Ա. Աստվածպաշտությունն Աստծուն հավատարմությամբ, հոժար կամքով ծառայելն է, և այս ծառայությունը կատարվում է հնազանդությամբ աստվածային պատվիրաններին, որոնք Սուրբ Գրքում դրոշմվելով Սուրբ Հոգով ավանդվեցին:
Ուստի ով Սուրբ Գրքին հակառակն է անում, հակառակվում է աստվածային պատվիրաններին, իսկ ով հակառակվում է աստվածային պատվիրաններին, աստվածպաշտությունը կորցնում է, և ով աստվածպաշտությունը կորցնում է, հարկավ դրանից հետո անաստված է դառնում: Իսկ Սուրբ Գիրքն ամբողջապես արգելում է կախարդությունը. ուրեմն կախարդները, ընդդեմ Սուրբ Գրքի գործելով, ոտնատակ են անում աստվածային պատվիրանը, ինչ պատճառով անաստված են դառնում:
Բ. Թեպետ կռապաշտներն անաստված են, որովհետև ճշմարիտ Աստծուն չեն ճանաչում, սակայն դևերին էլ չեն ծառայում, քանի որ դև են: Ուստի կախարդները կռապաշտներից վատ են, որովհետև Աստծուն գիտեն, բայց խնկարկում ու ծառայում են դևերին, կանչում ու ապավինում նրանց և ոչ թե Աստծուն:
Գ. Ով բարեկամանում է մեկին ատելի անձանց հետ, նրան ատելի է դառնում, իսկ կախարդները բարեկամանում են Աստծու ատելիների հետ, որ դևերն են, ուրեմն կախարդներն ատելի են Աստծուն:
Հետևաբար կախարդների մոտ գնացողներն Աստծուն ատելի են դառնում, որովհետև ակնկալում են ինչ-որ բարեկամություն գտնել կախարդական դիվագործությունից, այլապես երբեք չէին գնա կախարդի մոտ:
Դ. Դևերն առավել արագաշարժ են մարդկանց գցելու կախարդական գործերի մեջ, քան այլ չարիքների, որովհետև թեպետ մյուս բոլոր չար գործերում դևի կամքն է կատարվում, բայց նրան չեն ծառայում, իսկ կախարդության մեջ դևին որպես գործի հեղինակի ծառայում են: Ուստի մյուս մեղքերը մարդուն չարագործ են դարձնում, իսկ սա՝ դիվապաշտ:
Արդարև, կախարդն ու նրան հետևողն ըստ ամենայնի արժանի են դատապարտության:
Ե. Դևերը սովոր են կախարդների միջոցով խաբել հիմարներին՝ իբրև թե գաղտնիքներ հայտնելով: Բայց ոչ թե անհայտը ճշմարտապես ցույց տալ են կարողանում, այլ խաբեությամբ տարակուսանքների մեջ են գցում մարդկանց, որպեսզի առավել մտատանջեն ու չարչարեն:
Քանզի ով ի բնե չար է ու մարդկանց թշնամի, ինչպե՞ս կարելի է նրանից որևէ բարիք հուսալ: Եվ ով ի սկզբանե ստախոս է, ինչպե՞ս է հնարավոր, որ ճիշտը խոսի: Ուրեմն՝ կախարդներն ինչ որ գուշակում են՝ դևերից սովորելով, կեղծիք է, սուտ և խարդախությամբ լի:
Զ. Ոմանք հիմարաբար կարծում են, թե դևերն են մարդկանց պատճառում որոշ հիվանդություններ, որոնք կոչում են «դրսևէ»:
Ավա՜ղ, ինչպիսի՜ կուրություն ունեն նրանց սրտերը: Դևերն առանց Աստծու թույլտվության չեն կարող ցավերով տանջել որևէ մեկին: Ախտերն ու հիվանդությունները բազում պատճառներով են առաջ գալիս և բժիշկների դեղերի ու օգնության կարիքն ունենում: Իսկ եթե որևէ ախտ դիվական է, այդժամ պետք է Աստծուն աղաչել ու սուրբերին բարեխոս դարձնել բուժվելու համար:
Եվ քանի որ մեր փրկիչ Քրիստոսը կապեց դևերի զորությունը, ուստի դևը չի կարող մարդկանց վնասել այնքան, որքան կամենում է, այլ որքան Աստված թույլ է տալիս: Եվ սա մարդու որևէ հանցանքի կամ մեզանից թաքցված ու անգիտելի պատճառներով, այ-լապես դևերը բոլոր մարդկանց չարաչար կտանջեին: Իսկ այն քրիստոնյային, որ շնորհի մեջ է, դևը երբեք չի համարձակվում մոտենալ՝ ըստ այսմ. «Ահա ձեզ իշխանություն տվի կոխելու օձերին, կարիճներին և թշնամու ամբողջ զորության վրա» (Ղուկ. Ժ 19):
