Ներածություն
Ազգային անվտանգության ժամանակակից տեսությունները վստահեցնում են, որ էթնոքաղաքական ցանկացած հանրույթի գոյության հիմնարար երաշխիքը պայմանավորված է ոչ միայն նրա ռազմաքաղաքական և տնտեսական ներուժով, այլև ազգային ինքնության կայունությամբ ու արտաքին ձուլման ճնշումներին դիմակայելու կարողությամբ։
Հայ ժողովրդի բազմադարյան պատմությունը ձևավորվել է աշխարհաքաղաքական չափազանց բարդ և հաճախ ողբերգական պայմաններում։ Արևելյան և արևմտյան տերությունների շահերի բախման կիզակետում հայտնված Հայաստան աշխարհը բազմիցս կորցրել է իր պետական անկախությունը։ Արշակունյաց, Բագրատունյաց և Կիլիկիայի հայկական թագավորությունների անկումից հետո՝ մինչև XX դարի սկիզբն ընկած ժամանակահատվածը, հայկական էթնիկական ընդհանրությունը զրկված էր սեփական անվտանգությունն ու իրավունքները պաշտպանող ինքնիշխան պետական համակարգից։ Պետականության կորստի այդ ճակատագրական փուլում Հայոց Առաքելական Եկեղեցին ստանձնել է բացառիկ նշանակություն ունեցող առաքելություն՝ հանդես գալով ոչ միայն որպես կրոնական հաստատություն, այլև՝ որպես ազգային ինքնության, համախմբման, մշակույթի, լեզվի, պատմական հիշողության և պետականության գաղափարի պահպանման առանցքային հենասյուն։
Եկեղեցին իր վրա է վերցրել ոչ միայն հոգևոր-կրոնական, այլև վարչաիրավական, կրթամշակութային, գաղափարական և դիվանագիտական գործառույթները՝ վերածվելով հայ ժողովրդի հոգևոր և մշակութային անվտանգության պահպանման հիմնական կառույցի։
1. Հայոց եկեղեցին որպես ազգային անվտանգության գործոն
301 թ. Հայաստանում քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն նշանավորվեց ինչպես կրոնական, այնպես էլ աշխարհաքաղաքական շրջադարձային նշանակությամբ։ Մշակվեց հայ եկեղեցու կազմակերպման ազգային սկզբունքը1 , որը նպաստեց հայ ժողովրդի քաղաքակրթական առանձնացմանը հարևան ժողովուրդներից և ձևավորեց նոր ինքնության կայուն ու գաղափարական հզոր հիմք, որը հետագայում դարձավ ազգային դիմադրողականության և ինքնապահպանման առանցքային գործոններից մեկը2 :
Ազգային անվտանգության և ինքնության պահպանման գործընթացում ոչ պակաս նշանակալի հանգրվան դարձավ V դարի սկզբին՝ 405 թ., Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի գյուտը, որն իրականացվեց Սահակ Պարթև կաթողիկոսի հանճարեղ նախաձեռնությամբ և Վռամշապուհ արքայի անմիջական աջակցությամբ: Այն ուներ ոչ միայն կրոնաքարոզչական, այլև հստակ ազգային-քաղաքական և անվտանգային ծանրակշիռ արժեք։ 387 թ. Հայաստանի երկփեղկումից և պետականության թուլացումից հետո առաջնային խնդիր է դառնում մշակութային և գաղափարական այնպիսի համակարգի ձևավորումը, որը կապահովեր հայ ժողովրդի համախմբումը՝ անկախ քաղաքական սահմաններից և արտաքին ազդեցություններից։ Հայոց գրերի ստեղծումը, Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը, որը հետագայում բնութագրվեց որպես «թարգմանությունների թագուհի», ինչպես նաև հայալեզու կրթական համակարգի ձևավորումը, դարձան հայ ժողովրդի մշակութային, լեզվական և հոգևոր ինքնության պահպանման հիմնասյուները3։ Հայոց լեզվի գրավոր ամրագրումը և ազգային գրականության ձևավորումը ոչ միայն մշակութային առաջընթացի հիմք հանդիսացան, այլև վերածվեցին ազգային ինքնության պահպանման և արտաքին ազդեցություններին դիմակայելու ռազմավարական գործոնի։ Ֆրանսիացի հայագետ Էմե Մարթենը նշում է, որ «Հայերը յաջողեցան փրկել իրենց հաւատքին հետ նաեւ իրենց ազգութիւնը, մերժելով եւ արգելելով օտար ազգերու տառերուն գործածութիւնը…»4 :
Հայոց գրերի ստեղծումը ամրապնդեց ոչ միայն քրիստոնեական հավատքի ազգային ընկալումը, այլև ձևավորեց ինքնուրույն հայկական քաղաքակրթական տարածք։ Պատահական չէ, որ Նիկոլ Աղբալյանը նշել է. «Չորրորդ դարում Հայաստանը քրիստոնեացավ, իսկ հինգերորդ դարում քրիստոնեությունը հայացավ»։
Ազգային ինքնության պահպանման գործում Հայոց եկեղեցու ռազմավարական հաջորդ կարևոր քայլն ազգային համախմբման և դավանաբանական անկախության ամրապնդումն էր։ Այդ համատեքստում Վարդանանց պատերազմը հայոց պատմության մեջ հանդես է գալիս որպես կրոնական ազատության և ազգային ինքնության պաշտպանության բացառիկ օրինակ։ Պատերազմի ընթացքում եկեղեցին վերածվեց ժողովրդի ազգային դիմադրությունը կազմակերպող և գաղափարապես առաջնորդող ուժի։ Ավարայրի ճակատամարտը, ըստ էության, դարձավ հայ ազգային ինքնության պահպանման սրբացված խորհրդանիշներից մեկը։ Հայ ժողովրդի համար քրիստոնեությունը հանդես էր գալիս ոչ միայն որպես կրոնական հավատամք, այլև որպես ազգային գոյության և ինքնապահպանման հիմնարար միջոց։ Հենց այս գաղափարական հիմքում է ձևավորվել հայ ժողովրդի գոյատևման պատմական բանաձևը, որը համազգային ճգնաժամերի և արտաքին սպառնալիքների պայմաններում վերաիմաստավորվել, վերարծարծվել և ազգային դիմադրության ուժի է վերածվել տարբեր ժամանակաշրջանների հայ քաղաքական, հոգևոր և հասարակական գործիչների կողմից։
Քաղկեդոնի ժողովի որոշումների մերժումը, ինչպես նաև 506 և 554 թվականների Դվինի, 1297 թվականի Նորավանքի և 1309 թվականի Ադանայի եկեղեցական ժողովներում քաղկեդոնականության պաշտոնական բանադրումը, դարձան Հայոց եկեղեցու դավանաբանական և քաղաքական ինքնուրույնության ամրապնդման կարևորագույն դրսևորումներ։ Ընտրելով հակաքաղկեդոնական (միաբնակ) ուղղությունը՝ Հայոց եկեղեցին իրականացրեց ոչ միայն դավանաբանական, այլև գիտակցված աշխարհաքաղաքական ընտրություն, որի նպատակն էր բացառել Բյուզանդական կայսրության հոգևոր ազդեցության ներքո հայտնվելու վտանգը։ Մաղաքիա արք. Օրմանյանը իրավացիորեն նշում է, որ Հայ եկեղեցու դեմ ուղղված դավանաբանական վեճերը «երբեք չխաթարեցին եկեղեցու հիմնական դիրքն ու հաստատուն նկարագիրը»5 ։ Այսպիսով, Հայոց եկեղեցին ձևավորեց հոգևոր և գաղափարական այնպիսի պաշտպանական համակարգ, որը դարեր շարունակ ծառայեց որպես ազգային ինքնության պահպանման պատնեշ, որը հայությանն անխոցելի դարձրեց թե՛ պարսկական և հունական, իսկ ավելի ուշ նաև մահմեդական կրոնա-մշակութային ծավալապաշտության նկատմամբ:
2. Հայոց եկեղեցու պետականակերտ գործառույթը պետականության բացակայության շրջանում
1375 թվականին Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո հայ ժողովուրդը վերջնականապես զրկվեց պետական անկախության վերջին հենարանից։ Հայաստանի բնակչությունը հայտնվեց Լենկ Թեմուրի արշավանքների, թուրքմենական ցեղերի (Կարա-Կոյունլու, Ակ-Կոյունլու), իսկ ավելի ուշ՝ Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի դաժան տիրապետության տակ: Այս հուսահատ պայմաններում Հայոց եկեղեցին ստանձնեց ազգային կյանքի կազմակերպման և կառավարման առանցքային դերակատարությունը՝ իրականացնելով պետականանպաստ մի շարք գործառույթներ։ Եկեղեցին ոչ միայն պահպանեց ժողովրդի հոգևոր միասնությունը, այլև հանդես եկավ որպես վարչական, կրթական, մշակութային և իրավական հարաբերությունների կարգավորող կենտրոն՝ ապահովելով ազգային ինքնության և հասարակական համախմբվածության անընդհատությունը։
3. Ս. Էջմիածինը որպես ազգային միասնության խորհրդանիշ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ հանդես է եկել ոչ սոսկ կրոնական կենտրոն, այլև որպես համազգային ինքնության և հոգևոր իշխանության առանցքային հաստատություն։
Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո Հայոց կաթողիկոսական աթոռը շարունակում էր գործել Սիս քաղաքում, որը կտրված էր բուն հայկական տարածքներից և մշտապես ենթարկվում էր օտար տիրապետողների ճնշումներին ու հարձակումներին։ Այս իրավիճակը սահմանափակում էր եկեղեցու համազգային գործունեության արդյունավետությունն ու հայության հոգևոր կենտրոնացման հնարավորությունները։ 1441 թ. հայ հոգևորականության նախաձեռնությամբ կայացվեց պատմական նշանակություն ունեցող որոշում՝ Հայոց կաթողիկոսական աթոռը Սիսից վերադարձնել իր ավանդական կենտրոն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին6։ Այս քայլն ուներ ոչ միայն եկեղեցական, այլև ռազմավարական նշանակություն։ Կաթողիկոսական աթոռի վերադարձը պատմական հայրենիք վերականգնեց հայ ժողովրդի հոգևոր-քաղաքական կենտրոնը, իսկ հետո հզոր խթան դարձավ աշխարհասփյուռ հայության համախմբման գործընթացում։
Պետականության բացակայության պայմաններում Էջմիածինը վերածվեց համահայկական միասնության գլխավոր առանցքի, որտեղ կենտրոնացած էին ազգային հիշողությունը, հոգևոր իշխանությունը և մշակութային շարունակականությունը։ Այն ոչ միայն պահպանեց եկեղեցական ավանդույթները, այլև ապահովեց ազգային արժեքների, լեզվի, պատմական գիտակցության և ինքնության փոխանցումը սերունդներին՝ դառնալով հայ ժողովրդի գոյատևման միասնական արժեհամակարգը։
4. Եկեղեցու մշակութային և կրթական առաքելությունը
Հայոց եկեղեցին բացառիկ դերակատարություն է ունեցել ազգային մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման գործում։ Հայ եկեղեցին կարողացավ քրիստոնեական արժեքային համակարգը ներդաշնակորեն համադրել ազգային մշակույթի հետ՝ ձևավորելով ինքնատիպ հայկական հոգևոր ինքնություն և դիմագիծ։ Այդ համադրությունը դարձավ ազգային ինքնագիտակցության, մշակութային շարունակականության և հասարակական համախմբման կարևորագույն ազդակներից մեկը։ Միջնադարյան հայկական վանքերը հանդես են եկել ոչ միայն որպես աղոթավայրեր և ուխտագնացության կենտրոններ, այլև որպես գիտակրթական, մշակութային և ձեռագրագիտական կարևոր հաստատություններ, որտեղ ստեղծվել, արտագրվել և պահպանվել են ձեռագրեր, տարեգրություններ, աստվածաբանական, պատմագիտական և մատենագիտական սկզբնաղբյուրներ։ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող հազարավոր հայկական ձեռագրերը վկայում են Հայոց եկեղեցու բազմադարյա մշակութային առաքելության և գրավոր ժառանգության պահպանման գործում ունեցած անփոխարինելի դերի մասին։ Միաժամանակ, միջնադարյան վանական դպրոցները ձևավորել են հայ մտավորականության հիմքերը։
5. Ազգային-ազատագրական պայքարի, դիվանագիտական գործունեության և ռազմական անվտանգության կազմակերպումը
Հայ Առաքելական Եկեղեցու պատմական կերպարի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ պետականության բացակայության պայմաններում և հայ ժողովրդի համար ճգնաժամային իրավիճակներում այն վերածվել է ազգային-ազատագրական պայքարի գործոնի։ Բազմաթիվ դեպքերում հենց բարձրաստիճան հոգևորականությունն է ստանձնել ազգային դիմադրության գաղափարական առաջնորդության և կազմակերպչական համակարգման ղեկավարումը։ Կաթողիկոսները հանդես են եկել որպես քաղաքական միջնորդներ, դիվանագետներ և ժողովրդի պաշտպաններ։
XVI—XVIII դարերում հայկական ազատագրական միտքը թևակոխեց առավել կազմակերպված և գործնական փուլ, որի հիմնական նախաձեռնող ուժերից մեկը Հայոց եկեղեցին էր։ 1547 թվականին Ստեփանոս Ե Սալմաստեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ գումարված Էջմիածնի գաղտնի ժողովը հիմք դրեց հայկական կազմակերպված դիվանագիտական գործունեությանը՝ նպատակ ունենալով եվրոպական պետությունների աջակցությամբ ազատագրել Հայաստանը օտար տիրապետությունից։ Այս քաղաքական ուղղությունը շարունակեց Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը, որի նախաձեռնությամբ 1677 թվականին Էջմիածնում գումարված գաղտնի ժողովի որոշմամբ հայկական պատվիրակություն ուղարկվեց Եվրոպա7 ։
Հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման գործում Եկեղեցու դերի ամենափայլուն և վճռորոշ դրվագը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերն էին: Երբ թուրքական զորքերը մոտեցան Ս. Էջմիածնին, զինվորական ղեկավարությունը ելնելով անվտանգության նկատառումներից առաջարկեց Էջմիածինը և Ամենայն Հայոց կաթողիկոսին տեղափոխել Սևան: Սակայն Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը հանդես բերեց բացառիկ կամք ու արիություն՝ հայտարարելով. «Ես չեմ լքի Սուրբ Էջմիածինը… Եթե հայ զորքը հրաժարվում է կամ թե չի կարող պաշտպան կանգնել այս սուրբ վայրերին, ապա ինքը մենակ սուր կվերցնի և կընկնի Մայր տաճարի գավթում, բայց չի հեռանա պապերից ավանդ մնացած Մայր Աթոռից8»: Կաթողիկոսի հրամանով հանրապետության բոլոր եկեղեցիներում վեց օր ու գիշեր անդադար հնչեցին զանգերը ՝ ժողովրդին կոչ անելով սրբազան պատերազմի: Հոգևորականների մի ամբողջ գունդ՝ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանի (հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս) գլխավորությամբ, ռազմաճակատի առաջին գծում զենքը ձեռքին ոգեշնչում էր զինվորներին: Այս հոգևոր-բարոյական հեղաշրջումը դարձավ Մայիսյան հաղթանակների գլխավոր գրավականը, ինչը ոչ միայն փրկեց հայությանը, այլև հիմք դրեց Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակմանը:
6. Սփյուռքի կազմակերպումը և ուծացման դեմ պայքարը
Հայոց ցեղասպանությունից հետո հայրենազրկված և աշխարհով մեկ սփռված հայության համար ազգային ինքնության պահպանման խնդիրը ձեռք բերեց առավել բարդ և կենսական նշանակություն։ Օտար երկրներում պետական հովանավորությունից զրկված հայկական համայնքները կանգնած էին արագ ձուլման և ազգային ինքնագիտակցության կորստի իրական վտանգի առաջ։ Այս պայմաններում Հայոց եկեղեցին ստանձնեց սփյուռքահայության հոգևոր, մշակութային և ազգային ինքնության պահպանման առանցքային դերակատարումը։ Հայ համայնքների ձևավորման հիմքում դրվեց, այսպես կոչված, «եկեղեցակենտրոն» մոդելը, որի համաձայն յուրաքանչյուր նոր գաղթօջախում առաջնահերթ կառուցվում էր հայկական եկեղեցի, իսկ դրան կից՝ հայկական դպրոց։ Եկեղեցին դարձավ կրոնական կյանքի կազմակերպման, հայոց լեզվի, պատմական հիշողության, մշակութային ավանդույթների և ինքնության պահպանման հիմնարար հաստատություն։
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունի հաստատումը Անթիլիասում, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի թեմական կառույցների ընդլայնումը հնարավորություն տվեցին համակարգել սփյուռքահայ համայնքների հասարակական կյանքը: Եկեղեցին կարողացավ իր շուրջը համախմբել սփյուռքի հայությանը՝ դիմակայելով օտար մշակութային միջավայրերի ձուլող ազդեցություններին։ Սա ազգային անվտանգության յուրօրինակ դրսևորում էր՝ ուղղված հայի տեսակի ժողովրդագրական և որակական պահպանմանը:
7. Արդի մարտահրավերները և եկեղեցու դերը
Ժամանակակից աշխարհում ընթացող արժեհամակարգային փոփոխությունների գլոբալացման պայմաններում ազգային անվտանգությունը բախվում է նոր՝ հիբրիդային սպառնալիքների և ազգային անվտանգության ժամանակակից հայեցակարգերում ընդգծվում է նաև հոգևոր անվտանգության բաղադրիչը։
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին շարունակում է մասնակցել ազգային անվտանգության և ինքնության պահպանման գործընթացներին։ Աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունների մերօրյա ժամանակներում, երբ կազմակերպված փորձ է կատարվում ձևախեղել հայի հնամենի հոգևոր-մարդաբանական տեսակը՝ փորձելով այն դարձնել աշխարհաքաղաքացի, որը ո՛չ ազգ է ճանաչում, ո՛չ Հայրենիք և ո՛չ էլ թշնամի, երբ ազգն իբրև մարմին և հոգի փոշիանում է, մասնատվում և տարրալուծվում անդիմության մեջ, ազգային բարոյահոգեբանական նկարագրի համատեքստում չափազանց կարևորվում է Հայոց եկեղեցու դերը9: Եթե V դ. միայն կրոնաքաղաքական հալածանքն էր Հազկերտի կողմից, ապա այսօր այն դրսից ֆինանսավորվող քաղաքական անկայունության, բազմակուսակցականության գոյության, սոցիալական անհավասարության, գենդերային և սեռական հավասարությունների և աղանդավորության անձեռնմխելիության մթնոլորտ սերմանող հարձակումներն են մեր իսկ հայրենի հողում:
21-րդ դարում, երբ Հայաստանն ունի անկախ պետականություն, եկեղեցու գործառույթները ենթարկվել են որոշակի տրանսֆորմացիայի, սակայն չեն կորցրել իրենց հրատապ նշանակությունը: Այսօր եկեղեցին ներգրավված է կրթական, բարեգործական, մշակութային և հայրենասիրական ծրագրերում։ Հայոց եկեղեցին հանդես է գալիս որպես հայ ազգային արժեքների, լեզվի, մշակույթի ավանդական ընտանիքի, բարոյականության և ազգային դիմագծի պաշտպան: Ազգային ինքնագիտակցության քայքայումը կանխելը դիտարկվում է որպես ներքին կայունության կարևոր գործոն:
Արցախի հայաթափումից հետո հայկական պատմամշակութային ժառանգության (վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր) պահպանման և Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային վանդալիզմի դեմ միջազգային պայքարում Եկեղեցին ունի առաջնային դեր: Իր միջեկեղեցական և միջազգային կապերի միջոցով եկեղեցին բարձրաձայնում է հայկական հուշարձանների յուրացման խնդիրը:
Եզրակացություն
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայ ժողովրդի պատմության ընթացքում հանդես է եկել ոչ միայն որպես կրոնական հաստատություն, այլև որպես ազգային ինքնության և անվտանգության կարևորագույն հայեցակարգային հենասյուներից մեկը «մեր հանճարին հնոցը, մեր ազգային միութեան շաղախը, մեր անմահութեան մկրտարանը»10։ Դարերի ընթացքում այն ձևավորվել է որպես հոգևոր և գաղափարական պաշտպանական համակարգ, որն ապահովել է հայ ժողովրդի գոյատևումը, ազգային ինքնության շարունակականությունը և մշակութային դիմադրողականությունը արտաքին սպառնալիքների պայմաններում։
Պետականության բացակայության երկարատև ժամանակաշրջաններում Հայոց եկեղեցին ստանձնել է ազգային համախմբման առանցքային դեր՝ պահպանելով հայերեն լեզուն, գրականությունը, քրիստոնեական հավատքը, պատմական հիշողությունը և ազգային արժեքային համակարգը։ Այդ կերպ եկեղեցին ձևավորել և պահպանել է հայության «հոգևոր սահմանները»։
Ժամանակակից փուլում, երբ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է աշխարհաքաղաքական և անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ, պետություն-եկեղեցի երկխոսության և համագործակցության սերտացումը համարվում է ռազմավարական անհրաժեշտություն՝ հանուն հայության համախմբման, Սփյուռքի ներուժի պահպանման և ազգային ինքնության անխաթարության:
——————————————
1 Ն. Ադոնց, Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում: Քաղաքական կացությունը ըստ նախարարական կարգերի, Երևան, 1987, էջ 391:
2 Բակուրան (Վահան Մ. Քիւքճեան), Հազարվեցհարիւրամեակ Հայաստանեայց քրիստոնէական լուսավորութեան եւ Ս. Էջմիածնի հիմնարկութեան 303—1903, Նիւ Եօրք, 1953, էջ 6:
3 Հ. Ա. Հարությունյան, Մեսրոպ Մաշտոցը և հայերեն գրերի ստեղծումը, Երևան, 1959, էջ 27:
4 Ադդէ քհնյ. Փայլակեան, Հայ եկեղեցւոյ դերը ազգային կեանքին մէջ, Փարիզ, ա. թ., էջ 24:
5 Մ. արք. Օրմանյան (Կոստանդնուպոլսի պատրիարք 1896—1908), Հայոց եկեղեցին եւ իր պատմությունը, վարչապետությունը, վարչարարությունը, ներքին կարգը, արարողությունը, գրականությունն ու ներկա կացությունը, Երևան, 2020, էջ 60:
6 Թովմա Մեծոփեցի, Յիշատակարան, հրատարակութեան պատրաստեց՝ Տէր Արարատ Քահանա Պողոսյան, Ս. Էջմիածին, 2017, էջ 39—105:
7 Տեր Արարատ քահանա Պողոսյան, Սուրբ Էջմիածնի դերը ԺԶ-ԺԷ դարերի հայ ազատագրական պայքարում, Սուրբ Էջմիածին, 2025, էջ 136—257:
8 Հ. Գ. Թուրշյան, Սարդարապատի հերոսամարտը, Երևան, 1969, էջ 140:
9 Այդ մասի տե՛ս Դոկտ. Աբել քհնյ. Օղլուգեան, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ ազգային եւ կրօնական անժամանցելի արժէքը հայ ժողովուրդի կեանքին մէջ, Ժընեւ, 2001, էջ 11—16:
10 Արամ Ա. կաթողիկոս, Դէպի 1700-ամեակ Սուրբ Թադեի ճամբով, Անթիլիաս-Լիբանան, 1996, էջ 23:
Հեղինակ՝ Պատմական գիտությունների թեկնածու Ավետիս Հարությունյան
Աղբյուրը` «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին արդի փոխակերպումերի պայմաններում», Նյութերի ժողովածու, կազմող՝ Արարատ քահանա Պողոսյան, հեղ. հրատ., Վաղարշապատ, 2026 թ., 240 էջ։


