ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.32‐48։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 18.1‐11։ Ա Յովհաննէս2.7‐17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.37‐8.11։ Մտ 14.13‐21։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 7.1‐16։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
32«Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հօտ, որովհետեւ ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայութիւնը։ 33Վաճառեցէ՛ք ձեր ինչքերը եւ ողորմութիւն տուէք. եւ ձեզ համար շինեցէ՛ք չհնացող քսակներ եւ անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մօտենում, եւ ո՛չ ցեցը՝ փչացնում. 34որովհետեւ, ուր որ ձեր գանձն է, այնտեղ եւ ձեր սրտերը կը լինեն»։ 35«Թող ձեր գօտիները մէջքներիդ պնդուած լինեն, եւ ճրագներդ՝ վառուած։ 36Եւ դուք նմանուեցէ՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թէ ե՛րբ կը վերադառնայ հարսանիքից, որպէսզի, երբ գայ եւ բախի դուռը, իսկոյն բաց անեն։ 37Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կը գտնի տէրը, երբ գայ։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գօտի կը կապի մէջքին, սեղան կը նստեցնի նրանց եւ կ՚անցնի նրանց սպասարկելու։ 38Եւ եթէ տէրը գայ կէսգիշերին եւ կամ աւելի ուշ ու գտնի նրանց այդպէս, երանելի են այդ ծառաները։ 39Բայց այն էլ իմացէ՛ք, որ եթէ տանտէրը գիտենար, թէ ո՛ր ժամին գող կը գայ, թոյլ չէր տայ, որ իր տունը կտրեն։ 40Դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասի, կը գայ մարդու Որդին»։ 41Պետրոսն ասաց. «Տէ՛ր, մե՞զ համար ասացիր այդ առակը, թէ՞ բոլորի համար»։ 42Եւ Տէրն ասաց. «Ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն տնտեսը, որին իր տէրը իր ծառաների վրայ վերակացու կարգեց՝ ժամանակի՛ն կերակուր տալու համար։ 43Երանի՜ է այն ծառային, որին իր տէրը, երբ որ գայ, այդպէս արած կը գտնի։ 44Արդարեւ, ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրայ վերակացու կը կարգի։ 45Իսկ եթէ այդ ծառան իր սրտում ասի՝ «Իմ տէրը ուշանում է գալ», եւ սկսի ծեծել ծառաներին եւ աղախիններին, ուտել, խմել եւ հարբել, 46այդ ծառայի տէրը կը գայ այն օրը, երբ նա չէր սպասում, եւ այն ժամին, որ չէր իմանում. նրան մէջքից երկու կտոր կ՚անի եւ նրա բաժինը անհաւատների հետ կը դնի։ 47Իսկ այն ծառան, որ գիտէ իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի պատրաստի, շատ ծեծ կ՚ուտի։ 48Եւ այն ծառան, որ չգիտէ իր տիրոջ կամքը եւ ծեծի արժանի գործ է կատարում, քիչ ծեծ կ՚ուտի. նրան, ում շատ է տրուած, նրանից շատ էլ կ՚ուզուի, եւ ում շատ է վստահուած, նրանից աւելին կը պահանջեն»։
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ
18 Սրանից յետոյ Պօղոսը Աթէնքից մեկնելով՝ եկաւ Կորնթոս. 2եւ այնտեղ գտաւ Ակիւղաս անունով մի հրեայի, ծագումով պոնտացի, որը իր կնոջ՝ Պրիսկիղայի հետ նոր էր եկել Իտալիայից, համաձայն Կղօդէոս կայսեր հրամանի, որով բոլոր հրեաները Հռոմից պէտք է հեռանային։ Եւ գնաց միացաւ նրանց։ 3Եւ որովհետեւ արհեստակից էր, նրանց մօտ մնաց եւ աշխատում էր, քանի որ արհեստով վրանագործներ էին։ 4Նա ամէն շաբաթ օր քարոզում էր ժողովարանում եւ համոզում հրեաներին ու հեթանոսներին։ 5Երբ Շիղան եւ Տիմոթէոսը Մակեդոնիայից իջան եկան, Պօղոսը Հոգու կողմից մղւում էր վկայութեամբ փաստելու հրեաներին, թէ Յիսուսն է Քրիստոսը։ 6Եւ երբ նրանք ընդդիմացան եւ հայհոյեցին, զգեստները թափ տուեց ու ասաց. «Ձեր արիւնը ձեր գլուխը. ես անպարտ եմ. սրանից յետոյ հեթանոսներին եմ գնում»։ 7Եւ այնտեղից գնալով՝ մտաւ մէկի տունը, որի անունը Տիտոս Յուստոս էր, մի աստուածապաշտ մարդ, որի տունը ժողովարանին կից էր։ 8Կրիսպոս ժողովրդապետը հաւատաց Տիրոջը իր ամբողջ տնով։ Նաեւ կորնթացիներից շատերը նրան լսելով՝ հաւատացին եւ մկրտուեցին։ 9Եւ Տէրը գիշերը մի տեսիլքի մէջ Պօղոսին ասաց. «Մի՛ վախեցիր, այլ խօսի՛ր եւ մի՛ լռիր, 10քանի որ ես քեզ հետ եմ. եւ ոչ մէկը քո դէմ չպիտի ելնի քեզ չարչարելու համար, քանի որ այս քաղաքում ես բազում ժողովուրդ ունեմ»։ 11Եւ նա այնտեղ մնաց մէկ տարի եւ վեց ամիս՝ ուսուցանելով նրանց Աստծու խօսքը։
Ա Յովհաննէս
7Սիրելինե՛ր, ոչ թէ մի նոր պատուիրան եմ գրում ձեզ, այլ՝ հին պատուիրանը, որն ի սկզբանէ ունէիք։ Եւ հին պատուիրանը այն խօսքն է, որը լսեցիք։ 8Այսուհանդերձ նոր պատուիրան եմ գրում ձեզ, որ ճշմարիտ է նրա մէջ եւ ձեր մէջ. քանի որ ահա խաւարն անցնում է, եւ ճշմարիտ լոյսն արդէն իսկ երեւում է։ 9Ով ասում է, թէ ինքը լոյսի մէջ է եւ ատում է իր եղբօրը, սուտ է եւ խաւարի մէջ է տակաւին։ 10Ով սիրում է իր եղբօրը, բնակւում է լոյսի մէջ, եւ նրա մէջ գայթակղութիւն չկայ։ 11Իսկ ով ատում է իր եղբօրը, խաւարի մէջ է, խաւարի մէջ է շրջում եւ չգիտէ, թէ ուր է գնում, որովհետեւ խաւարը կուրացրել է նրա աչքերը։ 12Որդեակնե՛ր, գրում եմ ձեզ, որովհետեւ ձեր մեղքերը ներուած են ձեզ նրա անուան սիրուն։ 13Հայրե՛ր, գրում եմ ձեզ, որովհետեւ դուք ճանաչեցիք նրան, ով ի սկզբանէ կայ։ Երիտասարդնե՛ր, գրում եմ ձեզ, որովհետեւ դուք յաղթեցիք չարին։ 14Պատանինե՛ր, գրեցի ձեզ, որովհետեւ դուք ճանաչեցիք Հօրը։ Հայրե՛ր, գրեցի ձեզ, որովհետեւ դուք ճանաչեցիք նրան, ով ի սկզբանէ կայ։ Երիտասարդնե՛ր, գրեցի ձեզ, որովհետեւ դուք ուժեղ էք, եւ Աստծու խօսքը բնակւում է ձեր մէջ. եւ դուք յաղթեցիք չարին։ 15Մի՛ սիրէք աշխարհը, ոչ էլ՝ ինչ որ աշխարհի մէջ կայ։ 16Եթէ մէկը սիրում է աշխարհը, Հօր սէրը նրա մէջ չէ, քանի որ այն ամէնը, ինչ աշխարհի մէջ կայ, մարմնի ցանկութիւն է, աչքերի ցանկութիւն եւ ա՛յս կեանքի ամբարտաւանութիւն, որ Հօրից չէ, այլ՝ այս աշխարհից։ 17Թէ՛ այս աշխարհն է անցնում, թէ՛ ցանկութիւնը։ Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է յաւիտեան։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ
37Մեծ տօնի վերջին օրը Յիսուս կանգնած էր եւ աղաղակում էր՝ ասելով. «Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ եւ խմի։ 38Ով ինձ հաւատում է, – ինչպէս Գիրքն է ասում, – նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»։ 39Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հաւատացողները. քանի որ Հոգին դեռեւս չկար, որովհետեւ Յիսուս դեռ փառաւորուած չէր։ 40Ժողովրդից ոմանք, երբ լսում էին այս խօսքերը, ասում էին՝ սա՛ է ճշմարիտ մարգարէն. 41ուրիշներն ասում էին՝ սա՛ է Քրիստոսը. իսկ դեռ ուրիշներ ասում էին՝ միթէ Քրիստոս Գալիլիայի՞ց է գալու. 42չէ՞ որ Գիրքն ասում է, թէ Քրիստոս գալու է Դաւթի սերնդից եւ Բեթղեհէմ գիւղից, որտեղից Դաւիթն էր։ 43Եւ ժողովրդի մէջ նրա պատճառով պառակտում եղաւ։ 44Եւ նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց։ 45Իսկ սպասաւորները վերադարձան քահանայապետների եւ փարիսեցիների մօտ. եւ սրանք նրանց ասացին. «Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք»։ 46Սպասաւորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ մի մարդ երբեք այնպէս չի խօսել, ինչպէս այն մարդը»։ 47Փարիսեցիները ասացին. «Միթէ դո՞ւք էլ էք մոլորուել։ 48Միթէ իշխանաւորներից կամ փարիսեցիներից որեւէ մէկը հաւատա՞ց նրան, 49բացի այն խաժամուժ ամբոխից, որ օրէնք չգիտէ եւ նզովեալ է»։ 50Նիկոդեմոսը, որ նախապէս գիշերով եկել էր նրա մօտ եւ նրանցից մէկն էր, նրանց ասաց. 51«Միթէ մեր օրէնքը դատապարտո՞ւմ է մարդուն, եթէ նախ նրանից լսած եւ կամ իմացած չլինի, թէ ինչ է գործել նա»։ 52Նրան պատասխանեցին ու ասացին. «Միթէ դո՞ւ էլ Գալիլիայից ես. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլիայից մարգարէ դուրս չի գալիս»։
8 Ապա ամէն ոք իր տունը գնաց։ Իսկ Յիսուս գնաց Ձիթենեաց լեռը։ 2Առաւօտեան նորից տաճար եկաւ. ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա մօտ, եւ ինքն ուսուցանում էր նրանց։ 3Օրէնսգէտներն ու փարիսեցիները բերեցին շնութեան մէջ բռնուած մի կին եւ նրան մէջտեղ կանգնեցնելով՝ ասացին Յիսուսին. 4«Յանցանքի մէջ բռնուած այս կինը յայտնապէս շնացել է, 5իսկ Օրէնքում Մովսէսը մեզ պատուիրել է այսպիսիներին քարկոծել. արդ, դու դրա մասին ի՞նչ ես ասում»։ 6Նրանք այս ասում էին՝ նրան փորձելու համար, որպէսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան։ Իսկ Յիսուս, ցած նայելով, մատով գետնի վրայ գրում էր։ 7Իսկ երբ նրան ստիպեցին հարցնելով, վեր նայեց ու նրանց ասաց. «Ձեր միջից անմե՛ղը նախ թող քար գցի դրա վրայ»։ 8Եւ դարձեալ ցած նայելով՝ գետնի վրայ գրում էր։ 9Եւ այս լսելով՝ մէկ առ մէկ ելնում գնում էին՝ տարիքաւորներից մինչեւ փոքրերը։ Եւ Յիսուս միայն մնաց ու կինը՝ կանգնած նրա առաջ։ 10Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, ո՞ւր են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»։ 11Եւ սա ասաց՝ ո՛չ, Տէ՛ր։ Եւ Յիսուս ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետեւ մի՛ մեղանչիր»։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
