Այն ժամանակներում, երբ թագավորում էր անօրեն Հուլիանոսը և սկսեց պայքարել քրիստոնեական հավատքի դեմ և իր ամբողջ մտքով դարձել էր դեպի հեթանոսական սնոտի կռապաշտության պղծությունները, և երբ անաստված հելլենացիները համարձակ դարձան և այլևս չէին նեղվում Կոստանդիանոս աստվածասեր թագավորի երկյուղից և որպես արբանյակ իրենց չար խորհրդին գտան այս հանցավոր Հուլիանոսին: Այնուհետև համարձականալով` ի ցույց դրեցին իրենց չարության թույնը և բացահայտ կերպով կուռքերի բագիններ և տաճարներ էին կառուցում` դրանցում կանգնեցնելով աստված անվանված դևերի անդրիներն ու պատկերները և մշտապես երկիրը շաղախում էին զոհերի արյունով և օդը պղծում էին դիվանվեր քրմերին ձոնված ողջակեզների ճենճով ու ճարպով: Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոսին հավատացողներին կրկին ու կրկին անարգում և արհամարհում էին, վիրավորում ու ծաղրում: Նույնն էին անում և քրիստոնյաները անաստված հեթանոսներին: Եվ որովհետև չէին կարողանում հանդուրժել նախատինքը, կռիվ և մարտ էին սկսում նրանց հետ. և դրանից հետո տագնապի խուճապ և անասելի խռովություն սկսվեց դրանց մեջ: Սակայն անօրեն հեթանոսները, խրախուսվելով թագավորի հովանավորությունից, սկսեցին նեղել, կռփահարել և ձաղկել քրիստոնեական հավատքի սպասավորներին: Շատ կալանավորների հետ մեկտեղ ցանկացան բռնել4 նաև երանելի Մարկոս եպիսկոպոսին, որին հետամուտ էին որպես չքնաղ մարգարտի, որովհետև նրա համբավը հասել էր անօրենի լսելիքին, այն ամենի համար, որ նա գործել էր Կոստանդիանոս Մեծի օրոք չաստվածների պաշտոնյաների հանդեպ և դրանց մեհյաններում: Իսկ երանելին, իմանալով նրանց չարության խորհուրդը, խույս տալով փախավ անբնակ տեղեր, որ չբռնվի անօրենների կողմից: Այդ ժամանակ անաստված հելլենները 4 Բնագրում` ըմբռնեցին, որ փոխում ենք, հարմարեցնելով հետագա շարակարգին:
նրա փոխարեն կալանեցին ուրիշներին, որ տանջելով սպանեն: Իսկ երանելի եպիսկոպոսը, լսելով, որ իր փոխարեն ուրիշները բռնվեցին և ընկան անօրենների ձեռքը, ելավ և ինքնահոժար կամքով եկավ դատավորների մոտ: Եվ նրանք` զայրագնած որպես կատաղի շներ և արյունարբու գազաններ, բռնեցին նրան և կրճտացնում էին իրենց ատամները նրա վրա, չպատկառելով անգամ նրա մեծաշուք ծերությունից: Մերկացրին նրան և սաստիկ տանջանքներով չարչարեցին և երկաթե գամերով բևեռեցին փայտի վրա: Նրա և այլ վկաների մարմինները օծեցին մեղրով և տոթաժամին` արեգակնակեզ միջօրեի տապին կախեցին բարձրադիր աշտարակից: Եվ այդ ժամանակ նրանց վրա հավաքվեցին բոլոր խայթող պիծակներն ու մեղուները, գոռեխներն ու շնաճանճերը և կեղեքեցին և բզկտեցին նրանց անդամները: Եվ մինչև ոսկորներն էին հասցնում ցավատանջ վերքերը և մորմոքում նրանց:
Այդ ժամանակ սրբերն սկսեցին աղոթել և այսպես ասել. «Տե՛ր Աստված, բոլոր արարածների արարիչ, որ Քո մեծ և ահազդու անվան համար սուրբ վկաներն իրենց անձերը տվեցին զանազան և դառն տանջանքների մահվան և համբերությամբ ավարտեցին իրենց ընթացքն ու արժանի եղան երկնային պսակների ժառանգորդ լինելուն: Մեր Տե՛ր և փրկիչ Հիսուս Քրիստոս, մեզ ևս նրանց բարեխոսությամբ արժանի արա՛ հաղորդակից լինելու անմահական բաժակիդ և նրանց համբերության և ժառանգության երկնային ուրախություններիդ, և Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն նրանց հետ փառավորելու հավիտյանս. ամեն»: Եվ երբ սուրբ վկաները երանելի եպիսկոպոսի հետ մեկտեղ ասացին` Ամեն, այդ ժամանակ դատավորը հրամայեց, և երկար մահակներով տանջեցին երանելիին: Ապա հրամայեց նրան իջեցնել կախված տեղից և պահանջել ոսկու և արծաթի գումարը, որ կառուցեն նրա քանդած` կուռքերի մեհյանների բագինները: Իսկ նա ոչինչ չուներ, որ տար պահանջողներին: Պատասխան տվեց և ասաց նրանց. «Ոսկու և արծաթի փոխարեն իմ անձը կտամ ձեզ, քանի որ ոչինչ չունեմ` ոչինչ պարտավոր չեմ հատուցել»: Դատավորն ասաց նրան. «Դու էիր, որ Կոստանդին կայսեր մոտ կործանում էիր աստվածների պատկերները և քանդում ու այրում էիր նրանց բագինները և եկեղեցիներ ու մատուռներ կառուցում:
Այժմ ուրանում ու ծաղրում ես և չես հատուցում պարտքը Հուլիանոսի հրամանների համաձայն»: Պատասխանեց երանելին և ասաց դատավորին. «Բագիններն ավերելը և աստված անվանվածների պատկերները խորտակելը խոստովանում եմ, որ արել եմ և չեմ ուրանում, որովհետև աստվածասերի հրամանը ոչ միայն ես էի կատարում, այլ նաև բազում ուրիշներ. նա իշխանություն ուներ և դիմադրության չհանդիպեց և ոչ էլ ձեր աստվածները կարողացան չարի դիմաց չարով փոխհատուցել: Եվ հիմա ձեր անմտությունից խիստ զարմացել եմ: Ինչո՞ւ եք կուռքերի համար վրեժխնդիր լինում. աստվածները, որ չեն արարել երկինքն ու երկիրը, կկորչեն երկնքի տակ» (Երեմ. Ժ. 11):
Բռնակալն ասաց. «Եթե ծունկի եկած չերկրպագեք Հերակղ մեծ աստծուն և զոհ չմատուցեք ինքնակալի պես և բոլորդ ողջակեզից չճաշակեք, չարաչար և դառն տանջանքների կմատնեմ»: Սուրբն ասաց. «Ինչպես հրաման ես ստացել և ինչպես կամենում ես` տանջի՛ր ինձ, և շուտ ինձ ուղարկիր Նրա մոտ, որին ցանկացել եմ, և իմ համար վարձը կառնես Տիրոջից, որովհետև չեմ լսելու քեզ»: Այնժամ դատավորը հրամայեց իջեցնել նրան[ց] կախված տեղից և բանտ տանել և լավ հսկել, ոտքերն ամրացնել կոճղի մեջ և ծածկել բանտի լուսամուտը, որ լույս չտեսնեն:
Բազում օրեր բանտում սոված պահելուց հետո, անօրենը հրամայեց հանել նրանց բանտից և բերել իր առջև: Եվ նորից հարցրեց նրանց, թե զոհ կմատուցե՞ն: Եվ երբ դպրոցներից հավաքված մանուկներն ու մյուս քրիստոնյաները, որ բանտված էին երանելի եպիսկոպոսի հետ, չհամաձայնեցին, հրամայեց ծովասույզ անել նրանց ջրերի խորքում: Եվ այսպես վկայեցին նրանք ի Քրիստոս հունվար ամսի քսանին: Եվ բռնավորը զարմացած էր վկաների համբերությամբ և քրիստոնյաների մեծ հույսով: Այդ ժամանակ բռնավոր Հուլիանոսը դարձյալ հարցաքննեց երանելիին և բազում չարչարանքների ենթարկեց: Դրանից հետո, երբ տեսավ սուրբ վկայի անփոփոխ և անպարտելի միտքը և իմացավ, որ ոչինչ չի շահելու ու ոչինչ չի լսելու նրանից, արտաքսեց նրան Արևմտյան ծովի հեռավոր կղզիներից մեկը, որպեսզի այնտեղ կորցնի, որ ոչ ոք չտեսնի սուրբ վկայի դիմակայությունը և նախանձախնդիր չլինի նրա առաքինի գործերին: Խորհում էր նաև այն մասին, որ Գալիլեացիները նրա ոսկորների նշխարները պատվի չարժանացնեն: Եվ այնտեղ երանելին բարի խոստովանությամբ հանգյավ ի Քրիստոս:
Այլ բազում քրիստոնյաների` եպիսկոպոսների և քահանաների, տղամարդ և կին խոստովանողների ևս չարչարեցին և ջրասույզ արեցին: Կային և այնպիսիները, որոնց ողջողջ այրում էին, կամ գազաններին մատնում և մահվան վճիռը կայացնում զանազան չարչարանքներով, որոնք ոչ ոք չի կարող պատմել խոսքով կամ գրառել, թե ինչ կատարվեց ու Քրիստոսի սիրելի վկաներին ինչեր եղան: [Եվ տանջանքներն] ավելի սաստիկ էին, քան առաջին թագավորներինը` Մաքսիմիանոսինը և Դիոկղետիանոսինը և մյուս ամբարիշտներինը, որ հալածում էին Աստծու Եկեղեցիները:
[ * * * ]
Փոքրիշատե հիշատակենք երանելի Կյուրղոս սարկավագին` իր վկայության և նահատակության հոժար մարտի համար: Նա էր, որ նույն սուրբ Կոստանդիանոսի ժամանակ գնաց փյունիկեցիների երկիրը և աստվածասեր թագավորի հրամանով աստվածային նախանձախնդրությամբ բոցավառ` կուռքերի բազում տաճարներ քանդեց և բագինները խորտակեց: Սա հիշում էին աստվածամարտ Հուլիանոսի անօրեն հելլենացիները և որպես հուր ու բոց բորբոքվում էին սրբերի դեմ: Եվ անօրենը զինվորներ ուղարկեց և հրամայեց բերել նրան: Եվ ամբարիշտ Հուլիանոսը սրբին հանձնեց քրմերի ձեռքը: Ամբարիշտները բռնեցին նրան և զանազան ու պեսպես չարչարանքներով տանջում էին երանելիին և հիշեցնում այն ամենը, ինչ որ գործել էր իրենց և իրենց պաշտամունքային վայրերի նկատմամբ Կոստանդիանոսի օրոք: Ստիպում էին նրան ուրանալ հավատն ու զոհել և ազատվել առաջին գործերից, որ արել էր նրանց աստվածներին, որովհետև այդպես էր հրաման տվել Հուլիանոս արքան: Եվ երանելին ասում է նրանց. «Մենք` [քրիտոնյաներս], ո՛վ անաստված հելլենացիներ, ապականացու և անաստված, մանավանդ ուրացող և տարերքները աստված համարող թագավորի հրամանը չենք կատարում, այլ ձգտում ենք պահել հրամաններն ու պատվիրանները անմահ Թագավորի, որ ասում է. «Ով Ինձ ուրանա մարդկանց առջև, նրան Ես կուրանամ Իմ Հոր առջև, որ երկնքում է» (Մատթ. Ժ. 33): Անօրեններն ասացին նրան. «Այժմ չե՞ս կամենում կատարել մեր արքայի կամքը»: Սուրբը պատասխանեց. «Ո՛չ»: Ասացին նրան. «Հիմա քո համառության համար դառնագույն տանջանքներ ենք պատրաստում քեզ»: Երանելին ասաց. «Թեպետ ձեր տանջանքներից մահանում ենք առժամանակյա մահով, սակայն հասնում ենք անստվեր Լույսին և ժառանգորդ լինում հավիտենական ու անվախճան կյանքին, որ Աստված խոստացավ իր սիրելիներին»:
Այս լսեցին անօրեն քրմերն ու հելլենացիները և սրտմտեցին, սրբին բանտ նետեցին և հրամայեցին ուշադիր հսկել: Քիչ օրեր անց հրամայեցին բերել երանելիին և ասացին նրան. «Մեր թագավորի սահմանած բազում չարչարանքները, որ քեզ տվեցինք, քեզ չուղղեցին, և չդարձար քո նանիր խորհուրդներից: Այսուհետև կավելացնենք քո նեղությունները և կմատնենք չարաչար տանջանքների` որոնց արժանի ես»: Երանելին ասաց. «Սուրբ Ավետարանում գրված է. «Մի՛ երկնչեք նրանցից, որ մարմինն են սպանում և չեն կարող հոգին սպանել, այլ երկյուղ ունեցեք Նրանից, որ հոգին և մարմինը գեհեն է գցում» (Մատթ. Ժ. 28): Արդ մոտ է մեր փրկությունը, և չենք հնազանդվի ձեր խավարասեր կրոնին ու չենք մատնվի անշեջ հրի տանջանքներին և կերակուր չենք լինի անքուն որդերին, որովհետև պարտավոր ենք չարչարվել հանուն Նրա, որ մեզ համար համբերեց մահվան և մահաբեր խաչին, որպեսզի Նրա փառքին հաղորդ լինենք»:
Այնժամ անօրենները զարմացան նրա վրա, կրճտացնում էին իրենց ատամները ու խիստ զայրանում և հարցնում բռնավորին, թե ինչ մահվամբ սպանեն նրան, որովհետև աստվածամարտ է և անմահ աստվածների կործանիչ: Իսկ նա հրամայեց պատռել սրբի որովայնը, դուրս հանել լյարդը ու բոլորին բաժին տալ սրբի լյարդից: Եվ նույն պահին մեծամեծ սքանչելիքներ եղան, և բոլոր հավաքվածները տեսան, որովհետև իսկույն թափվեցին նրանց ատամներն իրենց բերաններից, և կուրացան նրանց աչքերի բիբերը, և սկսեցին աղաղակել և հայտնել քրիստոնյաների զորությունը: Այդ ժամանակ երանելի Կյուրղոսը բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր հոգին իմ», և հոգին ավանդեց:
[ * * * ]
Եվ Ասկաղոնացիների ու Գազացիների քաղաքում և Պաղեստինի քաղաքներում բազում բարեպաշտ քահանաներ և միայնակյաց անապատականներ, կուսակրոն և աշխարհիկ կանայք էին ապրում, որոնց բռնել էին անօրեն Հուլիանոսի հրամանով և զանազան չարչարանքներով, դառն ու անտանելի կտտանքներով նեղում էին երանելիներին ու տանջում քերիչներով: Հետո բացում էին նրանց որովայնները և գարի լցնում և սուրբ մարմինների վրա բաց թողնում վարազների և խոզերի և այդպես կերակրում:
Եվ անօրեն թագավորը հրամայեց Պաղեստինում` Գալիլեացիների կողմերի Սամարիայում բանալ սուրբ Հովհաննես Մկրտչի և Կարապետի գերեզմանը և դուրս հանել ու հրով այրել նրա նշխարների մնացորդները և փոշին հողմերին տալ ու ցրել օդում:
[ * * * ]
[Վկայեց նաև] պալատի պատվականներից մեկը, իմաստուն և հանճարեղ մի այր` Արտեմիս անվամբ, որ Կոստանդիանոս Մեծի ժամանակներում զորագլուխ ու իշխան էր եղել Եգիպտոսում, ընդունել էր քրիստոնեական հավատքը, որ և բազում կուռքեր էր խորտակել և այրել էր պիղծ զոհողների տաճարը: Նրան իշխանական պատվից զրկեց Հուլիանոսը և բազում չարչարանքների ենթարկեց և մահվան վճիռ կայացրեց: Եվ նրա կրած բոլոր նեղությունները իր իսկ պատմությունից կիմանան, ովքեր կկամենան ստուգապես ընթերցել:
Եմեղիանոս քաջ զորականին հրով այրեցին:
Թագավորի զորականներից Թեոդոտոս անվամբ մի երիտասարդ գնաց հրապարակ և բարձրաձայնում էր Դավիթ մարգարեի երգերն ու ըստ սաղմոսի յուրաքանչյուր տան ասում. «Ամոթ բոլոր նրանց, որ պաշտում են հեթանոսների կուռքերը. ալելուիա: Ետ կդառնան և կամաչեն, նրանք, որ աստվածներ են անվանում նրանց. ալելուիա: Աստվածները, որ երկինքն ու երկիրը չսետղծեցին, կկորչեն երկնի ներքո. ալելուիա: Նրանց պես կլինեն նաև նրանց հուսացողները. ալելուիա» (Երեմ. Ժ. 11): Եվ նրան հրապարակում բռնելով` արջառաջիլերով թիկունքին անխնա խփեցին և կողերը երկաթյա եղունգներով քերեցին և ամբողջ օրն այդպես թողեցին նրան կախված: Իսկ երբ երեկո եղավ, իջեցրին ու կապեցին շղթաներով և բանտ
նետեցին: Եվ երբ առավոտը բացվեց, ամբարիշտ Հուլիանոսն ասաց. «Զարմանալի է քրիստոնյաների համբերությունը, որովհետև մեծ ուրախությամբ և հոժարությամբ են ընդունում չարչարանքները և պարծենում տանջանքներով»: Հրաման տվեց, և առանց պատուհասի արձակեցին կապանքներից ու բանտից սուրբ վկային, որև խոստովանողական անուն ժառանգեց և երկար տարիներ մեծ ճգնությամբ անապատում բնակվեց: Բոլորը հարցնում էին սուրբ վկային. «Քեզ չարչարելու ժամանակ զգո՞ւմ էիր սաստիկ տանջանքների ցավերը»: Եվ նա ասում էր. «Հարվածվելու սկզբում, երբ նոր էի մտել պատժատեղի, փոքրինչ զգացի, իսկ դրանից հետո անձն իմ ընդարմացավ, և ասես քնի մեջ` թմրած էի»:
[ * * * ]
Այն ժամանակներում Հուլիանոս թագավորը հավաքեց իր բոլոր զորքերը և շարժվելով գնաց պարսիկների դեմ կռվի: Եվ նա խաղաղություն չտեսավ: Պարսից արքան ամբողջ ուժով պատերազմի ելավ Հուլիանոսի և նրա զորքերի դեմ: Եվ սաստիկ պատերազմ եղավ: Եվ պարտվեցին Հուլիանոսի զորքերը և փախուստի դիմեցին: Իսկ Հուլիանոսը, մոտիկ գտնվելով, զորքերին արգելում էր [նահանջել] և քաջալերում էր, որ հաղթեն կուռքերի հույսով: Այդ պահին անէությունից հայտնվում է մի սրասայր սուր և խոցում սիրտը. և այդպես սատկեց: Եվ սա հավաստի չեմ կարող ասել` մարդո՞ւ ձեռքով եղավ, թե՞ Աստծու հարկապահանջ հրեշտակի: Սակայն նրա զինվորներից Կալիստին անունով մեկը պատմում էր, թե նրա մահը դևի հարվածից եղավ. որովհետև դիվապաշտ էր, հենց դևերից էլ արժանին ստացավ` Քրիստոսի վրեժխնդրությանը համապատասխան: Եվ այդպես չարը չարով վերացավ մեջտեղից, որովհետև սպառնում էր, [պատերազմից] վերադառնալով, չարիքներ բերել քրիստոնյաների գլխին: Սակայն եղավ ոչ թե ինչպես ինքն էր կամենում, այլ ինչպես Աստծու կամքն էր: Մահացավ երեսուն և մեկ տարեկանում. հինգ տարի կայսր եղավ և երկու տարի թագավոր: Սակայն սրա կատարածները, որ սակավ ժամանակում բերեց քրիստոնյաների գլխին, ոչ մեկը չի կարող գրով բովանդակել:
[ * * * ]
Սուրբ վկաները հոգիներն ավանդեցին ի փառս Քրիստոս Աստծու, որովհետև Իր փառավորիչներին Աստված փառավորում է այս աշխարհում և հանդերձյալ հավիտենականում, որի համար մենք ևս նրանց հետ արժանի լինենք փառավորելու անսկիզբ և համագոյ Տերությունը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս. ամեն:
Աղբյուր` Վարք սրբոց. Հատոր գ. Ս Էջմիածին: 2010 թ.