկ.15:10):
Ի՜նչ լավ կլիներ, եթե առակն այստեղ ավարտվեր, այս երջանիկ վախճանն ունենար` «հեփի էնդինգը»: Բայց այդ դեպքում այս առակը մի վեպ, հեքիաթ կլիներ և ոչ կյանք: Դժբախտաբար, կյանքում որքան էլ մարդիկ երբեմն-երբեմն երջանիկ պահեր ունենան, դրանց հանկարծ հաջորդում են եղերական երևույթներ, որոնք ստվեր են ձգում ուրախ տրամադրությունների վրա: Եվ կյանքն այսպես շարունակում է իր` ժպիտի և լացի քաղցր ու դառը հաջորդականություններով ելևէջվող ընթացքը: Այսպես է նաև Անառակի առակում, որն իրակա’ն կյանքի հետ կապ ունի և ոչ երևակայական:
Մենք, սակայն, ցանկանում ենք այստեղ մի պահ կանգ առնել` նախքան առակի երկրորդ մասին անցնելը, որն ինքնին մի ուրիշ առակ է: Մենք ցանկանում ենք կանգ առնել` պարզապես անդրադառնալու, ընդլայնելու, արձանագրելու համար այն հիմնական մեղքը, որն Անառակին կործանման ու այլասերման առաջնորդեց. ո՞րն էր Անառակի գլխավոր և մահացու մեղքը: Մեր հաջորդ խորհրդածությունն այս հարցին պատասխանելու ճիգ կլինի:
Վատնում
Վատնումը մեծագույն չարիք է անհատի եւ ընկերության համար
«Եվ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում »: (Ղուկաս 15:13)
Ո՞րն էր անառակ որդու հիմնական մեղքը: Ավետարանում դա հիշված է բացորոշ: Զարմանալին, սակայն, այն է, որ Ավետարանի մատնանշած այդ մեղքը չի անցել մեղքերի այն ցանկ, որը մեր Ժամագրքի առաջին էջերում է (Խոսքը «Մեղայ Ամենասուրբ Երրորդութեանն» բառերով սկսվող ընդհանրական խոստովանության աղոթքի մասին է): Մեղքերի այդ ցուցակում են, օրինակ, անզգամությունը, հանդգնությունը, շռայլությունը, զեխությունը և նմաններ, որոնք ուրիշ մեղքերի կարգում գործել էր Անառակը, և որոնք, սակայն, Ավետարանում իրենց անուններով չեն հիշվում: Իր անունով հիշվում է լոկ ՎԱՏՆՈՒՄԸ. «Եվ վատնեց իր ունեցվածքը»:
Բայի արմատը վատն է, որը հայերենում ամենատգեղ իմաստ ունեցող բառերից մեկն է: Որևէ մեկի մասին ասել «վատ մարդ է», նշանակում է գործածել ամենաստորացնող իմաստ ունեցող բացատրությունը: Արդարև, «վատ մարդուց» ավելի անպետք մարդ աշխարհում չկա: Եթե արմատի իմաստը սա է, տարբեր չպետք է լինի նաև բայի նշանակությունը:
Վատնել բայն ունի իմաստի զանազան երանգներ` գույնով մեկը մյուսից մութ: Նախ նշանակում է իր կամ ուրիշի ունեցածը անհոգությամբ կամ դիտավորյալ անօգուտ և իզուր սպառել ու փչացնել, օրինակ, ծորակը բաց թողնելը, որ ջուրն իզուր գնա, գազը բաց թողնելը, որ ցնդի, թույլ տալը, որ զինվորական կամ հանրային մթերքը փտի և անգործածելի դառնա` վատնումներ են բառի մեղմագույն իմաստով: Նաև նշանակում է սահմանվածից տարբեր և ավելի ստորին նպատակների համար գործածել, օրինակ, եկեղեցական կարգը սին փառքի համար գործածել, կառավարական դիրքը շահի համար կիրարկել: Սակայն բայի սովորական իմաստը ունեցվածքը կամ կարողությունը վատ բանի համար և վատ միջոցներով գործածելն է. թանկագին հարստությունը շվայտության սեղանների վրա մսխել, առողջությունը` գինարբուքի պանդոկներում, կենսական ուժը` շնացողների և պոռնիկների ընկերակցությամբ:
Վատնումը մեծ մեղք է
Արդարև նյութական հարստությունը փչացնելը մեծ մեղք է, որի ետևում առկա է մեր կամ մեր նմանների ֆիզիկական սպառիչ աշխատանքը: Տանջանքով մեջտեղ եկած արդյունքը նվիրական մի բան ունի իր մեջ, որի հանդեպ հարգանք և հոգածություն է պետք ցույց տալ և ոչ թե վատնել: Արդարև, ինչ մեր ձեռքում ունենք, սկսած տներից մինչև թևերին անցկացրած ապարանջանները, ինչ գործածում ենք մեր մերկությունը ծածկելու համար` գլխարկից մինչև կոշիկներ, և, վերջապես, ինչ սպառում ենք մեր կյանքը պահելու համար` հանապազօրյա հացից մինչև տանտիկինների քրտնաջան աշխատանքով պատրաստված համադամ կերակուրները, մինչև մեր սպառած ածուխը, գազը, էլեկտրականությունը և ջուրը, ամենի ետևում առկա է սրբազան աշխատանքի տանջանքը: Մեզ նման հազարավորներ իրենց ֆիզիկական և իմացական ուժերը սպառել են դրանք մեր վայելքին մատչելի դարձնելու համար: Իրողության այս լույսի ներքո պետք չէ արհամարհելի նախապաշարում նկատել բնազդական այն հարգանքը, որ մեր մեծերն ունեին հացի հանդեպ: Նրանից մինչև իսկ փշրանք վատնել հարկավոր չէր: Մեր Տերն էլ երբ հազարավոր մարդկանց հացով ու ձկով կերակրեց, Իր աշակերտներին հրահանգեց հավաքել «մնացած կտորները, որպեսզի ոչ մի բան չկորչի» (Հովհ. 6:12):
Երբ հացի փշրանք էր գետնին ընկած, պետք էր վերցնել, համբուրել և այնպիսի տեղ դնել, ուր մարդկային աղտոտ ոտքը չի հասնում: Հացը մարմնավորում է կյանքի բոլոր այն բարիքները, որոնք ճակատի քրտինքով են ձեռք բերվում: Հացը բոլոր բարիքների խորհրդանշանն է նախ` իր կենսական անհրաժեշտությամբ և երկրորդ` իր ետևում հավաքական աշխատանքների ամենաերկար շարքն ունենալու պատճառով: Այսինքն` դաշտի տաժանագին հերկից ու ցանքից մինչև հունձքի և կալի քրտնաթոր տքնություններ, աղացքից մինչև փռի առջև հացի հետ միասին եփվելը: Հացը նետելը կամ վատնելը նշանակում է նաև արհամարհել այս բոլոր աշխատավորներին: Այդ վատնումը ոճրի է վերածվում, երբ հիշում ենք, որ մեր երկրագնդի վրա մեզ նման միլիոնավորներ կան, ովքեր հացի պակասից տառացիորեն տվայտում են սովի ճիրաններում:
Չենք ուզում ասել, որ ավելացած կամ չորացած հացի փշրանքները նետես չունեցողի առջև: Ոչ: Այլ ուզում ենք ասել, որ ավելացած հացդ պետք է բաժանես չունեցողի հետ, երբ այդ հացը զամբյուղում տակավին թարմ է: Կրոնական և սրբազան իմաստ հագած մի բառով` պետք է հացդ բեկանես (Բեկանել (գրաբ.)` ձեռքով կտրել, մասնատել, բրդել) նմանիդ հետ, ով այս կամ այն պատճառով զուրկ է մնացել նրանից: Եվ եթե շուրջդ չունես մարդիկ, ում հետ պետք է հացդ բեկանեիր, գնիր գոնե քեզ պետք եղող կես հացը միայն, և վատնվելիք մնացյալ կեսի դրամն ուղարկիր այնտեղ, ուր հացը պակասում է: Հացը, արդեն ասացինք, Աստծո բոլոր բարիքների պարզագույն խորհրդանշական պատկերն է… Ոչ ոք իրավունք չունի իրեն պետք եղածից ավելին ունենալու, դիզելու կամ վատնելու: «Տիրոջն է երկիրն իր ամբողջությամբ, աշխարհն իր բոլոր բնակիչներով» (Սաղ. 23:1): Աշխարհի բոլոր բարիքները, հոգ չէ` իմ ձեռքում են գտնվում, թե քո կամ մայր երկրի ընդերքում, ամբողջ մարդկության սեփականությունն են` Աստծուց տրված. «Ահա ձեզ տվեցի երկրի արտադրած բոլոր բերքերը» (Ծննդ. 1:19),-նախամարդուն ասում է Աստված: «Ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է» (Հակոբ 1:17), -ասվում է Նոր Կտակարանում: Աշխատանքը մեր սրբազան պարտքն է, բայց դիզելը մեր իրավունքը չէ, երբ բյուրավորներ կան, ովքեր այս կամ այն պատճառով մեր սեղանի պետքն ունեն: Եթե դիզելը ծանր մեղք է (Ավետարանն այս մասին զանազան առակներով ու բացահայտ հավաստումներով տարակույսի նշույլ անգամ չի թողնում մեր մտքերում), հապա ի՞նչ պիտի լինի վատնելը, մեր կամ այլոց ձեռքի սրբազան պտուղները վատ նպատակների համար գործածելը:
Ստույգ է` դրամի վերածած այն հարստությունը, որն Անառակն իր հետ «հեռու աշխարհ» էր տանում, մարդկային ժառանգական օրենքով իրեն էր պատկանում: Բայց Աստծո և բնության օրենքով իրեն չէր պատկանում: Ինքը չէր շահել այն, դրանում ինքը քըրտինքի ոչ մի կաթիլ չուներ: Ուրիշների ճակատի քրտինքով ստեղծված հարստությունը վերցնելը և պոռնիկների ու դատարկապորտների հետ մսխելը, մոխրի վերածելը համազոր է գողության, ավազակության և հափշտակության, քրեական ոճրի, քանի որ ստոր և վնասակար կերպերով փչանում էր մի հարստություն, որն, աշխատանքի հետ միանալով, կարող էր շահաբեր լինել և շատերի կյանքը փրկել: Այնպես որ, Անառակն ավելի քան արժանի էր այն վիճակին, որին մատնվեց իր ունեցվածքը վատնելուց հետո:
Միայն ունեցվածքը չէր, որ նա վատնեց. նաև իր ֆիզիկական ու հոգեկան հարստությունները: Ինչպես ոչ ոք իրավունք չունի իր ունեցվածքը վատնելու, այնպես էլ ոչ ոք, ոչ ոք արտոնություն չունի վատնելու (գիտությամբ, թե անգիտությամբ) իր կարողություններն ու կարելիությունները: Թե’ մեր նյութական ունեցվածքը, թե’ մեր բարոյական կարողությունները «տաղանդներ» են, որոնք կյանքի և ամեն բանի Տիրոջից տրված են, Ավետարանի այնքան իմաստալից բառով` «շահարկվելու» համար: Դրանք տրված են մեծացնելու, շահ բերելու մեզ և ընկերությանը: Այլապես ամեն բարիք պարգևող Տիրոջ սաստին ու պատժին կենթարկվենք: Տերը «չար ծառա» է կոչում նրան, ով չէր շահարկել իրեն տրված տաղանդը, և հրահանգում է. «Նրանից վերցրեք նաև իրեն տրվածը (որը պահել էր թաշկինակի մեջ կամ թաղել հողում), և նրան նետեք արտաքին խավարը, ուր նրան ափսոսանք ու լաց է սպասում» (Տե´ս Մատթ. 25:14-30, Ղուկ. 19:11-27):
Անառակը վատնեց նաև իր երիտասարդությունը` պարգևներից ամենացանկալին, իր անմեղությունը` հատկություններից ամենահամակրելին, և, վերջապես, իր ընտանեկան երջանկությունը` փափագելի բարիքներից գերագույնը:
Անառակին, սակայն, թողնենք իր լուռ, բայց միշտ խոսուն հավերժական պատվանդանի վրա, Ավետարանի էջերում, իսկ մենք դառնանք մեր ժամանակների անառակներին և նրանց վատնումներին:
