Իմաստութիւն Սողոմոնի 6.2-10։ Եսայի 45.1-3։ Ա Տիմոթէոս 2.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 7.1-10։
Իմաստութիւն Սողոմոնի
2սովորեցէ՛ք, երկրի բոլո՛ր ծագերի թագաւորներ։ 3Ակա՛նջ դրէք դուք, որ բազմութիւններ ունէք ձեր ձեռքի տակ եւ հպարտանում էք, որ տիրում էք բազում ազգերի վրայ. 4ձեզ այդ իշխանութիւնը Տիրոջ կողմից է տրուած, տէրութիւնը՝ Բարձրեալից. նա էլ հաշիւ է պահանջելու ձեր գործերի համար եւ քննելու է ձեր մտածումներ։ 5Դուք նրա թագաւորութեան սպասաւորներն էք, բայց ուղիղ դատ չէք վարում, չէք պահում նրա օրէնքները եւ չէք հետեւում Աստծու կամքին, իսկ նա ահ ու տագնապով պիտի հասնի ձեզ վրայ, 6քանի որ իշխանների համար անաչառ դատաստան է լինելու, մինչդեռ ռամիկի համար կայ ներման ողորմածութիւնը։ 7Հզօրներն աւելի խիստ են դատուելու, 8որովհետեւ Տէրը ոչ ոքի յատկապէս իր աչքի տակ չի ունենում,չի խորշում ոչ մի մեծութիւնից, քանզի ինքն է ստեղծել թէ՛ մեծին եւ թէ՛ փոքրին եւ հաւասարապէս խնամք է տածում բոլորի նկատմամբ։ 9Բայց զօրաւորների նկատմամբ աւելի խիստ քննութիւն պիտի լինի։ 10Արդ, ձեզ են ուղղուած իմ խօսքերը, ո՛վ բռնակալներ, որպէսզի իմաստութիւն սովորէք եւ չսխալուէք։
Եսայի
45 Այսպէս է ասում Տէր Աստուած իր օծեալ Կիւրոսին. «Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպէսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագաւորների զօրութիւնը, բացեմ քո առաջ դռները, եւ քաղաքները չփակուեն։ 2Ես կ՚ընթանամ քո առջեւից, կը հարթեցնեմ լեռները, կը խորտակեմ պղնձէ դռները եւ կը փշրեմ երկաթէ նիգերը։ 3Ես քեզ կը տամ խաւարի մէջ պահուող գանձերը եւ քեզ համար կը բացեմ աներեւոյթ հարստութիւնները, որպէսզի իմանաս, որ ես եմ Տէր Աստուածը, Իսրայէլի Աստուածը, որը կանչեց քո անունը։
Ա Տիմոթէոս
2 Արդ, ամենից առաջ աղաչում եմ աղօթք անել, խնդրել, պաղատել, գոհութիւն մատուցել բոլոր մարդկանց համար, 2մանաւանդ թագաւորների եւ բոլոր իշխանաւորների համար, որպէսզի խաղաղութեամբ եւ հանդարտութեամբ վարենք մեր կեանքը, կատարեալ աստուածապաշտութեամբ եւ սրբութեամբ. 3ա՛յդ է բարին եւ ընդունելին մեր Փրկչի՝ Աստծու առաջ։ 4Նա կամենում է, որ բոլոր մարդիկ փրկուեն եւ հասնեն ճշմարտութեան գիտութեանը. 5քանզի մէ՛կ Աստուած կայ եւ մէ՛կ միջնորդ՝ Աստծու եւ մարդկանց միջեւ. Յիսուս Քրիստոս՝ մարդը, 6որ տուեց ինքն իրեն որպէս փրկանք բոլորի համար՝ ի վկայութիւն իր ժամանակների. 7դրա համար ես կարգուեցի որպէս քարոզիչ եւ առաքեալ (ճշմարիտ եմ ասում Քրիստոսով եւ չեմ ստում), եղայ վարդապետ հեթանոսների՝ հաւատով եւ ճշմարտութեամբ։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
7 Եւ երբ Յիսուս վերջացրեց իր բոլոր խօսքերը, եւ ժողովուրդը նրան լսեց, Կափառնայում մտաւ։ 2Այնտեղ մի հարիւրապետի ծառայ, որ շատ սիրելի էր նրա համար, ծանր հիւանդացել էր եւ մեռնելու մօտ էր։ 3Երբ լսեց Յիսուսի մասին, հրեաներից աւագներին ուղարկեց, որ աղաչեն նրան, որպէսզի գայ եւ բժշկի իր ծառային։ 4Եւ նրանք Յիսուսի մօտ գալով՝ թախանձագին աղաչում էին նրան եւ ասում. «Արժանի է նա, որին այս շնորհը պիտի անես, 5որովհետեւ նա սիրում է մեր ազգը եւ ժողովարանը նա՛ շինեց մեզ համար»։ 6Յիսուս գնաց նրանց հետ. երբ տնից շատ հեռու չէր, հարիւրապետը նրա մօտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. «Տէ՛ր, նեղութիւն մի՛ կրիր, որովհետեւ արժանի չեմ, որ իմ յարկի տակ մտնես. 7դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մօտ գալու. այլ՝ խօսքով ասա՛, եւ իմ ծառան կը բժշկուի. 8որովհետեւ ինքս էլ իշխանութեան ենթակայ մարդ եմ, իմ ձեռքի տակ զինուորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, եւ գնում է, իսկ միւսին, թէ՝ արի՛, եւ գալիս է, եւ իմ ծառային, թէ՝ արա՛ այս բանը, եւ նա անում է»։ 9Եւ երբ Յիսուս այս լսեց, զարմացաւ. դարձաւ ժողովրդին, որ հետեւում էր իրեն, եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայէլի մէջ անգամ այսչափ հաւատ չգտայ»։ 10Պատգամաւորները տուն վերադարձան եւ հիւանդ ծառային գտան բժշկուած։