13Երբ Յիսուս այդ լսեց, այնտեղից նաւակով առանձին գնաց մի ամայի տեղ։ Երբ ժողովրդի բազմութիւնը լսեց այս, քաղաքներից հետիոտն նրա յետեւից գնաց։ 14Եւ երբ նա ցամաք ելաւ, տեսաւ բազում ժողովուրդ, գթաց նրանց եւ բժշկեց նրանց հիւանդներին։ 15Երեկոյեան դէմ, աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Այս տեղը ամայի է, եւ օրը տարաժամել է. արձակի՛ր այդ ժողովրդի բազմութիւնը, որպէսզի գնայ շրջակայ գիւղերը իր համար ուտելիք գնի»։ 16Եւ Յիսուս ասաց. «Հարկ չկայ, որ նրանք գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տուէք»։ 17Եւ նրանք ասացին նրան. «Այստեղ ուրիշ բան չունենք, բացի հինգ նկանակից եւ երկու ձկից»։ 18Եւ նրանց ասաց. «Այստե՛ղ բերէք այդ»։ 19Եւ հրամայեց ժողովրդի բազմութիւնը նստեցնել խոտի վրայ. եւ վերցնելով հինգ նկանակն ու երկու ձկները՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ նկանակները աշակերտներին տուեց. իսկ աշակերտները՝ ժողովրդին։ 20Բոլորը կերան ու յագեցան։ Եւ տասներկու սակառ լիքը կտորտանքների մնացորդներ վերցրին։ 21Եւ նրանք, որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին՝ չհաշուած կանանց եւ երեխաներին։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ
7 Եւ նրա մօտ հաւաքուեցին փարիսեցիներն ու օրէնսգէտներից ոմանք, որոնք եկել էին Երուսաղէմից։ 2Նրանք տեսնելով, որ նրա աշակերտներից ոմանք անմաքուր ձեռքերով, այսինքն՝ անլուայ հաց էին ուտում, բամբասեցին, 3որովհետեւ փարիսեցիները եւ բոլոր հրեաները, եթէ ձեռքները մի լաւ չլուանան, հաց չեն ուտում, քանի որ հների աւանդութիւնը պահում են։ 4Նաեւ՝ շուկայից տուն մտնելով՝ եթէ նախ չլուացուեն, չեն ուտում։ Եւ ուրիշ շատ բաներ էլ կան, որ աւանդաբար պահում են. ինչպէս՝ բաժակների, սափորների, պղնձէ ամանների ու մահիճների լուացումներ։ 5Ահա ինչու փարիսեցիները եւ օրէնսգէտները հարց տուեցին նրան. «Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների աւանդութեան համաձայն չեն շարժւում, այլ անմաքուր ձեռքերով են հաց ուտում»։ 6Նա պատասխանեց եւ ասաց նրանց. «Եսային լաւ մարգարէացաւ ձեր՝ կեղծաւորներիդ մասին՝ ասելով. «Այս ժողովուրդը ինձ շրթներո՛վ է մեծարում, բայց նրանց սրտերը ինձնից հեռու են. 7ի զուր են ինձ պաշտում. ուսուցանում են վարդապետութիւններ, որ մարդկանց պատուիրածներն են»։ 8Աստծու պատուիրանը թողած՝ մարդկանց աւանդութիւնն էք պահում»։ 9Ապա աւելացրեց. «Աստծու պատուիրանը լաւ էք անարգում, որպէսզի ձե՛ր աւանդութիւնը հաստատէք. 10որովհետեւ Մովսէսն ասում է. «Պատուի՛ր քո հօրն ու մօրը. եւ ով որ չարախօսի իր հօր կամ մօր մասին, մահուամբ թող պատժուի»։ 11Իսկ դուք ասում էք. «Եթէ մէկը հօրը կամ մօրն ասի. ՚Ինչ ինձնից պիտի օգտուես, Կորբան է՚, (այսինքն՝ Աստծուն տալու ընծայ), 12դրանով իսկ այլեւս թոյլ չէք տալիս, որ նա իր հօր կամ մօր համար որեւէ բան անի, 13եւ այդպէս անարգում էք Աստծու խօսքը նոյն աւանդութեամբ, որ դուք փոխանցում էք միմեանց։ Եւ սրա նման ուրիշ շատ բաներ էք անում»։ 14Եւ նա ամբողջ ժողովրդին իր մօտ կանչելով՝ ասաց նրանց. «Ամէնքդ ինձ լսեցէ՛ք եւ իմացէ՛ք. 15չկայ որեւէ բան, որ մարդու մէջ դրսից մտնելով կարողանայ նրան պղծել. այլ այն, ինչ ելնում է նրանից, ա՛յն է, որ պղծում է մարդուն։ 16Ով ականջներ ունի լսելու, թող լսի»։