Վատնումը մեր ժամանակներում
Ոչ մի դարում այնքան հսկայական դրամագլուխ չի կուտակվել, որքան 20-րդ դարում: Եվ սա` բոլոր մարզերում` նյութական և իմացական, գիտական ու տեխնիկական, ինժեներական ու ճարտարապետական: Սակայն, միաժամանակ, քիչ դարեր են այնքան անխնա մսխել իրենց կտակված և իրենց ստեղծած «ունեցվածքները», որքան մեր դարը: Երկու համաշխարհային և բազմաթիվ տեղային հիմար պատերազմների ընթացքում կատարված վատնումները հիշելը միայն բավական կլիներ մեր հավաստումն արդարացնելու համար: Միլիոնավոր կյանքերի մսխումը` ամենապիտանիների և ամենաաշխատունակների, այսինքն` մեծամասամբ երիտասարդության: Անհաշիվ հարստության, տների և մթերքի վատնումը, որոնք բավական էին պատսպարելու միլիոնավոր անտունների և կերակրելու բյուրավոր սովահարների:
Այսօր աշխարհի պետությունների բյուջեներին, պատերազմի աստծուն պարարտացնելու համար, տառացիորեն աստղաբաշխական գումարներ են հատկացվում` ոտքի հանելով հսկայական բանակներ, որոնք երկիրը միանգամայն զրկում են աշխատունակ բազուկներից և ընտանիքները` դրանք պահող նեցուկներից: Ընդունենք, թե ոչ, սրանք վերջին հաշվով վատնումներ են, առնվազն արգելքներ` ավելի կենսական ու շինարար պահանջներին գոհացում տալու համար: Ավելի անհետաձգելի պահանջներ կան նոր վարժարանների, հիվանդանոցների, և, վերջապես, մեր երկրագունդը մշակման արդիական գործիքներով օժտելու:
Եվ տակավին ատոմական փորձերի և լուսնից քար բերելու սարսափելի վատնումները, երբ միլիոնավորները հաց են աղաղակում: Չէ՞ր կարելի մսխված այդ գումարները գործածել տառացիորեն երկրի քարերը հացի վերածելու հրաշքի համար: Թող ուրիշները շարունակեն վերհիշել ու լրացնել անհատնում այն վատնումները, որոնք մեր օրերի «անառակներն» են անում` հավաքաբար ու անհատաբար և ի վնաս համայն մարդկության, իսկ մենք մեր ակնարկը կկենտրոնացնենք հայ իրականության վրա` այնտեղ էլ վատնումի մեղքերը մատնանշելու:
Ավագ անառակը
Չկամությունը եւ նախանձը մարդուն զրկում են կյանքի կոչումից
«Բարկացավ և չէր կամենում մտնել» (Ղուկաս 15:28)
Անառակի առակը զույգ անառակների մասին է: Այն երկու անառակ եղբայրների պատմությունն է: Կրտսերի ելևէջող կյանքի դրվագի գրավչությունը, սակայն, ստվերի տակ է թողել ավագի վարքը, որը կրտսերի վարքի չափ եղերական, սակայն առանց նրա երջանիկ վախճանի է: Մեր ակնարկն այժմ կենտրոնացնենք երկրորդ անառակի վրա:
Ավագ եղբայրը կրտսերի հակապատկերն է: Նա լուրջ մարդ է` հորը հլուհնազանդ և աշխատանքին կապված: Նրա կյանքը մշտական մաքոք է տան և ագարակի միջև: Առավոտյան` արտ, երեկոյան` տուն: Ուրիշ ճանապարհով չի շեղվել, որովհետև ուրիշ ճանապարհ չի ճանաչում: Ոչ ոք չի տեսել նրա ժպտալը կամ ծիծաղելը, սակավախոս է, գրեթե լռակյաց: Բերանը բացում է լոկ անցորդներին «շալոմ» (բարև) ասելու համար: Բարեկամներ քիչ ունի, թշնամիներ` բնավ: Ամեն ոք առանց սիրո հարգանք ունի այս հասուն երիտասարդի հանդեպ, իսկ ծառաները` վախ, քանզի խիստ և կծու է նրանց հանդեպ: Ոչ ոք նրան չէր տեսել հարսանիքներին կամ տոնական ուրախություններին, բայց անպակաս էր հուղարկավորություններից: Այս վերջին առիթներին էր, որ նրա մարդկայնությունը փոքր-ինչ հայտնվում էր, երբ իր հերթին անսեր հարգանքով իր ցավն էր հայտնում ննջեցյալի տիրոջը:
Բծախնդրորեն օրինապահ էր: Շաբաթ օրերին անխափան սինագոգ էր գնում, այդ օրը ձեռքը ոչ մի գործի չէր գցում: Աստծո պաշտոնյաների հանդեպ հարգալից էր: Չէր թերանում իր կրոնական պարտականությունների մեջ, տասանորդը սինագոգին լրիվ վճարում էր: Խղճմտորեն պահում էր բոլոր պատվիրանները, որոնք «մի’»-ով էին սկսվում` մի’ գողացիր, մի’ սպանիր, մի’ շնացիր և այլն: Լուրջ մարդիկ նրան գյուղի մանուկներին իբրև օրինակ էին մատնանշում, ովքեր, սակայն, միայն իրենց հասկանալի պատճառներով, շատ էլ խանդավառված չէին նրանով: Ինչ-որ անսիրելիություն և արհամարհանք ուներ կրտսեր եղբոր հանդեպ` պարզապես նրա ծուլության ու զվարթ թեթևամտության համար. գոնե ինքն այդպես էր կարծում: Զարմանում և հաճախ զայրանում էր, թե հայրն ինչո՞ւ էր շփացնում անպետք տղային` նրա վրա շռայլելով իր խանդաղատանքը:
Ավագ որդու անկումը
Անառակի վերադարձի օրը ավագ որդին, ըստ սովորության, ագարակում էր: Երեկոյան, գործից հետո երբ մոտեցավ իրենց տանը, թմբուկի և երգերի ձայներ լսեց: Ատում էր աղմուկը, երգից հաճույք չէր ստանում: Կանչեց ծառաներից մեկին և հարցրեց, թե ի’նչ էր պատահել: «Եղբայրդ եկավ, հայրդ պարարտ եզը մորթել տվեց և հրամայեց ուրախություն սարքել, քանի որ նրան ողջ-առողջ վերադարձած տեսավ»: Ավետարանը մի քանի ժուժկալ բառերով պատկերացում է տալիս այդ պահին ավագի հոգեվիճակի մասին. «Բարկացավ և չուզեց ներս մտնել»:
Եղբոր վերադարձի լուրը սահմռկեցրեց նրան, խանգարեց նրա եսասեր հանգիստը, որ գտել էր եղբոր հեռացումով, իրեն բոլորովին ազատված էր կարծում նրա ներկայության տաղտուկից, նա իր համար անդարձ կորած ու մեռած էր… Մի անդիմադրելի խռովք պատեց նրա էությունը: Գլուխը ձեռքերի մեջ` անխոս նստեց դռան առջևի քարին: Ծառան տեսավ նրա այս վիճակը, վախեցավ փոթորկից, որ կարող էր իր գլխին պայթել, ներս սպրդեց և տիրոջ ականջին ինչ-որ բաներ փսփսաց: Եվ հայրը, առանց խրախճանքը դադարեցնելու, դուրս եկավ ու «նրան աղաչում էր», որ ներս մտնի: Կյանքում առաջին անգամ ավագ որդին հոր ներկայությամբ ոտքի չկանգնեց ու գրեթե անպատկառորեն գոռաց նրա երեսին. «Այսքան տարի է` ծառայում եմ քեզ և երբեք խոսքիցդ դուրս չեմ եկել: Մի օր ինձ չասացիր` տղաս, գնա’, մի ուլիկ մորթիր ու քեֆ արա բարեկամներիդ հետ: Իսկ երբ քո այդ որդին վերադարձավ, որ ունեցվածքդ պոռնիկների հետ կերավ-փչացրեց, նրա համար պարարտ եզը մորթեցիր»: «Օձն» այս անգամ նախանձի լեզվով է խոսում ավագ որդու հետ: Նույն պահին ավագն իր հորից այնքան էր հեռացել, որչափ կրտսերը չէր հեռացել իր «հեռու