ՅԱՆՈՒՆ ՀՕՐ ԵՒ ՈՐԴՒՈՅ ԵՒ ՀՈԳՒՈՅՆ ՍՐԲՈՅ, ԱՄԷՆ.
«…եւ եղիցին երկոքեան ի մարմին մի:
…արդ զոր Աստուած զուգեաց`
մարդ մի՛ մեկնեսցէ»,
«…եվ երկուսը մեկ մարմին պիտի լինեն…:
…արդ, ինչ որ Աստված միացրեց,
մարդը թող չբաժանի»
(Մատթ. ԺԹ ։ 6 – 7»։
Սիրելիներ, մեր եկեղեցու հայրերն այսօրվա ճաշու ընթերցվածք են ընտրել Մատթեոսի Ավետարանի այս հատվածը, ուր խոսվում է ամուսնության և ամուսնալուծության մասին, որոնք, անշուշտ, անխուսափելի են մեր կյանքում և որոնց մասին պետք է քրիստոնեական ճիշտ մոտեցում ունենանք:
Հիսուսի Հորդանանի մյուս կողմում գտնված ժամանակ, փարիսեցիները ամուսնական կապի մասին մի հարց տվեցին Նրան և Քրիստոս էլ հարկ համարեց բացահայտ կերպով Իր վարդապետությունը պարզել նույն խնդրի վերաբերյալ:
Հայտնի է, որ Մովսեսի օրենքով իսրայելացիներին ներելի էր, որ ամուսնացած տղամարդիկ արձակեն իրենց կնոջը: Բավարար էր, որ իրենց կամքը մի պաշտոնական գրով հայտնեին և կնոջ ձեռքը տային: Սակայն օրենքի խոսքերը շատ պարզ չէին, թե տղամարդը երբ և ինչ դեպքում ուներ այդ իշխանությունը: Մովսեսի օրենքն ասում էր. «Եթե մեկը կին է առնում ու մերձենում նրան, բայց այնպես է պատահում, որ, նրա մեջ անարգության հանգամանք նկատելով, դադարում է նրան սիրելուց, ապա ապահարզանի թուղթ թող գրի, տա նրա ձեռքը և նրան արձակի իր տնից» (Բ Օրինաց ԻԴ : 1): Խնդրո առարկա եղող կետը կնոջ վրա «անարգության հանգամանք» գտնելու պայմանն էր, որ հիմք և փաստ պիտի լիներ տղամարդուն` իր կնոջն արձակելու համար:
Այս հարցի վեճի արդյուքն էր, որ փարիսեցիները դիմում էին Հիսուսին, որպես կարող և հռչակավոր Վարդապետի, որովհետև Հիսուս այդ պահին Հին Օրենքի տկարանալու մասին էր խոսում և ուզում էին իմանալ, թե Քրիստոս պիտի կրճատի՞ ապահարզանի իրավունքը, թե պիտի ընդարձակի նրա կիրառությունը:
Հիսուս, անշուշտ, ուրիշ առիթներով էլ Իր վարդապետությունը կրկնել էր, որ սկզբից ևեթ ոչ թե ապահարզանի իրավունքը լոկ սահմանափակելու, այլև միտում ուներ այն բոլորովին վերացնելու, ինչպես ասել էր Լեռան քարոզի ժամանակ. «Արդարև ասվել է. «Ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթը տա»: Իսկ ես ձեզ ասում եմ. ամեն մարդ, որ իր կնոջն արձակում է առանց պոռնկության պատճառի, նա’ է, որ նրան շնության է մղում. և ով որ արձակվածին է առնում, շնանում է»:
Ահա թե ինչու Հիսուս Իր խոսքը բարձրակետին հասցնելով պիտի հայտարարեր. «Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մարկ. Ժ ։ 8 -9»։
Այո, սիրելիներ, ընտանեկան միությունը, այսինքն` ամուսնությունը, անքակտելի է: Եկեղեցու տեսակետից ամուսնությունը սոսկ այր ու կնոջ միավորումը չէ` ֆիզիկական, ընկերային կամ օրինական հասկացողությամբ: Ամուսնությունը Եկեղեցու կողմից նվիրագործված մի խորհուրդ է, որի գիտակցությամբ զույգը որոշում է ամուսնանալ ու ընտանիք կազմել: Եվ այս գիտակցությունը զույգի կյանքում պետք է վառ մնա մինչև մահ: Արդարև, պսակի արարողության ընթացքում արտասանված աղոթքները, Ավետարանի ընթերցումը, երգված շարականները բավականին թելադրական են այս իմաստով: Այնտեղ հատուկ կերպով շեշտվում է ամուսնական կյանքն անբիծ, առողջ ու ամուր պահելու կենսական անհրաժեշտությունը:
Եվ իրոք, աստվածակենտրոն մի կառույց է ընտանիքը` իր ծնունդով, իր բնույթով ու նպատակով: Աստված ոչ միայն Ադամին ու Եվային ստեղծեց, այլև նրանց միասնությունն օրհնեց` պատվիրելով. «Աճեցե’ք, բազմացե’ք, լցրե’ք երկիրը, տիրեցե’ք դրան…» (Ծննդ. Ա : 28): Ընտանիքը, հայ ընտանիքը, իրականում, մեզ համար ընկալվում է որպես փոքրիկ Եկեղեցի: Չմոռանանք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խոսքը, թե. «…ուր որ երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ» (Մատթ. ԺԸ : 20): Երբ Քրիստոս մի ընտանիքի կյանքում ներկա է, այդ ընտանիքը վերածվում է կենդանի Եկեղեցու: Ս. Գիրքը հատուկ կերպով շեշտում է ընտանիքի կարևորությունը` սերը, միությունը, հնազանդությունն ու հավատարմությունը, այլ խոսքով, ընտանիքը վավերական ընտանիքի վերածող կենսական արժեքները նկատում է որպես ընտանիքի կարևոր սյուներ:
Հայի կյանքում ընտանիքն ու Եկեղեցին դարձան իրար ամբողջացնող ու զորացնող կառույցներ: Մկրտության ու պսակի և այլ խորհուրդների ճամբով Եկեղեցին կենտրոնական ներկայություն եղավ հայ ընտանիքի կյանքում:
Հոգևորականների այցելությունները և տնօրհնեքներն առավել ամրացրին Եկեղեցի-ընտանիք սերտ կապերը: Եվ ինչպիսի հոգեպարար երևույթ. հայ տան մեկ անկյունը փոքրիկ մի խորան կամ մի սրբապատկեր ունենալու սրբազան ավանդությունը շարունակվում է հայ կյանքում:
Ընդսմին, իր կրոնական մթնոլորտով հայ ընտանիքը մեզ համար միշտ մնում է ու պետք է մնա փոքր Եկեղեցի:
Մեր ժողովրդի համար ընտանիքը նաև դարձավ փոքր դպրոց: Հայ մշակույթի ու դպրության հոգեմտավոր արժեքների գանձարանն ու պահապանը եղավ հայ ընտանիքը մեր պատմության ողջ ընթացքին: Արդարև, երբ ներկա օրերի հասկացողությամբ հայ դպրոց գոյություն չուներ, հայ ընտանիքը դարձավ հայ մարդու հայեցի կազմավորում տվող ու հայակերտում կատարող հոգեմտավոր դարբնոցը: Երբ մեր հայրենիքը կորցրեց իր անկախությունը, երբ մեր ժողովուրդը դարձավ գաղթական ու հալածական, երբ մեր ժողովուրդը ջարդ ու աքսոր տեսավ, հայ ընտանիքն էր, որ իր մանուկի շրթներին Այբ, Բեն, Գիմ – ը վառ պահեց: Ընտանիքն էր դարձյալ, որ մանուկին դաստիարակեց ազգային արժեքներով ու ավանդություններով, հայ ընտանիքն էր, որ հայի ինքնությունն անաղարտ պահեց կյանքի այլասերիչ վտանգների դիմաց: Վճռական եղավ ընտանիքի դերը ազգակերտումի ու ազգապահպանման առաքելության մեջ:
Այսօր ևս, հայ ընտանիքը, կյանքի բոլոր պայմաններում, մեզ համար մնում է հայ դպրոց: Հայ դպրոց գնալուց առաջ, հայ մանուկը հայությանն է բացվում ընտանիքում: Այսօր ևս, հակառակ հայ դպրոցների լայն ցանցի գոյության, հայ ընտանիքի դաստիարակչական դերը մնում է անփոխարինելի:
Կրոնական ու հայեցի դաստիարակչությանն առընթեր, հայ ընտանիքը նաև ստանձնեց ազգային պարտավորություն` դառնալով փոքրիկ հայրենիք: Ճի’շտ է, ամեն բանից առաջ հայրենիքը հող է, վարչական կառույց է, ժողովուրդ է, միաժամանակ, սակայն, հայրենիքը արժեքների, սրբությունների ու ձգտումների մի ամբողջություն է, ոգեղեն իրականություն է ու ազգային ինքնություն: Այս բոլորը եղավ հայ ընտանիքը պատմության ընթացքում:
Արդարև, սիրելիներ, մեր պատմության մտքի ու հոգու հսկաները, մեր ժողովրդի կյանքը հոգևոր արժեքներով, ազգային ապրումներով ու հերոսական իրագործումներով հունավորած մեր անհատները, հայ ընտանիքից ստացան հայրենիքի սերը, հայրենիքի համար կռվելու ու արյուն թափելու սրբազան նախանձախնդրությունը: Նրանք հայրենիքը նախ ապրեցին ընտանիքի նվիրական հարկի տակ և հայրենիքի սիրով ու հավատարմությամբ այնտեղ կազմավորվեցին: Միթե մեր կյանքի տխուր ու անորոշ ժամանակներում, երբ հայրենիքի ամբողջականությունն ու անկախությունը կորցրեցինք, արդյոք հայ ընտանիքը մեզ համար չդարձա՞վ հայրենիք:
Պատմության ընթացքում ու հատկապես սփյուռքում, երբ հայն իր ոտքերի տակ հայրենի հող ու իր աչքերի դիմաց Արարատ չուներ, միթե հայ ընտանիքը նրանց չներարկեց հայրենիքի սերն ու երազը: Մենք մեծ Հայաստանն ապրեցինք «փոքր Հայաստանում»` ընտանիքում:
Այսօր ևս, թե Հայաստանի և թե սփյուռքի մեջ, հայ ընտանիքը «մի փոքր Հայաստան» է ու պետք է այդպես էլ մնա: Ու երբ փոքր Հայաստանը զորեղ է, մեծ Հայսատանը կդառնա ավելի զորեղ:
Հիշեք, որ անկախ հայրենիքի, Սուրբ Եկեղեցու և անժանգելի դպրության հիմքը ընտանիքն է: Հետևաբար ամուր պահենք այն իր եռյակ սրբություններով: Եվ միշտ հիշենք Քրիստոսի` փարիսեցիներին տված պատասխանը. «Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մարկ. Ժ ։ 8 -9»։
Շնորհք, սէր եւ խաղաղութիւն եղիցին ընդ ձեզ եւ ընդ ամենեսեանս. Ամէն։