Հա՛յր, ում որ Ինձ տվիր, կամենում եմ, որ, ուր Ես Եմ, նրանք էլ Ինձ հետ լինեն, որպեսզի տեսնեն Իմ փառքը, որ Դու Ինձ տվեցիր, քանի որ Ինձ սիրեցիր՝ նախքան աշխարհի լինելը: Արդա՛ր Հայր, թեեւ աշխարհը Քեզ չճանաչեց, բայց Ես Քեզ ճանաչեցի, եւ իմացան նրանք, որ Դու ես Ինձ ուղարկել: Եւ ճանաչեցրի նրանց Քո անունը ու պիտի ճանաչեցնեմ, որպեսզի այն սերը, որով Ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, եւ Ես՝ նրանց մեջ: (Հովհ.17;24-26)
Հիսուս կամենում է նաեւ, որ մենք եւս նույնը կամենանք, եւ ինչպես Աստված կամենում է բարին եւ գործադրում է, այնպես էլ կամենում է, որ մենք կամենանք բարին ու գործադրենք: Հիսուս Աստծո՝ մեր հանդեպ ունեցած բոլորանվեր սիրո մարմնացումն է: Մեր կյանքը իմաստ կստանա միայն այդ սերը ընդունելուց եւ փոխադարձելուց հետո: Նա փափագում է սիրել մեզ ու սիրվել փոխադարձաբար, որովհետեւ Նա էությամբ Սեր է, բայց նաեւ նախանձախնդիր է մեր սրբությանը, որովհետեւ Սուրբ է եւ սուրբերի մեջ է բնակվում:
Աստված մեզանից չի պահանջում քծնանք, կաշառք, բարեկրթություն կամ քաղաքավարություն: Նա մեզանից սիրալիրություն չէ, որ ակնկալում է, այլ սեր, Նա մեզանից երեսպաշտություն չէ, որ պահանջում է, այլ պաշտամունք՝ Հոգով եւ Ճշմարտությամբ: Երբ Տերը ասում է. «Եկեք Ինձ մոտ եւ առեք Կյանքի ջուրը ձրի»,- շատ քչերն են հասկանում, որ Նա Ինքն է լիուլի վճարել այդ ջրից ձրի օգտվելու մեր իրավունքի եւ հնարավորության դիմաց: Ատելությունն ու արհամարհանքը քրիստոնյայի գերեզմանն են, անտարբերությունը՝ տապանաքարը, իսկ ապականված մտածողությունը՝ փտությունն ու որդերը: Մարդը կարող է ատել Սրբությունը, արհամարհել Ճշմարտությունը, անտարբեր լինել Արդարության նկատմամբ եւ շրջապատող մարդկանցից թաքցնել իր անմաքուր մտքերն ու անմարդկային էությունը, բայց նա ընդամենը քայլող ու խոսող գերեզման է, որտեղ թաղված են մարդկայինը, բարին ու կատարյալը: Այս ամենը մեկ խոսքով կոչվում են ամբարտավանություն. մի հոգեվիճակ, որը վկայում է մարդու՝ իբրեւ մարդ չգոյության մասին: «Բոլորի հետ ջանացեք ապրել խաղաղությամբ եւ սրբությամբ՝ առանց որի ոչ ոք Տիրոջը չպիտի տեսնի» (Եբր.12;14): Սա կեղծավորության ու մարդահաճության կոչ չէ: Սրբությունը Աստծո համար մերժելի բաներից զերծ մնալն է, Աստծո կամքին հնազանդվելը, Աստծուն հաճելի լինելը: Սրբությունը սեփական աստվածակերպ բնությանը հավատարիմ լինելն ու մնալն է: Առանց սրբության անարժեք են եւ՛ սերը, եւ՛ ճշմարտությունը, եւ՛ արդարությունը, եւ՛ հավատը: Մեր Տիրոջը մատնեցին համբույրով, մեխեցին Աստծո անպատասխան սիրո մեխերով եւ պսակեցին մարդկության դավաճանության փշե պսակով, բայց Նա անվարան բարձրացավ Իր Սիրո Խաչը: Ամեն ինչ շատ ավելի լուրջ է, մարդի՛կ, քան միմյանց խածոտելն ու հոշոտելը եւ Աստծուն մեղադրելը: Ժամանակը կարճ է, Աստծո Սերը՝ անսահման: Շտապենք մաս ու բաժին ունենալ այդ սիրուց: Ո՞վ է մեզ արգելում Աստծո սիրուն սիրով պատասխանել: Միակ արգելքը մեր անհավատությունն է՝ մեր անարժանությունը: Մենք չենք հավատում, որովհետեւ չենք կամենում հավատալ, եւ եթե մենք իսկապես ձգտենք առ Աստված, ոչ ոք չի կանգնի մեր ճանապարհին: Եւ ամենեւին էլ պետք չէ Չարին պատրվակ բռնել: «Աստված սատանայից չի փորձվում եւ Ինքն էլ չի փորձում ոչ ոքի» (Հակ.13-18): Մենք եւս Սաղմոսերգուի նման կարող ենք ասել. «Տերը իմ լույսն ու կյանքն է, ումի՞ց վախենամ, Տերը իմ կյանքի ապավենն է, ումի՞ց ես դողամ» (Սաղմ.27;1),- եւ Առաքյալի նման՝ «Եթե Աստված մեր կողմից է, ո՞վ է, որ մեզ հակառակ է»: Նա կամենում է, որ Իր պատկերը կրող մարդը հեռու մնա այն ամենից, ինչ Ինքը մերժում է եւ վանում է Իր Աստվածությունից, այդ պատճառով Աստծուն մերժելի եւ ատելի բաների հետ առնչվող ադամորդիները կվտարվեն Աստծո հավիտենական ներկայությունից: «Ուրեմն, իմ սիրելինե՛ր, ինչպես միշտ հնազանդվել եք, երբ եկել եմ ձեզ մոտ, այնպես էլ հնազա՛նդ եղեք առավել եւս այժմ, երբ հեռու եմ ձեզանից. ահով եւ դողով դուք ձեր փրկության համար աշխատեցե՛ք. որովհետեւ Աստված է, որ հաջողեցնում է ձեր մեջ կամենալը եւ կատարելը Իր հաճության համար: (Փիլ.2; 12-13)
«Սյունյաց կանթեղ» Սյունյաց Թեմի պաշտոնաթերթ N71
Լիլիթ Հովհաննիսյան