Գործք 2.22-41։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 24.1-12։
Գործք
22Ո՛վ իսրայէլացիներ, լսեցէ՛ք այս խօսքերը. Յիսուս Նազովրեցուն՝ այն մարդուն, որին Աստուած ձեզ ներկայացրեց զօրութեամբ, նշաններով ու զարմանալի գործերով, որ Աստուած նրա միջոցով արեց ձեր մէջ, ինչպէս դուք իսկ գիտէք այդ, 23Աստծու սահմանած խորհրդով եւ կանխագիտութեամբ անօրէնների ձեռքը մատնելով՝ խաչափայտի վրայ գամեցիք եւ սպանեցիք. 24նրան Աստուած յարութիւն տուեց՝ քանդելով մահուան կապանքները, քանի որ կարելի չէր, որ մահը իշխէր նրան։ 25Ինքը Դաւիթը Յիսուսի մասին ասում է.«Նախապէս Տիրոջը ամէն ժամ տեսնում էի իմ առաջ,որովհետեւ նա իմ աջում է, որպէսզի չսասանուեմ. 26դրա համար իմ սիրտը ուրախ եղաւ, եւ իմ լեզուն ցնծաց, եւ իմ մարմինն էլ պիտի ապրի յոյսով, 27որովհետեւ իմ անձը գերեզմանում չես թողնելուեւ ոչ էլ թոյլ ես տալու, որ քո սրբի մարմինը ապականուի. 28ինձ ցոյց տուիր կեանքի ճանապարհները,քաղցրօրէն լցրեցիր ինձ քո ներկայութեան ուրախութեամբ»։ 29Ո՛վ եղբայրներ, պէտք է վստահութեամբ ասել Դաւիթ նահապետի մասին, որ ե՛ւ մեռաւ, ե՛ւ թաղուեց, ու նրա գերեզմանը կայ մեր մէջ մինչեւ այսօր. 30բայց որովհետեւ նա մարգարէ էր եւ գիտէր, որ Աստուած նրան երդուելով խոստացաւ նրա որովայնի պտղից մէկին նստեցնել իր գահի վրայ, 31ուստի կանխօրօք գիտենալով՝ խօսեց Քրիստոսի յարութեան մասին, թէ՝«Նրա անձը գերեզմանում չթողնուեց,եւ ոչ էլ նրա մարմինը ապականութիւն տեսաւ»։ 32Այս Յիսուսին է, որ Աստուած յարութիւն տուեց, որին մենք ամէնքս վկայ ենք. 33Աստծու աջ ձեռքով բարձրանալով, Սուրբ Հոգու խոստումը ընդունելով Հօրից՝ սփռեց այս, որ դուք այժմ տեսնում էք ու լսում. 34որովհետեւ Դաւիթը, որ երկինք չէր ելել, ինքն իսկ ասում է.«Տէրն ասաց իմ Տիրոջը՝նստի՛ր իմ աջ կողմը, 35մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ տակ իբրեւ պատուանդան դնեմ»։ 36Արդ, Իսրայէլի ամբողջ տունը վստահօրէն թող իմանայ, որ Աստուած նրան ե՛ւ Տէր, ե՛ւ Օծեալ արեց, այն Յիսուսին, որին դուք խաչեցիք»։ 37Այս լսելով՝ ներկաները զղջացին իրենց սրտերում եւ ասացին Պետրոսին եւ միւս առաքեալներին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»։ 38Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարեցէ՛ք, եւ ձեզանից իւրաքանչիւրը թող մկրտուի Տէր Յիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողութեան համար, եւ պիտի ընդունէք Սուրբ Հոգու պարգեւը. 39որովհետեւ խոստումը ձեզ համար է, ձեր որդիների եւ բոլոր հեռաւորների համար, որոնց կը կանչի մեր Տէր Աստուածը»։ 40Եւ Պետրոսը ուրիշ շատ խօսքերով վկայութիւն էր բերում, մխիթարում նրանց ու ասում. «Ազատեցէ՛ք ձեր անձերը այս խոտորեալ սերնդից»։ 41Ոմանք յօժարութեամբ ընդունելով նրա խօսքը՝ մկրտուեցին. եւ այն օրը նրանք մօտ երեք հազար հոգով աւելացան։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
24 Բայց կիրակի օրը, առաւօտեան շատ վաղ, կանայք գերեզման եկան՝ բերելով իրենց պատրաստած խնկերը. նրանց հետ եւ ուրիշ կանայք։ 2Եւ քարը գերեզմանից գլորած գտան 3ու ներս մտնելով՝ Տէր Յիսուսի մարմինը չգտան։ 4Եւ մինչ նրանք զարմացած էին այդ բանի վրայ, ահա լուսաւոր զգեստներով երկու մարդիկ հասան նրանց մօտ։ 5Եւ երբ կանայք զարհուրեցին ու իրենց երեսը գետին խոնարհեցրին, մարդիկ ասացին. «Ինչո՞ւ ողջին մեռելների մէջ էք փնտռում։ 6Այստեղ չէ, այլ՝ յարեաւ։ Յիշեցէ՛ք՝ ինչպէս խօսեց նա ձեզ հետ, երբ Գալիլիայում էր. 7ասում էր, թէ պէտք է, որ մարդու Որդին մեղաւոր մարդկանց ձեռքը մատնուի, խաչուի եւ երրորդ օրը յարութիւն առնի»։ 8Եւ նրանք յիշեցին նրա խօսքերը։ 9Եւ վերադարձան ու պատմեցին այս ամէնը Տասնմէկին եւ բոլոր միւսներին։ 10Եւ Մարիամ Մագդաղենացին, Յովհաննան, Յակոբի մայր Մարիամը եւ նրանց հետ ուրիշ կանայք էին, որ այս բաները պատմեցին առաքեալներին։ 11Բայց նրանց խօսքերը բարբաջանք թուացին աշակերտներին, եւ չէին հաւատում նրանց։ 12Սակայն Պետրոսը վեր կացաւ եւ վազեց դէպի գերեզման, նայեց ու տեսաւ, որ կտաւները միայն կային։ Եւ գնաց՝ մտքում զարմացած, թէ ինչ էր եղել։