Պահքը երկու բնույթ ունի, մեկը՝ զերծ մնալ, պահել մեղքերից, իսկ մյուսը՝ պահել մարմինը՝ հրաժարվելով որոշ տեսակի կերակուրներից ու ըմպելիքներից: Երկուսն էլ բարի են, սակայն մեղքերից պահելն ավելի կարևոր է երկու պատճառով:
Նախ՝ որովհետև չկա հրաման՝ միշտ պահել մարմինը կերակուրներից, այլ դա լինում է պահոց օրերին, սակայն կա հրաման՝ ամեն օր հեռու մնալ մեղքերից:
Երկրորդ՝ մեղքերից պահելն օգտակար է անգամ առանց մարմնավոր կերակուրներից պահելու, սակայն առանց մեղքերից պահելու մարմնավոր կերակուրներից պահելը ոչ մի օգուտ չի տալիս: Ուստի, վարդապետներն ասում են, որ այն պարագային է մարմնի պահքը գեղեցիկ, երբ հոգին իրեն զերծ է պահում մեղքերից: Եվ ի՞նչ օգուտ մարմինը պահքով նիհարեցնելուց, եթե հոգին գիրանում է մահացու մեղքերով:
Դարձյալ՝ ով պահում է մարմնավոր կերակուրներից, սակայն իր անձը չի պահում մահացու մեղքերից, նրա պահքը նման է սատանայի պահքին, որովհետև սատանան ամենևին չի ուտում, սակայն երբեք չի դադարում մեղանչելուց: Այսպիսի պահքով Աստծուն չեն ընծայվում, ինչպես այդ մասին ասում է Եսային՝ դիմելով Աստծուն ժողովրդի անունից. «Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և Դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, և դու չիմացար»: Սրան Աստված պատասխանում է հետևյալ կերպ. «Ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն էիք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ: Հակառակության ու կռիվների մեջ եք պահում և բռնցքահարում տկարին: Իմ ինչի՞ն է պետք այդպիսի ծոմապահությունը: Այդպիսի ծոմապահությունը չէ, որ Ես ընտրեցի: Քանդի՜ր անիրավության հանգույցները և ների՜ր ու արձակի՜ր նեղյալներին» (տե՜ս Եսայի ԾԸ 3-6): Այսինքն՝ պահի՜ր քեզ ամեն մեղքից, և այդպիսի պահքն ընդունելի կլինի:
Ոմանք պահքի օրերին ոչխարի միս չեն ուտում, սակայն մարդու «միս են ուտում», որն առավել ծանր է, քանի որ անխտիր բամբասում են և սուտ վկայում: Պետք է ամեն օր պահվել մեղքերից, առավել ևս՝ տոն և կիրակի օրերին:
Ժողովրդի մեջ տարածված մի անարգ սովորություն կա, որ տոն օրերին ավելի շատ են մեղք գործում, քան մյուս օրերին, որովհետև ամբողջ շաբաթ զբաղված են լինում իրենց գործերով, իսկ կիրակի օրն անց են կացնում հարբեցողության և խեղկատակության մեջ:
Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի