Օգոստոսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին Հայաստանի Հանրապետության և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտները` ստանալու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու պատգամը:
Մինչ արարողությունը Ամենայն Հայոց Հայրապետն ընդունեց ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին` ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
Պաշտպանության նախարարը Նորին Սրբությանը ներկայացրեց ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուս. տարվա ավարտական միջոցառումները` դրանց շրջանակում մեծապես կարևորելով ապագա սպաների այցը Մայր Աթոռ: Նախարարը տեղեկացրեց նաև ի նպաստ բանակաշինության իրականացվող կրթական և սոցիալական ծրագրերի մասին:
Գարեգին Բ Կաթողիկոսը, ողջունելով նոր ձեռնարկները, իր հերթին ընդգծեց, որ այսօր ազգի ուշադրության առանցքում պիտի լինեն հայրենյաց պաշտպան հայ զինվորն ու սպան:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը և Պաշտպանության նախարարը հոգևորականների թափորով առաջնորդվեցին Մայր Տաճար, որտեղ կատարվեց ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուս. տարվա շրջանավարտների օրհնության արարողությունը:
Վերջում, միասնական Տերունական աղոթքից հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր պատգամը բերեց Մայր Տաճարում համախմբված զինվորականներին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ
«Ամէն ինչի կարող եմ Նրա´ շնորհիւ, Ով ինձ զօրացրեց»:
(Փիլիպ. Դ 13)
Մեծարգո Նախարար,
Պատվարժան զորականներ,
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Ուրախ ենք մեծապես, որ Տիրոջ կամքով առիթն ունենք Մեր շնորհավորանքն ու օրհնությունը բերելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջնորդությամբ հայոց հոգևոր կենտրոնում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, համախմբված ռազմական հաստատությունների սաներին, ովքեր ուսումնական շրջափուլը ավարտելով՝ ծառայության պիտի կոչվեն Հայոց բանակում:
Գոհություն և փառք ենք մատուցում առ Աստված, որ այս տարի ևս մեր ռազմական կրթօջախները տվեցին հերթական առատ հունձքը: Հայոց բանակի ստեղծման 25-րդ տարեդարձի խորհրդանշական այս տարում դուք ջանադիր ու տքնաջան ուսումնառությունից հետո, ահավասիկ, պիտի համալրեք Հայոց բանակի սպայական կազմը՝ կոչվելով պատասխանատու ծառայության: Դժվարին ու մարտահրավերներով լեցուն է հայ զինվորի և սպայի ծառայական ուղին: Հայկ Նահապետի ու Սասունցի Դավթի ոգուց ծնունդ առնող հայ զինվորի խրոխտ պատմությունն այսօր մեկ անգամ ևս հյուսվում է ձեր` դեռ նոր-նոր սկսվող մարտական ուղուն: Մեր պատմության էջերում Հայոց բանակը եղել է ոչ միայն զենքի ու ռազմարվեստի, մարտական հմտության, ուժի խորհրդանիշ, այլ նաև ոգեկերտումի ու առաքինությանց, քրիստոնեական նվիրական արժեքների և հերոսությանց խտացում:
Այս նվիրական օրը Մայր Տաճարի սրբազան կամարների ներքո Մեր հայրական պատգամը, սիրելի շրջանավարտներ, ձեզ տալիս ենք առաքյալի խոսքերով. «Ամեն ինչի կարող եմ Նրա՛ շնորհիվ, Ով ինձ զորացրեց» (Փիլ. Դ 13): Հիրավի, ամեն ինչի, անգամ անհնարին ձեռքբերումների է ընդունակ այն զինվորը, որի հոգին ամրացած է ցանկացած դժվարություն, մարտահրավեր ու խոչընդոտ հաղթահարելու աննկուն վճռականությամբ: Դուք ամենքդ հետնորդներն ու ժառանգներն եք քրիստոնեական հավատի ոգով զորացած հայ փառապանծ զորավարների ու զինվորների: Նրանք իրենց լույս հավատքին երբեք չեն խառնել վախն ու երկմտությունը: Նրանց ոգու արիության հիմքն էր առ հայրենին և առ Աստված ունեցած անսասան սերն ու վստահությունը: Սովի, հալածանքների, թշնամու հարձակումների ու դավերի դեմ նրանք կրկնում էին. «Աստված է մեր ապավենն ու զորությունը» (Սղմ. ԽԵ 1):
