Վաղարշապատի Ս Կաթողիկե եկեղեցի, Շողակաթ Ս. Աստվածածին եկեղեցի, ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում: Ամենայն հայոց կաթողիկոսության կենտրոնը: Ագաթանգեղոսի վկայությամբ՝ կառուցել է Գրիգոր Ա Լուսավորիչը Տրդատ Գ թագավորի օժանդակությամբ, 302–303-ին, Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատում, արքունի ապարանքի մոտ: Ըստ պատմիչի՝ Գրիգոր Ա Լուսավորիչը հայոց առաջին եկեղեցին կառուցելու համար ընտրել է տեսիլքում Աստծո Միածին Որդին լուսեղեն կերպարանքով իջել (այստեղից՝ «Էջմիածին» անունը) և ձեռքի ոսկե մուրճով գետնին զարկելով՝ նշադրել է տաճարի հիմնադրման տեղը:
Համաձայն Գրիգոր Ա Լուսավորչի տեսիլքի՝ Է.Մայր տաճարի ներսում, ուղիղ գմբեթի տակ, հիմնադրվել է Իջման ս. Սեղանը (նրա կառուցման և ձևի մասին տեղեկություններ չեն պահպանվել):
Ըստ ազգ. ավանդության՝ Համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյ նահապետն այդտեղ է սեղան կանգնեցրել և գոհունակության պատարագ մատուցել: Հետագայում նույն տեղում կառուցվել է մեհյան:
Տարբեր տեսակետների համաձայն, տաճարի հորինվածքը եղել է եռանավ բազիլիկ (Թ. Թորամանյան, Ա. Սահինյան), ուղղանկյուն, քառամույթ գմբեթավոր (Ա. Երեմյան, Ա. Խաչատրյան), ս. Խաչի վրա կանգնած քառասյուն ամպհովանու տեսքով (Ստ. Մնացականյան), թաղածածկ դահլիճ (Ն. Տոկարսկի), սկզբիցևեթ կառուցվել է ներկայիս հորինվածքով (Վ. Գրիգորյան):
1950-ական թթ. Է.Մայր տաճարի պեղումների ընթացքում բացվել են IV դ. գմբեթակիր մույթերի խաչաձև խարիսխները, Ավագ խորանի տակ՝ Վանի թագավորության ժամանակների կոթող և նախնական խորանը՝ կենտրոնում թոնրաձև կրակարանով: Չեն հայտնաբերվել ենթադրյալ բազիլիկի հետքերը, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ Է.Մայր տաճարը ի սկզբանե լինելով գմբեթավոր, աշխարհում առաջին գմբեթավոր եկեղեցին է:
Էջմիածնի Մայր տաճարի նախնական կառույցից պահպանվել են հյուսիսային և արևմտյան պատերի հատվածները, անկյուններում՝ մոդուլիոններով քիվերով փոքրիկ ճակտոնները, հյուսիսային պատին՝ Պողոս առաքյալին և ս. Թեկղեին պատկերող, հունական մակագրություններով պատկերաքանդակ և շրջանի մեջ ներգծված հավասարաթև խաչով, երկու կողմերում թռչուններով հարթաքանդակ, որոնք քրիստոնյա Հայաստանի քանդակագործության արվեստի վաղագույն նմուշներն են:
քրիստոնեաի Ավագ խորանում Գրիգոր Ա Լուսավորիչը սեղան է կանգնեցրել և օծել Շողակաթ ս. Աստվածածնի անունով՝ եկեղեցու տոնը կարգելով օգոստոս ամսին, Վերափոխման շաբաթ օրը: Գրիգոր Ա Լուսավորիչն այդտեղ է հաստատել Հայոց քահանայապետությունը, կառուցել հայրապետանոց, կացարաններ, հիմնել Էջմիածնի դպրոցը՝ նորաստեղծ քրիստոնեական եկեղեցու սպասավորներ և ուսուցիչներ պատրաստելու համար:
360-ական թթ. Պարսից Շապուհ II արքան ներխուժելով Հայաստան, ըստ պատմիչ Փավստոս Բուզանդի, գրավել է Վաղարշապատը և ավերել բոլոր շինությունները: Պարսկական արշավանքից հետո Հայաստանի ավերված վանքերը (նաև Էջմիածնի Մայր տաճարը) վերանորոգել են կաթողիկոսներ Ներսես Ա Մեծը և Սահակ Ա Պարթևը: 484-ին Ամենայն հայոց կաթողիկոսությունը Դվին տեղափոխվելուց հետո Էջմիածնի Մայր տաճար շարունակել է մնալ իբրև Հայ եկեղեցու սրբազնագույն կենտրոն: Պատմիչ Ղազար Փարպեցու վկայությամբ՝ Հայաստանի կառավարիչ, իշխան Վահան Մամիկոնյանը 483–484-ին հիմնովին վերակառուցել է Էջմիածնի Մայր տաճարը, որից հետո այն ստացել է հատակագծային ու ծավալատարածական իր այժմյան տեսքը: Նրա՝ քառակուսուն մոտ ուղղանկյուն աղոթասրահի արևմտյան, հարավային և հյուսիսային կողմերում արտաքուստ շեշտված են ներսից կիսաշրջանաձև ու դրսից հնգանիստ խորանները: Է.Էջմիածնի Մայր տաճարի արևելքում դրսից եռանիստ Ավագ խորանի երկու կողմերում մեկական ավանդատներ են: Աղոթասրահի կենտրոնում, չորս հաստահեղույս մույթերի վրա ձգվող կամարները կրում են տաճարի գմբեթը: Է.Էջմիածնի Մայր տաճարի՝ խաչաձև-կենտրոնագմբեթ, քառամույթ, քառախորան այս հորինվածքը հայկական եկեղեցական ճարտարապետության մեծ ավանդն է ողջ քրիստոնեական ճարտարապետության մեջ: Այն VII դ. Հայաստանում կրկնվել է Բագարանի Ս. Թեոդորոս եկեղեցում և Բյուզանդիայի միջոցով IX–XI դդ. տարածվել Եվրոպայում (Ֆրանսիա, Իտալիա, Հունաստան):
V դ., Ղազար Փարպեցու վանահայրության օրոք, Էջմիածնի Մայր տաճարի փայտե ծածկը հրդեհվել է: Ըստ պատմիչ Սեբեոսի, VII դ. I-ին երեսնամյակին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը փայտե ծածկը փոխարինել է քարով: Տաճարը VII դ. կեսին նորոգել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը: Համաձայն Ստեփանոս Տարոնեցու, 982-ին արաբ Աբլհաճ Ամիրան իջեցրել է Էջմիածնի Մայր տաճարի գմբեթի խաչը: Էջմիածնի Մայր տաճարը զգալի վնասվել է արաբների, սելջուկյան թուրքերի, թաթար-մոնղոլների արշավանքներից: XIII դ. Ստեփանոս արք. Օրբելյանը առաջին անգամ կիրառել է «Էջմիածին» անունը Մայր տաճարի համար: 1431-ին իշխան Ռուստամ Օրբելյանը Է.Էջմիածնի Մայր տաճարին 7 գյուղ է նվիրել՝ տնտեսական հիմք ստեղծելով Ամենայն հայոց կաթողիկոսությունը 1441-ին Վաղարշապատում վերահաստատելու համար: Նորընտիր կաթողիկոս Կիրակոս Ա Վիրապեցին սկսել է Է.Էջմիածնի Մայր տաճարի նորոգումը, որն ավարտել է Գրիգոր Ժ Ջալալբեկյանց կաթողիկոսը: Տաճարի նորոգմանն աջակցել է Թովմա Մեծոփեցին: XV դարից տաճարը կոչվել է Էջմիածնի Մայր տաճար.:
XVII դ. սկզբին Պարսից շահ Աբբաս I-ը որոշել է ամբողջապես քանդել Էջմիածնի Մայր տաճարը, քարերը տեղափոխել Պարսկաստան և Սպահանի մոտ կառուցել նոր տաճար՝ հայրենիքից տեղահանված տասնյակ հազարավոր հայերին նոր բնակատեղիին կապելու համար: Այդ ծրագիրը լրիվ չի իրագործվել, հետագայում որոշվել է տանել տաճարի հանգուցային քարերը, պատարագի ս. Սեղանը, Քրիստոսի իջման տեղի քարը, մկրտության ավազանը, բեմի քարերից, քարե աշտանակներ և այլն, ինչպես նաև՝ Լուսավորչի Աջը: Տեղափոխված քարերը հետագայում դրվել են Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի եկեղեցու պատերի շարվածքում, և դարերի ընթացքում խարխլված տաճարն ավելի է քայքայվել:
XVII դ., ըստ պատմիչ Առաքել Դավրիժեցու, Է.Էջմիածնի Մայր տաճարի ծածկը և գմբեթը քանդված են եղել, պատերի շատ քարեր՝ թափված, հիմքերը՝ վնասված, տաճարը՝ կողոպտված: Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսը հիմնովին նորոգել է Էջմիածնի Մայր տաճարը, նոր գմբեթ կառուցել, դրսից և ներսից ամրացրել պատերը և հիմքերը, վերակառուցել ծածկը: Նա Էջմիածնի Մայր տաճարը շրջապատել է 7 բուրգով ամրացված պարիսպներով, նրանց կից խցեր և տնտեսական շենքեր կառուցել: Մայր աթոռի համալիրում Էջմիածնի Մայր տաճար թողնվել է ազատ, բակի կենտրոնում, հավասարապես հեռու աշխարհիկ շենքերից: Կառուցապատման այս սկզբունքը հետագայում կիրառվել է XVII դ. հայկական վանքերում և անապատներում:
Էջմիածնի Մայր տաճարԷջմիածնի Մայր տաճարի նոր գմբեթի թմբուկի 12 նիստերին մեդալիոնների ձևով քանդակված են առաքյալների դիմապատկերները: Նրանք պատկերված են լուսապսակով և կիսանդրիով, կերտված ամենայն մանրամասնությամբ. նրանցից յուրաքանչյուրի դիմագծերն օժտված են շեշտված անհատականությամբ: Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը վերակառուցել է 1635–36-ի թուրք-պարսկական պատերազմի ժամանակ ավերված Էջմիածնի կաթողիկոսարանի շենքերը: Կառուցել է արևելյան խցերը, ձիթհանքեր, փայտաշեն սեղանատունը վերաշինել քարով, սալարկել բակը, նորոգել Էջմիածնի Մայր տաճարի տանիքը: 1654-ին, պոլսեցի մեծահարուստ Անտոն Չելեպիի բարերարությամբ, սկսվել է Էջմիածնի Մայր տաճարի արևմտյան ճակատին կից զանգակատան շինարարությունը: 1655-ին Փիլիպոս Ա Աղբակեցու վախճանից հետո զանգակատան ընդհատված շինարարությունը 1657-ին շարունակվել է և 1658-ին ավարտվել՝ Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի օրոք: Այն կառուցել է ճարտարապետ Սահակ Հիզանեցին՝ մասնակցությամբ ուստա Մովսեսի (շինարարության ընթացքում ընկել է շենքից և զոհվել): Շինարարական աշխատանքները ղեկավարել է վերակացու Հովհաննեսը:
Էջմիածնի Մայր տաճարի եռաստիճան, սլացիկ համաչափություններով սյունազարդ զանգակատունը օրինակ է ծառայել XVII–XVIII դդ. հայկական վանքերի և եկեղեցիների նույնատիպ կառույցների համար:
Էջմիածնի Մայր տաճարի զանգակատան արևմտյան ճակատին քանդակված է Քրիստոսի, հարավային՝ Գրիգոր Ա Լուսավորչի, հյուսիսային՝ Տրդատ Գ թագավորի պատկերները: 1664-ին զանգակատան որմնանկարները կատարել է Զաքարե Ոսկերիչը:
Նույն թվականին 2-րդ հարկում Ս. Հրեշտակապետաց սեղան է օծվել: 1682-ին կաթողիկոս Եղիազար Ա Այնթապցին տաճարի հարավային, արևելյան և հյուսիսային խորանների տանիքներին փոքրիկ զանգակատներ է կանգնեցրել, 1684-ին Իջման ս. Սեղանի վեմ քարը վերցրել է մարմարակերտ չորս սյուների վրա կառուցված գեղեցիկ գմբեթի տակ, Ավագ խորանի բեմապատը երեսպատել մարմարե սալերով, նորոգել մույթերը, սալարկել աղոթասրահը, հարավային խորանում՝ ս. Հովհաննես Կարապետի, իսկ հյուսիսում ս. Ստեփանոսի սեղաններ օծել:
1720-ին Աստվածատուր Ա Համադանցի կաթողիկոսի պատվերով Էջմիածնի Մայր տաճարի գմբեթը, Ավագ խորանը, թաղերն ու կամարները բազմերանգ և ոսկեզօծ զարդանախշերով է պատել նշանավոր տաղերգու և նկարիչ Նաղաշ Հովնաթանը: Պահպանվել են միայն գմբեթի վերնամասի նկարազարդումները, որոնցում նկատելի է պարսկական արվեստի ազդեցությունը՝ արտահայտված զարդերի խիտ հյուսվածքներով, բուսական մոտիվներով արաբեսկային նկարվածքով, նոճիների կիրառումով: Արժեքավոր են Էջմիածնի Մայր տաճարի պատերին Նաղաշ Հովնաթանի կատարած դիմանկարները և թեմատիկ որմնանկարները: Դրանցից մնացել է երեք հատված (այժմ գտնվում են ՀԱՊ-ում), որոնք պատկերում են Տրդատ թագավորին՝ Աշխեն թագուհու և քրոջ՝ Խոսրովիդուխտի հետ, աղոթող զինվորին և Հայկ Նահապետին: Էջմիածնի Մայր տաճարի ներսի ձևավորման կարևոր տարրերն են եղել Նաղաշ Հովնաթանի գեղանկարչական, հաստոցային գործերը: Նա նկարել է սրբերի, հոգևորականների, բազմաֆիգուր թեմատիկ կտավներ («Ոտնլվա», «Խորհրդավոր ընթրիք» և այլն):
Կարապետ Բ Ուլնեցի կաթողիկոսը Ավագ խորանի բեմապատին նկարել է տվել ոսկեզօծ և ծաղկահյուս շրջանակների մեջ ներառված 12 առաքյալների դիմանկարները, կենտրոնում՝ մանուկ Հիսուսին գրկած ս. Աստվածածնին, եզրերին՝ ս. Ստեփանոս ու ս. Փիլիպոս նախասարկավագներին: 1734-ին Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսը Ավագ խորանի երկու կողմերում սեղաններ է օծել, աջում՝ նվիրված Հակոբ և Հովհաննես առաքյալներին, ձախում՝ Գրիգոր Ա Լուսավորչին, նկարազարդել է տվել պատերը և մույթերը: Ղազար Ա Ջահկեցի կաթողիկոսի ջանքերով կառուցվել են Ղազարապատ հյուրանոցը և Վեհարանը: Նա Էջմիածին է հրավիրել Նաղաշ Հովնաթանի Հակոբ և Հարություն որդիներին, որոնք նկարազարդել են Էջմիածնի Մայր տաճարը և Վեհարանը:
1766-ին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը Էջմիածնի Մայրավանքը պարսպապատել է երկրորդ շարքով, 1770-ին նորոգել Էջմիածնի Մայր տաճարի տանիքը, միաբանության ամառային սեղանատունը, 1771-ին հնդկահայ բարերար Գրիգոր Խոջաջանյանի միջոցներով Մայր աթոռում հիմնել Արևելյան Հայաստանում առաջին տպարանը: Էջմիածնի Մայր տաճարի ներսը ձևավորելու համար նա հրավիրել է Հովնաթան Հովնաթանյանին, որն աշխատանքներն ավարտել է 1786-ին, Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսի օրոք: Հովնաթան Հովնաթանյանի՝ Էջմիածնի Մայր տաճարի զարդարման աշխատանքները բաժանվում են երեք խմբի՝ Հին և Նոր կտակարանների թեմաներով արված առանձին նկարներ, սրբերի և պատմական գործիչների դիմանկարներ և ծաղկանկարներ (հաստոցային նկարների մեծ մասը պահվում է ՀԱՊ-ում, իսկ զարդանկարները ծեփով ծածկել է տվել Մկրտիչ Ա Վանեցի կաթողիկոսը): Ի դեմս Էջմիածնի Մայր տաճարի մույթերի, խորանների, պատերի առանձին հատվածների համար նախատեսված նկարների (Սահակ Ա Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի, Դավիթ Անհաղթի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տաթևացու և այլն) Հովնաթան Հովնաթանյանը տվել է հայկական կերպարվեստում շքերթային դիմանկարի առաջին օրինակները: Իսկ թեմատիկ նկարներում («Աստվածընկալ Մարիամ», «Մոգերի երկրպագությունը», «Մուտք Երուսաղեմ», «Խորհրդավոր ընթրիք», «Խաչելություն») կրկին առաջինը հայ գեղանկարչության մեջ ստեղծել է դասական սկզբունքներով ստեղծված հորինվածքներ:
Նրա՝ ս. Աստվածածնին պատկերող նկարների շարքում ակնառու է ավանդական թեմայի ինքնատիպ լուծման հակումը: 1784-ին Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսը փոխել է Էջմիածնի Մայր տաճարի արտաքին պատերի ներքևի չորս շարքի և որմնախարսխի քայքայված քարերը, 1785-ին՝ բակը սալահատակել, 1786-ին՝ նորոգել տվել տաճարի որմնանկարները և լրացրել նոր, ոսկեզօծ ծաղկանկարներով, ամրացրել գմբեթակիր հյուսիսային մույթերը:
1804–13-ին, ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, ռուս. կողմը տաճարն իբրև բերդ է օգտագործել, որի համար խորանների զանգակատների շուրջը պատնեշներ են կառուցվել: Ռուս զինվորները տաճարի տանիքին շուրջօրյա պահակության ընթացքում կրակ են վառել, որի հետևանքով տանիքի սալերը ճաքճքել են, և անձրևաջրերը ներս են թափանցել: 1813-ին Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսը նորոգել է Էջմիածնի Մայր տաճարի տանիքը և դպրատուն կառուցել: 1837-ին, Ռուսաց Նիկոլայ I կայսրի՝ Հայաստան այցելելու նախօրյակին, նորոգվել և բարեկարգվել են տաճարը և Մայրավանքը: 1866-ին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ հանգանակություն է կազմակերպվել Էջմիածնի Մայր տաճարի նորոգման համար: 1868–1919-ին Մայրավանքում հրատարակվել է Հայաստանում առաջին պարբերականը՝ «Արարատ» ամսագիրը, իսկ 1874-ին բացվել հոգևոր բարձրագույն դպրոց՝ Գևորգյան ճեմարանը: 1868–69-ին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը Էջմիածնի Մայր տաճարի արևելյան կողմում, նրա ողջ լայնությամբ, Ռուսաստանի հայ համայնքների միջոցներով կցաշենք է կառուցել Էջմիածնի եկեղեցապատմական թանգարանի համար: Նրա արևելյան ճակատի միջին մասում խորանաձև ծավալ է դուրս բերվել՝ տաճարի արտաքուստ խաչաձևությունը չխախտելու համար, սակայն կառույցն իտալական Վերածնության իր ճարտարապետության ոճով անհարազատ է Էջմիածնի Մայր տաճարի ընդհանուր կերպարին:
1888-ին ճարտարապետ Մ. Սալամբեկյանի ղեկավարությամբ սկսվել են Էջմիածնի Մայր տաճարի նորոգման աշխատանքները: Տաճարի պատերի քայքայված եռաստիճան հիմնախարիսխը փոխարինվել է նորով: Մայրավանքի ընդարձակ բակը, որը զգալիորեն բարձր էր տաճարի հատակից, հողահեռացմամբ ցածրացվել է, և շենքն ազատվել վերգետնյա ջրերի ազդեցությունից: Մակար Ա Թեղուտցի կաթողիկոսը, ելնելով Էջմիածնի Մայր տաճարի պատմաճարտարապետական և կրոնաազգացական բացառիկ կարևոր նշանակությունից, հրահանգել է նորոգման ժամանակ անաղարտ պահել տաճարի ավանդական ձևերը: 1889-ին փոխվել են զանգակատան մույթերի վնասված քարերը, վերանորոգվել «Տրդատադուռ» դարպասը, բակում ծառուղիներ ստեղծվել: Էջմիածնի Մայր տաճարի մուտքերի (երեքն են) դռները փոխարինվել են կաղնու փայտից պատրաստված, նրբորեն ու հայաոճ զարդաքանդակված դռներով: Մկրտիչ Ա Վանեցի կաթողիկոսը Էջմիածնի Մայր տաճարի նորոգումը ղեկավարելու համար հրավիրել է նկարիչ Վարդգես Սուրենյանցին: Նա 1909-ին հրապարակել է տաճարի նորոգման իր մշակած գիտամեթոդական սկզբունքները: 1909–10-ին Էջմիածնի Մայր տաճարը մանրամասնորեն չափագրվել է: 1910-ի մայիսի 15-ին Գևորգ արք. Սուրենյանցի նախագահությամբ և Կոմիտաս վարդապետի քարտուղարությամբ կայացած խորհրդակցությունում որոշվել են վերանորոգման աշխատանքների մեթոդներն ու հերթականությունը: 1914-ին, մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանի բարերարութամբ, Էջմիածնի Մայր տաճարի մասնակի նորոգվել է: 1915-ին Էջմիածնի Մայրավանքը դարձել է Մեծ եղեռնից մազապուրծ հայ գաղթականների հավաքատեղի և ապաստան:
1921-ին Էջմիածնի Մայր տաճարի հարավային խորանի գմբեթարդը և տանիքի զանգակատունը փլվել են: 1923-ին Ա. Թամանյանի և Թ. Թորամանյանի գիտական ղեկավարությամբ հարավային խորանը վերականգնվել է, հանվել են թանգարանի տանիքի զույգ գմբեթները՝ տաճարի ընդհանուր կերպարին անհարիր լինելու պատճառով:
1945-ին կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանի առաջարկով ազգային եկեղեցական ժողովը որոշում է ընդունել Էջմիածնի Մայր տաճարի հիմնովին նորոգման մասին, որն իրականացվել է 1954–55-ին՝ Հայաստանի կառավարության հատկացրած միջոցներով: Աշխատանքները կատարվել են հատուկ հանձնաժողովի (գրողներ՝ Ա. Իսահակյան, Դ. Դեմիրճյան և Ս. Զորյան, նկարիչներ՝ Մ. Սարյան և Գ. Գյուրջյան, հնագետ՝ Կ. Ղաֆադարյան, ճարտարապետներ՝ Ս. Սաֆարյան, Ռ. Իսրայելյան, Մ. Գրիգորյան, Հ. Մարգարյան, Վ. Հարությունյան, Կ. Հովհաննիսյան, Լ. Սադոյան և ուրիշներ) հսկողությամբ: Երկաթբետոնով ամրացվել են տաճարի կրող կոնստրուկցիաները՝ մույթերը և կամարները, նորոգվել ծածկի խաչվող թաղերը: Մ. Սարյանի գլխավորած հանձնաժողովի հսկողությամբ, արվեստաբան Լ. Դուռնովոյի ղեկավարությամբ 20 նկարիչներից բաղկացած խումբը մաքրել, ամրացրել ու լրացրել է տաճարի որմնանկարները:
Կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի գահակալության ժամանակաշրջանում մեծածավալ աշխատանքներ են կատարվել Էջմիածնի Մայր տաճարի ուսումնասիրման, նորոգման և բարեզարդման ուղղությամբ: Այդ նպատակով միջոցներ է տրամադրել Գալուստ Կյուլպենկյան հիմնարկությունը: 1955–59-ին Էջմիածնի Մայր տաճարի հատակը պեղվել է, շաղախի ներարկումով ամրացվել են տաճարի պատերը, տանիքը ծածկվել է կապարե թիթեղներով, աղոթասրահը սալահատակվել հայաստանյան մարմարով: Այցելուների համար մատչելի է դարձել Ավագ խորանի տակ բացված լուսավորչաշեն խորանը (մուտքը՝ թանգարանից), գմբեթակիր մույթերի նախնական խարիսխները ծածկվել են ապակիով: 1959-ին վերականգնվել է հարավային խորանի վրայի զանգակատունը: Վազգեն Ա կաթողիկոսը, հաշվի առնելով Իջման ս. Սեղանի չափերի անհարմարությունը Մայր տաճարի ներսում, գմբեթակիր սյունազարդ այդ կառույցը փոխարինել է ծավալով ավելի փոքր ու գեղեցիկ մարմարակերտ ս. Սեղանով, որն այլևս չի խանգարում հավատացյալներին՝ հետևելու Ավագ խորանի վրա մատուցվող ս. Պատարագին: Նոր՝ ս. Աստվածածնի պատկերով Իջման ս. Սեղանի ճարտարապետը Ռ. Իսրայելյանն է, նկարիչը՝ Գ. Խանջյանը: Իջման ս. Սեղանի XVII դ. ամպհովանին, նկատի առնելով նրա պատմագեղարվեստական արժեքը, տեղափոխվել է Էջմիածնի Ս. Գայանե վանքի եկեղեցու Ավագ խորան: Տաճարի բարեզարդման մաս են կազմել բեմի վարագույրը և հարավային ու հյուսիսային խորանների սեղանները (ճարտ.՝ Ա. Գալիկյան), բյուրեղապակե ջահերը, պատուհանների երկաթե վանդակները (Գ. Խանջյան): Պատրաստվել է Մկրտության ավազան (ճարտարապետ՝ Ա. Գալիկյան), որն ունի Քրիստոսի մկրտությունը պատկերող որմնանկար (Հ. Մինասյան): Նորոգվել և հարդարվել է տաճարին կից թանգարանը, որտեղ պահվում և ցուցադրվում են 800-ից ավելի եկեղեցական կիրառական արվեստի բացառիկ արժեքավոր
իրեր (ոսկե ու արծաթե, ականակուռ ու մարգարտաշար խաչեր, խաչվառներ, սկիհներ, բուրվառներ, գավազաններ, գոտիներ, սաղավարտներ, թագեր, խույրեր, բազպաններ, մատանիներ, գորգեր, վարագույրներ, գրամատյաններ, ս. Մյուռոնի սափորներ, կաթսաներ, մասնատուփեր, շուրջառներ և այլն):
Էջմիածնի Մայր տաճարում են պահվում Հայ առաքելական եկեղեցու կարևորագույն սրբություններ ս. Գեղարդը, Թադեոս առաքյալի Աջը, ս. Գրիգոր Ա Լուսավորչի Աջը, Գետարգելի ս. Նշանը, Նոյյան տապանից և Կենաց փայտից մասնիկներ, Հովհաննես Կարապետի, Պետրոս և Անդրեաս առաքյալների, Մատթեոս և Մարկոս ավետարանիչների, ս. Հռիփսիմեի և ս. Գայանեի մասունքները, ս. Հակոբ Մծբնա հայրապետի Աջը, ս. Արիստակես Ա Պարթևի Աջը, ս. Գևորգ Զորավարի, ս. Նիկողայոս Հրաշագործի մասունքները:
Աղբյուր՝ Ք. Հ. Հայաստան հանրագիտարան