Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 29 Գշ. Ակ. Ժ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 28 Բշ. ԱՁ. Թ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 27 † Կիր. Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ):
Ընթերցումներ Սբ. Գրքից
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 26 Շբ. ԴՁ. Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Gevorg zoravar
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Վարք սրբոց > Սուրբ Գևորգ զորավարի մասին
Վարք սրբոց

Սուրբ Գևորգ զորավարի մասին

Published 26 Սեպտեմբերի, 2020
Կարդալու տևողություն՝ 25 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մեր Տեր Հիսուս Քրիստոսի թագավորության օրերը ոչ սկիզբ և ոչ վերջ ունեն. իսկ փառավորյալ ծնունդը և Մարիամ Աստվածածին կույսից մարդանալը, հայտնությամբ երևաց ամբողջ տիեզերքին, սուրբ առաքյալների ճշմարիտ քարոզությամբ, որոնք արժանի եղան սրբերի վիճակի և ճշմարիտ հավատքի շնորհների: Իսկ շատերը հավատքի ճշմարտությունը անհավատալի համարեցին. դրանք մոլորության ծառաներն են, որ բռնված են այս աշխարհի սնափառությամբ և մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարդեղությունը զառանցանք են համարում, որ արդարև հրեաների գայթակղությունն է և հեթանոսների հիմարությունը: Իսկ Աստված կամեցավ իր բոլոր ծառաներին միավորել ի փրկություն ճշմարիտ աստվածպաշտության:

  Այդ ժամանակ եղավ Դիոկղետիանոսի խիստ կռապաշտությունը Հռոմայեցոց աշխարհում. մի ժանտ ու գազանաբարո մարդ էր, քրիստոնյա հավատքին դեմ և խիստ պարտված սնոտի կուռքերի խաբեության մոլորությունից, անաստվածության մեջ ունենալով մի սիրելի համամիտ, որի անունն էր Մանգնենտիոս, երկրորդը նրա թագավորության մեջ և մոլեգնում էր քրիստոնյաների դեմ` կուռքերի ամբարշտությամբ զայրագնած: Սրանք միասին անպատկառություն մտածեցին` արմատապես վերացնել քրիստոնյաների պաշտամունքը և բոլորին ստիպում էին պաշտել կուռքերի պատկերները: Որովհետև [Դիոկղետիանոսը] իր ծնունդից ապականված էր կուռքերի մոլորությամբ, մանավանդ Ապողոնի արձանով: Միասին նստած մտածում էին հրովարտակ գրել թագավորի անունից այսպես. «Դիոկղետիանոս, պատվված և մեծ թագավոր Հռոմայեցոց. ամբողջ աշխարհի իշխաններին, զորավարներին, դատավորներին և պետերին, որ իմ ձեռքի տակ եք, ողջույն: 

 Որովհետև մեր աստվածային լսելիքին լուր հասավ և անչափ խռովեց մեզ, որ քրիստոնյաների ամբարշտության հերձվածը զորանում, է և մի ոմն հրեա կնոջ Մարիամից ծնվածին, որի անունը Հիսուս է, երկրպագում են իբրև աստծու: Իսկ մեծ աստված Ապողոնին և Երմինին և Դիոնիսիոսին, Երակլեսին, Դիաին, որոնք մեր աշխարհին խաղաղություն են պարգևում` թշնամանում են ու հայհոյում, իսկ Քրիստոս կոչվածին իբրև Աստված պատվում են, որին հրեաները խաչեցին որպես մահապարտի և մոգի: Սրա համար հրամայում ենք` բոլոր քրիստոնյաներին, ուր և գտնվեն, այրերին և կանանց բոլոր քաղաքներում և գավառներում դառն խոշտանգման ենթարկել, որպեսզի զոհ մատուցեն մեր աստվածներին և ուրանան այն մոլորությունը: Ովքեր հոժարեն` արժանացնել թողության, իսկ եթե ոչ` դժնդակ մահով հրի ու սրի մատնել նրանց, թող գիտենան, որ անփոփոխելի է մեր հրամանը, և եթե մեկը մեր աստվածային հրամանը դանդաղի կատարել` [այս] վճիռը նրանց վրա [տարածվի]»:

  Երբ այսպիսի գիր ու հրաման հասավ` ամեն տեղ մեծ հալածանք հարուցվեց քրիստոնյաների դեմ, որ շատ նշանավոր մարդիկ սաստիկ տանջանքներից թուլացան: Դիոկղետիանոսը առավել ևս մոլեգնեց, իր մոտ կանչեց ամբողջ արքունիքն ու զորքը, նորից խորհրդակցեց, որ բոլոր քրիստոնյաներին ոչնչացնեն: Ովքեր թագավորի մոտ էին, երկյուղով մտածում էին օրենքով շարժվել: Իսկ Դիոկղետիանոսը ճառեց և ասաց. «Ինձ այսպես է թվում, սիրելինե՛րս, թե չկա այլ պատվական բան, քան մեր աստվածներին պաշտելը, որովհետև նրանք են տվել մեզ թագավորություն և բոլոր մարդկանց փրկություն, որի համար իրավացի եմ համարում այսուհետև մեր աստվածներին զոհ մատուցել մշտապես: Իսկ եթե գտնվեն մեր աստվածներին թշնամանող քրիստոնյաներ` ամեն հնարքով տանջանքի ենթարկել, մինչև նրանց դժնդակ կրոնը վերանա և նրանց հիշատակը մահվան միջոցով կորչի»: Միաբան պատասխանեցին թագավորին և ասացին. «Մենք հոժարությամբ ընդունում ենք ձեր մեծ թագավորության աստվածային հրամանները և խնամքը, ուզում ենք պատվել մեր անմահ աստվածներին, ինչպես և ձեր զորությունը: Այսուհետև, եթե գտնվի մեկը, որ թեկուզ մտքում տա Քրիստոսի անունը` կմատնվի մահի»: Այս ամբարշտության և անիրավության խորհուրդները մտածեց բռնավորը հրապարակում: Թագավորի հրամանով առաջնորդվելով` քրիստոնյաների հանդիպելիս համարում էին թագավորի թշնամիներ, որպեսզի տանջեին խոշտանգելով:

  Այնժամ խավար գիշերում լուսավոր ու մեծապայծառ աստղի նման ծագեց Քրիստոսի պատվական մարգարիտը` Գեորգիոս անունով Քրիստոսի զորականը, փարատելու բազմաստվածության մեգն ու մառախուղը և սնոտի կուռքերի մոլորությունը: Երկնային խորհրդով և փրկարար քարոզությամբ սատարեց բոլոր արժանավորներին` իր ճգնության միջոցով: Քանի որ արհամարհեց պիղծ Դիոկղետիանոսի սպառնալիքը, իշխանների և զորավարների մոլորությունը և բնավ ուշադրություն չդարձրեց սպասվող տանջանքներին, այլ հայհոյեց բոլորին, որոնց պատվում էին, աստվածասեր սրտով ասում էր ինքն իրեն. «Գեորգիոս, ինչո՞ւ ես դատարկ, ահա Տերը կանչում է Իր հարսանիքին մտնելու, առագաստը բացված է, ընթրիքը պատրաստ է, ինչո՞ւ ես հապաղում, մտիր նախքան կփակվի դուռը, քանի որ մեզ մոտիկ է Քրիստոս, որ մեզ համար խաչին համբերեց, աղաղակում և ասում է. «Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, իսկ ոգին չեն կարող սպանել» (Մատթ. Ժ. 28:): Հիշի՛ր, Գեորգիո՛ս, ավետարանական վարդապետությունը և Տերունական անսուտ ավետիսը, որ ասաց. «Ով Ինձ խոստովանի մարդկանց առջև` կխոստովանեմ և ես նրան Իմ Հոր առջև, որ երկնքում է» (Մատթ. Ժ. 32, Ղուկ. ԺԲ. 8): Մի՛ նայիր, Գեորգիոս, ժամանակավոր, անցավոր աշխարհիս, որ երկնային կյանքի ստվերն է, և աշխարհի ընդունայն փառքին, երկնային հույսի համեմատ: Չէ՞ որ մարդու ամեն փառք ծաղկի ու խոտի նման է, մի քիչ համբերիր և հրեշտակների հետ հավերժական կյանքին կդասվես»: Այսպես խոսեց ինքնիրեն փոքրիշատե հնչեց ձայնը նրա և այսպիսի բարի խրատով հաստատվելով ոչ միայն չվախեցավ բռնավորների սպառնալիքներից, այլև քարոզում էր ճշմարտության խոսքը և սպասվող տանջանքները ծաղրելով, ճգնությամբ հանդերձ մեծ վարդապետությունը Աստծու սուրբ եկեղեցուն գեղեցիկ հիշատակ էր թողնում:

 Քրիստոսի սուրբ վկան Գամիրքից էր, ազատ տոհմից և շատ հարուստ, զարդարված աստվածային իմաստությամբ և բազում անգամ տրիբունական իշխանություն էր վարել երևելի պատվով և Անիկորոն գնդից էր: Այնուհետև իր բազում քաջության համար թագավորները նրան կոմսության պատիվ էին տվել: Երբ նա տեսավ անչափ մոլորությունը, որ գործում էին Քրիստոսի դեմ նրանք, որ կուռքերի պաշտոնյա էին, շտապ իր ինչքն ու ունեցվածքը բաժանեց և տվեց աղքատներին և տնանկներին և որպես ճգնավոր մերկացավ ամեն ինչից: Թագավորական ատյանում և արքունի հրապարակում բոլոր զորավարների մեջ, որ նստած էին ատյանում և այլ իշխանների, որ թագավորի առջև էին, հոժարակամ բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Ես քրիստոնյա եմ, թագավո՛ր, և խրախուսվեցի ճշմարիտ ու երկնային Թագավորից` Հիսուս Քրիստոսից, և ձեր մեջ եմ զարմացած ձեր այդչափ մոլորությանը, որ ունեք կուռքերի հանդեպ և չեք ճանաչում միակ կենդանի Աստծուն, բոլոր արարածների արարչին, որև այդ թագավորությունը տվել է ձեզ: Արդ, ո՛վ թագավոր և բոլոր աթոռակիցներդ, մի՛ մոլորվեք դևերի խաբկանքից, քանզի աստվածները, որ չեն ստեղծել երկինքն ու երկիրը` կկորչեն (Եսայի, Ժ. 11): Իսկ քրիստոնյաները միակ Հայր Աստծուն են երկրպագում և միակ Տեր Հիսուս Քրիստոսին` Աստծու Որդուն, որով ամեն ինչ եղավ, և Սուրբ Հոգի Աստծուն, կատարյալ Երրորդություն մի աստվածության և թագավորության մեջ, որով այստեղ ապրում ենք բարեպաշտությամբ, իսկ վախճանվելուց հետո ակնկալում ենք հավիտենական կյանք: Իսկ ձեր պաշտամունքը ստուգապես արժանի է այպանելու, քանի որ դևերի բարբաջանք է և չկա դրա մեջ ճշմարտություն: Դա սատանայի գործ է, որ ընկղմում է իր երկրպագուներին սատակման ու կորստյան»:

 Այնժամ Մանգնենտիոսը, որ թագավորի երկրորդն էր և սիրելին, նայեց նրան և ասաց. «Ինչ է քո անունը, և կամ ո՞վ ես դու, որ այսքան հանդգնություն ունես»: Սուրբ Գեորգիոսը պատասխանեց. «Նախ և առաջ իմ անունը քրիստոնյա է, բայց մարդկանցից կոչվում եմ Գեորգիոս»: Դիոկղետիանոս թագավորը` անդնդային վիշապը, նայեց նրան և ասաց. «Գեորգիո՛ս, մենք իմացել ենք քո մասին, որ իմաստության և քաջության մեջ ընտիր ես միշտ և արժանացել ես մեր արքունական խնամքի պատվին: Ուստի մոտեցիր, զոհ մատուցիր աստվածներին, որ չարաչար չկորչես, այլ մանավանդ վայելես մեր սերը պատվով և առավել ևս մեր խնամածությունը` և մեր ներկայությամբ համարձակություն ունենալով: Իսկ քո այդ ունայն համարձակությունը քեզ օգուտ չէ»:

 Սուրբ Գեորգիոսն ասաց. «Թագավոր, երանի թե լսեիր դու ինձ և ճանաչեիր միակ ճշմարիտ Աստծուն` երկնքի արքայությանը արժանի լինեիր: Բայց հիմա քո իշխանությունը ժամանակավոր է, և քո խոստումներն ու ողոքանքը անզոր են հանելու ինձ իմ Աստծու բարեպաշտությունից: Քո պատիվը քեզ լինի և քո խոստմունքը` քեզ հավանողներին, բայց ես Քրիստոսին ունեմ երկնային Թագավոր, որ ինձ փառք է տալիս և հաղթություն հակառակորդի և նրա պաշտոնյաների նկատմամբ»: Եւ զայրացած թագավորը հրամայեց կախել նրան փայտից և գեղարդով հարվածել նրա որովայնին ու նրան գցել գետնին: Երբ այդ արեցին, նրա մարմնից արյուն ցայտեց, բայց գեղարդը անագի պես հետ ծալվեց: Այնժամ սուրբ Գեորգիոսն ասաց. «Գոհանում եմ Քեզնից, Քրիստոս, որ սատանայի պաշտոնյաների սուրը իսպառ ետ դարձրիր և այդ բռնավորի զայրույթը իմ դեմ քանդեցիր»:

 Եւ Դիոկղետիանոսը, բարկությամբ լցված, հրամայեց իջեցնել փայտից և բանտ տանել, նրա ոտքերը չարաչար պնդել կոճղի մեջ, նրա կրծքին մեծ քար դնել, որպեսզի քարը չորս մարդու աշխատանքով դրվի: Եւ երբ քարը դրին նրա կրծքին, սուրբ Գեորգիոսը մեծ ձայնով աղաղակեց և ասաց. «Գոհանում եմ Քեզնից, բարձրյալ Աստված, որ արժանացա ծանր բեռ կրել իմ սրտի վրա, որ հաստատում է անփոփոխելի խոստովանությունս Քեզ»:

