Մահմէտի կրօնը (ծնուած մօտ 570-ին, մարգարէական կոչումը 610-ին կամ 612-ին, մեռած 632) վերջին նշանաւոր, կրօնների խառնուրդներից յառաջ եկած, երևոյթն է արևմտեան և հարաւարևմտեան Ասիայում: Այդ նոր կրօնի հիմունքներն են, բացի Մահմէդի սեպհական ստեղծագործող անձնաւորութիւնից, նախ հրէութիւնը, որ մեծ ազդեցութիւն ունէր Հիջասում և գլխաւորապէս Արաբիայի հարաւում՝ Յեմենում և Բ. Գնոստիկական հերձուածողների քրիստոնէութիւնը, որ բազմազան ձևերով տարածուած էր ամբողջ թերակղզու վրայ (Խելքեսայիտներ): Այդ խառնուրդների եզրակացութիւնն էր՝ հաւատ առ մի Աստուծոյ բարձրագոյն և վերջին յայտնութիւնը իւր մարգարէ Մահմէդի միջոցով, մի կրօն բարոյական, կրօնական և ծիսական պատուէրներով, մասամբ շատ մաքուր ու խիստ. և մի շարք իրաւական որոշումներ, մասամբ շատ մաքուր ու խիստ. և մի շարք իրաւական որոշումներ, որոնք վերաբերում էին, թէ անհատական և թէ հասարակական կեանքին:
Երկար աշխատանքներից ու կռիւներից յետոյ վերջապէս յաջողուեց միացնել կրօնական և քաղաքական տեսակէտից Արաբիայի ցան ու ցիր ցեղերին մարգարէի յաջորդների, խալիֆների իշխանութեան ներքոյ. քրիստոնեաներին ու հրէաներին կամ փախցրին երկրից կամ կոտորեցին: Այնուհետև իսկոյն սկսուեց յարձակումն երկու մեծ հարևանների՝ Բիւզանդացիների և Պարսիկների վրայ. և երկու մեծ հարուածով, ուղղուած դէպի արևմուտք և արևելք, տիրեցին նոքա աշխարհին: Առաջին յարձակումն եղաւ Մահմէդի մահից անմիջապէս յետոյ հարաւային Պաղէստինի և Եփրատի հովտի վրայ: Դամասկոսն ընկաւ 635-ին. 637-ին առան Բաբելոնը Տիզբոնի հետ միասին. 638-ին ընկան Երուսաղէմն ու Անտիոքը. 639-ին Կեսարիան. 638-640 Միջագետքն ու Խուժաստանը. 640-ին Եգիպտոսը. 642-ին Կիւրենէն և Աղէքսանդրիան. 643-ին Արաբները Տրիպոլիս մտան. 643-ից յետոյ Մարաստան՝ մինչև Պարսից Հայաստան և Խորասան. 648-ին Կարթագենի հողը, առանց սակայն այստեղ կանգ առնելու: 649-ին նոքա նուաճեցին Կիպրոսը, 650-ին իսկական Պարսկաստանը: Դրանից յետոյ ներքին կռիւների պատճառով արշաւանքը աւելի քան 40 տարի դադար է առնում: Սակայն 693-ին սկսում է երկրորդ արշաւանքը արևելքում մինչև Հնդկաստան, հիւսիսում մինչև Կովկաս, Հայաստան, Փոքր Ասիա, Թրակիա. միայն 717-ին Լևոն Իսաւրացին կարողացաւ Կ.Պօլսի մօտ նրանց արշաւանքի առաջն առնել: 703-ին սկսուեց յառաջխաղացութիւնը դէպի արևմուտք. 709-ին Աֆրիկան վերջնականապէս նրանց ձեռքին էր. 710-ին Ա. անգամ ոտք դրին Սպանիա և տիրեցին երկիրը, ոչնչացնելով Վեստգոթերին. 718-ին անցան Պիրենէեան սարերը, 720-725 տիրեցին Նարբոնը, Կարկասոնը և այլն. միայն 732-ին յաջողուեց ֆրանկներին Տուրի և Պուատիէյի ճակատներում նրանց առաջն առնել, և 759-ին Նարբոնը նորից յետ վերցնել: Դրանով Արաբների վերջնական սահմանն եղաւ Պիրենէեան լեռնաշղթան: Սակայն Սպանիայում էլ կռիւ սկսուեց նրանց դէմ և Ալֆոնս Ա. կարողացաւ Աստուրիայի քրիստոնեայ թագաւորութիւնն հիմնել այնտեղ:
Այսպէս՝ մի հարուածով կարծես տիրեզերական իշխանութիւնն անցաւ Իսլամի ձեռքը, որ միացրել էր ամբողջ արևելեան աշխարհն ու արևմուտքի հարաւային մասը մի իշխող կրօնի, քաղաքական կազմակերպութիւնների և մի քաղաքակրթութեան միջոցով, որի մէջ միութիւն կար: Զարմանալի կերպով կանոնաւորուած էին այս նոր պետութեան մէջ նաև տիեզերական հաղորդակցութեան ճանապարհները. այնպէս որ կարճ միջոցում հաստատուեց այս արաբական քաղաքակրթութեան առաւելութիւնը քրիստոնէական քաղաքակրթութեան հանդէպ: Միջրեկրականի ճանապարհները փակուած են այլ ևս Բիւզանդիոնի առաջ և երկիրների նախկին հաղորդակցութիւնը խանգարուած: Միջերկրական ծովը դառել էր այժմ մի արաբական ծով, ուր իշխում էին նոցա պատերազմական և աւազակային նաւատորմերը, որոնք ասպատակում էին շարունակ Սիկիլիան, Սարդինիան, Կորսիկան և այլն: Բիւզանդական պետութեան յարաբերութիւնը կտրւում է արևմուտքի հետ. միայն արևելքի հետ կարող էր նա դեռ ևս հաղորդակցութեան մէջ լինել:
Պարսից պետութեան մէջ ինչպէս առաջ, այնպէս էլ այժմ հաստատուն է մնում Նեստորականների հեղինակութիւնը, հակառակ Յակոբիկների: Շուտով նոքա դառնում են խալիֆների քարտուղարներն ու անձնական բժիշկները և միևնոյն ժամանակ յունական գիտութիւն են տարածում արաբների մէջ՝ ասորերէն թարգմանութիւնների շնորհիւ: Այդպիսով Նեստորական եկեղեցին դառնում է արաբական գիտական քաղաքակրթութեան ուսուցիչն ու հիմնադիրը:
Բիւզանդական կայսրութեան արևելեան և հարաւային նահանգներն այնպէս հեշտութեամբ գրաւել էին Արաբներն այն պատճառով, որ տեղական ազգաբնակութիւնը ատելութեամբ էր լցուած դէպի Բիւզանդական պետութիւնն ու եկեղեցին: Միանգամ էլ, արշավանքներից քիչ առաջ, զօրեղ Հերակլիոս կայսրը (610-641) փորձեց բաւականութիւն տալ միաբնակներին. 622-ից սկսած նա բանակցութեան մէջ էր միաբնակութեան գլուխների հետ և այդպիսով հիմն էր դրել մոնոթելետական կամ միակամութեան վէճերին: Բայց դեռ ևս ո՛չ մի յաջողութիւն չունեցած, սկսուեց արաբական արշաւանքը: Եգիպտոսը կորաւ մի կոպտական գեներալի դաւաճանութեան շնորհիւ. առհասարակ կոպտերը նայում էին Արաբներին՝ իբրև իրենց փրկիչների վրայ: Շատ եկեղեցիներ յանձնուեցին նրանց, շատ քաղկեդոնական եպիսկոպոսութիւններ ոչնչացան, Աղէքսանդրիայի պատրիարքական աթոռը 80 տարի թափուր մնաց և անկման դրութեան հասաւ. յոյները փախան երկրից և եկեղեցական լեզուն յունարէնի տեղ դարձաւ արաբերէնը. բայց կոպտական եկեղեցին ազատ էր զգում իրեն այժմ: Ասորիքում թէև քաղկեդոնականներն աւելի ուժեղ էին, բայց Յակոբիկներին այժմ յառաջ են քաշում, շատ քաղկեդոնական եպիսկոպոսութիւններ վերջանում են, իսկ Անտիոքի պատրիարքական աթոռը դառնում է միայն նախկինի ստուերը. 702-742 թափուր էր նաև այս աթոռը: Յիշեալ երկու երկիրներում էլ այս ժամանակ սկսուեց մեծ չափերով անկումն դէպի մահմեդականութիւն: Նեղոսի հարաւային մասում բոլորովին ոչնչացաւ քրիստոնէութիւնը և միայն Աբեսսինիայի եկեղեցին կարողացաւ իրեն պահպանել: Բայց այս տեղերի քրիստոնէութեան դէմ Իսլամն իրապէս էլ աւելի բարձր զօրութիւն էր բարոյական և կրօնական տեսակէտից վերցրած: Քաղկեդոնական եկեղեցին մնացել էր միայն Յունաստանում և Փոքր Ասիայի մի մասում. արևմուտքում նրա սահմանը Գերմաններն էին, արևելքում և հարաւում Իսլամը: Միայն հիւսիսն ազատ էր Կ.Պօլսի պատրիարքի գործունէութեան համար, և այստեղ նրա ձեռքն է անցնում Իսաւրիան և Իլլիւրիկումը: Աֆրիկայում եկեղեցին հետզհետէ ոչնչանում է և ԺԱ. դարում միայն 5 եկեղեցի է մնում Կարթագենի եպիսկոպոսի իշխանութեան ներքոյ: Իսլամը կլանում է թէ այստեղի և թէ Սպանիայի քրիստոնէութիւնը, ուր ճնշուած հրէաներն իբրև ազատարարաների էին ողջունում Արաբներին: Ինչքան բարձրանում էր այստեղ արաբական քաղաքակրթութիւնը, այնքան ընկնում էր եկեղեցու Լատինական քաղաքակրթութիւնը:
Չի կարելի ասել սակայն, որ եկեղեցիների ընդհանուր դրութիւնն արևելքում վատ էր. ընդհակառակը այստեղ էլ նոյնն է կատարում, ինչ որ 200 տարի առաջ արևմուտքում: Հռովմէական իշխանութիւնը դադարում է, իսկ նրա տեղը բռնում է արդէն այդ իշխանութեան մէջ մասնակցած եպիսկոպոսը, որ դառնում է իւր ժողովրդի թէ կրօնական և թէ քաղաքական ներկայացուցիչը. ուրեմն նաև պատասխանատու իւր հօտի արարքների համար: Այս ազգային եկեղեցիների գլուխ և ներկայացուցիչ եպիսկոպոսները ունէին իրենց անկախ դատաւարութիւնը, ճանաչուած արաբական խալիֆներից, մինչև անգամ մահուան պատիճ տալու իրաւունք. և պետութիւնը ամեն կերպ նպաստումէր, օրինակ նրանց վճիռներն անձամբ գործադրելով, որ իրենցից յետոյ միայն նոցա իշխանութիւնը օրինական ճանաչուի:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