Ես 1.2-15։ Հռ 6.12-23։ Մտ 12.1-8։
Եսայի
2Լսի՛ր, երկի՛նք, եւ ակա՛նջ դիր, երկի՛ր, քանզի Տէրն է խօսում. «Զաւակներ ունեցայ եւ մեծացրի, իսկ նրանք ինձ անարգեցին։ 3Եզն իր տիրոջն է ճանաչում, եւ էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայէլն ինձ չճանաչեց, իմ ժողովուրդն ինձ չհասկացաւ։ 4Վա՜յ մեղաւոր ազգին. մեղքերով լի ժողովո՛ւրդ, չարագո՛րծ սերունդ, անօրէ՛ն ծնունդներ, թողեցիք Տիրոջը, բարկացրիք Իսրայէլի սրբին։ Նրանք օտարացան ու յետ քաշուեցին։ 5Ինչո՞ւ էք անօրէնութիւնների վրայ նոր վէրքեր աւելացնում։ Ամէն գլուխ ցաւի մէջ է, ամէն սիրտ՝ տրտմութեան։ 6Ոտքերից մինչեւ գլուխ նրա վրայ առողջ տեղ չկայ. վէրքերի, այտուցների եւ շարաւոտ խոցերի վրայ դնելու ո՛չ սպեղանի կայ, ո՛չ ձէթ եւ ո՛չ էլ վիրակապ։ 7Ձեր երկիրն աւերակ է, ձեր քաղաքները՝ հրոյ ճարակ. թշնամի ցեղերից աւերուած ու ամայացած ձեր հողի բարիքները ձեր իսկ աչքի առաջ օտարներն են ուտում։ 8Սիոնի դուստր Երուսաղէմը պիտի մնայ լքուած, ինչպէս տաղաւարը՝ այգում, մրգապահների հիւղակը՝ սեխի պարտէզում, ինչպէս պաշարման մէջ գտնուող քաղաքը։ 9Եթէ Զօրութիւնների Տէրը մեզ սերունդ թողած չլինէր, կը դառնայինք Սոդոմի պէս, կը նմանուէինք Գոմորին։ 10Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրէք Աստծու օրէնքներին, ո՛վ Գոմորի մարդիկ։ 11«Իմ ինչի՞ն են պէտք ձեր բազմաթիւ զոհերը, -ասում է Տէրը,-ես կշտացել եմ ձեր խոյերի ողջակէզներից. ձեր գառների ճարպը, ցուլերի ու նոխազների արիւնը չէ, որ ուզում եմ, 12եւ ոչ էլ այն, որ գաք ու կանգնէք իմ առաջ։ Ո՞վ խնդրեց դա ձեզնից. մի՛ շարունակէք կոխոտել իմ գաւիթները։ 13Եթէ ազնիւ ալիւրի հաց մատուցէք ինձ՝ զուր է լինելու. ձեր խնկերն էլ են պիղծ են ինձ համար. ձեր ամսամուտները, շաբաթները եւ տօնական մեծ օրը եւս անընդունելի են ինձ. 14ձեր պահեցողութիւնն ու հանգիստը, ձեր ամսամուտներն ու տօները ատեց իմ հոգին։ Կշտացել եմ ձեզնից, այլեւս չեմ ների ձեր մեղքերը։ 15Երբ աղօթքի համար դէպի վեր բարձրացնէք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզանից, եւ եթէ բազմապատկէք ձեր աղօթքները, չեմ լսելու ձեզ, որովհետեւ ձեր ձեռքերը լի են արիւնով։
Հռոմէացիներ
12Այսուհետեւ մեղքը թող չթագաւորի ձեր մահկանացու մարմիններին՝ հնազանդեցնելու ձեզ իր ցանկութիւններին։ 13Եւ ձեր մարմնի անդամները, որպէս անիրաւութեան գործիք, ի ծառայութիւն մեղքի մի՛ պատրաստէք, այլ յանձնեցէ՛ք ձեզ՝ ի ծառայութիւն Աստծու, որպէս մեռելներից կենդանի դարձածներ, իսկ ձեր մարմնի անդամները՝ արդարութեան գործիքներ՝ ի ծառայութիւն Աստծու, 14որպէսզի մեղքը ձեզ չտիրի. քանզի օրէնքի տակ չէք, այլ՝ շնորհի։ 15Իսկ արդ, ի՞նչ։ Մե՞ղք գործենք, որովհետեւ օրէնքի տակ չենք, այլ՝ շնորհի։ Քա՛ւ լիցի։ 16Չգիտէ՞ք, թէ ում համար, որ դուք ձեզ ծառայութեան մէջ էք դնում հնազանդութեան համար, ծառայ էք, ում որ հնազանդւում էք. եթէ՝ մեղքին՝ մահուան է տանում, իսկ եթէ՝ Աստծու հնազանդութեանը՝ արդարութեան։ 17Բայց գոհութիւն Աստծու. մեղքի ծառաներ էիք, բայց ի սրտէ հնազանդուեցիք այնպիսի վարդապետութեան, որ ձեզ աւանդուեց։ 18Արդ, մեղքից ազատագրուածներդ ծառայեցէ՛ք արդարութեան։ 19Մարդկայնօրէն եմ ասում՝ ձեր մարդկային տկարութեան պատճառով. եւ ինչպէս որ ձեր մարմնի անդամները տուեցիք անօրինութեանը, որպէս ծառաներ պղծութեան եւ անօրինութեան, նոյնպէս եւ այժմ ձեր մարմնի անդամները տուէ՛ք սրբութեան համար՝ որպէս ծառաներ արդարութեան. 20որովհետեւ, մինչ մեղքի ծառաներն էիք, ազատ էիք արդարութեան հանդէպ։ 21Իսկ արդ, ի՞նչ պտուղ ունէիք ան ժամանակ, որի համար այժմ ամաչում էք. որովհետեւ դրանց վախճանը մահ է։ 22Բայց այժմ, ազատուած մեղքից եւ ծառայ դարձած Աստծուն՝ ձեր պտուղն էք տալիս սրբութեամբ, եւ նրա վախճանը կեանք է յաւիտենական. 23քանի որ մեղքի վարձը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի միջոցով։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
12 Յիսուս, շաբաթ օրով, անցաւ արտերի միջով. նրա աշակերտները քաղցած էին եւ սկսեցին հասկ պոկել եւ ուտել։ 2Փարիսեցիները երբ այս տեսան, Յիսուսին ասացին. «Ահա քո աշակերտները անում են մի բան, որ շաբաթ օրն անել օրինաւոր չէ»։ 3Եւ նա նրանց ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ քաղց զգաց նա եւ նրանք, որ նրա հետ էին։ 4Թէ ինչպէս մտաւ Աստծու տունը եւ կերաւ առաջաւորութեան հացը, որն ուտել օրէնք չէր ո՛չ նրա եւ ո՛չ էլ նրա հետ եղողների համար, այլ միայն՝ քահանաների համար։ 5Կամ թէ Օրէնքում չէ՞ք կարդացել, որ շաբաթ օրերը տաճարում քահանաները պղծում են շաբաթը եւ անմեղ են։ 6Բայց ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից մեծ մէկը կայ։ 7Եւ եթէ իմանայիք, թէ ի՛նչ է՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ, ապա դուք անպարտներին չէիք դատապարտի. 8ուրեմն մարդու Որդին շաբաթ օրուայ տէրն է»։