ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 10.25‐42։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 15.1‐29։ Բ Պետրոս 2.9‐22։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 6.22‐38։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.1‐23 ։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 6.1‐6։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
25Եւ ահա օրինականներից մէկը վեր կացաւ, փորձում էր նրան եւ ասում. «Վարդապե՛տ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»։ 26Եւ նա նրան ասաց. «Օրէնքում ի՞նչ է գրուած, ինչպէ՞ս ես ընթերցում»։ 27Սա պատասխանեց եւ ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով եւ քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ զօրութեամբ եւ քո ամբողջ մտքով. եւ պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը»։ 28Եւ Յիսուս նրան ասաց. «Ճիշտ պատասխան տուեցիր, այդ արա՛ եւ կը փրկուես»։ 29Եւ նա կամենալով ինքն իրեն արդարացնել, ասաց Յիսուսին. «Իսկ ո՞վ է իմ ընկերը»։ 30Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Մի մարդ Երուսաղէմից Երիքով էր իջնում եւ ընկաւ աւազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրաւորեցին եւ կիսամեռ թողեցին ու գնացին։ 31Պատահեց, որ մի քահանայ նոյն ճանապարհով իջնի. նրան տեսաւ եւ թողեց անցաւ. 32նոյնպէս եւ մի ղեւտացի նոյն տեղով անցնելիս, տեսաւ եւ թողեց անցաւ։ 33Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկաւ նոյն տեղով նրա մօտ եւ տեսնելով նրան՝ գթաց։ 34Եւ մօտենալով՝ կապեց նրա վէրքերը, վրան ձէթ ու գինի ածեց եւ դնելով նրան իր գրաստի վրայ՝ տարաւ մի իջեւան եւ խնամեց նրան։ 35Եւ յաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, իջեւանատիրոջը երկու դահեկան հանեց տուեց եւ ասաց. «Խնամի՛ր նրան եւ ինչ որ ծախսես դրա վրայ, իմ միւս անգամ գալուն կը հատուցեմ քեզ»։ 36Արդ, ըստ քեզ, այդ երեքից ո՞րը մերձաւորի պէս վերաբերուեց նրան, ով աւազակների ձեռքն էր ընկել»։ 37Եւ սա ասաց. «Նա, ով նրան բարիք արեց»։ Յիսուս նրան ասաց. «Գնա՛ եւ դու նո՛յն ձեւով արա»։ 38Եւ մինչ նրանք գալիս էին, Յիսուս մտաւ մի գիւղ, եւ Մարթա անունով մի կին նրան ընդունեց իր տան մէջ։ 39Եւ սա մի քոյր ունէր, որի անունը Մարիամ էր, որ եկաւ նստեց Տիրոջ ոտքերի առաջ եւ լսում էր նրա խօսքերը։ 40Իսկ Մարթան, որ զբաղուած էր տնային շատ գործերով, եկաւ կանգնեց նրա մօտ եւ ասաց. «Տէ՛ր, քեզ փոյթ չէ՞, որ քոյրս ինձ մենակ է թողել ծառայութեան գործի մէջ. արդ, ասա՛ դրան, որ օգնի ինձ»։ 41Յիսուս պատասխանեց ու ասաց. «Մարթա՛, Մարթա՛, դու հոգս ես անում եւ շատ բաներով ես զբաղուած, 42բայց այստեղ քիչ բան է պէտք. Մարիամը ընտրել է լաւ մասը, որ նրանից չպիտի վերցուի»։
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ
15 Հրէաստանից իջել էին ոմանք Անտիոք եւ եղբայրներին ուսուցանում էին. «Մովսէսի օրէնքի համաձայն, եթէ չթլփատուէք, չէք կարող փրկուել»։ 2Եւ երբ Պօղոսի եւ Բառնաբասի ու նրանց միջեւ շատ հակառակութիւն եւ վէճ առաջացաւ, վճռեցին, որ Պօղոսն ու Բառնաբասը եւ նրանցից ոմանք այդ խնդրի համար Երուսաղէմ բարձրանան, առաքեալների եւ երէցների մօտ։ 3Եկեղեցու կողմից ճանապարհ դրուելուց յետոյ, նրանք շրջելով անցան Փիւնիկէի եւ Սամարիայի միջով եւ պատմեցին հեթանոսների դարձի մասին՝ մեծ ուրախութիւն պատճառելով բոլոր եղբայրներին։ 4Եւ երբ Երուսաղէմ հասան, եկեղեցու առաքեալների ու երէցների կողմից ընդունուեցին. պատմեցին, թէ Աստուած ինչ բաներ արեց իրենց միջոցով։ 5Փարիսեցիների հերձուածից մի քանի հաւատացեալներ վեր կացան ու ասացին. «Դրանց պէտք է թլփատել եւ պատուիրել, որ պահեն Մովսէսի օրէնքը»։ 6Եւ առաքեալներն ու երէցները հաւաքուեցին այս բանը քննութեան առնելու համար։ 7Եւ շատ վէճ լինելուց յետոյ, Պետրոսը ոտքի կանգնեց ու նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, դուք ինքներդ գիտէք, որ ձեր մէջ առաջին օրերից Աստուած ինձ ընտրեց, որ հեթանոսները իմ բերանով Աւետարանի խօսքը լսեն եւ հաւատան։ 8Եւ սրտագէտն Աստուած նրանց վկայեց՝ Սուրբ Հոգին տալով նրանց այնպէս, ինչպէս տուեց մեզ։ 9Եւ նրանց ու մեր միջեւ ոչ մի խտրութիւն չդրեց՝ հաւատով մաքրելով նրանց սրտերը։ 10Արդ, ինչո՞ւ էք փորձում Աստծուն՝ աշակերտների վզին դնելով մի լուծ, որը ո՛չ մեր հայրերը եւ ո՛չ էլ մենք կարողացանք տանել։ 11Այլ Տէր Յիսուս Քրիստոսի շնորհով հաւատում ենք, որ կը փրկուենք, ինչպէս եւ նրանք»։ 12Ամբողջ ժողովը լռեց. ապա լսում էին Բառնաբասի ու Պօղոսի պատմելը, թէ Աստուած նրանց ձեռքով ինչքան նշաններ եւ զարմանալի գործեր կատարեց հեթանոսների մէջ։ 13Երբ նրանք լռեցին, Յակոբոսը, խօսք առնելով, ասաց. «Եղբայրնե՛ր, լսեցէ՛ք ինձ. 14Շմաւոնը պատմեց, թէ ինչպէս Աստուած առաջուց հոգածութիւն ցոյց տուեց՝ հեթանոսներից իր անունով մի ժողովուրդ ունենալու համար։ 15Եւ այդ բանում մարգարէների խօսքերը համընկնում են իրար, ինչպէս որ գրուած է. 16«Սրանից յետոյ կը վերադառնամեւ կը շինեմ Դաւթի փուլ եկած տունըեւ նրա աւերակները վերստին կը շինեմու կը վերականգնեմ այն, 17որպէսզի Տիրոջը փնտռեն մնացած մարդիկ,ինչպէս եւ բոլոր հեթանոսները, որոնց վրայ դրուած է իմ անունը», – ասում է Տէրը, նա, որ անում է այս բոլորը։ 18Ի յաւիտենից յայտնի են Տիրոջը իր բոլոր գործերը։ 19Դրա համար ես էլ ինձ իրաւունք եմ վերապահում չնեղել նրանց, ովքեր հեթանոսներից դառնում են Աստծուն, 20այլ գրել նրանց, որ խորշեն կուռքերին զոհուած կերակուրներից եւ պոռնկութիւնից, խեղդամահ արուած կենդանիներից եւ արիւնից. 21քանի որ Մովսէսը, առաջին սերունդներից սկսած, իւրաքանչիւր քաղաքում իր քարոզիչներն ունի, եւ նա ամէն շաբաթ օր ժողովարանում ընթերցւում է»։ 22Այն ժամանակ առաքեալներին եւ երէցներին, ամբողջ եկեղեցու հետ միասին, հաճելի թուաց, որ իրենց միջից ընտրուած մարդիկ ուղարկեն Անտիոք՝ Պօղոսի եւ Բառնաբասի հետ. Յուդային՝ Բարսաբա կոչուածին եւ Շիղային, որոնք գլխաւորներն էին։ 23Եւ եղբայրներին նրանց միջոցով գրեցին հետեւեալը. «Առաքեալները, երէցները եւ եղբայրները Անտիոքում, Սիրիայում եւ Կիլիկիայում հեթանոսներից եղող եղբայրներիդ ողջոյն են յղում։ 24Քանի որ լսեցիք, թէ ոմանք, իբրեւ թէ մեզնից, որոնց մենք հրաման չենք տուել, խռովեցրել են ձեզ խօսքերով եւ խախտել են ձեր մտքերը՝ ասելով, թէ պէտք է թլփատուել եւ օրէնքը պահել, 25ուստի, հաճելի թուաց մեզ՝ միատեղ հաւաքուածներիս, ուղարկել ձեզ մօտ ընտրուած մարդկանց՝ մեր սիրելիներին, Բառնաբասի ու Պօղոսի հետ, 26մարդիկ, որոնք իրենց անձը նուիրեցին մեր Տէր Յիսուս Քրիստոսի անուան համար։ 27Արդ, ուղարկեցինք Յուդային եւ Շիղային, որ նրանք էլ խօսքով նոյնը պատմեն. 28որովհետեւ հաճելի թուաց Սուրբ Հոգուն եւ մեզ՝ աւելի ոչ մի բեռ չդնել ձեր վրայ, բացի այս կարեւորներից. 29այն է՝ հեռու մնալ կուռքերին զոհուած կերակուրներից եւ արիւնից, խեղդամահ արուած կենդանիներից ու պոռնկութիւնից. ձեզ դրանցից հեռու պահելով՝ լաւ կ՚անէք։ Ո՛ղջ եղէք»։
Բ Պետրոս
9Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձութիւնից, իսկ անիրաւներին պահել դատաստանի օրուայ համար՝ տանջանքների մատնելու նրանց, 10մանաւանդ մարմնի պիղծ ցանկութիւնների յետեւից գնացողներին, Աստծու իշխանութիւնն արհամարհողներին, ինքնահաւաններին, յանդուգններին, որոնք չեն վախենում երկնային փառաւոր էակներին հայհոյելուց, 11այն դէպքում, երբ հրեշտակները, որոնք զօրութեամբ եւ կարողութեամբ աւելի մեծ են իրենցից, նրանց դէմ հայհոյալից դատապարտութիւն չեն բերում Տիրոջ առաջ։ 12Բայց այս մարդիկ, անբան անասունների նման (որոնք ի բնէ որսի եւ մորթուելու համար են), հայհոյում են իրենց չիմացած բաների դէմ. եւ իրենց ապականութեան մէջ էլ պիտի կործանուեն տանջուելով՝ 13որպէս վարձատրութիւն իրենց անիրաւութեան. սրանք օրը ցերեկով իրենց ցանկութեանը յագուրդ տալը հաճոյք են համարում. կեղտոտներ եւ արատաւորներ, որոնք հաճոյք են ստանում իրենց խաբեբայութիւնների մէջ՝ ձեզ խրախճանակից լինելով։ 14Աչքեր ունեն պոռնկութեամբ լեցուն աչքերի նման, անպակաս են մեղքերից, խաբում են տատանուողների հոգիները, ունեն ագահութեամբ բռնուած սիրտ. անէծքի՜ որդիներ։ 15Թողնելով ուղիղ ճանապարհը՝ մոլորուեցին, ընթանալով Բէորի որդի Բաղաամի ճանապարհով, որը անիրաւութեան վարձը սիրեց։ 16Եւ այդ այն Բաղաամի, որ իր անօրէնութեան համար յանդիմանութիւն ստացաւ, երբ անխօս էշը մարդկային լեզուով խօսելով՝ արգելք եղաւ մարգարէին, որ չկատարի այդ անօրէնութիւնը։ 17Սրանք ցամաքած աղբիւրներ են եւ մրրիկից քշուած մառախուղներ. խաւարի աղջամուղջները յաւիտեան նրա՛նց համար են պահուած. 18քանզի մեծախօս եւ սնոտի բաներ բարբառելով՝ անառակութիւններով, մարմնի ցանկութիւններով խաբում են նրանց, որոնք ստուգապէս փախել էին մոլորութեան մէջ թափառողներից։ 19Սրանց ազատութիւն են խոստանում, մինչ իրենք ծառայ են ապականութեանը, քանի որ մարդ ինչից որ յաղթւում է, նրան էլ ծառայ է. 20որովհետեւ, եթէ մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսին ճանաչելու միջոցով աշխարհի պղծութիւններից փախչելուց յետոյ դարձեալ նոյն բաներով բռնուեն մնան, նրանց վախճանը կը լինի աւելի վատ, քան առաջին վիճակը. 21քանի որ աւելի լաւ էր նրանց համար, եթէ բնա՛ւ ճանաչած չլինէին արդարութեան ճանապարհը, քան այն, որ ճանաչեցին եւ յետ կանգնեցին այն սուրբ պատուիրանից, որ աւանդուեց նրանց։ 22Նրանց յարմար է գալիս այն իմաստուն, ճշմարիտ առածը, թէ՝ «Շունը վերստին է դառնում իր փսխածին» եւ թէ՝ «Լուացուած խոզը վերստին է թաւալւում տիղմի մէջ»։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ
22Յաջորդ օրը, ժողովուրդը, որ մնացել էր ծովի այն կողմը, տեսաւ, որ այնտեղ այլ նաւակ չկայ, բացի միայն մէկից, որի մէջ մտել էին Յիսուսի աշակերտները, իսկ Յիսուս իր աշակերտների հետ նաւակ չէր մտել, այլ միայն իր աշակերտներն էին գնացել։ 23Սակայն Տիբերիայից ուրիշ նաւակներ էլ գալիս էին մօտ այն տեղին, ուր հացն էին կերել։ 24Ուրեմն, երբ ժողովուրդը տեսաւ, որ Յիսուս այդտեղ չէ եւ ոչ էլ՝ նրա աշակերտները, նաւակներ նստեցին եւ եկան Կափառնայում՝ Յիսուսին փնտռելու։ 25Եւ երբ նրան գտան ծովի միւս կողմում, ասացին նրան. «Ռաբբի՛, ե՞րբ եկար այստեղ»։ 26Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտռում էք ոչ թէ նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետեւ կերաք այն հացից եւ կշտացաք։ 27Գնացէք աշխատեցէ՛ք ոչ թէ կորստեան ենթակայ կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է յաւիտենական կեանքի համար, եւ որը մարդու Որդին կը տայ ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստուած»։ 28Նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծու ուզած գործերը գործենք»։ 29Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Աստծու ուզած գործը ա՛յս է. որ հաւատաք նրան, ում նա ուղարկեց»։ 30Նրան ասացին. «Ի՞նչ նշան կ՚անես, որ տեսնենք եւ հաւատանք, ի՞նչ գործ կը գործես։ 31Մեր հայրերը անապատում մանանան կերան, ինչպէս որ գրուած է. «Երկնքից նրանց հաց տուեց ուտելու»»։ 32Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Մովսէսը չէ, որ ձեզ երկնքից հաց տուեց, այլ իմ Հայրն է, որ տալիս է ձեզ ճշմարիտ հացը երկնքից. 33որովհետեւ Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից եւ կեանք է տալիս աշխարհին»։ 34Նրան ասացին. «Տէ՛ր, ամէն ժամ տո՛ւր մեզ այդ հացը»։ 35Յիսուս նրանց ասաց. «Ես եմ կենաց հացը. ով դէպի ինձ գայ, քաղց չի զգայ, եւ ով ինձ հաւատայ, երբեք չի ծարաւի։ 36Բայց ես ձեզ ասել եմ, թէ ինձ տեսաք եւ չէք հաւատում։ 37Բոլոր նրանք, ում Հայրն ինձ տալիս է, կը գան ինձ մօտ, եւ ով որ ինձ մօտ կը գայ, դուրս չեմ անի. 38որովհետեւ ես երկնքից իջայ ոչ թէ իմ կամքը կատարելու համար, այլ՝ կամքը նրա, ով ինձ ուղարկեց։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
13 Այդ օրը Յիսուս տնից դուրս գալով՝ նստեց ծովեզերքին։ 2Եւ նրա մօտ շատ ժողովուրդ հաւաքուեց, այնպէս որ նա նաւակ մտաւ ու նստեց. իսկ ամբողջ ժողովուրդը կանգնած էր ծովեզերքին։ 3Եւ նրանց հետ առակներով շատ բաներ էր խօսում եւ ասում. 4«Ահա մի սերմնացան ելաւ սերմանելու. եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքին, եւ երկնքի թռչունը եկաւ եւ այն կերաւ։ 5Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ, ուր շատ հող չկար. եւ իսկոյն բուսաւ, քանի որ հողը խորութիւն չունէր. 6երբ արեւը ծագեց, խանձուեց. եւ քանի որ արմատներ չկային, չորացաւ։ 7Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ, ու փշերը բարձրացան եւ այն խեղդեցին։ 8Եւ մէկ ուրիշ մաս ընկաւ պարարտ հողի վրայ եւ պտուղ տուեց. կար որ մէկին՝ հարիւր. եւ կար որ մէկին՝ վաթսուն. եւ կար որ մէկին՝ երեսուն։ 9Ով լսելու ականջ ունի, թող լսի»։ 10Եւ աշակերտները մօտենալով՝ նրան ասացին. «Ինչո՞ւ ես առակներով խօսում նրանց հետ»։ 11Նա պատասխանեց եւ ասաց նրանց. «Քանի որ ձե՛զ է տրուած իմանալ երկնքի արքայութեան խորհուրդները, իսկ նրանց տրուած չէ. 12որովհետեւ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցուի ունեցածն էլ։ 13Նրանց հետ առակներով եմ խօսում նրա համար, որ նայում են եւ չեն տեսնում, լսում են եւ չեն իմանում ու չեն հասկանում։ 14Եւ նրանց վրայ կատարւում է Եսայու մարգարէութիւնը, որ ասում է՝ պիտի լսէք, պիտի լսէք ու պիտի չիմանաք, պիտի նայէք, պիտի նայէք ու պիտի չտեսնէք. 15որովհետեւ այս ժողովրդի սիրտը կարծրացաւ, եւ իրենց ականջներով ծանր են լսում. եւ փակեցին իրենց աչքերը, որպէսզի երբեք աչքերով չտեսնեն ու ականջներով չլսեն եւ սրտով չիմանան եւ դարձի չգան, ու ես նրանց չբժշկեմ։ 16Բայց երանի՜ է ձեր աչքերին, որ տեսնում են, ու ձեր ականջներին, որ լսում են։ 17Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարէներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ որ դուք լսում էք, բայց չլսեցին»։ 18«Եւ արդ, լսեցէ՛ք դուք սերմնացանի առակը. 19ամէն մէկից, ով լսում է արքայութեան խօսքը եւ չի հասկանում, չարը գալիս է եւ յափշտակում նրա սրտում սերմանուածը. դա այն է, որ ճանապարհի եզերքին սերմանուեց։ 20Եւ որ ապառաժի վրայ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը, իսկոյն ուրախութեամբ էլ ընդունում է այն։ 21Բայց քանի որ ինքն իր մէջ արմատներ չունի, այլ մի որոշ ժամանակի համար է հաւատում, երբ խօսքի համար նեղութիւն եւ հալածանքներ լինեն, իսկոյն սայթաքում ընկնում է։ 22Իսկ որ փշերի մէջ սերմանուեց, այն է, որ լսում է խօսքը, բայց աշխարհիս հոգսերը եւ հարստութեան պատրանքները խեղդում են խօսքը, եւ սա լինում է անպտուղ։ 23Իսկ որ լաւ հողի մէջ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը եւ հասկանում, պտուղ է տալիս. կայ որ մէկի դիմաց՝ հարիւր, կայ որ մէկի դիմաց՝ վաթսուն եւ կայ որ մէկի դիմաց՝ երեսուն»։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ
6 Եւ այնտեղից ելաւ եկաւ իր գաւառը. եւ իր աշակերտները գնում էին նրա յետեւից։ 2Երբ շաբաթ օր եղաւ, սկսեց ժողովարանում ուսուցանել. եւ շատերը, երբ լսում էին նրան, զարմանում էին նրա վարդապետութեան վրայ եւ ասում. «Այս բաները որտեղի՞ց են սրան, կամ ի՞նչ է այս իմաստութիւնը, որ տրուած է սրան, որ սրա ձեռքով այսպիսի զօրաւոր գործեր կատարուեն։ 3Սա հիւսնի տղան եւ Մարիամի որդին չէ՞ միթէ, Յակոբոսի եւ Յովսէի ու Յուդայի եւ Սիմոնի եղբայրը. եւ սրա քոյրերը այստեղ մեզ մօտ չե՞ն»։ Եւ նրանով գայթակղւում էին։ 4Եւ Յիսուս նրանց ասաց. «Մարգարէն յարգուած անձ է, բայց ոչ իր գաւառում, իր ազգատոհմի եւ իր տան մէջ»։ 5Եւ չէր կարողանում այնտեղ որեւէ զօրաւոր գործ կատարել, այլ քիչ թուով հիւանդների վրայ ձեռք դնելով՝ նրանց բժշկում էր։ 6Եւ նա զարմանում էր նրանց անհաւատութեան վրայ։