Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը տարբեր ժամանակներում մասնակի վերանորոգումների ենթարկվել է, սակայն ամբողջական հիմնանորոգման աշխատանքներ երբեք չեն եղել: Անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամբողջական հիմնանորոգման և ամրակայման անհրաժեշտություն կա: 2016-ից սկսվել են Տաճարի վերանորոգման և ամրակայման բուն շինարարական աշխատանքները, որոնց ընթացքի, վերանորոգման նախագծի մասին Panorama.am-ի հարցերին պատասխանել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:
-Ե՞րբ են սկսվել Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման, ամրակայման արտաքին աշխատանքները:
-Հայոց ազգի համար Սրբություն սրբոց հանդիսացող Ս. Էջմիածնի Մայր Տաճարը միշտ էլ գտնվել է Հայոց Հայրապետների և մեր աշխարհասփյուռ ժողովրդի առանձնահատուկ խնամքի և հոգածության ներքո, քանի որ միշտ դեպի Ս. Էջմիածին է պարզված եղել հայի հայացքը և ձեռքը, իսկ սիրտը տրոփել Մայր Տաճարից բխող օրհնությամբ: Այս իմաստով տարբեր ժամանակներում հարկ է նկատվել որոշակի մասնակի նորոգչական աշխատանքների: Այս անգամ խոսքը գնում է հնամենի տաճարի ամբողջական հիմնանորոգության և ամրակայման մասին. դրա անհրաժեշտությունը մատնանշեցին անցկացված ուսումնասիրությունները: Տաճարի վերանորոգման և ամրակայման բուն շինարարական աշխատանքները սկսվել են 2016 թվականին, սակայն դրանց նախորդել է հետազոտական և նախագծային աշխատանքների մի ամբողջ փուլ 2012 թվականից:
-Ամբողջական ե՞րբ կավարտվեն այդ աշխատանքները, քանի որ բավականին երկար ժամանակ է Մայր Տաճարը շրջապատված է արտաքին երկաթյա կաղապարներով:
-Այո, երկար ժամանակ է, ինչ Մայր Տաճարը պատված է շինարարական տախտակամածով, սակայն այդ ամենն անհրաժեշտ էր` կատարելու հսկայածավալ հետազոտական աշխատանքը: Ելնելով ծրագրված աշխատանքների բնույթից` առաջիկային ևս, կարծում եմ, որ դեռ երկար ժամանակ Մայր Տաճարն իր այցելուներին կդիմավորի նման հանդերձանքով: Այդուհանդերձ, փառք Աստծո, որ այսօր հասունացել է պահը, իսկ ավելի ճիշտ ընձեռվել է հնարավորությունը անելու անհրաժեշտը` ուղղված մեր ազգի հոգևոր մեծագույն սրբավայրի կյանքի երկարացմանը:
Սա մեծ պատասխանատվություն է և նաև երջանկություն` թե՛ մասնակիցը լինելու և թե՛ ականատեսը կարևոր ու պատմական նշանակություն ունեցող այս գործողության: Վստահ ենք, որ սա միևնույն ժամանակ գոհունակության և մխիթարության զգացում առաջացնում յուրաքանչյուր էջմիածնասեր հայորդու սրտում:
-Վերանորոգման աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված նախագծի՞, արդյո՞ք նախագծից որևէ շեղում նկատվել է: Ո՞ւմ կողմից է հաստատվել վերանորոգման նախագիծը:
-Նշեմ, որ հետազոտական աշխատանքների արդյունքում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նախ մշակվեցին բոլոր նախագծերը, ապա դրանք քննարկվեցին Հայաստանի մշակույթի նախարարության Գիտա-մեթոդական խորհրդի նիստերում: Հավանության արժանանալուց հետո նախագծերը առաքվեցին նաև ՅՈՒՆԵՍԿՕ, քանի որ Մայր Տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում, և համաձայնեցվեցին պատկան կառույցների հետ: Այդ ամենից հետո միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սկսվեց այս կարևոր նախագծի հաջորդ փուլը` շինարարական աշխատանքները, որոնք ևս պետք է իրականացվեն փուլ առ փուլ: Աշտատանքները նոր են մեկնարկել, դեռ որևէ շեղում չի արձանագրվել:
-Վերջին անգամ ե՞րբ էին վերանորոգման, ամրակայման աշխատանքներ իրականացվել Մայր Տաճարում:
-Ինչպես նշեցինք, այսպիսի ամբողջական հիմնանորոգություն Մայր Տաճարը երբեք չի ունեցել: Մասնակի նորոգություններ կատարվել երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետության շրջանում, 50-ական թվականներին, երբ եղան նորոգություններ, թարմացվեցին նաև տաճարի որմնանկարները: Այնուհետև Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրոք` 2001 թ. 1700-ամյակի տոնակատարություններից առաջ վերստին ամբողջությամբ թարմացվեցին և վերականգնվեցին որմնապատկերները նաև Տաճարի վերանորոգչական, հարդարման աշխատանքներ կատարվեցին 2008 թվականին:
Լուսանկարները՝ Տ. Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջից:
Աղբյուր՝ www.panorama.am