Է. Շատ անգամ հիվանդությունը պատահում է արյան ապականությունից, մաղասներից, մաղձերից կամ սևամաղձությունից, այլև ուրիշ բազմադիմի պատճառներից: Ուստի և կան հիվանդներ, որ իբրև դիվալլուկներ փրփուր են թափում բերանից, սարսափում, ճչում, գետնին թավալվում, ծամածռվում, պապանձվում և այլն:
Բնության ու խառնվածքի այս և սրանց նման ախտերն ու տկարությունները կարիքն ունեն բժշկական դեղորայքի, երակահատության, օդափոխության ու պահեցողության: Բայց անգետներն ու թերահավատներն այսպիսի ախտերի պատահելու դեպքում դիմում են կախարդական հնարների. իրենց հիվանդներին իզուր տանջում են, շատ դրամ իզուր մսխում և ոչինչ չեն շահում, բացի դատապարտությունից:
Ը. Հիվանդությունը պատահում է կամ Աստծուց՝ ի պատիժ մեղքերի, կամ հենց իրենից՝ մարդուց, իր բնության տկարության կամ իր անզգուշության պատճառով: Երկուսն էլ կարիքն ունեն նախ աստվածային օգնության, ապա բժշկական դեղորայքի: Ուստի նախ պետք է ջերմեռանդ աղոթքներով ու ողորմությամբ դիմել Աստծուն և հետո՝ բժիշկ-ներին: Կա նաև ասես բնական հիվանդություն, որ դեպի բնական մահն է առաջնորդում: Դևերն այսպիսի հիվանդություններին անհաղորդ են, որևէ օգուտ կամ վնաս տալ չեն կարող:
Սակայն որոշ տկարամիտներ, այս ամենը դևերի զորությանը վերագրելով, թողնելով բնական դեղերը, որոնց Աստված ախտերը բուժելու զորություն տվեց, և սուրբ Ավետարանն ու հոգևորականներին, գնում են այլևայլ ազգերի խոջաների մոտ՝ օգնություն հայցելու:
Արդարև, սա մահացու մեղք ու անաստվածություն է. որովհետև մոռանալով կյանքի աղբյուր Աստծուն և Աստծու կողմից կարգվածներին՝ դիմում են Աստծուն ատելիներին՝ դևերին ու նրանց դիվազգի սպասավորներին:
Թ. Կան և ոմանք, որ ասում են. «Ահա ոչ բժշկական դեղերով և ոչ սուրբ Ավետարա-նով չբուժվեց մեր հիվանդը: Ի՞նչ անենք, նրան անխնա՞մ թողնենք. ծովն ընկածն օձերից է կառչում»:
Ո՛վ հիմար, հարկ է, որ միայն աղաչես Աստծուն նրան առողջություն տալու: Իսկ եթե Աստված կամեցել է, որ նա շարունակի մնալ նույն հիվանդության մեջ, իզուր է քո տառապելը, և իզուր՝ կախարդների մոտ գնալով մեղանչելը: Գուցե Աստծուն քո բարկացնելու պատճառով հիվանդությունը կա՛մ երկարատև դառնա, կա՛մ մահաբեր:
Ժ. Կախարդների հետ դատապարտվում են նաև նրանք, որոնք պարզամիտներին խաբում են այլևայլ դյութական գործողություններով՝ բակլայի, գարու կամ այլ միջոցներով, իբրև թե ծածուկ բաներ են իմանում: Այս բոլոր դյութական հմայությունները դևերի պատրողական գիտությունն են, որով մարդկանց մոլորեցնում են:
Այսպիսին են չար պառավներից շատերը, որոնք դևերի բնակարան դառնալով՝ դիվական աղանդներն ուրիշներին են սովորեցնում և դառնում բազում չարիքների պատճառ: Ոչ թե որովհետև կարողանում են չարիք կամ բարիք պատճառել մեկին, այլ որով-հետև մարդկանց մեջ խռովության պատճառ են դառնում և անմեղներին իրենց հետ դեպի դատապարտություն տանում: Ուստի ով հավատում է նրանց խոսքերին և ընդունում դյութական խաբեությունները, նրանց հետ մատնվում է հավիտենական կորստյան:
ԺԱ. Դյութական միջոց է և նուսխան, որ կոչում են նաև հմայիլ, ուստի եթե մեկն այն իր վրա է կրում, ինչ նշանագրով էլ որ գրված լինի, կախարդական փաթեթ է համարվում, և մեղանչում են գրողն ու պահողը: Որովհետև այդպիսի դյութական հուռութքները մեր սուրբ հավատքին հակառակ են:
«Վհուկներին մի՛ հետևեք և ոգեհանների հետ մի՛ առնչվեք, որպեսզի նրանցով չպղծվեք» (Ղևտ. ԺԹ 31):
«Դու ստեցիր նաև քո սուրբ երկրի հին բնակիչներին
իրենց կատարած գարշելի գործերի՝ կախարդությունների
և անսուրբ զոհաբերությունների համար» (Իմաստ. ԺԲ 3-4):
Աղբյուր՝ Պողոս Ադրիանապոլսեցու «խրատի թանգարան» գրքից