Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի»
համազգային շարժմանը
Վիրահայոց թեմը, առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի գլխավորությամբ, աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը և հայտում է իր զորակցությունը շարժման բոլոր մասնակիցներին ու շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին: Ի պատասխան՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում ենք համազգային շարժմանը:
Ռումանիոյ հայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի»
շարժմանը և պաշտպանում է ՀՀ տարածքային
ամբողջականությունը
Ռումանիոյ հայոց թեմը՝ ի դեմս թեմակալ առաջնորդի, թեմական Պատգամավորական ժողովի և թեմական խորհրդի անդամների, մեր Հայրենիքի համար դժվարին այս օրերին իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականությունը, որը չի բխում աշխարհասփյուռ հայության և մեր պետականության ազգային շահից և աներկբա ձևով պաշտպանում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Տավուշի մարզից որոշ տարածքների հանձնման, միակողմանի զիջումներով այսպես կոչված ,,սահմանազատման,, գործընթացը խստորեն դատապարտելի է և կազմակերպվում է ներկայիս իշխանությունների կողմից ընդունված անթույլատրելի որոշումների հիման վրա։ Այն զուրկ է իրավական հիմքերից, հակասում է սահմանազատման միջազգայնորեն ընդունված նորմերին և ՀՀ համար կարող է ստեղծել անվտանգային լուրջ սպառնալիքներ։ Տավուշի մարզի չորս գյուղերի հանձնումը թշնամու անմիջական նշանառության տակ է դնում նաև մեր միջպետական ճանապարհները, որոնք ստրատեգիական կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար։ Այսպես կոչված ,,սահմանազատման,, այս գործընթացը միանշանակ անվտանգային լուրջ խնդիրներ է ստեղծելու ոչ միայն ամբողջ Հայաստանի համար, այլև վստահաբար հանգեցնելու է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակչության արտագաղթին ու հայաթափմանը։ Հայոց Եկեղեցին ի Սփյուռս աշխարհի, իր հայ հավատացյալներով և հայ եկեղեցականը, որ անձնվիրաբար ծառայում է Սփյուռքում, դեմ չէ երկարատև խաղաղության հաստատմանը, որի առաքյալներն ենք, սակայն մենք դեմ ենք այն միջոցներին ու գործիքակազմին, որով առաջնորդվում են ներկայիս իշխանությունները։ Հայ Եկեղեցին ի Սփյուռս աշխարհի և հայ եկեղեցականը մշտապես խոնարհությամբ ծառայել է իր ժողովրդին և Հայրենիքին, բայց խոնարհության ու ծառայասիրության հետ մեկտեղ միշտ եղել է բարձունքում՝ երբեք ծունկի չգալով նրանց առաջ, որոնք դարերի հոլովույթում փորձել են սասանել ու ծնկի բերել մեզ՝ լինի հայազգի ներքին, թե օտարազգի արտաքին թշնամի։ Խաղաղության դարաշրջանին կարող ենք հասնել միայն թշնամուն իր տեղը ցույց տալով և արժանապատիվ դիրքից բանակցելով։ Այս առումով մենք լիովին սատարում ենք և մեր աջակցությունն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և Տավուշի թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և բոլոր այն հայրենասեր անձանց, որոնք պայքարում են ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար։ Այսօր խարխլված են անկախ պետականության հիմքերը և անհրաժեշտ է օր առաջ դարձյալ համախմբվել, մի կողմ դնել ամեն տեսակ տարաձայնություն, ազգային միաբանության ոգով ու հանդուրժողականությամբ լծվել Հայրենիքի պաշտպանության ու բարգավաճման սրբազան առաքելությանը, որպեսզի մեր զավակները ևս ժառանգեն ազատ, անկախ, հզոր ու բարօր Հայրենիք:
