Երգ Երգոց 1.1-11։ Առակներ 11.30-12.4։ Եսայի 52.7-10։ Զաքարիա 2.10-12։ Մաղաքիա 3.1-2։ Բ Կորնթացիներ 6.16-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.39-56:
Երգ Երգոց
1 Թող ինձ համբուրի իր բերանի համբոյրներով։ 2Քո ստինքներն աւելի լաւ են գինուց,եւ քո օծման իւղերի հոտը՝ բոլոր խնկերից։ Քո անունը թափուած իւղ է անուշ. սրա համար էլ օրիորդները սիրեցին քեզ, 3եւ դէպի իրենց ձգեցին քեզ։ Մենք կը գանք քո օծման իւղերի հոտի յետեւից»։ «Արքան ինձ իր սենեակը տարաւ»։ «Մենք պիտի ցնծանք եւ ուրախ լինենք քեզնով,եւ պիտի սիրենք քո ստինքները գինուց աւելի»։ «Արժանին սիրեց քեզ»։ 4«Ես սեւ եմ եւ գեղեցիկ, ո՜վ Երուսաղէմի դուստրեր, Կեդարի վրանների պէս եւ Սողոմոնի խորանի նման։ 5Մի՛ նայէք ինձ, որ թխացել եմ ու սեւացել, քանզի խէթ նայեց արեգակն ինձ։ Իմ մօր որդիները կռուեցին ինձ հետ, ինձ այգեստանի պահապան դրին, բայց ես իմ այգին չպահպանեցի»։ 6«Պատմի՛ր ինձ, իմ հոգո՛ւ սիրած, ու՞ր ես քո հօտը հովուում, 7ո՞ւր ես հանգստի տանում միջօրէին, որ չմոլորուեմ քո ընկերների երամակների մէջ»։ 8«Եթէ չգիտես, ո՜վ գեղեցիկդ կանանց մէջ, թէ որտեղ կը գտնես ինձ, գնա՛ հօտերի ոտնահետքերովեւ քո ուլերն արածեցրո՛ւ հովիւների վրանների մօտ։ 9Ո՛վ իմ սիրելի, ես քեզ նմանեցրի փարաւոնի կառքին լծուած իմ երիվարներին»։ 10«Գեղեցիկ են քո ծնօտները տատրակի ծնօտների նման,եւ գեղեցիկ է քո պարանոցը,ասես մանեակներով զարդարուած լինի։ 11Մենք քեզ կը զուգենք ոսկէ զարդի պէս,որ ընդելուզուած է արծաթէ կիտուածքներով:
Առակներ
30Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան։ 31Եթէ արդարը հազիւ է ապրում, ապա ի՞նչ կը լինի մեղաւորի եւ ամբարշտի կեանքը։
12 Ով խրատ է սիրում, նա իմաստութիւն է սիրում. ով ատում է յանդիմանութիւնը, նա անմիտ է։ 2լաւ է, որ մարդ Տիրոջից շնորհ է գտնում, իսկ անօրէն մարդու բերանը պիտի կարկամի։ 3Մարդ անօրէնութեամբ յաջողութեան չի հասնի. արդարների արմատները չպիտի կտրուեն։ 4Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է. ինչպէս փայտի համար վնասակար է որդը, այնպէս էլ չարագործ կինը կորստի կը մատնի ամուսնուն։
Եսայի
7Լեռների վրայ ի՜նչ գեղեցիկ են ոտքերը նրա, ով խաղաղութեան լուրն է աւետում, ով բարութեան աւետիսն է բերում եւ քո փրկութեան մասին յայտնում՝ ասելով Սիոնին, թէ՝ «Քեզ վրայ թագաւորելու է Աստուած»։ 8Քո պահապանների ձայնն է հնչելու, բոլորն առհասարակ ցնծալով ձայն են տալու, որովհետեւ իրենց աչքերով են տեսնելու այն ժամանակը, երբ Տէրը ողորմելու է Սիոնին։ 9Լեռները Երուսաղէմի աւերակների հետ միասին ցնծութեան կոչ պիտի արձակեն, քանզի Տէրը ողորմեց նրանց եւ փրկեց Երուսաղէմը։ 10Տէրն իր սուրբ բազուկը պիտի ցոյց տայ ի տես բոլոր ազգերի, եւ երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծու փրկութիւնը։
Զաքարիա
10«Խնդա՛ եւ ուրախացիր, դո՛ւստր Սիոնի, քանի որ ահա ես կը գամ եւ կը բնակուեմ քո մէջ, – ասում է Տէրը, – 11եւ այդ օրը շատ ազգեր կ՚ապաւինեն Տիրոջը, նրա ժողովուրդը կը դառնան ու կը բնակուեն քո մէջ»։Երբ դա պատահի, դու կ՚իմանաս, թէ Ամենակալ Տէ՛րն ուղարկեց ինձ քեզ մօտ։ 12Տէրը կը ժառանգի Յուդայի երկիրը որպէս իր բաժինը սուրբ երկրում, նա նորից բարեհաճ կը լինի Երուսաղէմի հանդէպ։
Մաղաքիա
3 Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, եւ նա կը տեսնի իմ ճանապարհները՝ իմ առաջ. եւ յանկարծակի իր տաճարը կը գայ Տէրը, որին դուք փնտռում էք, եւ ուխտի պատգամաբերը, որին կամենում էք դուք։ 2Ահա գալիս է, – ասում է Ամենակալ Տէրը, – ո՞վ կը դիմանայ նրա մուտքի օրուան, եւ կամ ո՞վ հանիստտ կը մնայ նրա յայտնութեան ժամանակ, քանի որ նա պիտի մտնի որպէս հալոցի բոց եւ որպէս լուացարանների օճառ։
Բ Կորնթացիներ
16 կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ: Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած.
«Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով եւ նրանց Աստուածը պիտի լինեմ,
եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը:
17 Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից
եւ հեռո՛ւ մնացէք, — ասում է Տէրը, — եւ մի՛ դիպէք պիղծ բաներին. 18 եւ ես պիտի ընդունեմ ձեզ.
եւ ես պիտի լինեմ ձեզ համար հայր.
եւ դուք պիտի լինէք ինձ համար որդիներ եւ դուստրեր», —
ասում է Ամենակալ Տէրը:
1 Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծու երկիւղով:
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
39 Այդ օրերին Մարիամը վեր կացաւ եւ շտապով գնաց Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկը, 40 մտաւ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջոյն տուեց: 41 Եւ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, եւ Եղիսաբեթը լցուեց Սուրբ Հոգով 42 եւ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը: 43 Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ. 44 որովհետեւ ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում: 45 Եւ երանի՜ նրան, որ կը հաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կը կատարուեն»:
46 Եւ Մարիամն ասաց.
«Իմ անձը կը փառաւորի Տիրոջը,
47 եւ իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստուծով,
48 որովհետեւ նա իր հայեացքը դարձրեց իր աղախնի խոնարհութեան վրայ:
Եւ ահա, այսուհետեւ բոլոր սերունդները ինձ երանի կը տան,
49 որովհետեւ ամենազօր Աստուած մեծամեծ գործեր արեց ինձ համար,
եւ նրա անունը սուրբ է:
50 Նրա ողորմութիւնը սերնդից սերունդ իր երկիւղածների վրայ է:
51 Նա իր բազուկով զօրութիւն ի գործ դրեց,
ցրեց ամբարտաւաններին իրենց սրտի խորհուրդներով.
52 հզօրներին տապալեց իրենց աթոռներից
եւ բարձրացրեց խոնարհներին:
53 Քաղցածներին լիացրեց բարիքներով
եւ մեծահարուստներին ձեռնունայն արձակեց:
54 Նա պաշտպան կանգնեց իր ծառային՝ Իսրայէլին, յիշելով իր ողորմութիւնները, 55 ինչպէս ասել էր մեր հայրերին՝
Աբրահամին եւ նրա սերնդին, յաւիտեան»:
56 Մարիամը գրեթէ երեք ամիս մնաց Եղիսաբեթի մօտ եւ դարձաւ իր տունը: