«Եղբայրնե՛ր, եթե ձեզնից մեկը ինչ-որ հանցանքի մեջ բռնվի հանկարծ, դուք, որ հոգեւոր եք, վերահաստատեք նրան հեզության ոգով» (Գաղ 6:1)։
Շուրջ երկու հազար տարիներ առաջ արձանագրված այս բառերը նույնքան այժմեական են, որքան երբ գրվեցին։ Մարդ չկա՛, որ հանցանք չգործի։
Ոմանք գործում են եւ բռնվում, իսկ ոմանք գործում են եւ չեն բռնվում։ Առաքյալը Սուրբ Հոգով առաջնորդվողներին թելադրում է հեզությամբ ուղղել հանցանքի վրա բռնվող մարդուն։
Շատ քիչ ենք հանդիպում հեզութեամբ ուրիշներին ճիշտ ճամփի բերող մարդկանց, որովհետեւ քիչ է թիվը այն մարդկանց, որոնք Սուրբ Հոգով են առաջնորդվում։
Ընդհանրապես մարդիկ բռնի ուժով են փորձում ուղղրել ուրիշին։ Բռնություն եւ բռնակալություն բանեցնողը, չի կարող Աստծո զավակը լինել, որովհետեւ այնտեղ, «ուր որ Տիրոջ Հոգին ներկա է, այնտեղ ազատություն է» (Բ Կորնթ. 3;17)։
Վա՛յ է, եթե հանցանք գործող մեկը ընկնի Աստծուց չվախեցող եւ Սուրբ Հոգով չառաջնորդվող մարդկանց ձեռքը։ Նրանք իրենց կծու եւ բարկ լեզվով ա՛յնքան սուր կերպով են քննադատում, բամբասում եւ չարախոսում նրան, այն տպավորութունն են ստեղծում իրենց շրջապատում, որ իրենց գըլխավոր նպատակը հանցագործին առաջնորդելն է դեպի ամբողջական խորտակում եւ կործանում։
Այսպիսի մարդիկ Սատանայի պաշտոնյաներն ու կամակատարներն են։ Սատանայի հատուկ գործելակերպն է հարձակվել հանցագործի վրա եւ ջանալ ճզմել նրան։ Սատանան փորձում է հանցագործին համոզել, որ իր գործած հանցանքը ահավոր եւ աններելի է, որպեսզի նրան առաջնորդի դեպի կատարյալ հուսալքություն։ Սատանան շատ լավ գիտի, որ եթե կարողացավ հանցագործ մարդուն մղել հուսալքության՝ անոր համար վերականգնելու հույս չի մնում։
Երբ հանցագործը հանդիպի հարվածի, Սատանան ջանում է իսկույն ուրիշ հարված եւս հասցնել նրան, որպեսզի նա հնարավորություն չունենա ինքնիրեն գտնելու եւ ինքնագիտակցության գալու։ Այս երեւոյթը ինձ հիշեցնում է բռնցքամարտիկների կռիվը։ Երբ բռնցքամարտիկներից մեկին հաջողվի բռունցքի ջախջախիչ հարված հասցնել հակառակորդին, եւ երբ նշմարի արյան հետք նրա երեսին , ո՛չ միայն չի գթա, այլ ընդհակառակը, իսկույն անընդմեջ հարվածներով ջանում է, նրա ցավի վրա ցավ եւ խոցի վրա խոց ավելացնելով, նրան տապալել մեկընդմիշտ։
Եթե բռնցքամարտիկը իր մրցակցի դեմքին հոգնածություն նկատի, ավելի՛ կատաղորեն կհարձակվի նրա վրա, հնարավորություն չտալու համար նրան ինքիրեն գտնելու եւ վերստին բռնցքահարելու։ Իր հանցագործ եղբորը քննադատող եւ պախարակող մարդը արյունռուշտ բռնցքամարտիկից ո՛չ մի բանով չի տարբերվում։ Դատապարտիչ լեզու ունեցողները նաեւ, բռնցքամարտիկների նման չեն խղճում իրենց եղբորը կամ քրոջը, երբ տեսնում են վիրավոր եւ ցավի մեջ, ընդհակառակը, իրենց բերանները լայն բանալով ասում են. «Աստված գիտի, թե ի՛նչ մեղք է գործել, որ այս բոլորը իր գլխին եկան»։ Այսպիսիները չեն գիտակցում, որ իրենք մահացո՛ւ մեղք են գործում, երբ իրենց նմանին մեղապարտ եւ հանցապարտ են հռչակում։
Այսպիսիների եղբայրակործան վերաբերմունքը անհունորեն վշտացնում է Աստծո սիրտը։ Պողոս առաքյալը «նրան վերահաստատեք» բառերով հանձնարարում է մեզ, որ մեր նմաններին ոտքի կանգնեցնող մարդիկ լինենք եւ ո՛չ թե զգետնող մարդիկ։ Աստծո կա՛մքն է, որ յուրաքանչյուր մարդ վերականգնեցնող, վերազօրացնող, եւ իր եղբորը թեւ ու թիկունք կանգնող մարդ լինի։
Եթե լույս աշխարհ եկող յուրաքանչյուր մարդ փորձի մի վիշտ կամ մի թշուառություն վերացնել այս աշխարհից, ես հավատում եմ, որ ամեն տեսակի դժբախտություն կվերանա այս աշխարհից եւ աշխարհը կլցվի խաղաղությամբ եւ երջանկությամբ։ Դժբախտաբար սակայն, մարդիկ վիշտն ու թշվառությունը հալածելու փոխարեն, վշտահարներին ու թշվառներին են հալածում։ Ո՛չ ոք թշվառներին հալածելով չի կարողանա վերջ դնել թշվառությանը։ Ինչպես մեկը կրակի մեջ փայտ նետելով չի կարող կրակը հանգցնել, այնպես էլ ո՛չ ոք չի կարող դատապարտության փայտահարումներով ուղղության բերել իր նմանին։
Երբեմն հանդիպում ենք քննադատող, բամբասող ու մեղադրող մարդկանց, որոնք սակայն իրենք իրենց ավելի սրբագրող, ուղղության բերող եւ ճշտող են կոչում, քան մարդակործան էակներ։ Այսպիսիներին հիշեցնեմ, որ քննադատությունն ինքը անուղիղ բան է։
Անուղիղ միջոցներով չենք կարող ուրիշներին ուղղության հրավիրել։ Թերիները մատնանշելով որեւէ մեկը չի՛ կարող այլոց մղել իրենց դերակատարությանը։ Ուրիշների սխալները մատնացույց անելով չենք կարող նրանց սրբագրել։ Կոշտ վերաբերմունք եւ կծու լեզու ունեցող մարդը չի կարող այլոց ուղղել։ Ահա թե ինչո՛ւ առաքյալը ասում է. «Պետք է հեզությամբ նրան ուղիղ ճամփի բերեք»։ Գոռոզ մարդը չի կարող իր նմանին խոնարհության առաջնորդել։ Ժողովրդական առածը ասում է. «Անուշ լեզուն օձին բնից կհանի»։ Անկարելի է, որ դառն լեզուն կարողանա Քրիստոսի քաղցրության վկան դառնալ։
Մենք չենք զարմանում, երբ աշխարհով առաջնորդվող մարդկանց մոտ տեսնում ենք ավերիչ լեզու եւ կորստաբեր վարվելակերպ, բայց զարմանում ենք, երբ Սուրբ Հոգով առաջնորդվող հավատացյալների մոտ ենք տեսնում այդպիսի լեզու եւ վարվելակերպ։
«Եթե ձեզնից մեկը ինչ-որ հանցանքի մեջ բռնվի հանկարծ» խոսքի շրջագիծը պարզում է, որ առաքյալը այստեղ հանցանք գործող հավատացյալ եղբոր մասին է, որ խոսում է եւ ո՛չ թե պատահական մեկի մասին։ Նա հանձնարարում է, որ հավատքի մարդը մեղքի մեջ ընկած իր հավատակից եղբոր նկատմամբ աստվածահաճո վերաբերմունք ունենա եւ օգնի նրան ձերբազատվելու մեղքի ճիրաններից։
Աղբյուր՝ Սյունյաց Կանթեղ N 30, հեղինակ՝ Վաղինակ վրդ. Մելոյան