Բարեպաշտութիւնն ու աշխարհայեացքը արևմուտքում գտնում են այժմ անկման շրջանի մէջ. ո՛չ թէ Օգոստինոսի շնորհաց վարդապետութիւնն է իշխող, այլ Կիպրիանոսի իրաւաբանական ուսմունքը: Աստուած կրկին դառնում է մի օրէնսդիր և հատուցանող: Ամբողջ կրօնական աշխարհայեացքի միջուկը դառնում է վարձն ու պատիժը. այդ պատճառով էլ հետզհետէ մեծ տեղ են սկսում բռնել ապաշխարութիւնը, զոհը, հրեշտակների և սրբերի բարեխօսութիւնը, Մարիամ կոյսի պաշտամունքը, ժամերգութեան և աղօթքի յաճախութիւնը, բազմաթիւ տօնակատարութիւններ, սրբերի նշխարների և պատկերների պաշտամունքը և այլն: Նոյն դրութիւնն է իշխում նաև արևելքում. այն տարբերութեամբ միայն, որ այստեղ փրկութիւն ասելով հների նման հասկանում են մարմնի աստուածացումը և մարդու անմահ դառնալը:
Վանականութիւնն էլ շարունակում է ծաղկած դրութեան մէջ մնալ և աւելի բարձրագոյն բարոյական աստիճան համարուել, քան թէ աշխարհիկ կեանքը: Միայն արևմուտքում Զ. դարու սկզբից մի քանի առանձնայատուկ կարգեր են մտնում վանքերում, ի միջի այլոց շնորհիւ Բենեդիկտ Նուրսիացու կանոնների, որ Մոնտէկազինօ վանքի հիմնադիրն ու վանահայրն էր: Այստեղ վանահայրերն ու վանականներն այնքան կախումն չունէին եպիսկոպոսից, ինչպէս արևելքում էր, և անկախ կառավարում էին վանքերի կալուածները: Վանականը պարտաւոր է արևմուտքում երդում երդում տալ միշտ միևնոյն վանքում մնալ, քանի նա վանական է: Ցմահ վանական ուխտ դեռ գոյութիւն չունի, բայց հետզհետէ սկսում է առաջ գալ: Ամբողջ ճգնական կեանքն էլ առհասարակ արևմուտքում աւելի մեղմ էր և հագուստը աւելի լաւ:
Պաշտամունքի մէջ մտած փոփոխութիւններից ամենից աւելի աչքի ընկնողն այն է, որ այլ ևս չեն բաւականանում Կիւրակէ օրուայ »պատարագ«ով և հաղորդութեամբ, այլ հետզհետէ առաջ են գալիս մեծ թուով երկրորդական ժամակարգութիւններ. արևմուտքում սովորական է դառնում ամենօրեայ պատարագը, որ ազդեցութիւն է գործում նաև արևելքի վերայ: Ամեն առաւոտ և երեկոյ պէտք է ժամապաշտութիւն լինի: Պսակը և թաղումը նոյնպէս այնպիսի գործողութիւններ են դառնում, որոնք կապւում են աստուածպաշտական կարգերի հետ:
Տօների շրջանը քրիստոնէական եկեղեցում այժմ աւելի կանոնաւորւում է: Ամենագլխաւոր տօնը ի հարկէ դարձեալ մնում է զատիկը, որից առաջ 40 օր նախապատրաստութեան, պահեցողութեան և աղօթքի ժամանակ է, երբ չի կարելի տօներ կատարել, պսակ անել և այլն: 40 օրուան հետևում է չարչարանաց աւագ շաբաթը, ամենախիստ պահեցողութեան շրջանը զատկից առաջ: »Ծաղկազարդի Կիւրակէն« պատահում է արդէն Յովհան Ոսկեբերանի գրուածքներում. Հինգշաբթին համարւում է խորհրդաւոր ընթրիքի օրը. Ուրբաթը Տիրոջ մահուան յիշատակն է, այդ պատճառով ամենախորին սգոյ օրը:
Բայց բացի Զատկից սկսում է կազմակերպուեալ տօների մի այլ խումբ, կապուած Աստուածայայտնութեան տօնի հետ: Այդ տօնը ասորական արևելքում կատարւում էր սկզբից և եթ Յունուարի 6-ին, և միաժամանակ թէ Քրիստոսի ծննդեան և թէ Յորդանանի մկրտութեան ժամանակ նրա աստուածային յայտնութեան տօնն էր: Սկզբում մկրտութեան յիշատակը աւելի զօրեղ էր. յետոյ որքան կարևոր դարձաւ մարդեղութեան խորհրդի նշանակութիւնն իբրև ծննդեան տօն: Նոյն շրջանում սակայն կատարւում էր Հռովմում Քրիստոսի ծննդեան, ո՛չ աստուածայայտնութեան, տօնը 14 օր առաջ, Դեկտեմբերի 25-ին: Այդ օրերի հետ արդէն հեթանոսական շրջանում կապուած էին Սատուրնի ուրախ տօները՝ Դեկտեմբերի 17-24, որոնք վերջանում էին ձմեռուայ արևադարձի օրով, Դեկտեմբերի 25-ին (Յուլեան տոմարով):
Դ. դարու վերջերից սկսած ամբողջ քրիստոնէութեան մէջ մուտք գործեց Հռովմի սովորութիւնը, Յունուարի 6-ը կորցրեց իւր նշանակութիւնը և դարձաւ երեք մոգերի երկրպագութեան տօնը: Այդպիսի դրութիւն յառաջ բերելուն մեծ չափով նպաստեցին Մեծ Կապադովկացիները. 379-ին առաջին անգամ Գրիգոր Նազիանզացին կատարեց արևելքի ամենանշանաւոր կենդրոններից մէկում՝ Կ.Պօլսում, այդ տօնը Հռովմի սովորութեան համաձայն. նոյն կերպ վարուեց նաև Գրիգոր Նիւսացին 382-ին: 388-ին Յովհան Ոսկեբերանը Անտիոքում հետևեց նրանց: Հետզհետէ այդ սովորութիւնը մուտք գործեց նաև Եգիպտոս և ապա, գուցէ Քաղկեդոնի ժողովից յետոյ, նաև Երուսաղէմ ու Պաղէստին: Միայն Հայոց եկեղեցին է, որ մինչև այսօր էլ Քրիստոսի ծննդեան և աստուածայայտնութեան տօները միացած կատարում է, արևելքի հնաւանդ սովորութեան համաձայն, Յունուարի 6-ին:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