Սիրելինե՛ր, ձեզ զորացնողը Տեր Հիսուս Քրիստոս է՝ Զորագլուխը Սուրբ Եկեղեցու, և ձեր ապավենը` հարուցյալ ու հաղթական, Տիրոջ հավատարիմ հոտը՝ մեր ժողովուրդը: Ամեն ինչի կարող կլինեք դուք, եթե ունենաք անսասան վստահություն առ Փրկիչ Տերը և սերը՝ առ մեր ժողովուրդը, որոնք ձեր մարտական ծառայությունների մեջ ու դժվարությունների առջև ձեզ օգնական ու զորակից են լինելու: Շուտով ամենքդ պիտի կոչվեք մարտական ծառայության՝ մեծ պատասխանատվություն ստանձնելով մեր երկրի ու ժողովրդի առջև: Ձեր ամեն մի որոշումից ու ձեր գործերից է կախված լինելու Հայրենիքի ապահովությունը, Հայրենիք, որ սուրբ է ու նվիրական իր հազարամյակների անցյալով, հաղթական ներկայով ու առավել պայծառ ապագայով, որը մեր հանձնառություններով պիտի կերտենք մենք: Մաղթում ենք ձեզ խաղաղ ու անվտանգ ծառայություն՝ հանուն մեր երկրի զորացման ու հավատավոր մեր ժողովրդի բարգավաճման: Մաղթում ենք արթուն միտք ու հոգի, որ Աստծո օգնականությամբ նախանձախնդիր ձեր ծառայությամբ առավել հզորություն բերեք Հայոց բանակին, ապահովություն՝ մեր սահմաններին: Զորացեք Հիսուս Քրիստոսով, աղոթեք հայրենիքում խաղաղության հաստատման հույսով և ապրեք ձեր հավատի ու հայրենիքի ազատությունը պաշտպանելու անկոտրում հաստատակամությամբ: Թող Տիրոջ ամենազոր Աջն ու զորությունը հովանի լինեն ձեզ ամենքիդ Հայոց փառապանծ բանակում ձեր գալիք ծառայությանց ընթացքին: Գիտցե´ք, մեր բոլոր հաղթանակների ու ազգային կյանքի ձեռքբերումների անսպառ աղբյուրը մեր ժողովրդի հոգու անպարտելիությունն է, որն Աստծով զորացած` կարողացավ իր պատմության բոլոր փորձությունները հաղթահարել, ցեղասպանությունը վերապրել, հոգևոր ու մշակութային համաշխարհային մակարդակի ժառանգություն կերտել և թշնամական երկրներով շրջապատված լինելով՝ ազգային ինքնությունը անաղարտ պահպանել ու հայրենիք կերտել ու զորացնել:
Գոհունակ սրտով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Հայաստանի Հանրապետության ռազմական ղեկավարությանը՝ գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Տիար Վիգեն Սարգսյանի: Մեծապես գնահատելի է, որ մեր պետությունը ջանք ու կարողություն է ներդնում՝ Հայոց բանակը գիտելիքներով և հոգևոր ու բարոյական բարձր արժեքներ կրող զինվորականներով համալրելու գործում:
Թող Բարին Աստված խաղաղության մեջ պահպանի Հայրենի մեր երկիրը, հզոր ու աննկուն՝ Հայոց հաղթական բանակը և միշտ աջակից լինի աշխարհասփյուռ մեր ժողովրդին ազգային իղձերի ու նպատակների իրականացման ճանապարհին: Եվ թող Տիրոջ ամենախնամ Սուրբ Աջը մշտապես հովանի ու պահապան լինի մեր զորաց ու զորականաց և նորանոր հաջողություններ շնորհի հայրենյաց պաշտպաններին նվիրական առաքելության մեջ այսօր և հավիտյանս:
Արարողության ավարտին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ընդունելություն, ապա զինվորականներն այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ, ծանոթացան Հայոց Եկեղեցու սրբություններին և ցուցադրվող հոգևոր-մշակութային սրբազան ժառանգությանը: