Ի՞նչ է նշանակում Ապաշխարություն։
– Ապաշխարել նշանակում է հեծել, ցավել, այսինքն՝ զղջումով լաց լինել կատարած հանցանքի կամ մեղքի համար։
Ինչո՞ւ է Ապաշխարությունը խորհուրդ։
– Մարդ արարածը մեղանչական է։ Թեև Մկրտության և Դրոշմի խորհուրդներով նա սրբվում է իր մեղքերից և որդեգրվում Աստծուն, սակայն բազմիցս մեղանչում է իր աստվածային որդեգրության պայմանների դեմ. և երբ անդրադառնում է իր մեղքերին, զղջում և լաց է լինում, այսինքն՝ ապաշխարում է, ապա Աստված ներում է նրան, և վերահաստատվում է նրա որդեգրությունը։ Մարդու հոգեկան կյանքում կատարված այս փոփոխությունը խորհուրդ է։
Սրանից չի՞ հետևում, թե ապաշխարությունը քաջալերում է մեղավորությունը։
– Ուզում եք ասել՝ քանի որ ապաշխարությունը մեղքերից սրբվելու միջոց է, մարդը կարող է գիտակցաբար մեղանչել, հետո ապաշխարել ու սրբվել։ Այսպես մտածողներ եղել են և հիմա էլ կան։ Սակայն այսպես մտածելն արդեն իսկ մեղք է և ներելի չէ որևէ պարկեշտ մարդու։ Քրիստոնեական կրոնի սկզբունքն է՝ աստվածային որդեգրության շնորհը կենդանի պահել մտքում և հոգում։ Եվ եթե քրիստոնյան, հակառակ իր անկեղծ ջանքերի, որևէ կերպ մեղանչի և զգա, որ մեղքով արատավորվել է իր քրիստոնեական նկարագիրը, ապա կարող է ապաշխարել և թողություն ստանալ։ Իսկ եթե գիտակցաբար և դիտմամբ մեղանչի, ապա կչարաշահի Աստուծո ներողամտությունը, որը ինքնին ծանր մեղք է և այս դեպքում ապաշխարությունը կեղծ կլինի:
Ուրեմն, սահման կա՞ Ապաշխարության մեջ։
– Աստված չի կամենում մեղավորի մահը։ Անսահման և անբավ է Նրա գթությունը։ Բայց սա պատճառ չէ, որ քրիստոնյան չարաչար սխալ հասկանա աստվածային գթության նշանակությունը։ Ընդհակառակը, նրա պարտքն է արթուն և պատրաստ գտնվել ամեն մի պատահականության և փորձության դեմ՝ մեղքի հրապույրներով չտարվելու համար։
Հետևաբար մեղանչողը պետք է.

ա. սրտանց զղջա իր գործած մեղքերի համար և վճռի այլևս չմեղանչել.
բ. ջերմեռանդությամբ և երկյուղածությամμ աղոթի, խոստովանի Աստուծո առջև և թողություն խնդրի, որովհետև Աստուծո համբերությունն ու քաղցրությունը մեղավորին առիթ են ընձեռում ապաշխարելու և արդարանալու [տե՜ս Հռոմ. Բ 4

