Սեպտեմբերի 7-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի արժանացած «ԱյԲիԷմ» (IBM) ընկերության Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման խմբի փոխնախագահ Լեոն Սթոկին՝ ուղեկցությամբ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի և գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի։
Հանդիպման սկզբում «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրենը, անդրադառնալով ընկերության կողմից կազմակերպվող ամենամյա մրցանակաբաշխությանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց 2021թ․ դափնեկիր Լեոն Սթոկին և նրա ներդրումը նորարարական տեխնոլոգիաների ստեղծման գործում։
Շնորհավորելով Լեոն Սթոկին ՀՀ պետական մրցանակին արժանանալու առիթով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերջինիս մաղթեց նորանոր իրագործումներ՝ ի նպաստ մարդկության անվտանգ և ապահով կյանքի կերտման։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ապագայի հեռանկարների վերաբերյալ։