Երբեմն գիտակցելով մեր մեղք, սխալը, նրանից ձերբազատվելու ոչ ճիշտ ճանապարհ ենք ընտրում: Արդյունքը լինում է այն, որ ավելի ենք ընկղմվում մեր սխալի մեջ: Հետևաբար պետք է մեղքի գիտակցությունը ճիշտ ճանապարհով օգտագործենք:
Հայաստանյայց Եկեղեցին ունի ապաշխարության հետևյալ կարգը. մեղքի գիտակցությամբ անձը անկեղծ զղջում պետք է ունենա, ինչպես նաև իր հոգում վճիռ՝ այլևս չկրկնելու:
Ապաշխարության երկրորդ պայմանը խոստովանությունն է:
Հայաստանյայց Եկեղեցին կատարում է թե՛ հրապարակային, թե՛ առանձնական խոստովանության ձևերը:
Առանց մեղքերից արձակում ստանալու ակնկալության խոստովանությունը թերի է: Հետևաբար խորհրդակատարման ժամանակ պարտադիր է հոգևորականի ներկայությունը: Չէ՞ որ Քրիստոս նրանց իշխանություն տվեց՝ ասելով. «Եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի» (Հովհ. Ի 22-23): Ինչպես նաև. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա , կապված պիտի լինի երկնքում: Եվ ինչ որ արձակեք երկրի վրա, թող արձակված լինի երկնքում» (Մտթ. ԺԸ 18):
Երբեմն մեզ թվում է, թե մեր մեղքերը օծյալ հոգևորականի մոտ խոստովանելու կարիքը չկա: Մենք կարծում ենք, թե մեր բոլոր մեղքերը տեսնում ենք:
Յուրաքանչյուրիս համար շատ կարևոր է, որպեսզի մենք ինքներս մեզ կողքից տեսնենք, այդպիսի առիթ է խոստովանահայր հոգևորականը, որը որոշ հարցերի միջոցով կարողանում է մեզ ցույց տալ այն, ինչը մենք ինքներս չենք տեսնում: