Հռոմէացիներ 16.17‐27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 15.39‐16.12։
Հռոմէացիներ
17Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ո՛ւշ դրէք այնպիսիներին, որ հերձուածներ եւ գայթակղութիւններ են առաջ բերում այն վարդապետութիւնից դուրս, որը դուք սովորել էք. եւ խորշեցէ՛ք նրանցից, 18որովհետեւ այնպիսիները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չեն ծառայում, այլ՝ իրենց որովայնին. եւ քաղցրախօսութեամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են անմեղների սրտերը։ 19Ձեր այդ հնազանդութիւնը ծանօթ է բոլորին. եւ արդ, ուրախ եմ ձեզ համար. բայց ուզում եմ, որ դուք իմաստուն լինէք բարի գործերի համար եւ հեռու մնաք չարից։ 20Եւ խաղաղութեան Աստուածը շուտով պիտի խորտակի Սատանային ձեր ոտքերի տակ։ Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ։ 21Ողջունում է ձեզ Տիմոթէոսը՝ իմ եղբայրը եւ գործակիցը. ողջունում են նաեւ Ղուկիոսը, Յասոնը եւ Սոսիպատրոսը՝ իմ ազգականները։ 22Ողջունում եմ ձեզ ի Տէր եւ ես՝ Տերտիոսս, որ այս թուղթը գրեցի։ 23Ողջունում է ձեզ Գայիոսը՝ իմ եւ ամբողջ եկեղեցու հիւրընկալը։ Ողջունում է ձեզ Երաստոսը՝ քաղաքիս գլխաւորը, եւ Կուարտոս եղբայրը։ 24Այլ նրան, որ կարո՛ղ է ձեզ հաստատուն պահել ըստ իմ այս աւետարանի եւ ըստ քարոզութեան Յիսուս Քրիստոսի, ըստ այն յայտնութեան խորհրդի, որ յաւիտենից ծածկուած էր, 25իսկ այժմ յայտնուած է մարգարէական գրքերի միջոցով մշտնջենաւոր Աստծու հրամանի համաձայն եւ ծանուցուած է բոլոր հեթանոսներին, հաւատի հնազանդութեան համար, 26միակ իմաստուն Աստծուն, Յիսուս Քրիստոսի միջոցով, նրան փառք յաւիտեանս։ Ամէն։ 27Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեզ բոլորիդ հետ։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
39Երբ նա ժողովրդի բազմութիւնը արձակեց, նաւակ բարձրացաւ ու եկաւ Մագդաղիայի սահմանները։
16 Փարիսեցիներն ու սադուկեցիները մօտեցան ու փորձելով՝ նրանից ուզում էին, որ ցոյց տայ իրենց երկնային մի նշան։ 2Իսկ նա պատասխան տուեց եւ ասաց նրանց. 3«Չար եւ շնացող մի սերունդ նշան է ուզում, եւ սակայն նրան նշան չպիտի տրուի, բացի Յովնան մարգարէի նշանից»։ Եւ նրանց թողեց ու գնաց։ 4Աշակերտներն էլ գնացին ծովի այն կողմը, բայց մոռացան հաց վերցնել։ 5Յիսուս նրանց ասաց. «Տեսէ՛ք, զգո՛յշ եղէք սադուկեցիների եւ փարիսեցիների խմորից»։ 6Աշակերտները իրենց մէջ խորհում էին ու ասում. «Որովհետեւ հաց չենք վերցրել»։ 7Յիսուս այդ իմացաւ ու ասաց. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր մտքում խորհում, թէ հաց չունէք։ 8Դեռեւս չէ՞ք իմանում եւ չէ՞ք յիշում հինգ նկանակը, որ կերակրեց հինգ հազարին. եւ քանի՞ սակառ վերցրիք. 9ոչ էլ եօթը նկանակը՝ չորս հազարին. եւ քանի՞ սակառ վերցրիք։ 10Արդ, ինչպէ՞ս չէք իմանում, թէ հացի համար չէ, որ ձեզ ասացի՝ զգոյշ լինել փարիսեցիների եւ սադուկեցիների խմորից»։ 11Այն ժամանակ իմացան, թէ չէր ասել, որ զգուշանան խմորից, այլ՝ փարիսեցիների եւ սադուկեցիների ուսուցումից։ 12Եւ Յիսուս Փիլիպպեան Կեսարիայի կողմերը գնալով՝ հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»։