աշխարհ» գնացած ժամանակ: Դիմակը հանեց նաև ավագ որդին: Հոր երեսին խփեց իր հավատարիմ ծառայությունը, «քո այդ որդին» կոչեց վերադարձողին` ասելու համար, որ ինքը նրան իբրև եղբայր չի ընդունում: «Եղբայրական սեր» ասվածը քիչ անգամներ է այնքան չորացել, որքան ավագ եղբոր մեջ: Նախանձը հազվադեպորեն այնքան տեսանելիորեն էր մարմնավորված, որքան այդ պահին ավագ որդու մեջ էր, ու չկամությունը քիչ անգամներ է այնքան բիրտ կերպով հեռու մղել սրբությունները, ինչպիսիք հոր սերը և եղբորը ներելու մարդկայնությունն են: Եթե ավագի արարքն անառակություն չէր, ապա գոնե չարություն էր, որն ավելի կարճ ճանապարհով է առաջնորդում (եթե ոչ ֆիզիկապես, գոնե հոգեպես) այնտեղ, ուր կրտսերն իր անկումից հետո էր հասել: Երկուսի մեղքի պտուղն էլ երջանկության կորուստն էր: Երկուսն էլ հեռացան իրենց հոր տնից: Երկուսն էլ իրենց զրկեցին հոր սիրուց ու սեղանից: Երկուսի կյանքն էլ վատնում արձանագրեց. առաջինը` կրտսերը, վատնել էր հոր ունեցվածքն ու իր անմեղությունը, երկրորդը` ավագը, վատնեց պատվիրանապահությամբ և հնազանդությամբ շահած արժանիքները:
Հայրը, սակայն, ինչպես ներել էր կրտսերի անառակությունը, ներեց նաև ավագի անպատկառությունը. «Որդյակ, դու շարունակ ինձ հետ էիր», ամենօրյա հացի նման վայելում էիր իմ սերը, բացի այդ, «ինչ, որ ունեմ, քոնն է», ո՞վ քեզ կարգելեր մորթել քո ուզած ոչխարը, «բայց ուրախ լինել և հրճվել պետք էր, որովհետև քո այս եղբայրը մեռած էր, վերստին կյանք վերադարձավ, կորած էր և գտնըվեց»:
Առակն այստեղ վերջանում է: Չգիտենք , թե ավագ անառակն էլ մտա՞վ խրախճանքի սրահ, թե՞ ոչ:
Ո’վ է կրտսեր, ո’վ է ավագ անառակը
Հիսուսի առակների մեծ մասը երկու մեկնաբանություն ունի: Մեկը ժամանակակից կամ «ավետարանական» կոչվածն է, իսկ մյուսը` հավերժական: Որևէ առակի «ավետարանական» իմաստը կապ ունի մի կողմից «Աստծո ընտրյալ ժողովուրդ» կոչված հրեա հավաքականության հետ, որի ծոցում ծնվեց Հիսուսը, որտեղ գործեց ու քարոզեց և ում կողմից, ի վերջո, սպանվեց ու մերժվեց, և մյուս կողմից` «հեթանոս» կոչված հավաքականության հետ, որտեղ, ի վերջո, Ավետարանը քարոզվեց, և որտեղ արմատավորվեց ու հաստատվեց քրիստոնեական Եկեղեցին: Իսկ առակի «հավերժական» կոչված իմաստը պատշաճում է բոլոր դարերին, բոլոր ժողովուրդներին և բոլոր մարդկանց` անհատաբար կամ հավաքաբար:
«Ավետարանական» իմաստով Անառակի առակի ավագ որդին հրեա ժողովուրդն է` դարերով Աստծուն «ծառայող» և Նրա պատվիրաններն իբրև օրենք ընդունող: Սակայն ինչպես առակում ավագ որդուն տեսնում ենք կյանքը գրեթե բրածոյի վերածած, սիրուց և մարդկայնությունից զրկված, այնպես էլ հին Իսրայելը քարացած էր օրինապահության և ծիսապաշտության մեջ, իրեն զրկել էր օրենքի ոգուց և կառչել նրա տառից: Նրա Աստվածը վրեժխնդիր էր, նրա օրենքը` «ակն ընդ ականը» «Աչքի դիմաց` աչք» (Ելք 21:24):, նրա ընկերային բարոյականը` գողություն կամ շնություն չանելը, իր կրոնակցին սիրելը և իր թշնամուն ու բոլոր հեթանոսներին ատելը: Իսկ կրտսեր որդին ներկայացնում էր հեթանոսությունը, որն իրեն Աստծո «տնից» ու օրենքից դուրս էր նետել և վատնվում էր հեթանոսական խորդուբորդ կյանքի ճանապարհներին:
Ավետարանը, սակայն, մի նոր կոչ էր, մի նոր բարի լուր` ուղղված ողջ մարդկությանը` թե’ հրեաներին, թե’ հեթանոսներին: Հիսուսի հասկացողությամբ երկուսն էլ` թե’ հրեաները և թե’ հեթանոսները, կորստի էին դատապարտված, եթե շարունակեին իրենց բռնած ճանապարհները: Երկուսն էլ Նրա բերած փրկարար պատգամի պետքն ունեին, հետևաբար, Ավետարանը երկուսին էլ հավասարապես քարոզվեց: Առավելաբար հեթանոսներն ունկն դրեցին այդ կոչին, ապաշխարեցին և «իրենց հոր տունը» վերադարձան: Իսկ միշտ Աստծո տանը գտնվող «պատվիրանապահ» հրեա ժողովուրդն ի վերջո «չցանկացավ» հեթանոսների հետ միասնաբար Աստծո տունը մտնել և քրիստոնեական եկեղեցուց դուրս մնաց: «Բայց ասում եմ ձեզ,-մի օր արդարև ասաց Հիսուսը` խոսքն ուղղելով հրեա ժողովրդին,-որ արևելքից ու արևմուտքից շատերը պիտի գան ու երկնքի արքայության մեջ [ուրախության] սեղան պիտի նստեն Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ, իսկ արքայության որդիները [հրեաները] պիտի ելնեն արտաքին խավարը. այնտեղ պիտի լինի լաց և ատամների կրճտում» (Մատթ. 8:11-12) :
Սակայն մեզ շահագրգռողն առակի բարոյական և հավերժական իմաստն է:
Երկու որդիները ներկայացնում են ողջ մարդկությունը` իր երկու հիմնական բարոյական տեսակների մեջ: Մեկը սանձարձակ է, բայց իսպառ պարպված չէ սիրելու կարելիությունից, իսկ մյուսը մաքրակրոն է, բայց` աններող: Մեկն անիշխանական է, բայց զգաստանալու ընդունակ, մյուսն օրինապահ է, բայց` փարիսեցի: Մեկը հեղափոխական է, ամեն ինչ քանդող, բայց օժտված նորը և ավելի լավը շինելու բարեմտությամբ, մյուսը ցանկանում է պահել հին կարգերը, որովհետև դա շահավետ է իրեն: Հնարավոր է, որ մեր ժամանակների նոր սերունդը կրտսեր անառակի մարմնացումը լինի, իսկ ավագ սերունդը` ավագ որդու: Արդյոք նոր սերնդի ներկա վատնումը և գալիք սովը` բարոյական ու ֆիզիկական, կզգաստացնի՞ նրան: Արդյոք ավագ սերունդը կկարողանա՞ հրաժարվել իր փարիսեցիությունից, իր նախանձից և իր չարաշահություններից, երբ տեսնի, որ ամբողջ նոր աճող մարդկությունը` նոր սերունդը, հարգանք չունի նրա, այսպես ասած, «բարոյական» չափանիշների հանդեպ, քանի որ ավագ սերնդի խոսքը և կյանքը հակասում ու հերքում են միմյանց:
Նոր սերնդին լավ-լավ խրատներ են տալիս, բայց իրենք դրանք չեն գործադրում: Հներից քանի՞ մարդ է ինքն իրեն ներքնապես հարգում` արիություն ու առաքինություն մշակելով, որպեսզի նորերն էլ հարգանք ունենան իրենց հանդեպ: Քանիսի՞ այոն է այո և ոչը` ոչ: Քանի՞ մարդ է, որ իմացական, բարոյական ու ֆիզիկական շնություն, գողություն և սպանություն չի անում: Տարակույս չկա, որ նոր սերնդի մեծ մասն անառակ է, բայց հին սերնդից քանի՞ մարդ է զերծ նախանձից, ատելությունից, բամբասանքից, զրպարտությունից ու ստախոսությունից, որոնք ավելի ծանր և այլասերիչ մեղքեր են թե’ ենթակայի և թե’, մանավանդ, ընկերության համար:
Կյանքում նման անհատնում երևույթներ կան, ուր բացորոշ երևան են գալիս տարբերությունը և հակասականությունը, որոնք առկա են մեր գործնական կյանքում ու ձևական հավատքում, և այս հակասականությունը ավագ որդու հիմնական հատկանիշն է: Կրտսերը, հակառակ իր գրեթե ամբողջական քայքայման, ուշքի եկավ և զղջումով ու ապաշխարանքով, փյունիկի նման, մոխիրներից վերստին կյանքին տիրեց ու որդիական իր պատվին բարձրացավ: Ավագ որդու առակում հակառակ ընթացքն ենք նշմարում: Առակի երկրորդ մասի եզրակացությունը խորհրդավոր ու ահավոր կերպով բաց է թողնված, և սրանում են Ավետարանի գերագույն իմաստությունն ու իրապաշտությունը: Հաջորդ քայլը թողնված է մարդու կամեցողությանը. եթե ցանկանա, կմտնի ու կմասնակցի խրախճանքին, և եթե չցանկանա, իրեն կզրկի այդ ուրախությունից: Արտաքին արգելող պատճառներ չկան, ընդհակառակը` կա հոր հրավերը և «աղաչանքը»: Արգելող պատճառները ներքին, ենթակայական ու, մանավանդ, եսասիրական են: Ավագին նեղություն տվող ու զայրացնող պատճառը նախ այն մտահոգությունն էր, որ կրտսերն իրեն բաժին ընկած ժառանգությունը փչացնելուց հետո տուն էր եկել մասնակցելու նրա` ավագին մնացած բաժնին: Ենթադրում ենք, որ շատ-շատերը կարդարացնեն ավագին: Ուրիշ խոսքով` եթե շատ-շատերն ավագ որդու տեղում լինեին, ամենայն հավանականությամբ, նրանից տարբեր ձևով չէին շարժվի: Բայց այստեղ է, որ երևան է գալիս Ավետարանի և մարդկանց չափանիշների տարբերությունը. «Պիտի սիրես քո եղբորը կամ ընկերոջը ինչպես քո անձը»: Ո՞վ ունեցածը կխնայի իր անձի համար. եթե եղբորդ պիտի սիրես «ինչպես քո անձը», ինչպե՞ս կարող ես ունեցածդ խնայել նաև եղբորդ համար: Ավագն ափսոսում է մինչև իսկ պարարտ եզը, որը մորթվել էր կրտսեր եղբոր վերադարձը տոնելու համար: Ավագի սրտում արմատ էր բռնել բարոյական ահավոր մի ախտ, որից, ինչպես քաղցկեղից, դժվար է բուժել: Այդ ախտը եսասիրությունն է, որից անբաժան և միասին են աճում հպարտությունն ու սրա տարատեսակները, նախանձը, բարկությունը, ագահությունը և սրանց տարատեսակները` բոլորն էլ մահացու մեղքեր: Վա՜յ նրանց, ովքեր սրանց ճանկը կընկնեն, ու ավագը, դժբախտաբար, բռնվել էր սրանց թակարդում, և դա է պատճառը, որ առակը չի կարողանում ասել` ի վերջո, նա տեսավ հոր խոսքերի ողջամտությունն ու մարդկայնությունը, համբույրով հաշտվեց եղբոր հետ և մասնակից դարձավ խրախճանքին:
Սակայն մոռանանք ավագին` առակի ժխտական կողմը, ու մեր մտքում, հատկապես ապաշխարության այս օրերին, կրտսերին պահենք: Նա վերադարձել էր հոր տուն` վերագտած իր նախկին երջանկությունը, ավելի հասունացած և իմաստնացած: Ինչպե՞ս պետք էր պահել ու մշտնջենավորել այդ վիճակը: Հաջորդ երկու կիրակիները կպատասխանեն այս հարցին:
Հատված Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան» գրքից