գ. միշտ հիշի, որ ինքը փրկվել է Հիսուս Քրիստոսի Արյունով և պարտավոր է հետևել Նրա անմեղ կյանքին։
Աղոթքը չմեղանչելու ամենագործնական միջոցն է։ Ճշմարիտ աղոթողը մեղք չի գործում և չի կարող գործել։
Ի՞նչ է խոստովանությունը։
– Երբ մարդը խորապես գիտակցում է իր կատարարած սխալը (ընդունում այն և հայտարարում իր խղճմտանքի) Աստուծո և Եկեղեցու առջև, սա կոչվում է խոստովանություն, որին անմիջապես և անպայման հետևում է ապաշխարությունը։
Ինչպես տեսնում ենք տրված բացատրություններից, խոստովանությունն ամենից առաջ կատարվում է մարդու խղճմտանքի մեջ՝ դառնալով ապաշխարության հիմքը. այլ խոսքով, հնարավոր չէ ապաշխարել առանց խոստովանելու։
Ապաշխարության համար ի՞նչ կանոններ ունի Հայաստանյայց Եկեղեցին։
– Մեր Եկեղեցին ունի քրիստոնեական վաղեմի Եկեղեցու կանոնները, այսինքն՝ պահք, աղոթք, հրապարակային խոստովանություն, զղջում, առաքինական և մարդասիրական գործեր ու պարտավորություններ և այլն։
Ապաշխարության օրերին աստվածային պաշտամունքի սաղմոսներն ու աղոթքները, շարականներն ու ընթերցվածները, հրապարակային խոստովանության ձևերն ու կերպերը այնպիսի հորինվածք և կարգավորություն ունեն մեր Եկեղեցում, որ անկարելի է նրանցից չազդվել և չապաշխարել։
Ի՞նչ կարիք կա այդպիսի արտաքին միջոցների. ավելորդ չե՞ն դրանք։
– Ո՜չ։ Եկեղեցու ժողովուրդն ինքն իր մեջ մի ամբողջական միություն է կազմում։ Նրա անդամները ոչ միայն այլևայլ հարաբերություններով ու կապերով միացած են իրար հետ, այլ նաև եղբայրացած են սուրբ Ավազանի Մկրտությամբ, այնպես որ նրանցից մեկի առավելությունը կամ թերությունը ազդում է ամբողջ Եկեղեցու վրա։ Սրա համար հրապարակային աղոթքները, հրապարակային խոստովանությունները, իբրև Եկեղեցու շինության պայման, ուղղակի բխում են ժողովրդից, որ նույն ինքը Եկեղեցին է։
Ճի՞շտ է նրանց կարծիքը, ովքեր ասում են, թե ավելորդ է խոստովանությունը եկեղեցում, տգետ և անարժան քահանաների առջև։
– Ո՜չ։ Երբ մարդիկ իրենց անմեղությունը կամ իրավունքները պաշտպանելու համար դիմում են դատական ատյաններին, մի՞թե նայում են դատավորների մեղավոր կամ առաքինի լինելուն։ Անշուշտ ոչ։ Այսպես էլ նրանք, ովքեր կարծում են, թե իրենք արդար են, իսկ ուրիշները՝ մեղավոր, իրենք արժանավոր են, իսկ ուրիշները՝ անարժան, պետք է հիշեն Ավետարանի փարիսեցու և մաքսավորի առակը [տե՜ս Ղուկ. ԺԸ 9-14
Ուրեմն, պետք չէ՞ նկատի ունենալ հոգևոր պաշտոնյայի արժանիքը։
– Ընդհակառակը։ Երանի՛ թե բոլոր հոգևորականները սուրբեր լինեին։ Այստեղ խնդիրը հոգևորականի արժանիքը չէ, այլ քրիստոնյա մարդու պարտականությունը։ Մարդ ուրիշներին քննադատելուց առաջ պետք է իրեն դատի ու քննի։ Իրար դատելուց զգուշանալու մասին է խոսում Պողոս առաքյալը Հռոմ. ԺԴ գլխում։
Որևէ մեկը պետք չէ հպարտանա և իր հոգևոր հովվից ավելի սուրբ և արժանավոր կարծի իրեն, այլ թող խոնարհվի նրա առջև, ով կոշված է Աստուծո կողմից՝ լսելու հավատացյալների խոստովանությունը։
Ուրեմն, ո՞րն է մեր պարտքը։
– Աշխարհական թե հոգևորական, մեր բոլորի պարտքն է աշխատել մաքուր լինել մեր խղճի և Աստուծո առջև, սիրով և լայնախոհ հոգով հարգել մեր սուրբ Եկեղեցու կարգ ու կանոնը, գործնականապես աշխատել նրա բարեկարգության և պայծառության համար։
Ցավոք, շատերը չգիտեն խոստովանության և ապաշխարության նշանակությունը և չեն զգում դրանց պետքն իրենց կյանքում, կան նաև այնպիսիք, ովքեր դրանք համարում են ձևական, հետևաբար և՝ ավելորդ բաներ։ Սակայն դրանք չեն կարող ավելորդ բաներ լինել, քանի որ մարդու ամբողջ կյանքը լի է վայր ի վերումներով թե՜ հոգևոր, թե՜ կենսապայմանների իմաստով: Ամեն վերելք լի է անկում ապրելով, վտանգով և ընդհակառակը՝ ամեն անկում հույսն ունի վերելք ապրելու: Հետևաբար, ապաշխարությունը, զղջումը, խոստովանությունը մարդու ամբողջ կյանքի համար են: Չարաչար մոլորված են և ստանուն նրանք, ովքեր կարծում են, թե իրենք ապաշխարել վերջացրել են և այլևս փրկված են: Ո՜չ, ապաշխարությունը տևական ուղեկից պիտի լինի մարդու կյանքում
միչև իր մահվան ժամը: Շատ մեծանուն սրբեր և անապական սրբակենցաղ հայրեր, ովքեր իրենց կյանքն անցկացրել են հոգևոր կյանքի մեջ խոստովանությամμ, ապաշխարությամբ, զղջումով և սրբությամբ իրենց մահվան մահճում, իրենք իրենց համարել են ոչ ապաշխարած և ոչ էլ երկնքի արքայության արժանի:

Հատված ՝«Քրիստոնեական հանրամատչելի գիտելիքներ բոլորի համար» գրքից: