Մեր Տեր Հիսուս Քրիստոսի թագավորության օրերը ոչ սկիզբ և ոչ վերջ ունեն. իսկ փառավորյալ ծնունդը և Մարիամ Աստվածածին կույսից մարդանալը, հայտնությամբ երևաց ամբողջ տիեզերքին, սուրբ առաքյալների ճշմարիտ քարոզությամբ, որոնք արժանի եղան սրբերի վիճակի և ճշմարիտ հավատքի շնորհների: Իսկ շատերը հավատքի ճշմարտությունը անհավատալի համարեցին. դրանք մոլորության ծառաներն են, որ բռնված են այս աշխարհի սնափառությամբ և մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարդեղությունը զառանցանք են համարում, որ արդարև հրեաների գայթակղությունն է և հեթանոսների հիմարությունը: Իսկ Աստված կամեցավ իր բոլոր ծառաներին միավորել ի փրկություն ճշմարիտ աստվածպաշտության:
Այդ ժամանակ եղավ Դիոկղետիանոսի խիստ կռապաշտությունը Հռոմայեցոց աշխարհում. մի ժանտ ու գազանաբարո մարդ էր, քրիստոնյա հավատքին դեմ և խիստ պարտված սնոտի կուռքերի խաբեության մոլորությունից, անաստվածության մեջ ունենալով մի սիրելի համամիտ, որի անունն էր Մանգնենտիոս, երկրորդը նրա թագավորության մեջ և մոլեգնում էր քրիստոնյաների դեմ` կուռքերի ամբարշտությամբ զայրագնած: Սրանք միասին անպատկառություն մտածեցին` արմատապես վերացնել քրիստոնյաների պաշտամունքը և բոլորին ստիպում էին պաշտել կուռքերի պատկերները: Որովհետև [Դիոկղետիանոսը] իր ծնունդից ապականված էր կուռքերի մոլորությամբ, մանավանդ Ապողոնի արձանով: Միասին նստած մտածում էին հրովարտակ գրել թագավորի անունից այսպես. «Դիոկղետիանոս, պատվված և մեծ թագավոր Հռոմայեցոց. ամբողջ աշխարհի իշխաններին, զորավարներին, դատավորներին և պետերին, որ իմ ձեռքի տակ եք, ողջույն:
Որովհետև մեր աստվածային լսելիքին լուր հասավ և անչափ խռովեց մեզ, որ քրիստոնյաների ամբարշտության հերձվածը զորանում, է և մի ոմն հրեա կնոջ Մարիամից ծնվածին, որի անունը Հիսուս է, երկրպագում են իբրև աստծու: Իսկ մեծ աստված Ապողոնին և Երմինին և Դիոնիսիոսին, Երակլեսին, Դիաին, որոնք մեր աշխարհին խաղաղություն են պարգևում` թշնամանում են ու հայհոյում, իսկ Քրիստոս կոչվածին իբրև Աստված պատվում են, որին հրեաները խաչեցին որպես մահապարտի և մոգի: Սրա համար հրամայում ենք` բոլոր քրիստոնյաներին, ուր և գտնվեն, այրերին և կանանց բոլոր քաղաքներում և գավառներում դառն խոշտանգման ենթարկել, որպեսզի զոհ մատուցեն մեր աստվածներին և ուրանան այն մոլորությունը: Ովքեր հոժարեն` արժանացնել թողության, իսկ եթե ոչ` դժնդակ մահով հրի ու սրի մատնել նրանց, թող գիտենան, որ անփոփոխելի է մեր հրամանը, և եթե մեկը մեր աստվածային հրամանը դանդաղի կատարել` [այս] վճիռը նրանց վրա [տարածվի]»:
Երբ այսպիսի գիր ու հրաման հասավ` ամեն տեղ մեծ հալածանք հարուցվեց քրիստոնյաների դեմ, որ շատ նշանավոր մարդիկ սաստիկ տանջանքներից թուլացան: Դիոկղետիանոսը առավել ևս մոլեգնեց, իր մոտ կանչեց ամբողջ արքունիքն ու զորքը, նորից խորհրդակցեց, որ բոլոր քրիստոնյաներին ոչնչացնեն: Ովքեր թագավորի մոտ էին, երկյուղով մտածում էին օրենքով շարժվել: Իսկ Դիոկղետիանոսը ճառեց և ասաց. «Ինձ այսպես է թվում, սիրելինե՛րս, թե չկա այլ պատվական բան, քան մեր աստվածներին պաշտելը, որովհետև նրանք են տվել մեզ թագավորություն և բոլոր մարդկանց փրկություն, որի համար իրավացի եմ համարում այսուհետև մեր աստվածներին զոհ մատուցել մշտապես: Իսկ եթե գտնվեն մեր աստվածներին թշնամանող քրիստոնյաներ` ամեն հնարքով տանջանքի ենթարկել, մինչև նրանց դժնդակ կրոնը վերանա և նրանց հիշատակը մահվան միջոցով կորչի»: Միաբան պատասխանեցին թագավորին և ասացին. «Մենք հոժարությամբ ընդունում ենք ձեր մեծ թագավորության աստվածային հրամանները և խնամքը, ուզում ենք պատվել մեր անմահ աստվածներին, ինչպես և ձեր զորությունը: Այսուհետև, եթե գտնվի մեկը, որ թեկուզ մտքում տա Քրիստոսի անունը` կմատնվի մահի»: Այս ամբարշտության և անիրավության խորհուրդները մտածեց բռնավորը հրապարակում: Թագավորի հրամանով առաջնորդվելով` քրիստոնյաների հանդիպելիս համարում էին թագավորի թշնամիներ, որպեսզի տանջեին խոշտանգելով:
Այնժամ խավար գիշերում լուսավոր ու մեծապայծառ աստղի նման ծագեց Քրիստոսի պատվական մարգարիտը` Գեորգիոս անունով Քրիստոսի զորականը, փարատելու բազմաստվածության մեգն ու մառախուղը և սնոտի կուռքերի մոլորությունը: Երկնային խորհրդով և փրկարար քարոզությամբ սատարեց բոլոր արժանավորներին` իր ճգնության միջոցով: Քանի որ արհամարհեց պիղծ Դիոկղետիանոսի սպառնալիքը, իշխանների և զորավարների մոլորությունը և բնավ ուշադրություն չդարձրեց սպասվող տանջանքներին, այլ հայհոյեց բոլորին, որոնց պատվում էին, աստվածասեր սրտով ասում էր ինքն իրեն. «Գեորգիոս, ինչո՞ւ ես դատարկ, ահա Տերը կանչում է Իր հարսանիքին մտնելու, առագաստը բացված է, ընթրիքը պատրաստ է, ինչո՞ւ ես հապաղում, մտիր նախքան կփակվի դուռը, քանի որ մեզ մոտիկ է Քրիստոս, որ մեզ համար խաչին համբերեց, աղաղակում և ասում է. «Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, իսկ ոգին չեն կարող սպանել» (Մատթ. Ժ. 28:): Հիշի՛ր, Գեորգիո՛ս, ավետարանական վարդապետությունը և Տերունական անսուտ ավետիսը, որ ասաց. «Ով Ինձ խոստովանի մարդկանց առջև` կխոստովանեմ և ես նրան Իմ Հոր առջև, որ երկնքում է» (Մատթ. Ժ. 32, Ղուկ. ԺԲ. 8): Մի՛ նայիր, Գեորգիոս, ժամանակավոր, անցավոր աշխարհիս, որ երկնային կյանքի ստվերն է, և աշխարհի ընդունայն փառքին, երկնային հույսի համեմատ: Չէ՞ որ մարդու ամեն փառք ծաղկի ու խոտի նման է, մի քիչ համբերիր և հրեշտակների հետ հավերժական կյանքին կդասվես»: Այսպես խոսեց ինքնիրեն փոքրիշատե հնչեց ձայնը նրա և այսպիսի բարի խրատով հաստատվելով ոչ միայն չվախեցավ բռնավորների սպառնալիքներից, այլև քարոզում էր ճշմարտության խոսքը և սպասվող տանջանքները ծաղրելով, ճգնությամբ հանդերձ մեծ վարդապետությունը Աստծու սուրբ եկեղեցուն գեղեցիկ հիշատակ էր թողնում:
Քրիստոսի սուրբ վկան Գամիրքից էր, ազատ տոհմից և շատ հարուստ, զարդարված աստվածային իմաստությամբ և բազում անգամ տրիբունական իշխանություն էր վարել երևելի պատվով և Անիկորոն գնդից էր: Այնուհետև իր բազում քաջության համար թագավորները նրան կոմսության պատիվ էին տվել: Երբ նա տեսավ անչափ մոլորությունը, որ գործում էին Քրիստոսի դեմ նրանք, որ կուռքերի պաշտոնյա էին, շտապ իր ինչքն ու ունեցվածքը բաժանեց և տվեց աղքատներին և տնանկներին և որպես ճգնավոր մերկացավ ամեն ինչից: Թագավորական ատյանում և արքունի հրապարակում բոլոր զորավարների մեջ, որ նստած էին ատյանում և այլ իշխանների, որ թագավորի առջև էին, հոժարակամ բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Ես քրիստոնյա եմ, թագավո՛ր, և խրախուսվեցի ճշմարիտ ու երկնային Թագավորից` Հիսուս Քրիստոսից, և ձեր մեջ եմ զարմացած ձեր այդչափ մոլորությանը, որ ունեք կուռքերի հանդեպ և չեք ճանաչում միակ կենդանի Աստծուն, բոլոր արարածների արարչին, որև այդ թագավորությունը տվել է ձեզ: Արդ, ո՛վ թագավոր և բոլոր աթոռակիցներդ, մի՛ մոլորվեք դևերի խաբկանքից, քանզի աստվածները, որ չեն ստեղծել երկինքն ու երկիրը` կկորչեն (Եսայի, Ժ. 11): Իսկ քրիստոնյաները միակ Հայր Աստծուն են երկրպագում և միակ Տեր Հիսուս Քրիստոսին` Աստծու Որդուն, որով ամեն ինչ եղավ, և Սուրբ Հոգի Աստծուն, կատարյալ Երրորդություն մի աստվածության և թագավորության մեջ, որով այստեղ ապրում ենք բարեպաշտությամբ, իսկ վախճանվելուց հետո ակնկալում ենք հավիտենական կյանք: Իսկ ձեր պաշտամունքը ստուգապես արժանի է այպանելու, քանի որ դևերի բարբաջանք է և չկա դրա մեջ ճշմարտություն: Դա սատանայի գործ է, որ ընկղմում է իր երկրպագուներին սատակման ու կորստյան»:
Այնժամ Մանգնենտիոսը, որ թագավորի երկրորդն էր և սիրելին, նայեց նրան և ասաց. «Ինչ է քո անունը, և կամ ո՞վ ես դու, որ այսքան հանդգնություն ունես»: Սուրբ Գեորգիոսը պատասխանեց. «Նախ և առաջ իմ անունը քրիստոնյա է, բայց մարդկանցից կոչվում եմ Գեորգիոս»: Դիոկղետիանոս թագավորը` անդնդային վիշապը, նայեց նրան և ասաց. «Գեորգիո՛ս, մենք իմացել ենք քո մասին, որ իմաստության և քաջության մեջ ընտիր ես միշտ և արժանացել ես մեր արքունական խնամքի պատվին: Ուստի մոտեցիր, զոհ մատուցիր աստվածներին, որ չարաչար չկորչես, այլ մանավանդ վայելես մեր սերը պատվով և առավել ևս մեր խնամածությունը` և մեր ներկայությամբ համարձակություն ունենալով: Իսկ քո այդ ունայն համարձակությունը քեզ օգուտ չէ»:
Սուրբ Գեորգիոսն ասաց. «Թագավոր, երանի թե լսեիր դու ինձ և ճանաչեիր միակ ճշմարիտ Աստծուն` երկնքի արքայությանը արժանի լինեիր: Բայց հիմա քո իշխանությունը ժամանակավոր է, և քո խոստումներն ու ողոքանքը անզոր են հանելու ինձ իմ Աստծու բարեպաշտությունից: Քո պատիվը քեզ լինի և քո խոստմունքը` քեզ հավանողներին, բայց ես Քրիստոսին ունեմ երկնային Թագավոր, որ ինձ փառք է տալիս և հաղթություն հակառակորդի և նրա պաշտոնյաների նկատմամբ»: Եւ զայրացած թագավորը հրամայեց կախել նրան փայտից և գեղարդով հարվածել նրա որովայնին ու նրան գցել գետնին: Երբ այդ արեցին, նրա մարմնից արյուն ցայտեց, բայց գեղարդը անագի պես հետ ծալվեց: Այնժամ սուրբ Գեորգիոսն ասաց. «Գոհանում եմ Քեզնից, Քրիստոս, որ սատանայի պաշտոնյաների սուրը իսպառ ետ դարձրիր և այդ բռնավորի զայրույթը իմ դեմ քանդեցիր»:
Եւ Դիոկղետիանոսը, բարկությամբ լցված, հրամայեց իջեցնել փայտից և բանտ տանել, նրա ոտքերը չարաչար պնդել կոճղի մեջ, նրա կրծքին մեծ քար դնել, որպեսզի քարը չորս մարդու աշխատանքով դրվի: Եւ երբ քարը դրին նրա կրծքին, սուրբ Գեորգիոսը մեծ ձայնով աղաղակեց և ասաց. «Գոհանում եմ Քեզնից, բարձրյալ Աստված, որ արժանացա ծանր բեռ կրել իմ սրտի վրա, որ հաստատում է անփոփոխելի խոստովանությունս Քեզ»:
Մյուս օրը սատանան Դիոկղետիանոսին և նրա աթոռակիցներին հուշում է, և նրանք հրամայեցին ամեն տեսակ հնարքներով կազմած մեծ անիվ սարքել և արեցին. հյուսնի մամուլի նման, ամեն կողմից սրով կազմած: Եւ անօրեն բռնավորը հրամայեց բերել անիվը: Եւ քաշելով բերին այնտեղ, նա նայեց այն դժնդակ մեքենային` կազմված սատանայական արվեստով, ասաց. «Տեր Հիսուս Քրիստոս, գոհանում եմ Քեզնից, որ ինձ կոչեցիր այս վիճակին: Դու, որ երկու ավազակների մեջտեղը խաչվեցիր և մահ ճաշակեցիր, ինչո՞ւ փրկես մարդուն մահից. այս ժամիս ինձ տուր անվեհեր խոստովանություն և պահպանիր հոգիս բանսարկուի հնարներից»: Այս ասելով գցվեց անիվի մեջ, և չարաչար կոտորվեց նրա մարմինը:
Թագավորը Մանգնենտիոսի հետ տեսավ, ձայն բարձրացրեց և ասաց. «Բոլորդ իմացեք, որ չկա այլ աստված, բացի Ապողոնից, Պսղիդոնից, Հերակլեսից, Դիաից և մեծն Արտեմիսից: Արդ, ո՞ւր է Գեորգիոսի Աստվածը, ինչու չեկավ և նրան չփրկեց իմ ձեռքից»: Եւ հրամայեց այնպես թողնել նրան տանջարան անիվի մեջ և ինքը գնաց ճաշելու:
Իսկ տասներորդ ժամին մեծ հնչում և ձայն եղավ երկնքից, որ ասում էր. «Քաջալերվի՛ր, Գեորգիոս, և եղիր աներկյուղ, որովհետև բազում մարդիկ քեզնով հավատալու են Ինձ»: Իսկ նրան պահող դահիճները հնչած ձայնից զարհուրած` երկյուղով փախան: Եւ Տիրոջ հրեշտակը իջավ, ազատեց նրան այն տանջարանից և ողջանդամ հաստատեց նրա մարմինը, ողջունեց նրան ու ասաց. «Ուրախ եղիր, Գեորգիո՛ս, և հավատա քո զորացուցչին և շարունակիր քո ընթացքը, որովհետև ահա մենք քեզ տալու ենք կատարյալ խոստովանության պսակը»: Եւ սուրբ Գեորգիոսը ուրախությամբ ելավ, գոհացավ Տիրոջից ու շրջում էր սաղմոսելով. «Բարձրացնում եմ քեզ Աստված իմ և թագավոր իմ, և հավիտյան օրհնում Քո անունը» (Սաղմ. ՃԽԴ. 1), և` «Ուղի՛ղ արա իմ ընթացքը, Տե՛ր, և չտիրեն ինձ ամեն անօրինությունները» (Սաղմ. ՃԺԸ, 133):
Եւ եկավ մի տեղ, ուր կար Ապողոնի արձանը, այնտեղ գտավ թագավորին և Մանգնենտիոսին ու թագավորի բոլոր բարեկամներին` կուռքին զոհ մատուցելիս և երկրպագելիս: Գեորգիոսը մոտեցավ և աղաղակելով ասաց. «Ճանաչի՛ր ինձ, թագավոր, և իմ ավետարանած Աստծուն, որ ինձ փրկեց քո ձեռքից ու մահաբեր տանջանքներից, որ պատրաստեցիր իմ կորստյան համար, կարծելով կորցնել, քանի որ մոլորված ես այդ կուռքին զոհ մատուցելով»:
Նրան նայելով թագավորն ասաց. «Ո՞վ ես դու»: Սուրբն ասաց. «Ես Գեորգիոսն եմ, որ քո հրամանով պրկվեցի անիվին, և ինձ թողիր անիվի մեջ` մեռած կարծելով: Այժմ եկա ցույց տալու քեզ` իմ Աստվածը կարող է փրկել ինձ մահից, որ դու թշնամանքով պատրաստեցիր»: Այնժամ թագավորը հրամայեց բռնել նրան և մոտեցնել: Նայեց նրան և ասաց. «Թվում է, թե բռնամահ եղածի ստվերն է, և խաբում է մեզ»: Իսկ Մանգնենտիոսը` «Նման է նրան»: Սուրբ Գեորգիոսն ասաց. «Ես Քրիստոսի ծառա Գեորգիոսն եմ, մի՛ մոլորվեք կուռքով, այլ իմացեք, որ կարող է Քրիստոս մեռելներից հարություն տալ նրանց, ովքեր հույս են տածում դեպի Նա, և ձեր ձեռքից փրկել»:
Նրան տեսան և նրանից այս լսեցին Անատոլիս և Պրոտողիոն ստրատելատները, որ կոչվում են զորավար, իրենց ամբողջ ընտանիքներով հավատացին Աստծուն և ասացին. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը, միայն Նա է Աստված` օրհնյալ հավիտյան»: Երբ այս լսեց թագավորը, հրամայեց նրանց բոլորին տանել քաղաքից դուրս, անապատ մի վայր և կոտորել: Եւ երբ նրանք գնում էին սպանության տեղը, միաբան աղաղակում էին ասելով. «Տեր Հիսուս Քրիստոս, մեր հոգիներն ընդունիր խաղաղությամբ և կարգիր Քո անփոփոխելի անանց արքայության մեջ, ընդունիր մեզ Քո հավատի մի փոքր խոստովանությամբ` արդարության ու մեր մեղքերի թողության համար»: Եւ այդպես կատարվեց նրանց վկայությունը ի Քրիստոս Հիսուս:
Այնժամ նաև Աղեքսանդրա թագուհին լսեց սուրբ Գեորգիոսի մասին, ինքը հավատաց Տիրոջը, եկավ թագավորի մոտ, համարձակ աղաղակով ասաց. «Ես քրիստոնյա եմ, Աստծու սուրբ Գեորգիոսի աղախինը»: Թագուհու այս խոսքին պատասխանեց Մանգնենտիոսը և ասաց. «Ասա մեզ, թագուհի Աղեքսանդրա, ինչո՞ւ Քրիստոսին գովեցիր և աստվածներին արհամարհեցիր»: Իսկ նա ասաց. «Մեծագույնին փափագելով` պակասն արհամարհեցի»: Այս ասելով գնաց, մտքում ունենալով Աստծու երկյուղը և անշարժ հավատքը, իսկ թագավորը զայրացավ, հրամայեց, սուրբ Գեորգիոսին գցել կրի հորը, որ նույն ժամին իջեցրին և թաղեցին կրի մեջ երեք օր ու գիշեր, և հրաման տվեց պահապաններին, որ հսկեն, որ ոչ ոք չհամարձակվի նրան հանել այնտեղից: «Երեք օր հետո, -ասաց թագավորը,- զորականները կգնան և կհանեն բռնամահի ոսկորները և կպահեն զգուշությամբ, որ ոչ ոք չիմանա այդ մասին»: Երբ զինվորները գնացին կրի հորի մոտ, ուրիշ շատերը ևս եկան տեսնելու: Եւ երբ հեռացրին կիրը, գտնվեց սուրբ վկան առանց իր մարմնի վրա որևէ արատ ունենալու, որովհետև Տիրոջ հրեշտակը նրա հետ էր, լինելով նրան օգնական Քրիստոսի հրամանով: Երբ նրան տեսան, բոլորն աղաղակելով ասացին. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը»: Այս լսեց Աղեքսանդրա թագուհին, նա ևս աղաղակելով եկավ այնտեղ. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը, և չկա բացի Նրանից մի ուրիշը»: Հավատացին զորականները, որ թագավորից ուղարկվել էին սրբին կրի հորից հանելու:
Երբ այս լսեց թագավորը, հրամայեց զորքին գնալ և բռնել սրբին, բերել իր մոտ: Երբ սրբին բերին, թագավորը նստեց ատյանում` իր մեծամեծներով հանդերձ և հարցրեց նրան. «Ասա մեզ, ո՞վ կենդանացրեց քեզ»: Սուրբ վկան պատասխանեց նրան. «Գուցե լսեք դարձյալ ու չհավատաք, բայց իմացի՛ր, թագավո՛ր, որ Հիսուս Քրիստոս Աստծու Որդին պահում է ինձ քո բոլոր տանջանքներից, և բոլորին, ովքեր դիմում են Նրան, փրկում է սատանայի որոգայթներից»:
Այն ժամանակ թագավորը հրամայեց պատրաստել երկաթե կոշիկներ, սուր մեխերով, ուղիղ, և շիկացնել, ունելիով բռնել և հագցնել սրբին ու քայլեցնել նրան: Իսկ սուրբ վկան չկարողանալով գնալ, ասում է ինքնիրեն. «Ընթացիր, Գեորգիոս, դեպի քեզ պահված վիճակը»,- և արտասուքով աղոթում էր. «Տեր Աստված իմ, մեռյալների փրկիչ, հալածվածների ապավեն, Քո անվան համար չարչարվողների համբերություն, մի՛ թող ինձ, այլ շնորհիր ինձ համբերություն մինչև վերջ»: Եւ երբ նա ավարտեց աղոթքը, երկնքից ձայն եկավ նրան, որ ասում էր. «Քաջալերվիր, Գեորգիոս, որովհետև Ես քեզ հետ եմ, քեզ փրկելու համար»: Նույն պահին նրա մարմինը բժշկվեց: Եւ թագավորը հրամայեց նրան տանել բանտ, իսկ առավոտյան թագավորն ասաց նրան. «Մինչև ե՞րբ կախարդությամբ սրտապնդված կդիմանաս տանջանքներին, և մանավանդ դևերի օգնության մոգությամբ, համաձայնիր ինձ հետ, այսուհետև զոհ մատուցիր աստվածներին»:
Սուրբը ասաց թագավորին և նրա հետիններին. «Ես ստանալով իմ Աստծու օգնությունը, ընդունելով ձեր բոլոր տանջանքները, ձեր առջև ողջ մնացի` վկայելով միակ Աստծու զորությունը, և պատրաստ եմ դարձյալ ձեր բոլոր տանջանքներին` Քրիստոսի հավատի համար: Իսկ դուք ի՞նչ հույս ունեք, որ ընդունայն պաշտում եք անշունչ, պիղծ կուռքերին, որ ոչինչ են, և նրանց կորստյան հաղորդ եք լինում: Ամաչեցեք այսուհետև դրանց աստված անվանելուց, որոնք գիճությամբ և արբեցությամբ, պատերազմով ու սպանությամբ մի փոքր ապրել են այս աշխարհում և հավիտյան տանջվելու են անշեջ հրում, որ կա, մնում է բոլորի համար, ովքեր պաշտում են դրանց»:
Թագավորը և ամբողջ արքունիքը լսեցին դա, հրամայեցին արջառաջիլով անխնա հարվածել նրա մարմնին, և երբ ծեծեցին նրան բազում ժամեր, թագավորն ասաց նրան. «Թշվառական, մինչև ե՞րբ չես հավանելու և զոհ չես մատուցելու մեծ աստվածներին, որ մեծ պատվի արժանանաս և ապրես»: Իսկ սուրբն ասաց. «Ես հանապազ օրհնության պատարագ եմ մատուցում կենդանի Աստծուն, որը փրկում է ինձ ձեր ձեռքերից և կարժանացնի երկնային փառքի ու պատվի: Երանի թե դուք ինձ հավատայիք և երկրպագեիք միակ ճշմարիտ Աստծուն»:
Այնժամ թագավորը հրամայեց բանտ նետել նրան ու ինքը գնաց արքունիք: Երբ սուրբը բանտում էր, բոլոր հավատացյալները գիշերով գալիս էին նրա մոտ, բանտապետին ինչք տալով մտնում էին և նրանից սովորում հավատն առ Քրիստոս: Եւ ովքեր հիվանդություն ունեին, պեսպես ցավով բռնված, կույրերին էին բերում նրա մոտ, և նա աղոթքով բուժում էր նրանց: Ոմն աշխարհական Գլյուկերի տեսավ բուժումները, որ անում էր, եկավ, ընկավ նրա առաջ, աղաղակելով ասաց. «Հավատում եմ քո Աստծուն, որովհետև Նա է Աստվածը, և ուրիշը չկա բացի Նրանից»: Նույն պահին դահիճներն ու զորականները բռնեցին նրան, տարան թագավորի մոտ` եղածի համար: Իսկ թագավորը զայրացած անունն անգամ չուզեց հարցնել, այլ հրամայեց անդամ-անդամ կտրատել նրան: Իսկ նա, խոստովանելով Քրիստոսին, աղաղակեց. «Աստված ճշմարիտ, որ ստեղծեցիր ամեն բան, մի՛ անտեսիր ինձ, որպես անպիտան անոթ, որովհետև հավատացի Քեզ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, և վախենում եմ, քանի որ առանց սուրբ մկրտության եմ, ուզեցի մկրտվել, բայց չհասցրի: Քո կամքով, Տեր, կփրկվեմ, որի համար աղաչում եմ Քեզ, Տեր Հիսուս, իմ զոհվելու արյունը ինձ մկրտություն համարիր, քանի որ սրտագետ Աստված ես, գաղտնիքների և մտքի հոժարության քննող»: Եւ նրան ձայն հասավ երկնքից, ասելով. «Արի՛, Գլյուկերի, ինձ մոտ ուրախությամբ»: Եւ այսպես զոհվեց սուրբը:
Եւ դարձյալ գնացին Դիոկղետիանոսին ասացին, թե շատերը գնալով բանտ Գեորգիոսից ուսանում, են և բոլորին իր կողմն է ձգում, բուժելով բազում ծանր հիվանդների: Այնժամ հրամայեց իր մոտ բերել Գեորգիոսին, իսկ Մանգնենտիոսն ասաց թագավորին. «Քրիստոնյա ազգը դժվարամահ է և վիճող, ուստի աղաչիր ողոքանքով այս մարդուն, որ թերևս քո խորհրդով աստվածներին զոհ մատուցի, և նրան պատիվներով բերկրեցնես»: Իսկ սուրբ Գեորգիոսը եկավ արքունիք, սաղմոսելով ասաց. «Աստված, նայիր ինձ օգնելու» (Սաղմ. ԻԱ. 20, ԼԹ. 14, ԿԹ. 2), – և` «Տեր, փութա ինձ ընկերանալու» (Սաղմ. ԿԹ. 2):
Այն ժամանակ թագավորն սկսեց աղաչել նրան. «Տեր արեգակով և բոլոր աստվածներով [երդվում եմ], եթե ինձ լսես, Գեորգիոս, զոհ մատուցես մեր աստվածներին, քեզ բազում բաներ կնվիրեմ, և թագավորությանս մեջ իմ երկրորդը կճանաչվես, քանի որ խնայում եմ քեզ և ափսոսում, ավելի ցանկանալով քո կյանքը, քան չարաչար մահը` ինձ չլսելուդ պատճառով»: Իսկ սուրբ վկան ասաց. «Լավ ասացիր այժմ: Ինչու չասացիր ինձ այդպիսի բաներ ավելի շուտ. այսքան չարչարանքներից [հետո], ո՞ւր թողնեմ իմ թշնամանքը»: Թագավորն ասում է. «Ինձ` քո հորը վերագրիր այս հանցանքը, զոհ մատուցիր աստվածներին և ինձ հետ կպատվվես արքունիքում»: Իսկ սուրբ Գեորգիոսն ասաց. «Որովհետև իմ պատճառով զղջացիր, թագավոր, այժմ ես կհավանեմ քո մտքին. ուր են քո աստվածները, գնանք նրանց մոտ»: Եւ թագավորը խիստ ուրախացավ և հրամայեց բոլոր պետերին ու զորքին ամբողջ հրապարակով գալ կուռքերի տաճարը, և այսպես քարոզեց. «Ահա Գալիլեացիների գաղափարակից Գեորգիոսը համաձայնեց զոհ մատուցել մեծ Ապողոնին»: Իսկ բոլոր հեթանոսները ոգևորված աղաղակեցին. «Ապողոնը հաղթեց, Դիոկղետիանոս թագավոր, թագավորիր հավիտյանս: Մեծ են թագավորի աստվածները»:
Նրանք մտան կուռքի տաճարը, և երբ բոլորը լռեցին, կանգնեց սուրբ Գեորգիոսը, նայեց Ապողոնի արձանին, ասաց. «Դու աստվա՞ծ ես, և քեզ մարդիկ պիտի պաշտե՞ն»: Իսկ պիղծ ոգին, որ պատկերի մեջ էր, գոչեց ասելով. «Ես աստված չեմ, և ոչ նա, որ ինձ հետ է, այլ ճշմարիտ Աստված մեկ է, որ ստեղծեց ամեն ինչ, և Նրա Որդի Հիսուս Քրիստոս և Սուրբ Հոգին: Իսկ մենք Նրա հրեշտակներն ենք, ապստամբած Նրանից, կոչվում ենք դև»: Սուրբ Գեորգիոսն ասաց. «Եւ եթե աստված չեք, ինչո՞ւ եք մոլորեցնում մարդկանց և հիմա ինչպես եք համարձակվում լինել այստեղ, [երբ] եկել եմ այստեղ ես` ծառան Աստծու, որ կոչվում է Քրիստոս, Աստծու ճշմարիտ Որդի»: Եւ նույն պահին եղավ մեծ խռովություն և դևերի ողբի գոչյուն, և տաճարի բոլոր կուռքերն ընկան, փշրվեցին, նա Քրիստոսի նշանն արեց ձեռքով ու խոսքով: Եւ հեթանոսների քուրմերը եղածը տեսան, մոտեցան սուրբ Գեորգիոսին, բռնեցին նրան աղաղակելով. «Վերացրու այս կախարդին, որ մոլեգնությամբ բոլորին մոլորեցրեց և կործանեց աստվածներին»:
Թագավորը զայրացավ, դևերի օգնությամբ և քուրմերի առաջնորդությամբ ասաց սրբին. «Չարագլուխ, լի ամեն տեսակ կախարդությամբ ու մոլորությամբ, ինձ չխոստացա՞ր զոհ մատուցել Ապողոնին»: Սուրբ վկան ասաց. «Անմիտ և անամոթ, ես իմ պատարագը կատարեցի առ Քրիստոս ճշմարիտ Աստվածն իմ, այդ պատճառով ձեր բոլոր աստվածները ապականվեցին: Գոնե այժմ հասկացիր, թագավոր, որ [դրանք] ո՛չ իրենց, ո՛չ ուրիշի կարող են օգնել, քանի որ կուռքերը անմռունչ, իսկ դևերը անմիտ մարդկանց մոլորեցնող են և այժմ Քրիստոսի ծառայի միջոցով կործանվեցին»: Այնժամ Աղեքսանդրիա թագուհին լսեց եղածը, գնաց թագավորի մոտ և նրա առջև աղաղակելով ասաց. «Սուրբ Գեորգիոսի` Քո անհաղթ զորականի Աստված, քավիր իմ մեղքերը և մի՛ հիշիր իմ անզգամ գործերը, Տեր Աստված, այլ հիշիր իմ փոփոխությունը և քրիստոնյաների ու Քո ծառա Գեորգիոսի հետ ինձ մասն ու բաժին տուր»: Նաև բազում ուրիշներ հավատացին Տիրոջը:
Այնժամ թագավորը բարկացավ, վճիռ կայացրեց սուրբ Գեորգիոսի և Աղեքսանդրայի համար, սուրբ վկային ասելով. «Ահա, ամենաչար Գեորգիոս, նաև թագուհուն մոլորեցրիր և ենթարկեցիր մահվան: Արդ, գնա՛ դու նրա հետ աստվածների հայհոյության համար արժանի դատաստան ստացիր»: Եւ այսպիսի վճիռ կայացրին. «Գեորգիոսին` Գալիլեացիների խորհրդակցին, Ապողոնին չերկրպագելու համար, և որ թագուհուն ևս իր հետ մոլորեցրեց հայհոյելու աստվածներին, այս վճիռն եմ կարդում` հրամայում եմ սրով կտրել նրա գլուխը: Նաև` նրա մոլորեցրած Աղեքսանդրային»: Եւ իսկույն զինվորներն առան նրանց, քաղաքից դուրս տարան: Հոժարությամբ գնալով սպանման ասպարեզ Աղեքսանդրան սուրբ վկայի հետ մտքում աղոթելով Տիրոջը, միայն շրթունքները շարժելով և աչերը երկինք հառնելով, նստեց մի տեղ իր հոգին արձակեց խաղաղությամբ:
Իսկ սուրբ Գեորգիոսին տարան սպանման տեղը, և ասաց զորականներին. «Մի փոքր սպասեցեք, եղբայրներ, որպեսզի աղոթք անեմ»: Եւ երբ թողին նրան, երկինք նայելով տարածեց ձեռքերը, մեծապես հառաչեց ու ասաց. «Տեր Աստված իմ, որ ամբողջ հավերժից առաջ ես, որին ես ապավինեցի իմ մանկությունից քրիստոնյաների գեղեցիկ և ճշմարիտ ակնկալությամբ և Քո ծառաների անսուտ խոստումով անանց գանձ, որ մեր խնդրելուց առաջ շնորհում ես մեզ Քո ձրի պարգևները, լսիր ինձ, Տեր, և տուր վկայությանս խոստովանությանը մինչև վերջ համբերել: Եւ այժմ ընդունիր իմ հոգին և փրկիր ինձ հողեղեն և պիղծ հոգուց և ի հաճույս Քո ինձ հանգեցրու Քո սրբերի մեջ և թողություն շնորհիր այս հեթանոսներին, որ չարչարեցին ինձ, իսկ Քո ծառաներին, որ դիմում են Քո անվանը, լուսավորիր ճշմարտության գիտությամբ: Չէ որ կամենում ես, որ բոլորը ապրեն. օգնություն առաքիր նրանց, ովքեր դիմում են Քո անվանը, նրանց տուր Քո երկյուղը և ցանկություն, սեր սրբերի նկատմամբ, որպեսզի նրանց հիշատակը կատարելով նմանվեմ նրանց հավատին, որպեսզի արժանի լինեմ նրանց հետ երկնավոր կյանքին և հավիտենից արքայությանը, զի Քոնն է Հոր և Սուրբ Հոգու արքայությունը և փառքը. հավիտյանս ամեն»:
Աղոթելուց հետո ծունր իջավ, պարանոցը ձգեց և ասաց. «Կատարեցեք թագավորի հրամանը»: Զորականի սրի հարվածով նահատակվեց ի Տեր սուրբ վկան Քրիստոսի Գեորգիոս, մեհեկի ամսի քսաներեքին, ուրբաթ օրը, յոթերորդ ժամին, ի փառս ամենասուրբ Երրորդության, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Ես` Պասիկրատես, սուրբ Գեորգիոսի ծառա, գնալով իմ տիրոջ հետ` ամենայն ստուգությամբ գրեցի հիշատակարանս:
Այս սքանչելիքի գործը կատարվեց Հունաց կայսր Փոկաս Տյուրանոսի ժամանակ: Եւ հունարենից հայերեն թարգմանեց Մեծ Հայքի սուրբ քահանայապետ Գրիգորիոս Վկայասերը, որին և պսակակից անի Քրիստոսը սուրբ վկային և բոլոր սրբերի աղոթքով, և ինքը լինի օրհնյալ. հավիտյանս ամեն:
Աղբյուր` ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, Աբդա – Գրիգոր Աստվածաբան, Ս. ԷՋՄԻԱԾԻՆ – 2009