Այս հսկայական մեքենայի գլուխը գտնվում է Բրուկլինում, Նյու Յորքի արվարձանում, և այդպես էլ կոչվում է՝ Ղեկավար մարմին։ Ղեկավար մարմինն է տալիս բոլոր հրահանգները, ցուցումները, որոնք անհրաժեշտ են կազմակերպություն-պետության գործունեության ու կենսունակության համար։ Այսօր Ղեկավար մարմինը բաղկացած է Տասներկու «օծյալ» ծերունիներից՝ երկնային դասից, որոնց նախագահն է Հենշելը։ Այս երկնային դասին պատկանողները կամ օծյալները համարվում են 144.000 օծյալների դասի անդամներ, որոնք մահվանից հետո անմիջապես պիտի վերանան երկինք՝ երկնային դասին միանալու համար։ Կազմակերպության անդամները այդ դասին անվերապահորեն հնազանդվում են։ Որևէ հասարակ անդամի համար այդ երկնային դասը ամենամեծ և միակ հեղինակությունն է համարվում։ Նրանցից եկած ամեն մի հրահանգ համարվում է Աստվածային՝ անձամբ Եհովայից եկած։ Երկրորդ նախագահը ասում էր, որ ինքը Եհովայի բերանն է, որ իր միջոցով Եհովան է խոսում, հրահանգներ ուղարկում մարդկությանը։ Այդ նույն դիրքորոշումը չի փոխվել և նույն տեսակետն է իշխում նաև այսօր։ Ստորին օղակներ են համարվում ժողովները, իսկ հավաքատեղին՝ Թագավորական սրահ ու ոչ՝ եկեղեցի։ Այս ժողովները ղեկավարում են վերակացուները կամ ծերերը։ Ժողովների վերակացուները կամ ծերերը ունեն իրենց օգնական սպասավորները (սարկավագներ):
Քսան ժողովների միությունը կազմում է շրջանը, որը ղեկավարում է շրջանային վերակացուն։
Տարին երկու անգամ շրջաններում անց են կացվում համաժողովներ։ Շրջաններն էլ միավորվում են ավելի մեծ տարածքային միավորման մեջ՝ իրենց համապատասխան վերակացուով (եպիսկոպոսով): Բոլոր նոր ցուցումները, որ գալիս են Ղեկավար մարմնից, ներկայացնում են այս միավորման համաժողովներին, որոնք իրենց հերթին նույնը ներկայացնում են ստորին օղակներին և այդպիսով Եհովայի հրահանգները հասնում են հասարակ վկաներին։
Մարզային ժողովների միավորումը ճյուղ է կոչվում, ճյուղերի միավորումը՝ Գոտի (զոնա) և ամենավերին օղակը՝ Կենտրոնակայան (շտաբ)՝ Բրուկլինում։ Բոլոր աղանդների նման, Եհովայի վկաների շարժումը ընդունում է, որ ամբողջ աշխարհում միակ ճիշտը իրենք են։ Մնացած բոլոր գոյություն ունեցողները՝ կաթոլիկ, ուղղափառ եկեղեցիները, բողոքական կրոնական կազմակերպությունները կեղծ են և Աստծուն թշնամի։ Նրանց բոլորի ետևում կանգնած է սատանան և նրանց բոլոր քարոզներն ու վարդապետությունները սատանայական են։ Համաձայն Եհովայի վկաների Նիկիայի ժողովից հետո, երբ ընդունվեց Ս. Երրորդության դավանանքը, բոլոր եկեղեցիները մերժվեցին Եհովայի կողմից։ Դիտարաններում և ընդհանրապես նրանց վարդապետության մեջ ամենուր «եկեղեցի» բառը փոխարինված է նրա հոմանիշով՝ ժողովով, դրանով շեշտելով, որ եկեղեցի աշխարհում գոյություն չունի, այլ գոյություն ունի Եհովա Աստծու կազմակերպություն, իսկ եկեղեցին դա երկնային 144,000 օծյալներն են։
Եկեղեցու մասին Եհովայի վկաների այս թյուր պատկերացումից էլ բխում են նրանց գործունեության ձևերը և համոզմունքները։ Ամեն մի Եհովայի վկա համարվում է ավետարանիչ։ Ավետարանչություն ասելով նրանք հասկանում են գրքեր տարածելը մարդաշատ վայրերում, մետրոների կայարաններում, փողոցներում։
Պարտադիր է համարվում նաև պատահական տների դռները թակելը և «բարի լուրը» քարոզելը։ Ամսական 100 ժամից ավելի ավետարանչություն անող «ավետարանիչը» կոչվում է Պիոներ. Այսինքն, պիոները միջին հաշվով օրական 3-4 ժամ պետք է դրսում գրքեր տարածի։ Այս ցուցանիշը բավականին բարձր է, և լավ կազմակերպելու դեպքում, նրանք կարող են մի քանի տարում իրենց ավետարանը կամ μարի լուրը՝ Բրուկլինից բխած հրահանգները, հասցնել մեկ միլիոնանոց քաղաքի բոլոր բնակիչներին։ Մի կարևոր հանգամանք ևս. պիոներական կազմակերպությունը այդ ամենը կատարում է ոչ թե սիրուց դրդված, այլ որպես պարտականություն, քանի որ հակառակ դեպքում կզրկվեն հետագա աստիճաններով բարձրանալու հնարավորությունից։ Ավետարանիչների միջին տարեկան պլանը՝ 1200 ժամն է համարվում։
Գործունեության այս ձևը բնորոշ է տիպիկ կուսակցական կազմակերպություններին՝ բանակային խստագույն կանոնադրությամμ ու օրենքներով հանդերձ։ Եհովայի վկաները, որպես միակ Աստվածային պետության ներկայացուցիչներ, մերժում են բոլոր պետությունների օրենքներին ու կարգերին հնազանդվելը« համարելով այդ հավասարազոր սատանային երկրպագելու։ Հենց այս պատճառով է, որ նրանց շարժումը շատ պետություններում արգելված է։ Նրանք մերժում են ցանկացած պետական, ազգային տոներ, իրադարձություններ, համարելով դրանք կռապաշտության դրսևորում։ Ավելին, որևէ անհատի հետ կապված հիշարժան օրերն էլ համարվում են հեթանոսության դրսևորում ու մերժվում են (ծննդյան օր, մահ և այլն) Եթե որևէ մեկը «բռնվում» է նման վայրերում, ապա նրան կտրում են, հեռացնում են կազմակերպությունից։ Այս շատ նման է 20-30-ական թվականների կոմերիտական-կուսակցական կազմակերպություններին, որոնք եկեղեցում մոմ վառելու համար անդամներին հեռացնում էին կոմերիտմիությունից կամ պիոներիայից։ Երկնային օծյալ դասի ամեն մի հրահանգի հանդեպ այլ կարծիք ունենալը դատապարտելի է՝ անհնազանդություն է դիտվում բուն Եհովային։ Սուրբ Գրքի միակ մեկնաբանը համարվում է Կազմակերպությունը, անդամները պետք է միայն հասկանան այն, ինչ հրահանգում է Կազմակերպությունը։ Այլ մեկնություններ տալը որակվում է սատանայական։ Դիտարանի համարներից մեկում կարդում ենք. «Եթե մենք քայլում ենք ճշմարտության լույսով, մենք կճանաչենք ոչ միայն Եհովա Աստծուն որպես Հայր, այլ նաև նրա Կազմակերպությանը որպես մեր մայրը» (Դիտարան, V. 1957):
Այս առումով Դիտարանի քարոզությունների առանցքը կազմում է այն իրողությունը, որ առանց Կազմակերպության կամ Կազմակերպությունից դուրս անհնար է հասկանալ Ս. Գիրքը։ Բայց, քանի որ Ս. Գիրքը միշտ չէ, որ բավարարում էր Եհովայի վկաներին և այդ փաստը կարող էր առաջ բերել անհամաձայնություններ Դիտարանի քարոզած դրույթներին, ապա անհրաժեշտություն զգացվեց «վերաձևել» այն: Այդ առումով երրորդ նախագահի՝ Նորի մեծագույն ծառայությունը համարվում է Եհովայի վկաների վարդապետության համեմատ Ս. Գրքի մի նոր թարգմանության ու հրատարակության ձեռնարկումը« որն իրականացվեց 1952 թվականին։ Այդ թարգմանությունը անվանեցին «Նոր Աշխարհի թարգմանություն» (New World Translation – NWT), այդպիսով մնացած բոլորը որակելով ոչ ճիշտ արտահայտող Եհովայի կամքը:
ՂԵՎՈՆԴ ՔԱՀԱՆԱ ՄԱՅԻԼՅԱՆ