Աղոթում ենք Հայաստանում և համայն աշխարհում խաղաղության վերահաստատման, մեր Հայրենիքից ներս ապահով ու անվտանգ կեցության, հայոց պետականության անսասանության ու զորացման համար։
Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ
Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանն իր զորակցությունն է հայտնում
Գերաշնորհ Տ. Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ սկիզբ առած շարժմանը
Աշոտ Եպիսկոպոս Առաջնորդ Եգիպտոսի Հայոց Թեմի
Շվեդիայի Հայ Առաքելական Եկեղեցու խորհուրդը իր
անվերապահ աջակցությունն ու զորակցությունն է հայտնում
Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Արցախյան 44-օրյա պատերազմից ի վեր մեծ մտահոգությամբ ու տագնապով հետևում ենք մեր Հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս շրջանը պարփակում է աննկարագրելի կորուստներ և պարտադրված պարտություններ, մասնավորապես, Արցախ աշխարհի շրջափակում ու հայաթափում, որը ոչ այլ ինչ էր, քան հայկական մի նոր ցեղասպանություն: Այսու նաև տարակուսելի և հակազգային ենք համարում ՀՀ ներկայիս կառավարության հակահայկական դիրքորոշումները Արցախյան հիմնախնդրի առնչությամբ:
Ցավով նկատում ենք, որ պարտությունների և կորուստների շղթան ներկայումս շարունակվում է նաև ՀՀ սուվերեն տարածքում՝ այս անգամ անդառնալի կորուստներ պատճառելով Տավուշի մարզին և վտանգելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու անվտանգային համակարգը: Զիջում են կարևոր ռազմավարական բարձունքներ, որտեղից թշնամին անմիջական նշանառության ներքո է պահելու Տավուշի մարզի հարակից գյուղեր և բնակավայրեր, միջպետական ճանապարհներ, դպրոցներ, որը կարող է մոտ ապագային հայաթափման վտանգներ ստեղծել: Այս գործընթացները անօրինական են, չունեն որևէ իրավական կամ ժողովրդավարական հիմք և արդյունք են միանձնյա որոշումների և մեր անհամաձայնությունն ենք հայտնում իշխանությունների՝ միակողմանի զիջումների քաղաքականությանը:
Իբրև Սփյուռքի մի մաս, բացարձակապես անընդունելի ենք համարում նաև ՀՀ Վարչապետի և իշխանությունների հայտարարությունները Հայոց Ցեղասպանության, ինչպես նաև Պատմական Հայաստանի հակասականության վերաբերյալ, ինչը մեծ անարգանք է մեր սրբադասված նախնիների հիշատակին, Հայոց Պատմությանը, նաև Սփյուռքահայության զգացումներին, քանի որ Սփյուռքն էլ արդեն իսկ արդյունք է Հայոց Ցեղասպանության և Պատմական Հայրենիքի կորստի: Այսու վերստին պահանջում ենք, որպեսզի ՀՀ իշխանությունները դադարեցնեն այս պարտվողական և հակազգային քաղաքականությունը, որը ամեն առումներով դեմ է Հայաստանի և հայ ժողովրդի շահերին:
Մենք մեր անվերապահ աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Տավուշը Հանուն Հայրենիքի շարժմանը՝ առաջնորդությամբ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Տավուշի Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի: Շարժման հետ համատեղ պայքարելու ենք հանուն Ճշմարտության և Արդարության, հանուն Հայի և հանուն Հայաստանի, հանուն Հայրենիքի և ի փառս Աստծո: Աղոթում ենք մեր Հայրենիքի անսասանության և մեր ժողովրդի
բարօրության համար:
Ի դիմաց Շվեդիայի` Ստոկհոլմի, Ուփսալայի, Վեսթերոսի, Նորշոփինկի, Գոթեբորգի և Մալմոյի Հայ Առաքելական Եկեղեցու խորհուրդների:
Դանիայի Հայ Առաքելական Եկեղեցու համայնքային խուրհուրդ
իր անվերապահ աջակցություն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Դանիայի հայ համայնքային խորհուրդը, միանալով համաեվրոպական հայ համայնքների ձայնին, իր խորին մտահոգություն է հայտնում այս օրերին Մայր Հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ու անհամաձայնություն է հայտնում Հայաստան-Ադրբեջան սահմանագծում տեղի ունեցող անհամաչափ, միակողմանի, սահմանազատման գործընթացի վերաբերյալ, որն իրականացվում է Ադրբեջանի սպառնալից ճնշումների ներքո։
Հայրենիքը՝ Մայր Հայաստանը, բարձրագույն արժեք է Հայրենիքի ամբողջականությունը և անսասանությունը պահպանելը՝ սրբազան պարտականություն։ Դատապարտելի է ցանկացած ոտնձգություն հայրենիքի, հայ ժողովրդի, խաղաղության, իրավունքների նկատմամբ։
Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին: Կոչ ենք անում ձգտել երկարատև ու ամուր խաղաղության ոչ թե միակողմանի շարունակական զիջումների հաշվին, այլ ազգային միաբանության, հասարակական լայն հաշտության ու համերաշխության, ինչպես նաև ազգային արժանապատվության հիմունքներից ելնելով` նույն թվում դասեր քաղելով Արցախի հայաթափման ցավալի փաստից:
Դանիայի Հայ Առաքելական Եկեղեցու համայնքային խուրհուրդ
Հաղորդագրություն
Հայց. Առաք. Եկեղեցու Կանադահայոց Թեմի
Վերջի օրերին, համայն Հայ ժողովրդի կողքին մենք ևս խոր մտահոգությամբ և ուշադրությամբ հետևում ենք հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին, ի մասնավորի «Տավուշը Հայրենիքի համար» շարժման գլխավորությամբ ստեղծված համաժողովրդական մեծ համախմբումի միջոցով, հայրենիքի լրջագույն հարցերի մասին կատարվող քննարկումներին: Ակնհայտ է թե «Տավուշի շարժումը» որը գլխավորում է Հայց. Առաք. Եկեղեցւոյ Տավուշի թեմի Առաջնորդ Գերշ. Տեր Բագրատ Արք. Եպս. Գալստանյանը, ով նախապես պաշտոնավարել է, որպես Կանադահայոց Թեմի Առաջնորդ, հրապարակային տարբեր փոխանակումների ընթացքին, հաճախ անտեղի ակնարկություններ են կատարվում Սրբազանի անձի վերաբերյալ, անդրադարձներ կատարելով նրա Կանադայում պաշտոնավարության: Մեզ ուղղված բազմաթիվ հարցերին արդարորեն պատասխանած լինելու համար, հաստատում ենք հետևյալը՝ Գերշ. Տեր Բագրատ Արք. Եպս. Գալստանյանը՝ 2003-2013 տարիներին պաշտոնավարել է որպես Թեմի երրորդ Առաջնորդ։ Կանադահայոց Թեմը անցել է կազմավորման հաջորդական բազում դժվար հանգրվաններով, որոնցից է նաև անկասկած Բագրատ Սրբազանի պաշտոնավարության շրջանը:
Հեշտ է ազատորեն կատարել լուրջ զրպարտություններ ու քննադատություններ Թեմը գլխավորած Առաջնորդի հասցեին, առանց ունենալու արծարծվող խնդիրների բոլոր մանրամասնությունները: Իրականում, Բագրատ Սրբազանն իր 10 տարիների պաշտոնավարության շրջանում, բացի թեմական ընթացիկ աշխատանքներից, տքնաջան գործունեություն է տարել հաջողության հասցնելու հատկապես եկեղեցաշինական աշխատանքները: Անարդար է հետ դարձ կատարել այդ օրերի հատուկ հարցերին և երևույթներին առանց մանրամասնելու բոլոր տվյալները: Վստահաբար կարող ենք շեշտել, թե Գերշ. Տ. Բագրատ Սրբազանը տքնաջան աշխատել է լավագույն լուծումների հանգելու համար: Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքի» մասին, քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարագվորումներով: Նշենք նաև, որ Կանադահայոց Թեմի կանոնադրության համաձայն, Թեմի վարչական և Ֆինանսական հարցերի մասին որոշումները կայացնում է Թեմական Խորհուրդը և ոչ թե Առաջնորդը, ուստի վերագրել Առաջնորդին զանցանքներ որոնց իրավասությունը նա չի ունեցել կանոնադրության համաձայն, հերյուրանք է և զրպարտություն: Ահա թե ինչու անտեղի և անարդար վերագրումներ են կատարվում Բագրատ Սրբազանի հասցեին։ Մեր պահանջն է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու նրա գահակալ Ամենայն Հայոց Հայրապետը, վեր պահվին բոլոր հակամարտություններից: Մյուս Թեմերի կողքին, Կանադահայոց Թեմը նույնպես ամբողջովին զորակցում է նրանց առաքելության ու անսասանության:
Հայց. Առաք. Եկեղեցու Կանադահայոց Թեմի Դիվանատուն
Գանատահայութիւնը կը միանայ «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման
Կազմակերպութեամբ ՀՅԴ ԳԵՄ-ի Թորոնթոյի «Ս. Զաւարեան» մասնաճիւղին, Կիրակի, 5 Մայիս 2024-ին, յետմիջօրէի ժամը 2:00-ին, Թորոնթոյի Հայ կեդրոնին դիմաց տեղի ունեցաւ «Տաւուշը յանուն հայրենիքի» զօրակցական ժողովրդային հաւաք, ներկայութեամբ Գանատայի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Բաբգէն Արք. Չարեանի, Թորոնթոյի Ս. Աստուածածաին եկեղեցւոյ հոգեւոր հովիւներ՝ Արժ. Տ. Տաթեւ Ա. Քհն. Միքայէլեանի եւ Հոգշ. Տ. Վարդան Վրդ. Թաշճեանի, ՀՅԴ Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Խորէն Տիմիթեանի, ԳԵՄ-ի ու Պատանեկան միութեան անդամներուն եւ սրտցաւ հայրենակիցներու:
ԳԵՄ-ի անունով խօսք առաւ Մինաս Վերտանեան եւ ըսաւ. «Հայորդինե՛ր, պահը օրհասական է. պայքարը՝ մէկ, եւ թշնամին՝ մէկ, երէկ Արցախն ու Շուշին, այսօր Տաւուշը, վաղը Սիւնիքը, աւելի ուշ Երեւանը գրաւելու լուրջ վտանգին դէմ յանդիման կանգնած ենք: Պահն է համախմբուելու ու քայլելու Չարենցի հետքերով, որ կ’ըսէ “Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը քո հաւաքական ուժին մէջն է”: Առաջնորդուինք Նժդեհի, Արամ Մանուկեանի, Պետոյի, Տուշմանի կտակով: Մենք խաղաղութեան կողմնակից ենք, բայց արժանապատիւ ու կայուն խաղաղութեան. ոչ մէկ ժամանակ միակողմանի զիջումները խաղաղութիւն կ’ապահովեն, ոչ մէկ ժամանակ յանձնուողական քաղաքականութիւնը կը զսպէ թշնամիին յարձակողապաշտ ախորժակները», ապա եզրափակեց. «Մենք՝ ուխտեալ եւ երդուեալ պատանիներ ու երիտասարդներ, պիտի շարունակենք քայլել մեր նախնիներուն ուղիով. թող հնչեն զանգերը, որպէսզի հայ մարդը երբեք չլքէ իր տունը, որպէսզի Եռաբլուրը անտէր չմնայ ու Ծիծեռնակաբերդ չդառնայ. մենք կը հաւատանք, որ հոգեւոր Հայաստանը պիտի յաղթէ “նոր Հայաստան”ին, սէրն ու հաշտութիւնը պիտի յաղթեն ատելութեան եւ թշնամանքին, եւ Եռագոյնը պիտի յաղթէ սեւին ու սպիտակին»:
Անկէ ետք ՀՅԴ Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Խորէն Տիմիթեան ելոյթ ունեցաւ ըսելով. «Այսօր հայրենիքի մէջ մեր հայրենակիցները փողոցներն են՝ դատապարտելու հայրենի հողեր յանձնելու Հայաստանի իշխանութեան դաւադիր ընթացքը: Եւ ՀՅԴ Գանատայի կառոյցը խստօրէն կը դատապարտէ Հայաստանի իշխանութեան յանձնուողական վարքագիծը: Մենք Արցախի, Տաւուշի եւ համայն հայութեան կողքին ենք, կրկին անգամ կը դատապարտենք հայրենի հողերը յանձնելու եւ զիջելու իշխանութիւններուն պարտուողական դաւադիր այս ընթացքը եւ կու գանք հաստատելու, որ որպէս ժառանգորդներ մեր պատմական հայրենիքին, այսօրուան եւ վաղուան յաջորդական սերունդներով, վճռած ենք անվհատ շարունակել մեր պայքարը մինչեւ մեր արդար իրաւունքներու վերատիրացումը»:
Գանատայի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Բաբգէն Արք. Չարեան փոխանցեց իր պատգամը ըսելով. «Այս օրերուն ոչ մէկ հայ կրնայ անտարբեր մնալ, երբ Տաւուշէն սկիզբ առած է քայլարշաւ մը, ոչ միայն քալելու, այլ խօսքը լսելի դարձնելու, այսօրուան իշխանութիւններուն, որոնք զիջումի քաղաքականութիւն կը վարեն. երէկ Արցախն էր, այսօր Տաւուշը, վաղը Գեղարքունիքը, միւս օրը Սիւնիքը եւ Երեւանը… անընդունելի է նման մօտեցում ու քաղաքականութիւն: Որքան որ հայ եկեղեցին սրբութիւն է, նոյնքան հայրենի հողը սուրբ է եւ անժամանցելի գանձ», ապա խօսքը ուղղելով ԳԵՄ-ականներուն ըսաւ. «Ուրախ ենք, որ մեր ԳԵՄ-ականները այսօր այստեղ, եկեղեցւոյ դիմաց մեր ժողվուրդին հետ կու գայ միանալու այն շարժման, որ ճշմարտութեան կողքին է, կու գայ ըսելու, որ մենք տէրն ենք մեր հողին, մենք արժանապատուօրէն պահելու ենք մեր սուրբ հողը»:
Սրբազան Հայրը իր պատգամը փակեց ըսելով. «Մեր ժողովուրդը պատմութեան ընթացքին նման տագնապներէ անցած է, բայց երբեք չէ յուսահատած: Մենք երբեք իրաւունք չունինք յուսահատելու. մենք պիտի շարունակենք մեր պայքարը՝ յանուն վաղուան արդարութեան, յանուն ճշմարտութեան, յանուն մեր հողերու ձեռքբերման ու պահպանման, մեր արժէքներու ու սրբութիւններու պահպանման ու յանուն մեր ապագայի տեսիլքի իրականացման»: Հաւաքը վերջ գտաւ «Սարդարապատ» յաղթերգի խմբային երգեցողութեամբ:
Սոնա Թիթիզեան Կէտիկեան
«Հորիզոն»
ԻՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ԱՅՍ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՄԱՍԻՆ՝ ՍՅՈՒՆՅԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ
Տավուշցիները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը՝ Կիրանց գյուղի հատվածում։ Վերջին օրերին Կիրանց են մեկնել որոշ թեմերի առաջնորդներ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը, Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան Սրբազանը, Արագածոտնի ու Մասյացոտնի թեմերի առաջնորդները։
«Հրապարակը» կապվեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանի հետ՝ հարցնելով, թե ինքն ինչ դիրքորոշում ունի այս ամենի վերաբերյալ․
«Եկեղեցին միշտ էլ ժողովրդի կողքին է եղել, ի՞նչ պիտի կարծեմ որպես թեմի առաջնորդ։ Մեր բոլոր թեմերի առաջնորդներն էլ նույն հայտարարությունը արել են»,- ասաց Մակար Վարդապետը։
Կարո՞ղ ենք ասել, որ եկեղեցին ուղեկցում է ժողովրդական պայքարը․
«Եկեղեցին ոչինչ չի ուղեկցում, եկեղեցին իր ժողովրդի կողքին է»:
Իսկ Դուք պատրաստվո՞ւմ եք գնալ Կիրանց՝ Բագրատ սրբազանին միանալ․ «Կնայեմ, եթե ժամանակս ներեց, ապա անշուշտ կգնամ, որովհետև ես այդտեղի առաջին հոգևոր հովիվն եմ եղել ժամանակին՝ Կիրանցից մինչև Բագրատաշեն, Ոսկեվանում էլ ապրել եմ մի քանի տարի։ Էն, որ հայտարարում էին, ասում էին, թե հոգևորականները տեղը չգիտեն, այնտեղ աղոթք անողներից մեկը ես եմ եղել»,- ասաց Մակար Վարդապետը։
Հարցրինք նաև` ի՞նչ է կարծում, հոգևորականներին կհաջողվի՞ հողերի հանձնումը կանխել․ «Ես չեմ կարող ասել, ես իրավիճակին չեմ տիրապետում, այնքանով եմ տիրապետում, ինչքանով լրատվամիջոցները հայտնում են, ուստի ես չգիտեմ, թե ինչ կլինի, բայց այն, որ մենք մեր աջակցությունը պետք է բերենք մեր հոգևոր եղբորը, այո, պետք է բերենք»․- ասաց Մակար վարդապետը։
Նրան հարցրինք նաև, թե ի՞նչ կարծիք ունի այն տեսակետների վերաբերյալ, ըստ որոնց՝ հենց Բագրատ Սրբազանը պետք է համաժողովրդական պայքարն առաջնորդի, Սյունյաց թեմի առաջնորդը պատասխանեց․
«Ես այդ հարցերի մեջ չեմ մտնում, ես չգիտեմ։ Բագրատ սրբազանի որոշումներն էլ ես չեմ կայացնում, չեմ կարող իր տեղը պատասխանել, այդ հարցերը իրեն է պետք տալ, իսկ ինչ մնում է, որ ես իմ Սրբազանի, իմ ազգի, իմ պետության, պետականության, իմ բանակի կողքը պետք է կանգնեմ, այո, պետք է կանգնեմ, խնդիր չունեմ»,- ասաց Մակար Վարդապետը։
ՆԱԹԱՆ ՍՐԲԱԶԱՆԸ՝ ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
Այս պահին Բագրատ սրբազանը բազմաթիվ մարդկանց ուղեկցությամբ գալիս է Երևան։ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին հարցրինք՝ ինքը, որպես բարձրաստիճան հոգևորական աջակցո՞ւմ է Բագրատ սրբազանին ու շարժմանը, Նաթան սրբազանը աներկբա պատասխանեց՝ «Այո»։
Հարցրինք՝ բա ե՞րբ է միանալու սրբազանին․ «Մենք միասին ենք, էլ միանալը ո՞րն է»,- պատասխանեց սրբազանը։ Իսկ ֆիզիկապես ե՞րբ է միանալու՝ հետաքրքրվեցինք՝ «Այդ մասով ոչինչ ասել չեմ կարող»,- ասաց սրբազանը։
Շիրակի թեմի առաջնորդը՝ Բագրատ Սրբազանի մասին
«Սպասում կա շատերի կողմից կամ քչերի կողմից, որպեսզի ես ինչ-որ բան ասեմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված: Ոչ մեկիդ համար գաղտնիք չէ, որ մեր սիրելի եղբայրը՝ Բագրատ սրբազանը սկսեց իր երթը դեպի Երեւան, եւ այդ երթը կոչվում է երթ՝ այդ հանուն ճշմարտության է, հանուն արդարության, հանուն հավատքի եւ ընդդեմ ստի, կեղծիքի ու խաբեության: Հիմնական գաղափարականը այս է: Անշուշտ, ամեն մարդ այդ ամենի հետեւում ուզում է տեսնել իր գուցե անձնական, գուցե որոշակի խմբակային, գուցե համայնական, գուցե համահայկական, համազգային ակնկալիքները: Կտեսնենք, թե ինչպես իրողությունները եւ իրադարձությունները կզարգանան»,-ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին։
«Այս պահին Բագրատ սրբազանը վերցրել է առաջնորդությունը այդ շարժման՝ ընդդիմանալու կեղծիքին, խաբեությանը, ընդդիմանալու հրապարակային եւ մնայուն նվաստացմանը, պարտությունը իբրեւ դրոշակ դարձնելու եւ ծնկաչոք ապրելու գաղափարականին, միայն հացի համար ապրելու գաղափարականին, այս ամենի դեմ է դուրս եկել Բագրատ սրբազանը։ Ես պարզապես ասում եմ, որ իմ սիրելի եղբայրն ունի իմ ամբողջական, մնայուն ու անվերապահ սատարումը, եւ այդ սատարումը գալիք օրերի ընթացքում ինչպիսի տեսք ու դրսեւորում կունենա, իմ որոշելիք հարցն է։
Ես երբեք որեւիցե մեկի կողմնորոշումով կամ թելադրանքով չեմ գործել առ այսօր։ Ինձ կարող է թելադրել Աստված՝ երկնքից եւ Ամենայն Հայոց Հայրապետը՝ երկրի վրա, ուրիշ որեւէ իշխանություն, որեւէ կուսակցական, խմբակային թելադրանք չեմ ընդունել, չեմ ընդունում, չեմ ընդունելու եւ ես իմ որոշումը կայացնելու եմ ինքս, ինչպես արդեն ասացի՝ Աստծո թելադրանքով երկնքից եւ Ամենայն Հայոց հայրապետի ուղղորդումով՝ երկրի վրա: Բայց այն, որ ամբողջությամբ սատարում եմ Բագրատ սրբազանի ընթացքը, միանշանակ է »,-ասաց Շիրակի թեմի առաջնորդը:
Սրբազանի խոսքով, սրանից դուրս, ամեն մեկը կարող է ինքը որոշել իր մասնակցության չափը կամ հետեւել այն հրահանգներին եւ ցուցումներին, որ կարող է ինքը տալ այսօր, վաղը կա՛մ մյուս օրը։
Միքայել սրբազանն ընդգծեց. «Նրանք, ովքեր ցանկություն չունեն անվերապահորեն հնազանդվելու իմ թելադրանքներին, կարող են ազատ զգալ եւ գործել այնպես, ինչպես իրենք են կամենում, իսկ ովքեր սպասում են ինձանից որոշակի թելադրություններ, հրահանգներ, ուղղորդումներ, խրատներ, հորդորներ, առաջիկայում կստանան եւ կգործեն այդպես։ Կարծում եմ՝ սպառիչ կերպով ներկայացրեցի այն, ինչ սպասում էիք…Մարդը ճանաչվում է իր մտահոգությունների մեջ, եթե մարդու մտահոգությունները միայն անձնական են, դա նշանակում է, որ նա էգոիստ է։ Եթե մարդու մտահոգությունները իրենից դուրս են, նշանակում է՝ նա հայրենասեր է, մարդասեր, այլասեր… Մենք պետք է հանենք մեր մտահոգությունները մեր միջից եւ գործենք համայնական մտահոգություններին համապատասխան»:
Հայոց Եկեղեցու դեմ ատելության խոսույթի դրսևորումներն ու հայ հոգևորականի հավաքական կերպարի
միտումնավոր նսեմացման փորձերը պարունակում են մի շարք
տեսանելի ու անտեսանելի վտանգներ. Մասյացոտնի Թեմի Առաջնորդ
Խորապես մտահոգ ենք վերջին օրերին տեղեկատվական հարթակներում և, մասնավորապես, համացանցում Հայոց Եկեղեցու և հայ հոգևորականության դեմ ահագնացող ատելության խոսքի ծավալներով, որը համեմված է կեղծիքով ու անպատասխանատու մեղադրանքներով:
Անշուշտ, այս արշավը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումն առաջնորդում է Հայոց Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներից մեկը, ով անձնական պատասխանատվություն է կրում իր հոտի համար:
Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, և ըստ Սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատությունից երաշխավորված օգտվելու իրավունք: Ուստի պարտավոր ենք ամեն գնով պաշտպանել Սահմանադրական բարձր մակարդակով ամրագրված այս և մնացյալ արժեքները։
Հայոց Եկեղեցու դեմ ատելության խոսույթի դրսևորումներն ու հայ հոգևորականի հավաքական կերպարի միտումնավոր նսեմացման փորձերը պարունակում են մի շարք տեսանելի ու անտեսանելի վտանգներ, որոնց անտեսումը կարող է ավելիով խորացնել հասարակության մեջ առկա պառակտումը։
Այս և ցանկացած տեսակի բռնության տարրեր պարունակող այլ գործողությունները զսպելու համար կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հայոց Եկեղեցին և հավաքական հայ հոգևորականի կերպարը զերծ պահելու հանիրավի և անօրինական թիրախավորումից։
Այս առնչությամբ ակնկալում ենք նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը։
Աղոթում ենք Հայաստան աշխարհի և մեր ժողովրդի խաղաղության համար՝ Ամենախնամ Տիրոջ առաջնորդության և օրհնության հայցով:
Գևորգ եպս. Սարոյան
Մասյացոտնի Թեմի Առաջնորդ
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ
Տ. Սեպուհ արք. Սարգսեանը՝ Բագրատ արք. Գալստանեանին
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը զօրակցական նամակ-ուղերձ է յղել Տաւուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ արք. Գալստանեանին:
Սրբազան Հօր նամակ-ուղերձում մասնաւորապէս գրւած է.
Բարձրաշնորհ Տ. Բագրատ Ս. արք. Գալստանեան
Քաջարի եւ բարեջան առաջնորդ Տաւուշի հայոց թեմի Իջեւան
Սիրելի Սրբազան եղբայր,
Վերջին օրերուն հետեւում ենք Տաւուշի մէջ տեղի ունեցած եւ ունենալիք դէպքերին: Այս րոպէին երանի եմ տալիս Ձեր կողքին եղող Միքայէլ Սրբազանին, Յովնան Սրբազանին, Արշակ Սրբազանին եւ բոլոր նրանց, որոնք այս րոպէին Ձեր կողքին եւ Տաւուշի մեր ժողովրդի կողքին են:
Դուք Ղեւոնդ Երէցիան ոգիով նոր Աւարայր էք մղում հայրենիքին եւ հաւատքին պահպանման համար: Որքան կը փափագէի, որ այս րոպէներին Ձեզի հետ ըլլալ, բայց ուզում եմ վստահեցնել, որ Թեհրանի մեր ժողովրդի մեծագոյն մասն իր մանուկներով, երիտասարդներով եւ տարեցներով Ձեր կողքին կանգնած է եւ աղօթում է Ձեր յաջողութեան համար, որովհետեւ Ձեր յաջողութիւնը մեր յաջողութիւնն է: Մենք չենք կրնար անտարբեր եւ լուռ անցնիլ այս բոլորին ի տես: Կասկած չկայ, որ մեր ժողովուրդը Հայրենիքի եւ Սփիւռքի տարածքին, բոլորն էլ Ձեր կողքին են: Ես ուզում եմ վստահեցնել միաժամանակ, որ հնարաւորութեան սահմաններում մենք բոլորս էլ պատրաստ ենք Ձեզ հետ պայքարը շարունակել մինչեւ այն երջանիկ պահը երբ պիտի կարենանք մեր ծրագիրների իրագործումը տեսնել: Մինչ այդ աղօթակից ենք Ձեր եւ մեր ժողովրդին՝ Տաւուշի մէջ եւ Տաւուշէն հեռու եւ կը մաղթենք առաւել ուժ, դիմադրական ոգի ու կորով եւ անվտանգ պայքար:
Սիրելիներ, թող Աստծոյ հովանին Ձեր վրայ եւ ժողովրդի վրայ ըլլայ ի խնդիր մեր հայրենիքի ապահովութեան եւ խաղաղ կեանքի կեցութեան համար:
Բոլորս միասին պիտի պայքարենք սիրելիներ, մեր ժողովուրդի իրաւունքների պահպանման համար՝ Տաւուշում եւ այլուր, որովհետեւ այս հողերը մեր ժողովուրդը մեզի կտակած է իր արեան յեղումով եւ չենք կրնար մենք թափւած արիւնը իսպառ մոռանալ: Վստահ ենք, որ այն պիտի վերընձիւղւի մեր հայրենիքի հողին ամէն մէկ շերտին վրայ եւ ծնունդ պիտի տայ նոր Ղեւոնդ Երէցներու, ծնունդ պիտի տայ նոր մարտիկներու եւ նոր հերոսներու: Ողջ մնացէք ի Տէր:
Քրիստոնէական եւ եղբայրական ջերմ սիրով՝
ԱՂՕԹԱԿԻՑ՝ ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