 Մյուս օրը սատանան Դիոկղետիանոսին և նրա աթոռակիցներին հուշում է, և նրանք հրամայեցին ամեն տեսակ հնարքներով կազմած մեծ անիվ սարքել և արեցին. հյուսնի մամուլի նման, ամեն կողմից սրով կազմած: Եւ անօրեն բռնավորը հրամայեց բերել անիվը: Եւ քաշելով բերին այնտեղ, նա նայեց այն դժնդակ մեքենային` կազմված սատանայական արվեստով, ասաց. «Տեր Հիսուս Քրիստոս, գոհանում եմ Քեզնից, որ ինձ կոչեցիր այս վիճակին: Դու, որ երկու ավազակների մեջտեղը խաչվեցիր և մահ ճաշակեցիր, ինչո՞ւ փրկես մարդուն մահից. այս ժամիս ինձ տուր անվեհեր խոստովանություն և պահպանիր հոգիս բանսարկուի հնարներից»: Այս ասելով գցվեց անիվի մեջ, և չարաչար կոտորվեց նրա մարմինը:

 Թագավորը Մանգնենտիոսի հետ տեսավ, ձայն բարձրացրեց և ասաց. «Բոլորդ իմացեք, որ չկա այլ աստված, բացի Ապողոնից, Պսղիդոնից, Հերակլեսից, Դիաից և մեծն Արտեմիսից: Արդ, ո՞ւր է Գեորգիոսի Աստվածը, ինչու չեկավ և նրան չփրկեց իմ ձեռքից»: Եւ հրամայեց այնպես թողնել նրան տանջարան անիվի մեջ և ինքը գնաց ճաշելու:

 Իսկ տասներորդ ժամին մեծ հնչում և ձայն եղավ երկնքից, որ ասում էր. «Քաջալերվի՛ր, Գեորգիոս, և եղիր աներկյուղ, որովհետև բազում մարդիկ քեզնով հավատալու են Ինձ»: Իսկ նրան պահող դահիճները հնչած ձայնից զարհուրած` երկյուղով փախան: Եւ Տիրոջ հրեշտակը իջավ, ազատեց նրան այն տանջարանից և ողջանդամ հաստատեց նրա մարմինը, ողջունեց նրան ու ասաց. «Ուրախ եղիր, Գեորգիո՛ս, և հավատա քո զորացուցչին և շարունակիր քո ընթացքը, որովհետև ահա մենք քեզ տալու ենք կատարյալ խոստովանության պսակը»: Եւ սուրբ Գեորգիոսը ուրախությամբ ելավ, գոհացավ Տիրոջից ու շրջում էր սաղմոսելով. «Բարձրացնում եմ քեզ Աստված իմ և թագավոր իմ, և հավիտյան օրհնում Քո անունը» (Սաղմ. ՃԽԴ. 1), և` «Ուղի՛ղ արա իմ ընթացքը, Տե՛ր, և չտիրեն ինձ ամեն անօրինությունները» (Սաղմ. ՃԺԸ, 133):

 Եւ եկավ մի տեղ, ուր կար Ապողոնի արձանը, այնտեղ գտավ թագավորին և Մանգնենտիոսին ու թագավորի բոլոր բարեկամներին` կուռքին զոհ մատուցելիս և երկրպագելիս: Գեորգիոսը մոտեցավ և աղաղակելով ասաց. «Ճանաչի՛ր ինձ, թագավոր, և իմ ավետարանած Աստծուն, որ ինձ փրկեց քո ձեռքից ու մահաբեր տանջանքներից, որ պատրաստեցիր իմ կորստյան համար, կարծելով կորցնել, քանի որ մոլորված ես այդ կուռքին զոհ մատուցելով»:

  Նրան նայելով թագավորն ասաց. «Ո՞վ ես դու»: Սուրբն ասաց. «Ես Գեորգիոսն եմ, որ քո հրամանով պրկվեցի անիվին, և ինձ թողիր անիվի մեջ` մեռած կարծելով: Այժմ եկա ցույց տալու քեզ` իմ Աստվածը կարող է փրկել ինձ մահից, որ դու թշնամանքով պատրաստեցիր»: Այնժամ թագավորը հրամայեց բռնել նրան և մոտեցնել: Նայեց նրան և ասաց. «Թվում է, թե բռնամահ եղածի ստվերն է, և խաբում է մեզ»: Իսկ Մանգնենտիոսը` «Նման է նրան»: Սուրբ Գեորգիոսն ասաց. «Ես Քրիստոսի ծառա Գեորգիոսն եմ, մի՛ մոլորվեք կուռքով, այլ իմացեք, որ կարող է Քրիստոս մեռելներից հարություն տալ նրանց, ովքեր հույս են տածում դեպի Նա, և ձեր ձեռքից փրկել»:

 Նրան տեսան և նրանից այս լսեցին Անատոլիս և Պրոտողիոն ստրատելատները, որ կոչվում են զորավար, իրենց ամբողջ ընտանիքներով հավատացին Աստծուն և ասացին. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը, միայն Նա է Աստված` օրհնյալ հավիտյան»: Երբ այս լսեց թագավորը, հրամայեց նրանց բոլորին տանել քաղաքից դուրս, անապատ մի վայր և կոտորել: Եւ երբ նրանք գնում էին սպանության տեղը, միաբան աղաղակում էին ասելով. «Տեր Հիսուս Քրիստոս, մեր հոգիներն ընդունիր խաղաղությամբ և կարգիր Քո անփոփոխելի անանց արքայության մեջ, ընդունիր մեզ Քո հավատի մի փոքր խոստովանությամբ` արդարության ու մեր մեղքերի թողության համար»: Եւ այդպես կատարվեց նրանց վկայությունը ի Քրիստոս Հիսուս:

 Այնժամ նաև Աղեքսանդրա թագուհին լսեց սուրբ Գեորգիոսի մասին, ինքը հավատաց Տիրոջը, եկավ թագավորի մոտ, համարձակ աղաղակով ասաց. «Ես քրիստոնյա եմ, Աստծու սուրբ Գեորգիոսի աղախինը»: Թագուհու այս խոսքին պատասխանեց Մանգնենտիոսը և ասաց. «Ասա մեզ, թագուհի Աղեքսանդրա, ինչո՞ւ Քրիստոսին գովեցիր և աստվածներին արհամարհեցիր»: Իսկ նա ասաց. «Մեծագույնին փափագելով` պակասն արհամարհեցի»: Այս ասելով գնաց, մտքում ունենալով Աստծու երկյուղը և անշարժ հավատքը, իսկ թագավորը զայրացավ, հրամայեց, սուրբ Գեորգիոսին գցել կրի հորը, որ նույն ժամին իջեցրին և թաղեցին կրի մեջ երեք օր ու գիշեր, և հրաման տվեց պահապաններին, որ հսկեն, որ ոչ ոք չհամարձակվի նրան հանել այնտեղից: «Երեք օր հետո, -ասաց թագավորը,- զորականները կգնան և կհանեն բռնամահի ոսկորները և կպահեն զգուշությամբ, որ ոչ ոք չիմանա այդ մասին»: Երբ զինվորները գնացին կրի հորի մոտ, ուրիշ շատերը ևս եկան տեսնելու: Եւ երբ հեռացրին կիրը, գտնվեց սուրբ վկան առանց իր մարմնի վրա որևէ արատ ունենալու, որովհետև Տիրոջ հրեշտակը նրա հետ էր, լինելով նրան օգնական Քրիստոսի հրամանով: Երբ նրան տեսան, բոլորն աղաղակելով ասացին. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը»: Այս լսեց Աղեքսանդրա թագուհին, նա ևս աղաղակելով եկավ այնտեղ. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը, և չկա բացի Նրանից մի ուրիշը»: Հավատացին զորականները, որ թագավորից ուղարկվել էին սրբին կրի հորից հանելու:

  Երբ այս լսեց թագավորը, հրամայեց զորքին գնալ և բռնել սրբին, բերել իր մոտ: Երբ սրբին բերին, թագավորը նստեց ատյանում` իր մեծամեծներով հանդերձ և հարցրեց նրան. «Ասա մեզ, ո՞վ կենդանացրեց քեզ»: Սուրբ վկան պատասխանեց նրան. «Գուցե լսեք դարձյալ ու չհավատաք, բայց իմացի՛ր, թագավո՛ր, որ Հիսուս Քրիստոս Աստծու Որդին պահում է ինձ քո բոլոր տանջանքներից, և բոլորին, ովքեր դիմում են Նրան, փրկում է սատանայի որոգայթներից»:

  Այն ժամանակ թագավորը հրամայեց պատրաստել երկաթե կոշիկներ, սուր մեխերով, ուղիղ, և շիկացնել, ունելիով բռնել և հագցնել սրբին ու քայլեցնել նրան: Իսկ սուրբ վկան չկարողանալով գնալ, ասում է ինքնիրեն. «Ընթացիր, Գեորգիոս, դեպի քեզ պահված վիճակը»,- և արտասուքով աղոթում էր. «Տեր Աստված իմ, մեռյալների փրկիչ, հալածվածների ապավեն, Քո անվան համար չարչարվողների համբերություն, մի՛ թող ինձ, այլ շնորհիր ինձ համբերություն մինչև վերջ»: Եւ երբ նա ավարտեց աղոթքը, երկնքից ձայն եկավ նրան, որ ասում էր. «Քաջալերվիր, Գեորգիոս, որովհետև Ես քեզ հետ եմ, քեզ փրկելու համար»: Նույն պահին նրա մարմինը բժշկվեց: Եւ թագավորը հրամայեց նրան տանել բանտ, իսկ առավոտյան թագավորն ասաց նրան. «Մինչև ե՞րբ կախարդությամբ սրտապնդված կդիմանաս տանջանքներին, և մանավանդ դևերի օգնության մոգությամբ, համաձայնիր ինձ հետ, այսուհետև զոհ մատուցիր աստվածներին»:

 Սուրբը ասաց թագավորին և նրա հետիններին. «Ես ստանալով իմ Աստծու օգնությունը, ընդունելով ձեր բոլոր տանջանքները, ձեր առջև ողջ մնացի` վկայելով միակ Աստծու զորությունը, և պատրաստ եմ դարձյալ ձեր բոլոր տանջանքներին` Քրիստոսի հավատի համար: Իսկ դուք ի՞նչ հույս ունեք, որ ընդունայն պաշտում եք անշունչ, պիղծ կուռքերին, որ ոչինչ են, և նրանց կորստյան հաղորդ եք լինում: Ամաչեցեք այսուհետև դրանց աստված անվանելուց, որոնք գիճությամբ և արբեցությամբ, պատերազմով ու սպանությամբ մի փոքր ապրել են այս աշխարհում և հավիտյան տանջվելու են անշեջ հրում, որ կա, մնում է բոլորի համար, ովքեր պաշտում են դրանց»:

 Թագավորը և ամբողջ արքունիքը լսեցին դա, հրամայեցին արջառաջիլով անխնա հարվածել նրա մարմնին, և երբ ծեծեցին նրան բազում ժամեր, թագավորն ասաց նրան. «Թշվառական, մինչև ե՞րբ չես հավանելու և զոհ չես մատուցելու մեծ աստվածներին, որ մեծ պատվի արժանանաս և ապրես»: Իսկ սուրբն ասաց. «Ես հանապազ օրհնության պատարագ եմ մատուցում կենդանի Աստծուն, որը փրկում է ինձ ձեր ձեռքերից և կարժանացնի երկնային փառքի ու պատվի: Երանի թե դուք ինձ հավատայիք և երկրպագեիք միակ ճշմարիտ Աստծուն»:

 Այնժամ թագավորը հրամայեց բանտ նետել նրան ու ինքը գնաց արքունիք: Երբ սուրբը բանտում էր, բոլոր հավատացյալները գիշերով գալիս էին նրա մոտ, բանտապետին ինչք տալով մտնում էին և նրանից սովորում հավատն առ Քրիստոս: Եւ ովքեր հիվանդություն ունեին, պեսպես ցավով բռնված, կույրերին էին բերում նրա մոտ, և նա աղոթքով բուժում էր նրանց: Ոմն աշխարհական Գլյուկերի տեսավ բուժումները, որ անում էր, եկավ, ընկավ նրա առաջ, աղաղակելով ասաց. «Հավատում եմ քո Աստծուն, որովհետև Նա է Աստվածը, և ուրիշը չկա բացի Նրանից»: Նույն պահին դահիճներն ու զորականները բռնեցին նրան, տարան թագավորի մոտ` եղածի համար: Իսկ թագավորը զայրացած անունն անգամ չուզեց հարցնել, այլ հրամայեց անդամ-անդամ կտրատել նրան: Իսկ նա, խոստովանելով Քրիստոսին, աղաղակեց. «Աստված ճշմարիտ, որ ստեղծեցիր ամեն բան, մի՛ անտեսիր ինձ, որպես անպիտան անոթ, որովհետև հավատացի Քեզ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, և վախենում եմ, քանի որ առանց սուրբ մկրտության եմ, ուզեցի մկրտվել, բայց չհասցրի: Քո կամքով, Տեր, կփրկվեմ, որի համար աղաչում եմ Քեզ, Տեր Հիսուս, իմ զոհվելու արյունը ինձ մկրտություն համարիր, քանի որ սրտագետ Աստված ես, գաղտնիքների և մտքի հոժարության քննող»: Եւ նրան ձայն հասավ երկնքից, ասելով. «Արի՛, Գլյուկերի, ինձ մոտ ուրախությամբ»: Եւ այսպես զոհվեց սուրբը:

 Եւ դարձյալ գնացին Դիոկղետիանոսին ասացին, թե շատերը գնալով բանտ Գեորգիոսից ուսանում, են և բոլորին իր կողմն է ձգում, բուժելով բազում ծանր հիվանդների: Այնժամ հրամայեց իր մոտ բերել Գեորգիոսին, իսկ Մանգնենտիոսն ասաց թագավորին. «Քրիստոնյա ազգը դժվարամահ է և վիճող, ուստի աղաչիր ողոքանքով այս մարդուն, որ թերևս քո խորհրդով աստվածներին զոհ մատուցի, և նրան պատիվներով բերկրեցնես»: Իսկ սուրբ Գեորգիոսը եկավ արքունիք, սաղմոսելով ասաց. «Աստված, նայիր ինձ օգնելու» (Սաղմ. ԻԱ. 20, ԼԹ. 14, ԿԹ. 2), – և` «Տեր, փութա ինձ ընկերանալու» (Սաղմ. ԿԹ. 2):

 Այն ժամանակ թագավորն սկսեց աղաչել նրան. «Տեր արեգակով և բոլոր աստվածներով [երդվում եմ], եթե ինձ լսես, Գեորգիոս, զոհ մատուցես մեր աստվածներին, քեզ բազում բաներ կնվիրեմ, և թագավորությանս մեջ իմ երկրորդը կճանաչվես, քանի որ խնայում եմ քեզ և ափսոսում, ավելի ցանկանալով քո կյանքը, քան չարաչար մահը` ինձ չլսելուդ պատճառով»: Իսկ սուրբ վկան ասաց. «Լավ ասացիր այժմ: Ինչու չասացիր ինձ այդպիսի բաներ ավելի շուտ. այսքան չարչարանքներից [հետո], ո՞ւր թողնեմ իմ թշնամանքը»: Թագավորն ասում է. «Ինձ` քո հորը վերագրիր այս հանցանքը, զոհ մատուցիր աստվածներին և ինձ հետ կպատվվես արքունիքում»: Իսկ սուրբ Գեորգիոսն ասաց. «Որովհետև իմ պատճառով զղջացիր, թագավոր, այժմ ես կհավանեմ քո մտքին. ուր են քո աստվածները, գնանք նրանց մոտ»: Եւ թագավորը խիստ ուրախացավ և հրամայեց բոլոր պետերին ու զորքին ամբողջ հրապարակով գալ կուռքերի տաճարը, և այսպես քարոզեց. «Ահա Գալիլեացիների գաղափարակից Գեորգիոսը համաձայնեց զոհ մատուցել մեծ Ապողոնին»: Իսկ բոլոր հեթանոսները ոգևորված աղաղակեցին. «Ապողոնը հաղթեց, Դիոկղետիանոս թագավոր, թագավորիր հավիտյանս: Մեծ են թագավորի աստվածները»:

 Նրանք մտան կուռքի տաճարը, և երբ բոլորը լռեցին, կանգնեց սուրբ Գեորգիոսը, նայեց Ապողոնի արձանին, ասաց. «Դու աստվա՞ծ ես, և քեզ մարդիկ պիտի պաշտե՞ն»: Իսկ պիղծ ոգին, որ պատկերի մեջ էր, գոչեց ասելով. «Ես աստված չեմ, և ոչ նա, որ ինձ հետ է, այլ ճշմարիտ Աստված մեկ է, որ ստեղծեց ամեն ինչ, և Նրա Որդի Հիսուս Քրիստոս և Սուրբ Հոգին: Իսկ մենք Նրա հրեշտակներն ենք, ապստամբած Նրանից, կոչվում ենք դև»: Սուրբ Գեորգիոսն ասաց. «Եւ եթե աստված չեք, ինչո՞ւ եք մոլորեցնում մարդկանց և հիմա ինչպես եք համարձակվում լինել այստեղ, [երբ] եկել եմ այստեղ ես` ծառան Աստծու, որ կոչվում է Քրիստոս, Աստծու ճշմարիտ Որդի»: Եւ նույն պահին եղավ մեծ խռովություն և դևերի ողբի գոչյուն, և տաճարի բոլոր կուռքերն ընկան, փշրվեցին, նա Քրիստոսի նշանն արեց ձեռքով ու խոսքով: Եւ հեթանոսների քուրմերը եղածը տեսան, մոտեցան սուրբ Գեորգիոսին, բռնեցին նրան աղաղակելով. «Վերացրու այս կախարդին, որ մոլեգնությամբ բոլորին մոլորեցրեց և կործանեց աստվածներին»:

 Թագավորը զայրացավ, դևերի օգնությամբ և քուրմերի առաջնորդությամբ ասաց սրբին. «Չարագլուխ, լի ամեն տեսակ կախարդությամբ ու մոլորությամբ, ինձ չխոստացա՞ր զոհ մատուցել Ապողոնին»: Սուրբ վկան ասաց. «Անմիտ և անամոթ, ես իմ պատարագը կատարեցի առ Քրիստոս ճշմարիտ Աստվածն իմ, այդ պատճառով ձեր բոլոր աստվածները ապականվեցին: Գոնե այժմ հասկացիր, թագավոր, որ [դրանք] ո՛չ իրենց, ո՛չ ուրիշի կարող են օգնել, քանի որ կուռքերը անմռունչ, իսկ դևերը անմիտ մարդկանց մոլորեցնող են և այժմ Քրիստոսի ծառայի միջոցով կործանվեցին»: Այնժամ Աղեքսանդրիա թագուհին լսեց եղածը, գնաց թագավորի մոտ և նրա առջև աղաղակելով ասաց. «Սուրբ Գեորգիոսի` Քո անհաղթ զորականի Աստված, քավիր իմ մեղքերը և մի՛ հիշիր իմ անզգամ գործերը, Տեր Աստված, այլ հիշիր իմ փոփոխությունը և քրիստոնյաների ու Քո ծառա Գեորգիոսի հետ ինձ մասն ու բաժին տուր»: Նաև բազում ուրիշներ հավատացին Տիրոջը:

 Այնժամ թագավորը բարկացավ, վճիռ կայացրեց սուրբ Գեորգիոսի և Աղեքսանդրայի համար, սուրբ վկային ասելով. «Ահա, ամենաչար Գեորգիոս, նաև թագուհուն մոլորեցրիր և ենթարկեցիր մահվան: Արդ, գնա՛ դու նրա հետ աստվածների հայհոյության համար արժանի դատաստան ստացիր»: Եւ այսպիսի վճիռ կայացրին. «Գեորգիոսին` Գալիլեացիների խորհրդակցին, Ապողոնին չերկրպագելու համար, և որ թագուհուն ևս իր հետ մոլորեցրեց հայհոյելու աստվածներին, այս վճիռն եմ կարդում` հրամայում եմ սրով կտրել նրա գլուխը: Նաև` նրա մոլորեցրած Աղեքսանդրային»: Եւ իսկույն զինվորներն առան նրանց, քաղաքից դուրս տարան: Հոժարությամբ գնալով սպանման ասպարեզ Աղեքսանդրան սուրբ վկայի հետ մտքում աղոթելով Տիրոջը, միայն շրթունքները շարժելով և աչերը երկինք հառնելով, նստեց մի տեղ իր հոգին արձակեց խաղաղությամբ:

 Իսկ սուրբ Գեորգիոսին տարան սպանման տեղը, և ասաց զորականներին. «Մի փոքր սպասեցեք, եղբայրներ, որպեսզի աղոթք անեմ»: Եւ երբ թողին նրան, երկինք նայելով տարածեց ձեռքերը, մեծապես հառաչեց ու ասաց. «Տեր Աստված իմ, որ ամբողջ հավերժից առաջ ես, որին ես ապավինեցի իմ մանկությունից քրիստոնյաների գեղեցիկ և ճշմարիտ ակնկալությամբ և Քո ծառաների անսուտ խոստումով անանց գանձ, որ մեր խնդրելուց առաջ շնորհում ես մեզ Քո ձրի պարգևները, լսիր ինձ, Տեր, և տուր վկայությանս խոստովանությանը մինչև վերջ համբերել: Եւ այժմ ընդունիր իմ հոգին և փրկիր ինձ հողեղեն և պիղծ հոգուց և ի հաճույս Քո ինձ հանգեցրու Քո սրբերի մեջ և թողություն շնորհիր այս հեթանոսներին, որ չարչարեցին ինձ, իսկ Քո ծառաներին, որ դիմում են Քո անվանը, լուսավորիր ճշմարտության գիտությամբ: Չէ որ կամենում ես, որ բոլորը ապրեն. օգնություն առաքիր նրանց, ովքեր դիմում են Քո անվանը, նրանց տուր Քո երկյուղը և ցանկություն, սեր սրբերի նկատմամբ, որպեսզի նրանց հիշատակը կատարելով նմանվեմ նրանց հավատին, որպեսզի արժանի լինեմ նրանց հետ երկնավոր կյանքին և հավիտենից արքայությանը, զի Քոնն է Հոր և Սուրբ Հոգու արքայությունը և փառքը. հավիտյանս ամեն»:

 Աղոթելուց հետո ծունր իջավ, պարանոցը ձգեց և ասաց. «Կատարեցեք թագավորի հրամանը»: Զորականի սրի հարվածով նահատակվեց ի Տեր սուրբ վկան Քրիստոսի Գեորգիոս, մեհեկի ամսի քսաներեքին, ուրբաթ օրը, յոթերորդ ժամին, ի փառս ամենասուրբ Երրորդության, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Ես` Պասիկրատես, սուրբ Գեորգիոսի ծառա, գնալով իմ տիրոջ հետ` ամենայն ստուգությամբ գրեցի հիշատակարանս:

 Այս սքանչելիքի գործը կատարվեց Հունաց կայսր Փոկաս Տյուրանոսի ժամանակ: Եւ հունարենից հայերեն թարգմանեց Մեծ Հայքի սուրբ քահանայապետ Գրիգորիոս Վկայասերը, որին և պսակակից անի Քրիստոսը սուրբ վկային և բոլոր սրբերի աղոթքով, և ինքը լինի օրհնյալ. հավիտյանս ամեն:

Աղբյուր` ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, Աբդա – Գրիգոր Աստվածաբան, Ս. ԷՋՄԻԱԾԻՆ – 2009

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ter Paruyr Մայր Աթոռը՝ մանկապղծության դեպքի մասին. Նման հանցակազմով քրգործ որևէ եկեղեցականի նկատմամբ չի հարուցվել
Հաջորդ նյութը 270901 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության Վարչապետի հետ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Hripsimyanc kuyser
Եկեղեցական տոներՎարք սրբոց

Սուրբ Հռիփսիմյանց կույսեր

27 Մայիսի, 2024
Վարք սրբոց

Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը

20 Մայիսի, 2024
Abgar tagavor
Վարք սրբոց

Ս. ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐ

4 Դեկտեմբերի, 2023
Xevondyanc qahanayi e1484136005222
Եկեղեցական տոներՎարք սրբոց

Ս. Ղևոնդյանց քահանաներ, նահատակներ(†454)

12 Փետրվարի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?