Եկեղեցու զանգերը կախվում են նրանց համար հատուկ ստեղծված զանգակատներում, որոնք սովորաբար կառուցվում են եկեղեցուն կից, հաճախ՝ նրա գլխավոր մուտքի առջեւ կամ գավթի տանիքին, իսկ երբեմն էլ՝ իբրեւ առանձին շինություն:
Հայաստանում սկսել են զանգակատներ կառուցել X դ. երկրորդ կեսից, երբ կոչնակների կիրառությունը փոխարինվեց զանգերով: Այդ պատճառով որոշ եկեղեցիների զանգակատներ, առավել ուշ շրջանի հավելում լինելով, ոճով ու հարդարանքով փոքր-ինչ տարբերվում են բուն եկեղեցու շինությունից: Ըստ ընդհանուր օրինաչափության՝ զանգակատան սյունազարդ ռոտոնդայի գագաթը, որը պսակված է խաչով, իր չափերով ու բարձրությամբ երկրորդադաս է լինում եկեղեցու գմբեթի նկատմամբ, ինչն առավել ընդգծում է բուն եկեղեցու վեհությունը:
Աղբյուր՝ «Սրբազան ժառանգություն» Հայ քրիստոնեական մշակույթի համառոտ հանրագիտարան: