Նախկինում այս առարկան գործածվում էր արարողության ընթացքում հայտնված ճանճերին քշելու համար: Հետագայում այդ կիրառությունը վերացավ, եւ քշոցը դարձավ նվագարան՝ պատարագին մասնակցող դպիրների ձեռքին:
Քշոցը սկավառակաձեւ է՝ ամրացված փայտե երկար ձողի վրա: Սկավառակի վրա պատկերվում են հրեշտակներ՝ խորհրդանշելով քշոցի այլաբանական դերը՝ հրեշտակների ներկայությունը խորանում: Նրա եզրերին զանգակներ են կախվում, որոնք, արարողության խորհրդավոր պահերին դպիրների կողմից շարժվելով, զվարթ հնչյուններ են արձակում՝ խորհրդանշելով հրեշտակների փառաբանությունը:
Աղբյուր՝ «Սրբազան ժառանգություն» Հայ քրիստոնեական մշակույթի համառոտ հանրագիտարան