Լեվոնի տումար (Tomos Leonis), Հռոմի Լևոն I պապի (440–461) դավանական թուղթը՝ ուղղված Կ. Պոլսի պատրիարք Ֆլաբիանոսին (447–449): Գրվել է 449-ի հունիսի 13-ին՝ ընդդեմ Եվտիքեսի վարդապետության :
Լևոնի տոմարի վրա է հիմնված 451-ի Քաղկեդոնի ժողովի՝ Քրիստոսի երկու բնությունների վերաբերյալ դավանական բանաձևը:
Լևոնի տոմարը դավանում է երկու բնություն մարմնավորումից (մարդեղությունից) հետո. «Երկու բնությունները միավորված են մեկ անձի մեջ»,– սա է Լևոնի տոմարի դավանական գլխավոր ձևակերպումը: Մեկ դեմք, մեկ անձ, երկու բնություն. Քրիստոսի երկու բնությունները տարբեր են իրարից, և այդ բաժանումը սկզբունքային է Լևոնի տոմարի համար, որը Քրիստոսի մեջ ամեն ինչ փորձում է տեսնել բաշխված ըստ մարդեղության և աստվածության:
Ըստ Լևոնի տոմարի, չարչարվել է Քրիստոսի մարդկային բնությունը, փառավորվել՝ աստվածայինը: Խաչվողը և մեռնողը մարդկային բնությունն է, հարություն առնողը՝ աստվածայինը: Անարգվողը, տառապանքներ և զրկանքներ կրողն այլ է, հարություն առնողը, երկրպագվողը, հրաշագործողը՝ այլ: Քրիստոսի երկու բնությունների տարբեր և բաժան «գործառույթները», այսինքն՝ երբ յուրաքանչյուր բնություն ունի իր հատկությունը, որն արտահայտությունն է Անտիոքի աստվածաբանական դպրոցի քրիստոսաբանական երկվության, Լևոնի տոմարի ընդունում է որպես հավատքի խոստովանության հիմք: Ուղղված լինելով եվտիք ականության դեմ՝ այն ամեն կերպ փորձել է տարանջատել աստվածությունը մարդեղությունից, որպեսզի վերջինս չկորչի աստվածայինի մեջ և չխառնվի նրա հետ՝ եվտիքեսյան շփոթից խուսափելու համար: Քրիստոսին բաժանելով ըստ աստվածության և մարդեղության՝ Լևոնի տոմարը միաժամանակ փորձել է խույս տալ ծայրահեղություններից և պահպանել աստվածության ու մարդկության ամբողջականությունը Քրիստոսի մեջ:
Լևոնի տոմարի աստվածաբանական ընկալումներն ու քիստոսաբանական ըմբռնումները հստակվել և ամբողջականացել են Քաղկեդոնի ժողովի ընդունած դավանական որոշումներում:
Արևելյան, այդ թվում և Հայ եկեղեցու քրիստոսաբանությունը, մերժում է ցանկացած բաժանություն կամ երկվություն Քրիստոսի մեջ: Չկա բաժանում երկու բնությունների միջև, քանի որ և՛ չարչարանքների, և՛ փառքի կրողը Աստվածամարդն է՝ աստվածամարդկային մեկ անբաժան բնությամբ: «Եւ ոչ է ասել զմի Քրիստոս երկուութիւն»,– այսպես է ձևակերպել Հայ եկեղեցին իր ըմբռնումը քրիստոսաբանական այս հարցի վերաբերյալ:
Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի օրոք ընդունելով Լևոնի տոմարը և Քաղկեդոնի ժողովը լռելյայն մերժող Զենոն կայսրի «Հենոտիկոնը»՝ Հայ եկեղեցին իր անհամաձայնությունն է հայտնել Լևոնի տոմարի քրիստոսաբանական բանաձևումների հանդեպ: 506-ի Դվինի Ա ժողովում Հայ եկեղեցին կրկին իր մերժողական դիրքորոշումն է արտահայտել, իսկ 554-ի Դվինի Բ ժողովն առաջին անգամ պաշտոնապես դատապարտել և նզովել է Լ. տ-ի դավանական բանաձևը և Քաղկեդոնի ժողովը: Հայ դավանաբանական գրվածքներում Լ. տ. առաջին անգամ բացահայտորեն նզովվել է VII դ. սկզբին՝ Վրթանես Քերթող կաթողիկոս. տեղապահի, Աբրահամ Ա Աղբաթանեցի և Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսների թղթերում:
Աղբյուր՝ Ք.Հ. հանրագիտարան