Հռովմէական պետութեան սահմաններն էին մի կողմից Եփրատից մինչև Ատլանտեան Ովկիանոս, միւս կողմից Աֆրիկայի անապատներից մինչև Դանուբի շրջակայքում գտնուած երկիրները: Երկար տարիների պատերազմներից յետոյ կարծես մի փոքր ի շատէ խաղաղ ու երջանիկ դրութիւն էր ստեղծուել. միևնոյն իշխանութիւնն ու օրէնքը կապել էին իրար հետ սերտ կերպով պետութեան զանազան մասերն ու տարբեր ազգութիւններին: Հռովմի լեզուն տարածուած էր ամբողջ պետութեան մէջ իբրև պաշտօնական լեզու, այն ինչ յունարէնը Ալէքսանդր Մեծի ժամանակներից սկսած տարածուել էր նաև Արևելքում և այդպէս դարձել գիտութեան լեզուն ո՜չ միայն Աթէնքում ու Հռովմում, այլ և հաւասար չափով նաև Գալլիայում, առաջաւոր Ասիայում և Եգիպտոսում: Ազգութիւնների իրար մօտենալուն մեծ չափով նպաստում էին նաև ճանապարհների կանոնաւոր և անվտանգ հաղորդակցութիւնը ամբողջ հռովմէական պետութեան մէջ և բարձր զարգացման հասած վաճառականութիւնը: Միշտ յիշատակութեան արժանի է այն, որ մի Փռիւգիացի վաճառական իւր գերեզմանաքարի վրայ գրել է տուել, թէ ինքը 72 անգամ Հռովմ է գնացել ու եկել:
Բնական է, որ այդպիսի սերտ հաղորդակցութեան և յաճախակի յարաբերութեան ժամանակ զանազան ազգութիւնների կրօններն ևս փոփոխութիւնների ենթարկուէին և հետզհետէ իրար մօտենային: Եւ յիրաւի մենք տեսնում ենք, որ սկսած այն օրից, երբ Ալէքսանդր Մակեդոնացին Արևելքի և Արևմուտքի սահմանները ոչնչացրեց և երբ նրանից յետոյ յունական տարրը խիստ մեծ չափով ուժեղացաւ Արևելքում, զանազան ազգութիւնների կրօններն ևս ենթարկուեցան յունական կրօնի ազդեցութեան: Այնպէս որ մինչև իսկ օրինակ բուն սեմական աստուածութիւնները իրենց անունները փոխում էին յունական աստուածների անունների հետ, ի հարկէ երբ նոցա ընդհանուր բնաւորութիւնն ու դերը աստուածների համախմբան մէջ իրար համապատասխանում էին: Սակայն չպէտք է կարծել, թէ սեմական աստուածներն իրօք ոչնչանում էին և նոցա տեղը յունականը բռնում, որովհետև էապէս միայն անունն էր փոխում, իսկ ներքին էութիւնը և արտաքին ծիսակատարութիւնները մնում էին նոյնը, շատ թեթև փոփոխութիւններով: Այսպէս ազդում էր Արևմուտքը Արևելքի վրայ, և վերջերն ընդհակառակն Արևելքը Արևմուտքի վրայ իւր միստիքական ծիսակատարութիւններով և անհամեմատ աւելի բարձր կրօնական հասկացողութիւններով (հրէաներ, պարսիկներ). և այս ձևով յառաջ էր գալիս կրօնական գաղափարների և ըմբռնումների մի խառնուրդ, որ յատուկ է մարդկային պատմութեան այն շրջաններին, երբ ազգութիւնները իրենց նեղ ցեղական սահմանները խորտակելուց և ուրիշների հետ շփուելուց յետոյ, տեսնում են որ բացի իրենցից ուրիշներն էլ կան. զգում են, որ իրենց կրօնը այլ ևս բաւականութիւն չէ տալիս իրենց և փնտրում են աւելի բարձրն ու աւելի գոհացուցիչը: Այս տեսակէտից դժուար է ասել, թէ այդպիսի շրջաններում հաւատը պակասել է.-ընդհակառակը խորին հաւատն է, որ մարդկանց ստիպում է եղածով չբաւականանալ և աւելի կատարեալը որոնել:
Ինչքան էլ որ յունական փիլիսոփայութեան զարգացման հետ յառաջ ընթացաւ յունական կրօնի անկումը, ինչքան էլ որ յունական փիլիսոփաները մեծ մասամբ կամեցան փիլիսոփայութիւնը կրօնի տեղ դնել, համարելով ամբողջ կրօնը սնապաշտութիւն, ինչքան էլ յունական մեծ փիլիսոփաների փոքր հետևորդ Հռովմայեցի իմաստունները կամեցան մարդկանց միտքն ու սիրտը ՚Կրօնական երկիւղի նեղ կապերիցՙ ազատել, այնուամենայնիւ այդ չյաջողուեց նրանց, որովհետև նրանք վերցրածի տեղ նոր բան տալ չկարողացան: – Փիլիսոփայութիւնն անհասկանալի էր ամբոխին, իսկ հռովմէական իմաստունները այդ ամբոխին միայն սրուած զգայական կեանք էին քարոզում:
Ժողովուրդը պահեց իւր հին աստուածները և դեռ նոցա վրայ նորերն էլ աւելացրեց շնորհիւ նոր ազգերի հետ ունեցած յարաբերութեան. այնպէս որ ամբողջ հռովմէական կայսրութեան մէջ յառաջ եկաւ կրօնների մի չտեսնուած խառնուրդ: Միակ ընդհանուր միութիւն առաջ բերող կապը ամբողջ պետութեան մէջ կայսրների պաշտամունքն էր, որի իսկական հայրենիքը սակայն ոչ թէ արևմուտքն էր, այլ արևելքը, ուր ի հնուց անտի իշխաններն իբրև Աստուած էին պաշտւում: Հռովմում գոյութիւն ունէր սկզբում միայն արդէն մեռած կայսրների պաշտամունքը և Սենատն իրաւունք ունէր վերջիններիս համար աստուածպաշտական կարգեր սահմանելու: Յուլիոս Կեսարի մահից յետոյ օրինակ Սենատն հրատարակեց, թէ նա Աստուած է դարձել. այդպէս և Օգոստոս կայսեր մահից յետոյ: Ապագայում բոլոր կայսրներն Աստուած հրատարակուեցին և ինչպէս իւրաքանչիւր Աստուած, այնպէս էլ սոքա իրենց քահանաներն ստացան: Հետաքրքիրն ու կարևոր նշանակութիւնն ունեցողը այս խնդրում սակայն այն է, որ կայսրներն իրենք շատ համակրութեամբ էին վերաբերւում իրենց նուիրած պաշտամունքին և նրա զօրանալուն ամէն կերպ նպաստում էին: Եւ քրիստոնէութեան առաջ ամենամեծ դժուարութիւններն էր հանում այս պաշտամունքը այն պատճառով, որ այն էր ամբողջ պետութեան միակ միացուցիչ ոյժը կրօնի տեսակէտից, որի դէմ մեղանչելը քրէական յանցանք էր համարում կայսեր անձնաւորութեան դէմ. իսկ քրիստոնեաները մարդուն պաշտօն մատուցանել չէին կարող:
Սխալ է կարծել, թէ երբ քրիստոնէութիւնն հանդէս եկաւ, աշխարհը պատրաստ էր այն ընդունելու համար: Քրիստոնէութիւնը չեկաւ մեռած մի բան ոչնչացնելու և նրա տեղը բռնելու. ընդհակառակը քրիստոնէական առաջին երեք դարերի պատմութիւնը ցոյց է տալիս, որ նա գործ ունէր մի կենդանի և դեռ կենսունակ հակառակորդի հետ, և որ եթէ քրիստոնէութիւնը ի վերջոյ յաղթող հանդիսացաւ, ոչ թէ իւր հակառակորդի թուլութեան շնորհիւ էր, այլ աւելի այն պատճառով, որ քրիստոնէութիւնը շատ աւելի կենսունակ էր, քան թէ իւր բոլոր հակառակորդները, որ նրա մէջ անյաղթելի ուժեր կային:
Հեթանոսներն այս շրջանում ոչ միայն իրենց հաւատը չէին կորցրել, այլ դեռ ևս շատ խորն էին թաղուած նաև սնապաշտութիւնների մէջ: Այդ կարելի է հեշտութեամբ ապացուցանել. արդէն Պօղոս առաքեալը Աթէնացիների համար ասում է, թէ նոքա շատ մոլեռանդ են կրօնական խնդիրներում (Գործք Առաքելոց ԺԷ. 22 շար.): Հեթանոսները նոյնչափ հաւատում էին հրաշքների, որչափ քրիստոնեաները. 2. ու 3. դարում մինչև անգամ նորանոր գուշակներ էին հանդէս գալիս և մեծ ընդունելութիւն գտնում: Հեթանոսները շատ աւելի էին աղօթում, քան թէ քրիստոնեաները, այնքան շատ, որ մարդիկ կռւում էին այդ բանի դէմ. արձանագիր աղօթքներն, որ մեր ձեռքն են հասել մեծ քանակութեամբ, կենդանի ապացոյց են ասածներիս: Ծիսակատարութիւններին մասնակցողների թիւը ոչ թէ պակասել էր, այլ շարունակ աւելանում էր: Մեծ Պլինիոսն ինքն անհաւատ էր, բայց նա ասում է թէ՝ «Կրթուածները շատ հաստատուն կերպով հաւատում են աստուածներին»: Սամոսատացի գրող Լուկիանոսը (Բ. դարում), որ ընդհանրապէս ծաղրում է ամէն հաւատ ու աստուածութիւն, ասում է. «Միայն մի քանիսն են անհաւատ. կրթուածների մեծ մասն հաւատացող է, այլ և բազմութիւնն ու բոլոր բարբարոսները»: Բայց անհաւատութիւնը քանի գնաց տարածուեց և նրա ամենածաղկած ժամանակը Քրիստոսի ծննդեան նախորդ և հետևող դարն էր: Առանց որև է վտանգի կարողանում էին Կատոնն ու Յուլիոս Կեսարը իրենց անհաւատութիւնը նաև Սենատում հռչակել. անհաւատութիւնը իմաստութիւն էր համարւում և ժամանակի գիտունների կարծիքով ճշմարիտ Աստուածը բնութիւնն է:
Սակայն արդէն Բ. դարում դրութիւնը փոխուած էր և մարդիկ չէին կամենում առանց աստուածների ապրել, ինչպէս վերևում տեսանք Լուկիանոսի խօսքերից: Փիլիսոփայութեան պատմութիւնն ևս ցոյց է տալիս, որ այս շրջանում փիլիսոփայական զանազան դպրոցներն, ինչպէս Ստոյիկեաններն ու մինչև անգամ Սկեպտիկները ժողովրդի կրօնն ու հաւատը յարգում էին ու աշխատում միայն նախապաշարումներից ազատել ժողովրդին: Մինչև անգամ նոր փիլիսոփայական դպրոց յառաջ եկաւ՝ ժողովրդին նոր կրօն տալու համար, այսպէս կոչուած Նոր Պղատոնականութիւնը, որի հիմնադիրն էր Ամոնիոս Սակկաս, քրիստոնեայ ծնողների զաւակ: Սրա աշակերտն ու Նոր Պղատոնականութեան ամենանշանաւոր փիլիսոփան էր Եգիպտոսում ծնուած Պլոտինը († 270), որը միաստուածութիւն էր քարոզում և այդ մի Աստծուն իբրև ամենաբարձր և անբաժանելի սկզբունք, protoz qeoz, ընդունում: Այդ Աստծուց է ծագումն առնում ամբողջ կեանքը, և բոլոր էութիւնները աստիճանական կարգաւորութեամբ նրանից են դուրս ելնում, բարձրից դէպի ցածրը դիմելով: Աշխարհի անկատար լինելը բացատրւում է նրանով, որ նիւթը միացած է հոգու հետ. հոգու նպատակն ու ձգտումն է կրկին դէպի կատարելութիւն, դէպի ամենաբարձրը դիմել, որից առաջ է եկել նա. այդ է նրա առաքինութիւնը: Առանձին հոգիները վերջը պիտի միանան դարձեալ ամենաբարձրի՝ Աստուծոյ հետ: Այս կրօնական փիլիսոփայութիւնը քրիստոնէութեան հակառակորդն էր և կոչուած էր հռովմէական աշխարհը կորստից ազատելու: Սակայն փիլիսոփայութեան վերջին ուշադրութեան արժանի փորձն էլ անկարող եղաւ կրօնը փոխարինել և ստիպուած եղաւ տեղի տալ քրիստոնէութեան առաջ, որովհետև փիլիսոփայութիւնը չկարողացաւ ժամանակի ապականուած բարքերը վերանորոգել և բարոյական հասկացողութիւնների վրայ ազդել, այն ինչ միայն դրանով հնարաւոր էր անխուսափելի կորուստը գէթ առժամանակ կանգնեցնել: Ժամանակի թատրոններն ու ցիրկերը ամենախայտառակ անբարոյականութիւնների բուն էին դարձել և այդպիսի հաստատութիւնները գոյութիւն ունէին ո՜չ միայն Հռովմում, այլ և պետութեան միւս նշանաւոր քաղաքներում: Կեանքի բարոյական նպատակը մարդկանց համար ամենևին գոյութիւն չունէր այլ ևս և հասկացող մարդիկ քանի գնում, այնքան յոռետես էին դառնում:
Փիլիսոփաների մի մասն սկսեց կեանքից հեռու քաշուել և կեանքը չարիք հրատարակել: Սենեկան օրինակ միանգամայն անհասկանալի էր գտնում որ այդքան շատ ստրուկներ կամովին ապրում են և իրենք իրենց կեանքին վերջ չեն դնում: Սակայն Սենեկան ինքը, որ կեանքի մէջ բարոյական նպատակների գոյութիւնը անհրաժեշտ էր համարում և այդպէս էլ քարոզում, ամենաանբարոյական մարդկանցից էր: Նա պաշտպանում էր մինչև անգամ իւր սեպհական մօր սպանութիւնը. և ստրուկների դրութիւնը անելանելի համարողն ու նրանց մահ առաջարկողը 20 միլիոն րուբլու կարողութիւն ունէր: Նոյն ուղղութեան բայց աւելի համակրելի ներկայացուցիչ էր Էպիկտետը (Բ. դարու սկզբում): Նրա վարդապետութեան ուղն ու ծուծն էր «հրաժարումն ամէն բանից»: Սակայն այս բարոյախօսներն էլ մի մեծ ազդեցութիւն ձեռք բերել չկարողացան, որովհետև անբարոյականութիւնը, որ նրանց հակառակորդն էր, շատ աւելի մեծ ոյժ էր: Բարոյականութիւնը քանի գնում ընկնում էր. մարդիկ առաջին դարում օրինակ աւելի բարոյական էին, քան Բ. դարում. Բ. դարում աւելի բարոյական, քան Գ. դարում ևլն: Հեթանոսական աստուածների հաւատն այլ ևս անկարող էր դարձել բարոյականութիւնը պաշտպանել և այդ պատճառով կարևոր էր աշխարհի համար մի նոր հաւատ, մի նոր կրօն, որ կարողութիւն ունենար մարդկանց անբարոյական հակումները զսպել և մարդկութեան ընկած բարքերը բարելաւել: Այս տեսակէտից միայն կարելի է ասել, թէ երբ եկաւ ժամանակի լրումը, Աստուած ուղարկեց իւր Որդուն աշխարհ (Գաղատ. Դ. 4):
Սակայն չպէտք է մոռանալ անշուշտ նաև այն հանգամանքները, որ քրիստոնէութեան ընդունելութեան և տարածման համար նպաստաւոր էին: Այդպիսի բարեյաջող հանգամանքներ էին օրինակ՝ Յոյն և Լատին լեզուի համաշխարհային լեզու դառնալը, ճանապարհների յարմարաւոր հաղորդակցութիւնն ու կանոնաւորութիւնը, հրէաների ամբողջ հռոմէական պետութեան մէջ տարածուելը և այլն: Բացի այդ՝ Յուլիոս Կեսարից առաջ աշխարհը դեռ կանոնաւոր խաղաղութիւն չէր տեսել. իսկ Օգոստոս կայսրից յետոյ ամբողջ 100 տարի խաղաղութիւն էր տիրում: Թէ ի՛նչքան մեծ բան է նշանակում 100 տարուայ անդորր կեանքը ազգերի համար, բացատրելն աւելորդ է. այսքանը պարզ է, որ այդ խաղաղութիւնը շատ մեծ չափով է նպաստել քրիստոնէական քարոզչական գործին: Հռովմէական պետութիւնը այսպիսով ստեղծել էր մի համայնական քաղաքակիրթ աշխարհ և արդէն ժամանակն էր, որ տիեզերական կրօնը գար այդ աշխարհը տիրապետելու համար:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