Անդրադառնանք քրիստոնեական դաստիարակության եւս մի կարեւոր ու միեւնույն ժամանակ անչափ նուրբ խնդրի, որի լուծումը մեզնից համբերություն եւ հոգեւոր հասունություն է պահանջում:
Խոսքը երեխայի գիտակցության մեջ չարի ու բարու, մեղքի եւ հատուցման մասին հստակ պատկերացում արմատավորելու մասին է:
Չէ՞ որ երեխան շատ հաճախ չի հասկանում, թե ինչու է արգելվում մի բան, որ իրեն հաճույք է պատճառում եւ ուրեմն, իր կարծիքով, բարի է (մանավանդ որ ներկայիս գաղափարախոսության հիմքում ընկած է հաճույքի պաշտամունքը): Հրաշալի է, երբ երեխան վստահում է մեծին եւ անվերապահորեն ընդունում նրա ասածը: Սակայն իրական կյանքում պատկերը ճիշտ հակառակն է: Որոշ մայրեր նորադարձի մոլեռանդությամբ եւ իրենց կարծիքով՝ հանուն Աստծո կյանքը վերածում են տառապանքի թե՛ իրենց համար եւ թե՛ նրանց, ովքեր ստիպված են հատուցել իրենց ծնողի սուրբ դառնալու անպտուղ ջանքերը: Այդպիսի ծնողն անվերջ մեղքից է խոսում եւ սպառնում Աստծո դատաստանով՝ մոռանալով այն ուրախության, այն սիրո մասին, որով տոգորված պիտի լինի ճշմարիտ քրիստոնյայի հոգեւոր կյանքը: Սակայն սպառնալիքը, վախը երեխային կմղեն ոչ թե սիրելու, այլ՝ ատելու:
Նույնն է պատկերը խոնարհություն հասկացության դեպքում: Ցավոք, մենք այն շատ հաճախ սխալ ենք մեկնաբանում: Շփոթում ենք այն կույր հնազանդության հետ եւ նույնը պահանջում երեխայից (դժվար չէ կռահել, թե իրականում ինչպես է մեզ վերաբերվում մեր «խոնարհ բալիկը»):
Մինչդեռ խոնարհությունը, ինչպես գրել է հանրաճանաչ օրթոդոքս միտրոպոլիտ Անտոնի Սուրոժսկին, «Ամենեւին չի ենթադրում անընդհատ ինքնախարազանում, հրաժարում մարդկային արժանապատվությունից եւ սեփական ոչնչության մասին ողբաձայն հայտարարություններ:Այն իրականում նշանակում է Աստծո կամքը խորին ակնածանքով ու շնորհակալ սրտով ընդունելու սիրահոժար պատրաստակամություն…»:
Երեխայի մեջ ոչ թերարժեքության զգացում պետք է առաջացնել, ոչ էլ նրան մղել իր ցանկությունները բավարարելու անազնիվ ուղիներ փնտրելուն: Ցանկալի է պարզապես մտերմանալ նրա հետ: Որքան էլ հոգնած լինենք, ժամանակ գտնենք (ամենահարմար պահը թերեւս երեկոն է՝ քնելուց առաջ) նրա հետ անկեղծ, հոգեպարար զրույցի համար: Անուշադրության չմատնենք նրա ոչ մի ապրում եւ արարք՝ խելամտորեն զուգակցելով քաջալերումն ու, արհրաժեշտության դեպքում, նաեւ պատիժը (բայց ոչ երբեք՝ բռնությունը): Դրանք երբեք չպետք է պայմանավորված լինեն մեր տրամադրության տարուբերումներով մեկ չպատճառաբանված դժգոհություն, մեկ՝ անպատեհ շռայլություն («մաղարիչ» կամ «կաշառք» ինչ-որ լավ բանի համար):
Մեր ձեռքը մշտապես զավակի «զարկերակին պահած», կյանքի առօրյա դրսեւորումներում նրա համար բացահայտենք (իհարկե, հաշվի առնելով տվյալ երեխայի խառնվածքի առանձնահատկությունները, հասունության աստիճանը եւ այլն) բարին ու չարը, վեհն ու ստորը, գեղեցիկն ու տգեղը եւ դրանցից քաղված հոգեւոր դասերը՝ իբրեւ լավագույն ուղեցույց ունենալով Աստծո պատվիրանները:
Իհարկե, միշտ չէ, որ երեխայի արժեքային համակարգի ձեւավորումը հեշտ ու անարգել է ընթանում: Կյանքն ապացուցել եւ ապացուցում է, որ նրան ի վերջո հնարավոր է սովորեցնել միայն այն, ինչ ինքը պատրաստ է եւ ի վիճակի է ընկալել: Հնարավոր է, որ մեր ասածների մի մասը նրան անհասկանալի, նույնիսկ՝ վանող թվա եւ դրդի մերժողական կեցվածք ընդունելու: Ոմանք նման դեպքերում՝ երեխայի հետ աղմկոտ սկանդալից կամ նրա համառությունից հոգնած, ձեռքը հուսահատ թափ են տալիս, թե՝ «ինչ ուզում ես արա»: Մինչդեռ հոգեւոր դաստիարակությամբ զբաղվող մանկավարժները խորհուրդ են տալիս այլեւս չպնդել մեր ուզածը. խոհեմաբար դադար տալ եւ փոխարենը աղոթել, որպեսզի Տերն ինքն ուղղի երեխայի քայլերը, իսկ մեր սրտին իմաստնություն տա փոխզիջման լավագույն տարբերակը գտնելու համար:
Ինչպես ժամանակին իրավացիորեն գրել է լեհ գրող ու հրաշալի մանկավարժ Յանուշ Յորչակը, «Մանկավարժության մասին բոլոր հատորների բովանդակությունը կարելի է տեղավորել ընդամենը մեկ նախադասության մեջ, այն է՝ պարզապես պետք է երեխային սիրել կարողանալ»:
Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ»
Հեղինակ՝Կարինե Տեր-Գրիգորյան