Հռոմայեցիների ամբարիշտ Մաքսիմիանոսի ինքնակալության ժամանակ, բյութանացիների նահանգի Նիկոմիդիա գեղեցկագույն քաղաքում, մեր հալածանքների տարիներին, մի երևելի մարդ կար, որի անունը Ելևսիոս էր: Նա Մաքսիմիանոսի մերձավոր խորհրդակիցն էր և նրա սիրելի բարեկամն էր համարվում: [Ելևսիոսը] չաստվածների պաշտամունքի մեծ ջատագով էր և հավատարիմ էր [այդ գործին]:
Նա խոսք առավ պայծառ, գեղեցիկ և չքնաղ կերպարանքով զարդարուն [Հուլիանե անունով] մի աղջնակի [ծնողներից]: Աղջիկն ազգով երևելի էր, վարքով գովելի և ողջախոհությամբ կատարյալ առաքինասեր: Նա պահում էր բարի հիշատակները, որ ստացել էր որպես զարդ իր անձի համար, և դրանցով դեպի կատարյալ ճոխություններն էր շտապում և հանապազ իր միտքը միտում էր քրիստոսադիր հավատքի բարեպաշտություններին: [Եվ նա] որպես առաջնորդ և զորացուցիչ ուներ աստվածային Հոգու նախախնամությունը, որովհետև կույսն այս ծնողներից բարիքների պատճառ չէր ստացել, քանի որ նրա հայրը պանծալի էր կռապաշտության մեջ և ամբողջությամբ բարեկամացել էր հելլենների հետ և քրիստոնյաների թշնամի էր: Իսկ մայրը հելլենների [բազմաստվածության] և բարեպաշտության սահմանագծին էր և կրոններից ոչ մեկն առավել չէր համարում:
Մինչդեռ պարկեշտագույն Հուլիանե կույսը ոչ թե գայթակղվում էր այդպիսի խոհերով, այլ իր բարի բնությամբ ցանկանում էր տեսնել բարիքները: Տեսնելով երկինքն ու երկիրը, օդն ու ծովը, ջուրն ու հողմը, լույսն ու խավարը, երկնային լուսատուների պտույտը, եղանակների հաջորդումը, և այդ բոլորի ունեցած զորությունները, խոհեմական իմաստությամբ քննում էր այդ ամենը, կամենալով ճանաչել դրանք գոյացնողին, որովհետև ամենիմաստ Աստծու զորությունը և բոլորի ճարտարապետ Սուրբ Հոգին բարձրացրեցին նրա միտքը, որ նկատի առավել բարձրը` երևացող ստեղծվածների Շարժողին և Խնամողին, [որ կույսը տեսնի], թե ինչ էությունից են կառավարվում այս բոլորը: Եվ իմաստությամբ ճանաչեց և հասու եղավ Աստծու զորեղ խորհուրդներին, ինչպես անեղ Երրորդության ճանաչման խորհրդածուն է իր աստվածաբանական մատյանում գրում` ասելով, թե` «Աշխարհիս վրա երևացող արարվածներով Աներևույթին ենք տեսնում ու ճանաչում» (Հռոմ. Ա. 20): Այս բանը միշտ և հանապազ արմատացած էր մարգարտափայլ Հուլիանեի մտքում, և աստվածային սերն էր նրա շուրջը: Խոստովանում էր մի Աստված և Նրան կոչում էր երկնքի և երկրի արարիչ, որ կառավարում է բոլոր գոյակներին: Եվ ինքն իրեն ասում էր. «Նրան [է պետք] երկրպագել», ինչպես և այլ բաներ էր ասում. «Հուլիանեն երբեք չաստվածների մոտ չի եղել և երբեք ծառայություն և պատիվ չի մատուցել նրանց»:
Այսպիսի բաներ էր ասում և գործում, որովհետև վերին օգնականության կողմից լույսի առավոտ էր ծագել նրա վրա, և նրան գուրգուրում էր ճշմարտության Հոգին, և երևելի զգայությունների կողմից բարձրացվելով` նրա էությունը անճառելիներին էր հանդիսակից դառնում և վերին երանության բաղձանքների իղձերին էր միտվում նրա հոգին` փախչելով բոլոր երկրային զբաղմունքներից: Եվ այս երեք բանի վրա էր ծախսում իր օրը` մշտապես գնում էր Աստծու տաճարը անդադար աղոթելու և աստվածային Գրքեր ընթերցելու, նաև աղոթքով էր անցկացնում իր ժամանակը և հասու էր լինում Աստծու Բանի բոլոր տնօրինական խորհուրդներին: Ե՜վ Մարիամից ծնվելը, և՜ Հորդանան գետում մկրտվելը Հովհաննեսի կողմից, և՜ աստվածագործ նշանները, որ եղան եբրայեցիների մեջ, մահը և ապրեցնող չարչարանքները, որ արարվածների համար էին, [և՜] խաչի խորհուրդը, և՜ սատանայի բռնությունների վերացումը, որ եղավ Նրա մահվան միջոցով, երեքօրյա թաղումը և հրաշափառ հարությունը, աստվածանման համբարձումն ու մարդեղության բոլոր գործերը ճշմարտապես գիտեցավ` ունկնդրելով սուրբ Գրքերի [ընթերցումը] և սովորելով վարդապետներից, որ քարոզում էին ժողովրդի մեջ: Նաև իմացավ աստվածային խորհուրդների գաղտնիքները, թե ինչպես են առաջ եկել եկեղեցու կարգերը, և թե ինչպես առաքելական քարոզության շնորհիվ հաստատվեց հավատքի արմատը: Ճանաչեց նաև հանդերձյալ երանությունների բրաբիոնը և անճառելի փառքերը, որ պատրաստ պահվում են Աստծու օրենքների ետևից գնացողների համար, ամբողջ աշխարհի հարությունը և երկրորդ գալստյան ահեղ արհավիրքները, մեղավորների խմբերի անտանելի տանջանքները, և անվախճան հավիտենության մեջ արդարների անվերջ թագավորությունը:
Այս ամենով էր պարսպել անձն իր սրբուհի կույսը և Հոգու ամրակուռ վահանով էր փակել իր զգայարանները դիմամարտ չարի դեմ և ծարավի ոգով տենչում էր գտնվել երկնավոր Փեսայի հաճոյական [առագաստի] մեջ: Իսկ Ելևսիոսը հարսանիք էր կամենում: Սակայն հոգեհրաշ տիրուհին և ջերմեռանդ բաղձանքով Հիսուսին ցանկացող Հուլիանեն նրա ուղարկած մարդկանց ետ ուղարկելու ջանքեր էր թափում, ասելով. «Մի՜ շտապիր հարսանիք անել: Ստուգապես գիտեցի՜ր` անհնար է, որ ես համաձայնեմ, մինչև որ դու թագավորից եպարքոսական իշխանություն չստանաս»: Այսպես էր ասում, խորհելով, որ Ելևսիոսը կհամաձայնի, սակայն չի կարողանա իրագործել այդ, և պատճառ կլինի ամուսնության մերժման համար: Իսկ եթե
կարողանա իրագործել, [աղջիկն] ուներ և երկրորդ պայման, որը եթե ևս ընդունի Ելևսիոսը, այլևս չի կործանի իր անձը, իսկ եթե չկարողանա ընդունել, ապա և ամուսնության մասին մտածմունքները պետք է կորցնի իսպառ: Եվ մեծահռչակ աղջիկն այս խոհերն էր պահում իր սրտում:
Սակայն, քանի որ Ելևսիոսը սաստիկ սիրով էր բռնկվել աղջկա հանդեպ, որովհետև [Հուլիանեն] պարկեշտությամբ և աննկարագրելի գեղեցկությամբ հաճելի էր բոլորի աչքին, իսկ Ելևսիոսը տռփական ցանկությամբ մաշվում էր, [բոլոր հնարքներն ի գործ դրեց], շարժեց քաղաքն ու թագավորական պալատի մեծամեծներին, որ բազում ոսկով ու արծաթով գնի այդ իշխանությունը և մարդ ուղարկեց աղջկա մոտ` ի ցույց դնելով իր փեսայության պայծառ ճոխությունը և պահանջում էր նրանից շտապ հարսանիք անել: Իսկ երանելի կույսը հայտնում է իր խորհածը և իր մոտ եկածներին պատասխանում.
–Գնացե՜ք, այսպես ասացե՜ք Ելևսիոսին. «Դա բավական է մեզ այս կյանքում երջանիկ լինելու համար, բայց եթե դու չերկրպագես իմ Աստծուն և չխոստովանես Նրան, որին ես եմ պաշտում, ուրիշին գտիր ամուսնանալու համար, որովհետև Հուլիանուհին չի ցանկանում բնակակից լինել նրան, որ քրիստոնյա չէ»: Եվ եթե սա չանի, թո՜ղ գնա մեկ ուրիշի հետ զույգ կազմի:
Եվ ուղարկվածները գնացին, պատմեցին այս Ելևսիոս եպարքոսին: Եվ նա տագնապով և տրտմությամբ կանչեց աղջկա հորը և պատմեց ամենը` խոսքի մեջ սպառնալիքներ խառնելով: Իսկ [աղջկա] հայրը, լսելով երկյուղեց, զարհուրեց և վախեցավ, որովհետև ինքը ևս անվանի էր հելլենական կրոնի մեջ և Ելևսիոսին հավասար պաշտում էր իր սիրելի աստվածներին: Եվ վհատված վերադարձավ իր տունը և իսկույն սկսեց խոսել դստեր հետ` ո՜չ սառն և ո՜չ խիստ, այլ հանգիստ, զգուշանալով, որ հանկարծ չգրգռի, և [անկշռադատ խոսքերը] անդառնալի վիճակի չբերեն: Եվ սիրալիր, հայրական խնամածությամբ [աղջկան] կանչեց իր մոտ, թևն ուսին գցեց, համբուրում էր և ասում.
–Ասա՜ ինձ, դո՜ւստր իմ և աչքերիս խնդալի լույս, ինչո՞ւ ես դեմ հարսանիքին և ինչո՞ւ ես մերժում եպարքոսին:
Խոսքերն այս կույսի ականջին հասան որպես օձի թույն, և նա ասաց.
–Վերջացրո՜ւ, հա՜յր իմ, [մի՜ խոսիր] այդ բանի մասին, որովհետև երդվում եմ իմ հույսով` Հիսուս Քրիստոսով, որ եթե նախ իմ պաշտամունքին չհավատա, նաև ամուսնությանս հաղորդ չի լինի: Ի՞նչպես դա կարող է լինել` մարմնապես մերձ լինենք, իսկ հոգեպես` թշնամի:
Այդ ժամանակ մեծ և սաստիկ ցասումով բռնվեց մարդը և անտանելի վշտով լցված ասաց.
–Ո՜վ դու հիմարացած և դիվական պատրանքների մեջ ընկած, տանջանքներ և մահվան չարչարանքներ ցանկացող. երդվում եմ իմ անմահ և մեծագույն աստվածներով` Ապողոնով և Արտեմիսով, որ մարմինդ իբրև կերակուր կտամ գազաններին և շներին:
Իսկ երանելի վկայուհին ասաց.
–Եվ ինչո՞ւ ես հապաղում. բերե՜ք շներին, գազաններին և [սկսեցե՜ք] տանջանքները մահվան, և մեկի տեղը բազում, որովհետև ես ուրախ կլինեմ շատ անգամ մեռնել իմ Աստծու համար և Նրանից մեծ փոխհատուցումներ ստանալու հույս ունենալ:
Եվ կրկին այն ահազդուն և նենգաբարոն շարունակեց զրուցել այդ բանի շուրջը, սրտի զայրույթն ու փոթորկումը շտապով դուրս վանելով` հին ոճին անցավ, որովհետև հայրական գորովն ու կրոնական զայրույթը երկու կեսի էին բաժանում նրան և տարբեր վարքագիծ առաջ բերում: Եվ հնարավոր կեղծավորությամբ ու գուրգուրանքով փորձում էր իր մտքին բերել աղջկան: Սակայն աստվածային բարունակը և մեծ մարտիրոսուհին` լի համարձակությամբ, այսպես խոսեց.
–Արդյո՞ք դու քո աստվածներին չես նմանվում, որ ականջ ունենալով` չես լսում, աչք ունենալով` չես տեսնում: Երդմամբ խոսքս հաստատեցի, որ Ելևսիոսն ինձ համար ոչինչ է, եթե հավատալով չերկրպագի իմ Քրիստոսին:
Նահատակուհու այս խոսքերը լսելով` հայրը նրան բանտ ուղարկեց, իսկ գիշերը դարձյալ նրան իր մոտ բերեց, որ ստուգի` մտափոխվել է, թե` ոչ: Սակայն երանելի նահատակն աղմկում էր` նրան ասելով.
–Չեմ զոհի կուռքերին և չեմ երկրպագի արձաններին: Չեմ սպասավորի և չեմ պաշտի դևերին: Միայն Քրիստոսին եմ պաշտում, որ երևացողների և աներևույթների արարիչն է և բոլոր մարմին ունեցողներին հոգի տվողը:
Եվ երբ հայրը հասկացավ, որ խորամանկություններն ու սպառնալիքներն սպառվեցին, չարի խոհրդով մրրկված` չար գազանի պես ծարավի եղավ նրա արյան, մոռացավ հայրական ողորմության գութը և այնպես ծեծեց կույսին, որ բոլորը զարմացան, որ դեռ շունչ կա վրան: Իսկ հետո մատնեց Ելևսիոս եպարքոսի ձեռքը, որի հետ հարսնախոսել էին, որպեսզի վերջինս կույսի հետ վարվի` ինչպես կամենա: Եվ արհամարհված փեսան պետք է դատեր արհամարհող հարսին, որովհետև թագավորից [եպարքոսական] իշխանություն էր ստացել: Եվ [Ելևսիոսը] բորբոքված էր և կրճտացնում էր ատամները, և ոչ թե նոր հավատքի պատճառով, այլ կույսից անարգվելու համար:
Եվ երբ Հուլիանեին դատաստանի ատյանը բերեցին և կանգնեցրին Ելևսիոսի առջև, կույսի գեղեցկությունն ու չքնաղ պատկերն ամենքի աչքերը շլացրեցին: Առավել ևս կտորկտոր եղավ իշխանի սիրտը, գեղեցկությունից գթասիրտ դարձավ, ցասումը` մարեց, զայրույթը հանդարտվեց, մեղմվեց սնափառությունը, և [ասես ներեց] իր մեծությունը վիրավորողին և ջանքեր էր գործադրում նրա հետ քաղցր խոնարհությամբ լինելու: Եվ պագշոտ ցանկությամբ զրուցեց նրա հետ.
–Համաձայնի՜ր հետս, ո՜վ գեղեցկագույնդ և հանճարեղդ կանանցից, և քո այդ հրաշալի պատկերը մի՜ տուր, որ մահն ապականի: Եվ եթե չես կամենում զոհ մատուցել աստվածներին, մենք բռնություն չենք կիրառի քո հանդեպ: Միայն լսի՜ր ինձ, խոստացի՜ր ամուսնանալ և կարժանանաս այն երկրային փառքերին, որ ինքնակալ թագավորներին են մատուցվում:
Սուրբ վկայուհին այս խոսքերին պատասխանեց և ասաց.
– Ամբողջ աշխարհի ոչ մի փառք և ոչ մի մեծություն չի հրապուրի ինձ, որ ամբարիշտի հետ լինեմ: Ո՜չ բանտը և ո՜չ տանջանքները և ո՜չ նույնիսկ մահը չեն ստիպի ինձ մերձենալ քեզ, եթե իմ Քրիստոսի մոտ չլինես և մկրտություն չստանաս:
Ելևսիոս եպարքոսն ասաց.
–Ես այդ կկատարեի, ո՜վ սիրելիդ կանանց մեջ, եթե միայն անասելի չարչարանքների ու սպառնալիքների վտանգը չլիներ, որովհետև եթե այդպիսի բան հասնի թագավորի ականջին, ոչ միայն իշխանությունս կկորցնեմ, այլև պատուհասով և անողորմ մահվամբ կզրկվեմ կյանքիցս:
Ազնվական և ցանկալի կույսը պատասխանեց և ասաց.
–Եթե դու այդպես սոսկում և զարհուրում ես ժամանակավոր և մահկանացու թագավորներից, որ միայն մարմինների վրա իշխանություն ունեն և ոչ հոգիների, ես ի՞նչպես թողնեմ անմահին և բոլորի Թագավորին և ամենայն շնչավորների և հոգևորների Տիրոջը և ամուսնանամ Նրան անարգողի և ուրացողի հետ: Քեզ մեծ անարգանք չի թվա, եթե քո ծառաներից մեկը քո թշնամիներին սիրեկան լինի և ամուսնանա ու մերձենա: Այսուհետ պատրանքներով մի՜ մոլորեցրու ինձ և մի՜ փորձիր խոսքերով համոզել, որ անհնարին է: Այլ եթե ցանկանում ես, որ ես քեզ կենակից լինեմ, մոտեցիր իմ Աստծուն և հաղորդվիր իմ հավատքին, իսկ եթե ոչ` ահա ես, պատրաստ եմ` հրի, սրի, քերանքների, անդամների կտրտման, և թե ուրիշ ինչ կգործադրես, չգիտեմ, սակայն չեմ վհատվում: Սպանի՜ր` ինչպես կկամենաս. տանջանքների մատնի՜ր, գազանակուր արա՜, կիրառի՜ր մտքովդ անցնող բոլոր գործիքներդ, որովհետև դու ինձ համար գարշելի ես և քեզ հետ ամուսնանալը դժոխք [գնալու] պես է, ասես գերեզման փորվի աչքերիս առաջ:
Երբ այս լսեց եպարքոսը, ցասումը հրի նման սաստկացավ, և [մարդկային] բնությունից հեռանալով` գազանի նմանվեց, և եղկելի տրփանքի փոխարեն զայրույթն էր բորբոքվում, և մտածում էր ծանր և անհանդուրժելի տանջանքներով նահատակության ենթարկել: Նախ հրամայեց չար դահիճներին չորս կողմից` [ձեռքերից և ոտքերից] հորիզոնական կապել և կարծրագույն արջառաջիլերով և դալար ճիպոտներով երկայնակի ծեծել: Եվ դահիճները հոգնեցին ու թուլացան, մինչդեռ Հուլիանեն հաստատակամ էր, և ինչ հարցնում էին, անմիջապես պատասխանում էր: Եվ այնքան երկարեց տանջանքը, որ նրա երիտասարդ մարմինը արյունով թաթախվեց, և արյունը ոռոգում էր պատժի վայրը: Եվ երանելի Հուլիանեն այնպես վառվեց երկնային սիրով, որ մոռացավ իգական ամոթխածությունն ու սկսեց քաջաբար խոսել.
– [Դո՜ւ], որ բնակվում ես բարձունքներում, ամենքի արարիչ և աննինջ աչք, որ հետևում է մարդկանց որդիների բոլոր ճանապարհներին: [Դո՜ւ], որ
քննում ես [մարդկանց] սրտերն ու ներաշխարհը, տեսնում ես բոլորի հայտնին և գաղտնին. աղաչում եմ և խնդրում Քեզնից, անքննելի՜ և ամենակարող, նայի՜ր մարմնիս նվաստությանը և իմ անձին օգնություն ուղարկի՜ր աներևույթ զորությունը Սուրբ Հոգուդ, որովհետև անարժանությունն իմ արժանի դարձրեցիր հասնելու այս անսահման մեծությանը և դրոշմվելու վկաների գրքում, որ անմահ Փեսայիդ ընթրիքին են հրավիրված: Շնորհի՜ր [ինձ, որ] արյունն իմ մկրտության ավազան լինի, և բանսարկուի բոլոր հնարքները հեռացրո՜ւ իմ մտքից և արժանի արա՜ անարատությամբ կանգնելու Քո Աստվածության առջև, որովհետև բռնեցիր իմ ձեռքից և հեռու տարար խավարասեր աշխարհի ցանկությունից, այժմ հաստատի՜ր ինձ Քո ճշմարտության ճանապարհին և աներկյուղ պահի՜ր փորձությունից ծածուկ ծովի, որի լեռնանման բարձրացող կոհակների վրա տարուբերվելով ծփում եմ: Քո անբավելի գերակայության բարձունքից նայի՜ր վրաս, բարի՜ Նավապետ, և ինձ անվտանգ անցկացրու խաղաղ նավահանգիստը, որովհետև ամեն ինչ կարող ես, Անմա՜հ և անմահների Թագավոր. և Քեզ փառք հավիտյանս. ամեն:
Երբ նա այս աղոթքն էր մատուցում, դահիճները դեռ չէին դադարել ամենամաքուր մարմինը տանջելուց, և եպարքոսը հրամայեց դահիճներին դադարեցնել տանջանքները և ասաց վկայուհուն.
–Լսի՜ր, Հուլիանե՜, և իմացիր ճշմարտությամբ, որ սա սկիզբն էր և նախավարժանքը զանազան պատուհասների, որ սահմանված են քեզ: Այժմ մոտեցի՜ր Արտեմիսին և զոհելով աղոթի՜ր Ապողոնին, որ ների քո հանցանքները: Խանորհվի՜ր Աթենասին, որ հաշտվի հետդ: Երկրպագի՜ր Արամազդին, որ իր սպասավորների կարգը դասի քեզ և քահանայուհին լինես անմահ ու մեծ աստվածների, որոնցով կան և կենդանի են արարածները: Իսկ եթե տակավին համառում ես, առավել դժնի ցավեր կհասնեն քեզ, որոնց չես կարողանա դիմանալ և կծաղրվես այս բազմամբոխ ատյանում և կարհամարհվես հելլենական ողջ տարածքում, այնքան, որ այլևս լինելու և արև տեսնելու հնար չես ունենա:
Սրան պատասխանեց ամենազոր վկայուհին և ասաց.
–Արա՜, ինչ կամենում ես, ա՛յ հիմար և անմիտ: Որքան քո հայր սատանան կարողանում է տանջանքի միջոցներ հուշել քեզ և կառավարել քո անողորմ և անասնաբարո էությունը և քեզնով ջանում է հրապուրել ինձ` և հեռացնել անստվեր Լույսից, այնքան իմ երկնավոր Հայրը կարծր և ադամանդապինդ դարձրեց իմ հավատքը, և Նրա անվան համար ինձ պատճառված ցավերը նույնն են` ինչ երազը նոր զարթնածի համար: Եվ ինձ հասցված քո բոլոր պատիժները մեծ փառքի առիթ են լինելու ահեղ և մյուսանգամյա գալստյանը, երբ նորոգի բոլոր արարածներիս: Եվ քո չարչարանքների բոլոր գործիքները, որոնցով կամենում ես մարմինս բռնել, ինձ երկնային գանձեր են բացում և անտեսանելի ավանդ տալիս, որը տեսնելն ավելի է այս աշխարհում եղած ամեն ինչից, և որին խիստ ծարավի եմ, և որին տենչում եմ և խիստ ուրախ կլինեմ, եթե ինձ հասցնես այդ պարգևին:
Այս լսելով` անբարեսեր Ելևսիոս եպարքոսը ցասումից ցնցվեց և հրամայեց Հուլիանեին գլխի մազերից կախել և թողնել այդպես մինչև իր զորությունը հասկանա: Եվ օրն անցնում էր, մոտ էր երեկոն, իսկ նա այդպես կախված էր և տարուբերվում էր մեղմ քամուց: Եվ մարմինը դժվարությամբ էր դիմանում, որովհետև մազերը մաշկի հետ վերև էին բարձրացել, աչքերը խառնվել էին, հոնքերը ձգվել, բարձրացել էին ճակատից վեր: Եվ [եպարքոսը] հրաման տվեց նրան կապանքներով բանտ տանել և այնտեղ ուշադիր պահել, որովհետև այսքանից հետո դեռևս մտքում խորհում էր հասնել իր մոլեկան ցանկություններին և կնության առնել կույսին:
Օրեր անց եպարքոսը հրամայեց իր առջև բերել կույսին և նրա վրա տեղացած այդքան չարագույն պատուհասներից հետո, դարձյալ խոսեց իր ցանկության մասին և ասաց.
–Համաձայնի՜ր հետս, ո՜վ Հուլիանե, և եղի՜ր ավելի երանելի, քան Հունաց աշխարհիս բոլոր կանայք: Եվ մի՜ մեղադրիր ինձ` քո վրա գործադրված պատուհասների համար, որովհետև թագավորների օրենքները և աստվածների իրավունքներն էին պահանջում այդ, սակայն ես ևս մեծ ցավ էի ապրում: Հիմա դրանց փոխարեն հազարավոր բարիքներ կտեսնես ինձնից: Եվ աշխարհիս ամբողջ մեծությամբ և բարեվայելչությամբ այնպես կպայծառացնեմ քեզ, ինչպես ոչ մի ամուսին ցույց չի տվել իր սիրո հպատակությունը, որովհետև նաև իմ անձին տեր կդարձնեմ և պալատական գործերիս հրամանատար: Արդ դարձյալ չթշվառացնես անձն իմ և չկործանես այդ գեղեցկությունդ և չզրկվես այս աշխարհի քաղցր լույսից, ինչպես և ալեհեր հորդ և մորդ չիջեցնես դժոխք: Եվ ինչպես ասացի` զուգավորվիր հետս օրինավոր ամուսնությամբ, ինչպես պայմանավորվել եմ [ծնողներիդ հետ] մանկությանդ ժամանակ և քո պաշտամունքը կթողնեմ քո կամքով:
Երբ այս ամենը բազմությունից մեկուսի խոսեց կույսի հետ ու նաև այսպիսի շատ այլ բաներ, սուրբ վկայուհին պատասխանեց և ասաց.
–Մի՜ կարծիր, թե խարդավանող խոսքերովդ կարող ես հաղթել միտքն իմ, կամ իջեցնել Գերակայի անսահման բարձրությունից, որում կամ, որովհետև այնպիսի մեծություն ստացա, որի համեմատ եթե անգամ բոլոր արարածները ոսկու և արծաթի մեջ շրջեն, դա մի փոշեհատիկ կլինի ընդամենը: Այնպիսի փառքերի հրավիրվեցի, որոնց առջև լույսը խավարի է նմանվում, խառնվեցի այն բույլին, որն անգամ տեսնել չեն կարող արարածները, գտա այն Փեսային, որի անունն անգամ չեն կարող բովանդակել երկինքն ու երկիրը: Դրա համար քեզ կարճ ասում եմ. առավել դյուրությամբ ապառաժ ժայռերը կխոսեն, կամ մանր քարերը կգնան ծովի վրայով, կամ ձկները կթռչեն երկնի ամպերի մեջ, քան թե քո խոսքերը կդիպչեն լսելիքիս, որովհետև իմ աչքին պիղծ և վայրենի գազան են երևում հեթանոսների բոլոր կուռքերը և դրանց սպասավորները: Եվ դրանց նայելն ավելի ծանր է, քան վիշապներին և իժերին մոտենալը, ուր մնաց թե դրանց խոսակից և բարեկամ լինելը:
Երբ եպարքոսը լսեց այս, կույսի փրկության բոլոր հույսերը հատեցին, և բանսարկուի ողջ չարությունը կուտակվեց նրա մեջ: Մռնչաց առյուծի պես, բարձրացավ սաստիկ հեղեղի նման, և հոգին ալեկոծվում էր, և չարությունից կամենում էր կենդանի-կենդանի կլանել աղջկան: Եվ այդ ժամանակ հրամայեց երկաթյա ձույլեր բերել և շիկացնել դարբնի բովում: Եվ երբ արդեն շանթեր էին թռչում, հրամայեց ունելիներով վերցնել և դնել նրա երկու կողքերին և բազուկները քսել դրանց, նաև այլ շիկացած երկաթներ խրել նրա անդամների մեջ և ուժգին սեղմել և այդպես թողնել, մինչև հոգին ավանդի: Եվ հրամայեց այս կապանքներով բանտ տանել և կնքել դռները` «Որպեսզի գերեզման դառնա նրան»:
Իսկ այն մեծ վկայուհին բանտում այս անտանելի տանջանքներին դիմանում էր, որովհետև աստվածային զորությունը, մոտիկ լինելով, պահում էր նրա հոգին, քանի որ անհնար էր, որ հողեղենը կրեր դրանք և ապրեր, եթե Աստծու նախախնամությունը կենդանի չպահեր: Եվ երբ նա բանտում երեսնիվայր ընկած էր, այսպես էր ասում. «Տե՜ր Աստված, հզոր և փառավոր, անքննելի և անսահման մեծություն, որին ոչ արարածների հոգիները կարող են դիմանալ, և ոչ հրեղենների հոգիները կարող են նկատել Քո Աստվածության կայանները: Քո գթությունը սահման չունի, և ողորմությունդ` չափ, որովհետև ամեն ինչի Տերն ես, որ բարձրությունների և խորությունների մեջ ես` թե՜ մեծ, թե՜ փոքր, և Քո նախախնամական ողորմությունը հասնում է թե՜ արժանավորներին, թե՜ անարժաններին: Եվ չկա ոչ մի բան, որ մարդկանց մտքերում ուրվագծվի կամ Քո հրամանով գոյանա և դուրս մնա Քո տեսչությունից, որովհետև Քո հրամանով են կառավարվում երկինքն ու երկիրը, և ամեն ստեղծված բան, որ կա դրանցում ` Քո հայացքով են խնամվում և մնում իրենց տեղերում: Որի համար և ես` անարժանս, իմ փրկության հույսից անմասն չմնացի և չեմ վհատվում Քո ամենագութ ողորմությունից, որովհետև կյանքի բոլոր մեծությունների` գուրգուրանքի և փափկությունների, և բոլոր մնացյալի, որ արեգակի ներքո կյանքի դյուրություն են բերում, այս ամենի փոխարեն Քեզ սիրեցի, Քեզ ընտրեցի, Քեզ կամեցա և փափագելով ու բաղձալով` ցանկացա հասնել Քո անվերջ բարիքներին: Որովհետև դու եղար այս ճանապարհիս առաջնորդը և բացեցիր խավարած հոգուս աչքերը, որ նկատեմ խորքերը Քո անքննելի շավիղների: Եվ աստվածությունդ ցույց տվեցիր մինչև դժոխքի խորքն իջածներիս, որովհետև հավիտենական վիհում բռնված էի չար վիշապի ժանիքներով: Եվ այժմ, որովհետև ընկածիս անմահ կյանքի բերեցիր և ինձ մտցրեցիր մարտիրոսական ասպարեզի հանդեսը, այժմ մի՜ հեռացիր ինձնից, մի՜ թող, որ ապականիչ գայլը մոտենա հոգուս անդաստաններին, Հոգու զրահով զինիր մարմինն իմ, որ չարի շիկացած նետերը հեռանան ինձնից և իգական բնությանս կարողություն տո՜ւր թշնամու սպառազինությանը հաղթելու: Եվ չնայած արժանի չեմ Քեզ, Հոր անհասանելի Զորություն, չարչարակից լինելու, սակայն Դու անարգամեծար ես և մարդասեր, և այնքան մեծ էր Քո սերը արարածների հանդեպ, որ անեզր և անսահման Աստվածությունդ իջավ մինչև մահվան կերպարանք: Եվ այժմ, Տեր, ընդունի՜ր կամավոր պատարագը Քո հոտի և ինձ շնորհի՜ր, որ մարմնիս բոլոր անդամները ողջակիզվեն Քո առջև` մեզ վրա հորդած Քո սիրո փոխարեն: Որովհետև ձեռքդ այդ, որ ստեղծեց երկիրը և հաստատեց երկինքը, ընդունեց բևեռի հարվածը, իսկ կենարար կողդ գեղարդի խոցումը կրեց, որքան առավել մեղսասեր մարմնիս արժանի է հրասույզ լինել, բազուկներիս և կողերիս, մարմնիս` հարվածներից վերքերով պատվել: Արժանի արա՜, որ անարատ արդարությամբ բարի վախճան գտնեմ: Եվ օրհնյալ է Քո անունը հավիտյան:
Եվ մինչ սրբուհին այս աղոթքն էր ասում, նրա մոտ եկավ բոլորի թշնամի և պատերազմող սատանան` Աստծու հրեշտակի կերպարանք առած, և որպես բարեկամ և հարազատ` մոտեցավ կույսի ականջին և ասաց. «Ո՜վ Հուլիանե, գիտես, որ Ելևսիոս եպարքոսը տանջանքի հույժ դժնի և անհանդուրժելի ձևեր է մտածել քեզ համար: Լսի՜ր իմ խորհուրդը, որովհետև չես կարող դիմանալ անտանելի և դառն պատուհասներին, որ պատրաստված են քեզ համար, ուստի երբ քեզ հանեն բանտից, շտապ գնաընկիր աստվածների ոտքերը և որոշ ժամանակ զոհ մատուցիր: Իսկ օրեր անց, որպես քո կամքն է, այնպես կպաշտես»: Իսկ երանելի կույսը հարցրեց նրան. «Ո՞վ ես դու»: Եվ դևն ասաց. «Երկնային Աստծու հրեշտակն եմ… որովհետև հոգաց քո մասին, ինձ ուղարկեց, որ ծանուցեմ, և համաձայնես իշխանի հրամանին, որ բազում տանջանքներով իսպառ չապականի մարմինդ, որ մարդասեր լինելով` մարմնիդ տկարության համար ների քեզ, որովհետև մահվան դուռն ես հասել: Եվ սա քեզ հանցանք չի համարվի, այլ արդար գործ, որովհետև Աստծու հրամանը կատարած կլինես»:
Այնժամ [հոգին] խռովվեց, և մարմինը ահով ու դողով բռնվեց, որովհետև եկողը Աստծու հրեշտակի կերպարանքով էր, սակայն նրա խորհուրդներն ու խոսքերը արդարության թշնամունն էին: Եվ սկսեց հեծեծալ, և աչքերը դառն արտասուքով լցվեցին: Դեպի երկինք հառեց աչքերն ու ասաց. «Տե՜ր Աստված, երևացողների և աներևույթների արարող, որին բոլոր [երկնային] զորքերը օրհնում, փառավորում և երկրպագում են, որից սարսում են դևերի բազմությունները և տագնապով դողում Քո ահից: Օգնությա՜ն հասիր իմ վշտահար անձին և հայտնի՜ր, թե` ո՜վ է, որ այսպես է խոսում հետս»: Եվ մինչ այս էր ասում երանելի կույսը, երկնքից անմիջապես ձայն լսվեց, որ ասաց. «Քաջալերվի՜ր, քաջալերվի՜ր Հուլիանե, որովհետև Ես քեզ հետ եմ, և աջս անբաժանելի բռնել է ձեռքիցդ: Քշի՜ր դրան, որ այդտեղ է և խոսում է հետդ, որովհետև քեզ իշխանություն և զորություն եմ տվել դրա վրա: Եվ [ինքդ] իմացի՜ր, թե ով է»:
Եվ երանավետ ձայնից հետո հրեշտակները եկան, և անճառելի լույսով լցվեց բանտը: Եվ երկաթները, որ խրված էին նրա մարմնի մեջ` թափվեցին, և մարմնի վերքերն առողջացան, և նա գետնից ելնելով գոհանում էր Բարձրյալի ամենապարգև ողորմությամբ: Եվ այդ ժամանակ աստվածային զորությունը, ամենակարղը, որի համար անհնարինը հնարավոր է, Նրա անհաղթելի իշխանությունը կապեց բանսարկու թշնամուն և կանգնեցրեց կույսի առջև: Եվ մեծ վկայուհին բռնեց նրան որպես չար և ստամբակ ծառայի և հարցրեց. «Ո՞վ ես դու և ո՞րտեղից»: Իսկ աներևույթ զորությունն անմիջապես ստիպեց նրան ասել ճշմարտությունը: Ու չնայած կատարյալ ստասեր էր, սակայն հրեշտակների կողմից խոշտանգվելով` սրբուհուն ասաց. «Դևերի զորքի իշխանն եմ, և սատանա է անունն իմ: Ես եմ, որ ապստամբեցի արարչից և դուրս ելա իմ պայծառ բնակավայրից: Ես էի, որ օձի բերան եղա, մոլորեցրի Եվային, խաբեցի Ադամին և ստիպեցի խախտել Բարձրյալի պատվիրանը: Իմ պատճառով անեծք եղավ երկրի վրա: Ես եղբայրասպանություն սովորեցրի Կայենին, և ես սերմանեցի զանազան մեղքերը երկրի վրա, և իմ անկման պատճառով ջրհեղեղ եղավ և կործանեց ամենքին: Առաջին ազգին աշտարակ շինել սովորեցրի և բոլորին կռապաշտության ուղղեցի և Նաբուգոդոնոսորի միտքը գցեցի կուռքեր կանգնեցնել: Իսրայելը շարժեցի Ահարոնի վրա, և որթի կերպարանքով ձուլեցի նրանց կանանց զարդերը, Հերովդեսին ստիպեցի մանկասպանությամբ զբաղվել, Հուդային` մատնել, ապա նաև կախվել: Ես գրգռեցի եբրայեցիների ամբոխը և Պիղատոսին համոզեցի խաչել Քրիստոսին, հալածանք սկսեցի եկեղեցիների դեմ և սովորեցրի, որ քարկոծեն Ստեփանոսին: Պետրոսի և Պողոսի դեմ հանեցի իմ քաջ զինվոր Ներոնին և արդար արյունը հեղեցի երկրի վրա: Հավատացյալների մեջ հերձվածը արմատավորեցի և առանց իմ գիտության ոչ մի չար բան չի լինում, որովհետև դա է իմ կյանքն ու սնունդը, որովհետև սիրում եմ մեղքերը և աշխարհի կործանումը մեծություն և փառք եմ համարում անձիս»:
Եվ երբ սուրբ կույսն այս լսեց, ևս մի հրաշք կատարվեց. աստվածային զորությունն անփախչելի և [անտեսանելի] կապանքներով կապել էր սատանային, իսկ սուրբը [երևացող] կապանքներ դրեց և սկսեց ծեծել նրան: Եվ ոչինչ չկա անհավատալի, որ կույսի պատճառած ցավը սատանան զգում էր, որովհետև մարդկանց համար անհնարինը, հնարավոր է Աստծու համար, ինչպես այն խոսքերն աներևույթների, որ աղաղակում էին կյանք պարգևողի առաջ` ասելով. «Ժամանակից առաջ մի՜ տանջիր մեզ, որովհետև անտեսանելի Աստծու կերպարանքն է, որ տանջում է մեզ»: Եվ երբ անօրեն իշխանը տանջվում էր սրբի առջև, աղաչում էր արձակել կապանքներն ու դադարեցնել ծեծը: Եվ որովհետև չէր ազատվում գանահարումից, ողբում էր, ասելով. «Վա՛յ ինձ, եղկելիիս. ի՞նչ անեմ, ո՞ւր փախչեմ, երբ Հիսուսի փառքը լցրել է աշխարհը: Եվ չնայած շատերին խաբեցի և մեծ նեղություններ պատճառեցի, շատերի համար դժբախտության պատճառ եղա` բանտարկությունների, կապանքների, գայթակղությունների, գանահարությունների, կիզման, վտարման, խռովությունների, պատերազմների, ուրացությունների, խաբեությունների և անդարձ վախճանի և մահվան, երկնային անվերջ տանջանքների և ինձ բոլորովին հաղթող չեղավ, սակայն սա ինձ` իբրև մի ծառայի, կապանքների մեջ դրեց` և ծեծի ենթարկեց և հիմա ևս բռնած պահում է: Ինչո՞ւ չիմացա վերահաս վտանգը, և կամ ինչո՞ւ չիմացա չար պայքարի մասին, որ այժմ ես, որ հաղթում էի բոլորին, պարտության մատնվեցի նրա կողմից»:
Եվ մինչ նա այս հուսահատության մեջ էր, եպարքոսի սպասավորները եկան, բանտ հասան, որ Հուլիանեին հրապարակի ատյանը տանեն: Եվ երբ նրան առողջացած տեսան, իսկ բանտի կնիքը` անվնաս, խիստ զարհուրեցին: Եվ վերցնելով` նրան ատյան տարան և կանգնեցրին եպարքոսի առջև: Եվ զարմացած իշխանը նայում ու հիանում էր, որովհետև դարձյալ գեղեցկության նախկին պատկերն էր, ասես [կույսը] ոչ մի ծանր տանջանք չէր կրել, կամ գիշերը կապանված չէր եղել ու գալիս էր փափուկ առագաստից. սրա համար էր զարմացել եպարքոսը: Եվ նա ասաց. «Հուլիանե՜, ասա՜ ինձ հավաստին ճշմարտությամբ. ե՞րբ, կամ ո՞րտեղից, կամ ո՞ւմ կողմից տրվեց քեզ այդ պայծառությունը, և ի՞նչ եղանակով կարողացար արհամարհել անդիմանալի տանջանքները, որ անգամ վերքի հետք չի երևում վրադ»: Երանելի կույսը պատասխանեց և ասաց. «Սա մարդու միջոցով չէ և ոչ որևէ արհեստական եղանակով, այլ աստվածային անճառելի զորությամբ, որ ոչ միայն քեզ, այլև քո հայր սատանային ամոթով թողեց և ինձ երկուսիցդ բարձր կանգնեցրեց` քո խաբեությունից և նրա խարդավանքներից, որովհետև Քրիստոսի ամենակարող անհաղթ զորությունը տկարացրեց քեզ և զորացրեց իր աղախնի տկարությունը: Եվ [Աստված] ինձ համար բացեց երկնային առագաստի դռները և հրավիրեց հարսանիքին Իր միածին Որդու, Նրա, որ անհաս Էություն է, և Նրա հայացքն անէությունը գոյության է վերածում: Եվ չկա վախճան Նրա թագավորությանը, ինչը ո՜չ երևացողները, և ո՜չ աներևույթները չեն կարող կրել կամ ունենալ, և կամ հետազոտել Նրա անհետազոտելի էությունը: Նա, որ Իր անվան սիրելիների, Միածնին երկրպագողների և Հոգին փառավորողների համար անթառամ պսակ է հյուսում և անճառելի օթևաններ պատրաստում Իր անմերձենալի տերության մեջ, իսկ դիվաձույլ պատկերները և սնոտի կուռքերը պաշտողների, քեզ ու քո հայր սատանայի համար բացում է անդնդախոր վիհերը և պատրաստում գեհենի հրացայտ անշեջ կրակը, անասելի խավարը և աննինջ որդերը, որ ո՜չ մտքով է կարելի պատկերացնել, և ո՜չ խոսքով ասել, որովհետև ձեզ այդ հավիտենական չարչարանքի ժառանգորդ դարձրեցին ձեր մեղքերն ու դիվական, անաստված պաշտամունքը, որ ձեզ կորստի են հրավիրում, և դահիճներդ մնում են անսահման խավարանյութ հրեղեն ծովում»:
Սա լսելով` եպարքոսը զայրույթով լցվեց և ասաց կույսին. «Քանի որ դու անշնորհակալ ես աստվածային պարգևների համար, այն աստվածների, որ քեզ նորից կենդանություն շնորհեցին և քո նախնական գեղեցկությունը վերադարձրեցին, որովհետև կամեցան, որ այդպիսի անձը դուրս չմնա իրենց պաշտամունքից, իսկ դու` զոհ և կնդրուկ մատուցելու փոխարեն, անարգում ես անմահներին և նրանց սքանչելի հրաշքները վերագրում ես մեկ ուրիշի, որ Իր անձը եբրայեցիների ձեռքից ազատելու և կամ չարչարանքներով մահից փրկվելու հնար չգտավ: Նաև մեզ ես սպառնում Նրա հասցնելիք տանջանքներով, կամ ուղարկում հավիտենական հրի մեջ: Այժմ ես բորբոքուն հրով կփորձեմ քո մարմինը, և կտեսնենք, թե ինչ կանի քեզ համար Խաչյալը»:
Եվ հրամայեց առատ փայտ բերել, նաև չոր ճյուղեր և կեղև, որ հրկիզման ժամանակ դյուրավառ են: Եվ սկսեց բարձրաձայն և ահազդու ձայնով խոսել ասպարեզում, ուր բազում ժողովուրդ էր հավաքվել` վկայուհու վախճանը տեսնելու: Եվ սավանով փաթաթված` նրան մոտեցրին բորբոքված կրակին, որը տեսնելով` սրբուհին և մեծահռչակ վկայուհին խաչաձև տարածեց ձեռքերը և երկինք նայելով ասաց. «Տե՜ր Աստված, անճառ լույս և անստվեր ճառագայթ, որ ամենայնի արարիչն ես և Քո ամենիմաստ խորհուրդներով ղեկավարում ես բոլոր եղածներին: Եվ Քո ստեղծածներից ոչինչ չի կարող շարժվել Քո կամքից անկախ, որովհետև Քո առջև խոնարհված է երկինքների երկինքը և անգամ անդունդների խորքերը չեն ծածկվում Քո հայացքից: [Դու], որ ջրերի անսահմանության մեջ անշեջ հուր ես դնում և հրի բոցկլտումը ցողի ես վերածում, վեմերի ամուլ ծոցից աղբյուրների վտակներ ես հանում և խավարը լույսի ես վերածում: Քո կամքով են տարուբերվում բոլոր նյութերի տարերքները: [Դու], որ բարձունքում ես ու նաև խոնարհ, որ հրեղենների և հողեղենների համար անչափելի է Քո անսահման զորությունը: [Դու], որ կիսեցիր Կարմիր ծովը և Քո բարձրացված աջի զորությամբ ծովի միջով անցկացրեցիր աբրահամյան տոհմի ժառանգներին, որ Հորդանանը ետ հորդեցրիր, իսկ Երիքովի պարիսպը, որ երկաթի պես ամուր էր` իբրև ջուր հեղեցիր: [Դու], որ Բաբելոնի հուրը հանգցրեցիր և անկեզ պահեցիր երեք մանուկներին, փրկեցիր Շուշանին ծերերից, Դանիելին` առյուծներից, ինչպես և Քո աղախին Թեկղին ազատեցիր և ստիպեցիր, որ հուրը չդիպչի մաքրագույն մարմնին: Եվ Քո անքննելի Աստվածության հրաշքները, որ եղան երկրի վրա, ոչ մի արարած չի կարող պատմել: Եվ Դու նույն Աստվածն ես, և Քո փառքերն ու զորությունները չեն պակասել: Այժմ նայի՜ր երկնքից, Քո սրբությունից, և օգնակա՜ն եղի՜ր իմ տկարությանը և համբերություն տո՜ւր և զորացրո՜ւ ամենազոր զորությամբդ, որ անվրդով և աներկյուղ հավատով անցնեմ այս չարահնար ասպարեզով: Եվ ինձ փրկության կամուրջ շնորհի՜ր, որ դրանով անցնեմ հրեղեն գետի հորձանքի վրայով և փրկվեմ հանդերձյալ մահվանից, որ գալու է մարդկանց որդիների վրա: Եվ այժմ, ամենազո՜ր Տեր Աստված, թո՜ղ Քո աջը պահի ինձ, և պահպանիչ Հոգիդ մոտ լինի, և Քո կամքով լինի իմ ընթացքը. և Քեզ փառք հավիտյանս. ամեն»:
Եվ «Ամենն» ասելով` իրեն կնքեց Խաչի սուրբ նշանով և ձեռքերը տարածած հնոցի մեջ մտավ` ասես առագաստ մտներ: Եվ այնտեղ հրեշտակներին պարակցեց և երկնքի զվարթուններին երգակցելով` հրճվալի ձայնով օրհնում էր Աստծուն: Եվ մի ահազդու տեսիլ երևաց ողջ բազմությանը, որ կանգնած էր ասպարեզում: Հուրը խորանաձև շրջապատում և պարփակում էր սրբուհու մարմինը: Եվ նրա աչքերից կաթած արտասուքը` ասես մի հորդահոս աղբյուրի վտակ, հանգցնում էր ահազդու հուրը, ինչից զարմանալով` հիանում էին բոլոր տեսնողները, և նիկոմիդացիների ողջ բազմությունն ապշահար էր:
Եվ այդ ժամանակ հինգ հարյուր այրեր բարձրաձայն գոչում և ասում էին. «Քրիստոնյաների Աստված է Տերը, միակ ամենակարողն է, որին պաշտում է Հուլիանե մարտիրոսուհին: Նրան ենք [Աստված] խոստովանում և Նրան ենք երկրպագում և հեռանում ենք հելլենացիների անաստված պաշտամունքից: Թո՜ղ մեզ վրա գան հուր, սուր և բոլոր տանջանքները, անհնար է, որ բաժանվենք քրիստոնեական հավատքից, որ քարոզում է բարեպաշտուհի Հուլիանեն»:
Եվ եպարքոսը զայրույթից սկսեց դողալ, որովհետև արդարության թշնամին ասես հրով բորբոքում էր նրա սիրտը: Եվ հրամայեց զինվորներին բռնել նրանց, որ իրենց իսկ կամքով համաձայնեցին մահվան: Եվ [այրերը] չէին նայում ո՜չ ինչքին և ունեցվածքին, ո՜չ սիրելի բարեկամներին, ո՜չ որդիներին ու կանանց, և ո՜չ որևէ մարմնական բանի, այլ միաձայն գոչում և ասում էին. «Քրիստոնյա ենք, և չենք պաշտում համր և անշունչ կուռքերին»: Եվ եպարքոսը հրամայեց մի տեղում հավաքել, և սրի ճարակ դարձնելով` կոտորեցին: Եվ ոչ մեկը ողջ չմնաց նրանցից, որ միաբան [հասցրեցին] ասել. «Տե՜ր, ընդունի՜ր մեր հոգիները, կատարյալ վկաների հետ»: Եվ այսպես` [Սուրբ Հոգով] սպառազինված վերցրեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի` հավիտենական կյանքի հույսի բրաբիոնը: Իսկ այնտեղ, [ուր նրանք նահատակվեցին], մինչև այսօր պատկառազդու նշաններ են լինում և բազում բժշկություններ:
Դրանից հետո [մարտիրոսների] հանդեսին միացան հարյուր երեսուն կանայք, որ [հինգ հարյուր] այրերից պակաս քաջ չէին և միաբան ասում էին. «Հավատում ենք Հուլիանեի Աստծուն և երկրպագում ենք խաչյալ Քրիստոսին և չենք բաժանվի Նրա սիրուց»: Եվ եպարքոսը կամեցավ նրանց ետ պահել այդ խոհերից և տանջանքների սպառնալիքներ առաջ բերեց, սակայն ոչ մեկը չփոխեց իր խոսքը, այլ առավել ամրապնդվեցին իրենց հավատի մեջ և անարգում էին չաստվածներին և թագավորին, ինչը չհանդուրժեց այն արյունռուշտ գազանը և նրանց վրա մահվան վճիռ կայացրեց: Եվ զանազան տանջանքներով սուրբ կանայք սպանվեցին անօրեն դահիճների ձեռքով, ողջագուրվելով հրեշտակներին` ավանդեցին իրենց հոգիները և մտան անմահների բանակը:
Եվ այդ օրը բյութանացիների Նիկոմիդիա քաղաքում Ելևսիոս եպարքոսի ձեռքով վեց հարյուր երեսուն բարեհաղթ նահատակ վկայեց` հաղթանակի պսակն ընդունելով մեր Աստված Քրիստոսից, որին փառք հավիտյանս. ամեն:
Այս ամենից հետո անօրենի սրտում դեռ բորբոքվում էր բարկության հուրը սրբուհի Հուլիանեի դեմ, և խորհում էր անասելի տանջանքների մեջ գցել նրան և կամենում էր իր սրտի բորբոքված հուրը նրա արյամբ հանգցնել: Եվ այնժամ հրամայեց մի պղնձյա մեծ կաթսա բերել և մեջը լցնել ձյութ, ձեթ, զոհերի հեղված ճարպը, նաև կապար ու մեջը կրակ վառելով` լավ եռացնել: Եվ երբ կաթսայում կուտակվածը մեկը մյուսով եռում էր, [այնպես], որ ծառաները չէին կարողանում մոտենալ, [եպարքոսը] հրամայեց բերել ամենազոր վկայուհուն ձեռքերն ու ոտքերը կապած` կաթսայի մեջ նետել. «…մինչև որ խորովվելով ճենճերը տարածվեն, և սրտիս խավարն ու գլխիս ցավը վերանան»:
Քրիստոսի սպասուհին սավանածածկ կանգնած էր դատավորի և ռամիկների առջև, հայցում էր իշխանից, որ [թույլ տա] կաթսայի մեջ մտնել ձեռքերն ու ոտքերը արձակած: Եվ երբ թույլտվությունն ստացավ, [երեսը] կնքեց Խաչի նշանով, արտասվալից աչքերով երկնքին նայեց և հոգոց հանելով` ասաց. «[Դու], որ Հայրդ ես որբերի և Դատավորը մարդկանց, Հույսն ես անհույսների,Պատսպարանը հեռացածների: [Դու], որ Քո անսահման ողորմությամբ գթացիր ինձ և ազատեցիր բանսարկուի կապանքներից և ազատ պահեցիր ճղճիմ կենցաղից և անարատ հասցրեցիր այս օրվան, որ ավելի մեծ է, քան ամբողջ կյանքիս ժամանակը: Այժմ լսի՜ր, բարերա՜ր Տեր, և սա ինձ մկրտության ավազան դարձրո՜ւ և Դու եղի՜ր իմ խոստովանության քահանայապետը: Եվ Քո ամենազոր աջով կնքիր մարմնիս զգայարաններն ու մտքիս խոհերը և անսահման Աստվածությամբդ Քո բոլոր սրբերի հետ մեկտեղ ընդունի՜ր ինձ երկնավորների բանակը: Փա՜ռք, պատիվ և երկրպագություն [Քեզ] երկնավորներից ու երկրավորներից, երևացողներից ու աներևույթներից, ինչպես և իմ նվաստությունից, Տե՜ր իմ Աստված Հիսուս Քրիստոս»:
Եվ այս ասելուց հետո, դարձյալ Խաչի նշանով կնքեց իրեն և ասաց. «Ի՜մ Աստված, ի՜մ Աստված և բոլորի Տեր, Քո ձեռքն եմ հանձնում հոգիս»: Եվ մտավ կաթսայի մեջ և ձեռքերը երկինք պարզեց: Եվ խավարի սպասավորները սաստկացնում էին հուրը, սակայն սուրբ վկայուհին եռացող կաթսայում ասես փափուկ գահույքին նստած լիներ, կամ ծաղկավետ այգում հրճվելիս, որովհետև նրա մարմնին չէին դիպչում եռացող ալիքները, քանի որ աստվածային շնորհով ասես շրջում էր ավազանի մեջ` երկար ժամեր անվնաս մնալով: [Եվ այդպես էր], որովհետև նրան հովանի էր բազուկը, որ տարածվեց խաչի վրա:
Եվ հանկարծ կաթսան պատռվեց, և միջի պարունակությունը շանթահար կրակի պես հեղվեց` կործանելով շուրջը եղածներին: Եվ անզգամներից շատերին կործանեց և այդպես սատկեցրեց դահիճներին: Իսկ կույսն անկեզ մնաց անդիմանալի տանջանքների մեջ:
Եվ եպարքոսին չէր հուզում կատարվածը, և ոչ հեղված արյունն էր վրդովեցնում, այլ խիստ բարկացած տառապում էր, հոգին թախծում էր, որ մի աղջկա չի կարողանում հաղթել: Եվ սրտի` պայթելու աստիճանի զայրույթից խելագարված պատռում էր հանդերձները և երեսին խփում և հուսահատության մեջ հայհոյում իր աստվածներին: Եվ երբ տեսավ, որ տանջանքները վնաս չեն հասցնում սուրբ կույսին, այլ չարիքն իրենց վրա է կուտակվում, սրբուհու վրա այսպիսի վճիռ կայացրեց. «Հուլիանե կույսը, որ ազգով, տոհմով և մարմնի գեղեցկությամբ Հելլենացի է, և ամենազոր աստվածներից գեղեցկատես կերպարանք է առել, սակայն ըմբոստանում է նրանց և դուրս է Հռովմայեցիների օրենքից, պաշտում է մի խաչյալի, որին Հիսուս են անվանում: Եվ ոչ մի կերպ չկարողացա նրա միտքն ուղղել և շրջել աստվածներին պաշտելու կողմը. ո՜չ աշխարհիս մեծություններով, և ո՜չ զանազան տանջանքներով, որ գործադրեցի նրա վրա, որովհետև ինչ-որ կախարդությամբ փրկվում էր բոլորից և շատերին կորստյան պատճառ դարձավ: Եվ այս բաների համար հրամայում եմ սրով կտրել նրա գլուխը»:
Իսկ բանսարկու սատանան հեռվում կանգնած ուրախանում էր նրա մահվան համար և դահիճներին գրգռելով սպանության ուղղում: Սակայն բարեհաղթ վկայուհի Հուլիանեն ասես ոչ թե մահվան էր գնում, այլ մահը կործանելու և չարչարանքներից ազատվելու: Ուրախ դեմքով և պայծառ աչքերով նա դահիճների կողմից տարվում էր մահապատժի տեղը: Իսկ ժողովրդի բազմությունը գնում էր նրա հետ, և սուրբը բացատրում էր նրանց. «Քրիստոսի զորականներից առավել չկան ո՜չ երկնայինների, ո՜չ երկրայինների մեջ»: Եվ այս ասելով` ավարտեց խոսքը, որովհետև հասան այնտեղ, ուր պետք է ընդուներ վախճանը: Եվ Սուրբ Հոգով լեցուն` նա երկինք նայեց, աղոթեց և ասաց. «Գոհանում եմ Քեզնից, Տե՜ր Հիսուս, ստեղծիչ և փրկիչ աշխարհի, որ բանական էակներիս հանցանքների համար առաքվեցիր հայրական ծոցից. մեզ` մոլորյալներիս փրկելու: Եվ, Ամենազո՜րդ, մահ ընդունեցիր և փրկչական բազուկներդ խաչի վրա տարածեցիր, թիկունք չդարձրեցիր եղեգնյա հարվածներին և Հոր կերպարանքդ չշրջեցիր ապտակից և թքից: Ըմպեցիր լեղիի հետ խառնած քացախը և աստվածային արյանդ կողահոս աղբյուրը բխեցրիր: Լվացիր Ադամի մեղքերը և մարդկանց բոլոր պարտքերի մուրհակները պատռեցիր խաչի վրա: Եվ Քո մահով մեզ փրկեցիր մեղքերի մեռելությունից: Եվ եթե անչափ և անսահման Աստվածությունդ մեզ համար կրեց այս ամենը, ապա որքան առավել պետք է հողեղեն և մեղքերի մեջ ընկած մարդը, մանավանդ իմ նվաստությունը, արյուն հեղի աստվածային արյանդ դիմաց և պատարագի Հոր պատարագվածիդ համար: Որովհետև եթե անգամ բոլոր արարածների վշտերը և չարչարանքները կրեի իմ մարմնում, ավելին էր հարկավոր իմ նկատմամբ եղած Քո անբավ բարերարության համար, և եթե երկնային զորքերի ձայնն ունենայի բերանումս, արդյո՞ք կարող էի այդքանից հետո պատմել Քո անճառելի ողորմությունը, և կամ ամենօրհնյալ Աստվածությանդ գոհություն և օրհնություն հատուցել, որովհետև ի՛նչպիսի խորքերից հանեցիր ինձ և ի՜նչ բարձրության հասցրեցիր, ի՛նչպիսի մեղքերի միջից ինձ Քո անստվեր լույսի մեջ տարար: Եվ երկրի վրա չկա մի երևացող կամ աներևույթ մեծություն, որ ավելի լավ համարվի, քան Քո անձկալի սերը, որով քաղցրանում են մարմնիս վշտերը, և նեղությունները, որ պատճառվում են աստվածային պատկերդ տեսնելու տենչի համար, ավելի են, քան ծովի և ցամաքի իշխանությունը: Այժմ թո՜ղ իմ շուրթերի փոխարեն երկնային զորություններն օրհնեն, և թո՜ղ երևացող և աներևույթ արարածները բարեբանեն անիմանալի Էությունդ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Եվ այժմ, Տե՜ր Աստված, անբավելի, անճառելի, անպատմելի, անիմանալի, որ բարձր ես, քան ամենայն գիտակցությունը երկնավորների և երկրավորների, բա՜ց մեծ հարսնարանիդ առագաստը և ինձ ընդունի՜ր անմահներիդ բանակը, որպես խոստացել էիր: Եվ Սուրբ Հոգուդ առաջնորդությամբ խաղաղությամբ անցկացրո՜ւ ինձ խավար իշխանության միջով: Եվ ովքեր հիշեն անունն իմ վշտի նեղության մեջ, տո՜ւր նրանց խնդրածները` փրկելով մարմնական և հոգևոր վտանգից: Եվ Քեզ փառք հավիտյանս. [ամեն]»:
Եվ «Ամենն» ասելով` իրեն կնքեց Խաչի նշանով և երկինք նայելով` բարձրաձայն ասաց. «Տե՛ր, Տե՛ր, Քո ձեռքն եմ հանձնում հոգին իմ»: Եվ խոնարհեց պարանոցը դահճի առջև: Եվ այդպես հատվեց հաղթող և պայծառ վկայուհի Հուլիանեի ամենամաքուր գլուխը և մոտեցավ Քրիստոսի գլխին:
[ * * * ]
ՄԻ կին, որի անունը Սոփիա էր, Նիկոմիդիայով անցնելով գնում էր Հռովմ մեծ քաղաքը: Եվ տեսավ այն սրբի [մարմինը], վերցրեց նշխարներն ու տանելով` մի մեծ տաճար կառուցեց Հուլիանեի համար: Եվ մարմինն այնտեղ դրեց պատվով և
[տաճարը] զարդարեց աչքի ընկնող սպասքով: Եվ այնտեղ բազում բժշկություններ, [աստվածային] նշաններ և սքանչելիքներ են լինում մինչև այսօր:
[ * * * ]
Այս ամենից հետո բավական ժամանակ անցավ, և պիղծ Ելևսիոսը իր գործած չարիքներին արժանի հատուցում ստացավ արդար Դատավորից:
[Երբ] նա նավարկում էր լայնածավալ ծովի վրա, կատաղի հողմերը նավը մի անծանոթ աշխարհ քշեցին, և մի անմարդաբնակ կղզու մոտ ջրասույզ եղան բոլոր նրա հետ եղածները: Իսկ ինքը, մի տախտակից ամուր բռնվելով, փրկվեց այդ գազանաբնակ կղզում: Եվ եղկելին այնտեղ վայրենի գազանների ճարակ եղավ, և անօրենի հոգին դառնացած դժոխք իջավ:
[ * * * ]
Սուրբ կույս Հուլիանեն այսպես ստացավ մարտիրոսության ասպարեզը և այսպես վկայեց, որովհետև հետևորդն էր Քրիստոսի, որից սարսում են բոլոր երկնային զորքերը: Եվ [չնայած] Ելևսիոսը Հուլիանեին խոսքկապ էր արել երկու տարեկանում, սակայն նա Քրիստոսին հարսնանալով` վկայեց տասնութ տարեկանում, Մաքսիմիանոսի արքայության, և Փիլիկիանոսի անթիպատության, և մեր Տիրոջ, Հոր անճառ Ծագման, Աստված Բանի` Հիսուս Քրիստոսի թագավորության ժամանակ, որինն են փառքն ու պատիվը և զորությունը, այժմ և միշտ և հավիտյանս. ամեն: