Վալենտինի վարդապետութիւնն ի նկատի ունի Իրենիոսը իւր «Հակաճառութիւն ընդդէմ Ստանուն Գիտութեանն» երկի մէջ: Եւ յիրաւի Վալենտինի վարդապետութիւնն ամենից աւելի վտանգաւոր էր, որովհետև նա չնայելով իւր ֆանտաստիքական մտածողութիւններին, քրիստոնէութեան ոգուն, կրօնական տեսակէտից, աւելի մօտիկ էր: Իրենիոսի կարծիքով Վալենտինի վարդապետութիւնը բոլոր հերետիկոսութիւնների գումարումն է. ով որ հերքում է Վալենտինին, նա հերքած կլինի բոլոր հերետիկոսութիւնները:
Վալենտինը Եգիպտացի էր և Աղէքսանդրիայում ստացել էր հելլենական կրթութիւն: Նորա սիստեմը պարզ կերպով ցոյց է տալիս Պիւթագորական-Պղատոնական փիլիսոփայութեան ազդեցութիւնը: Մօտ 140 թուին նա Հռովմ եկաւ և այնտեղ մնաց մեծ յաջողութեամբ քարոզելով, մինչև Անիկէտ պապի ժամանակը (155-166): Նա յոյս ունէր Հռովմում մինչև անգամ եպիսկոպոսանալու: Սակայն նորա ընտրութիւնը չյաջողուեց շնորհիւ այն հանգամանքի, որ մի խոստովանող նոյնպէս իբրև կանդիտատ մէջտեղ էր եկել: Վալենտինի վարդապետութիւնը իւր գլխաւոր գծերով նոյնն է, ինչ որ Բազիլիդէսինը. նա ընդունում է նոյնպէս չորս էութիւններ, իբրև ամեն բանի արմատ. բայց նոցա մէջ ամենից բարձրը անքննելի նախագոյակն է, որին Վալենտինը Բիւթոս է անուանում: Բիւթոսից (proarch կամ propatwr) – Էննոյայից (Մտածողութիւն, Գաղափար) բղխում են Նուսն ու Ալեթէյիան (Միածին Միտք – Ճշմարտութիւն): Մտքից և ճշմարտութիւնից առաջ են գալիս Լոգոսը, Զօէն, Անթրոպոսը Էկկլեզիան, ապա ուրիշ հինգ և վեց զոյգ: Ըստ Վալենտինի այս Էօններից վերջինը, ամենայն հաւանականութեամբ վերջին իգականը, որ Սոփիան էր, ընկնում է կատարելութիւնից ստեղծում է, իբրև մայր, բարձրագոյն տիեզերքի յիշողութեամբ, Քրիստոսին: Բայց նա Քրիստոսին բոլորովին կատարեալ էակ չի կարողանում ստեղծել, այլ նորա վերայ մնում է մահկանացութեան ստուերը: Քրիստոսը, բնութեամբ արական, ազատում է իրեն այդ ստուերից շտապում է նորից դէպի կատարելութիւնը: Իսկ մայրը յետ է մնում ստուերի հետ միասին, դատարկուած հոգևոր գոյութիւնից ծնում է Դեմիուրգին կամ Ամենակալին, միևնոյն ժամանակ մի երկրորդի: Այս երկուսը միասին, իբրև աջակողմեան և ձախակողմեան (հոգևոր – հիւլէական), կառավարում են ստորին աշխարհը:
Վալենտինի — Բազիլիդէսի նշանակութիւնը այն էր քրիստոնէական եկեղեցու համար, որ նոցա վարդապետութիւնը շուտով տարածուեց թէ Արևմուտքում և թէ Արևելքում. մանաւանդ Վալենտինը, որի դպրոցը բաժանուում է իտալական և անատոլիական ճիւղի:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