Միսիսոգա, Օնտարիո (Նորանոր) — Կանադայի փոքր համայնքներից Միսիսոգայում և Հալթըն-Փիլ տարածաշրջանի ևս 5 քաղաքներում (Բրեմփթոն, Օքվիլ, Բըրլինգթոն, Միլթոն և Ջորջթաուն) բնակվող շուրջ 250 հայ ընտանիքներն ամիսը երկու անգամ հնարավորություն ունեն հաղորդակից դառնալ Սուրբ պատարագին և վայելել Աստծո օրհնությունը: Համայնքը թեև եկեղեցի չունի, բայց ունի հոգևոր հովիվ, ով իր պարտքն է համարում ամուր պահել ժողովրդի հավատքը:
Մարտ ամսին կլրանա Տեր Մյուռոն քահանա Սարգսյանի՝ Կանադայում գտնվելու 10 տարին: Նա Կանադա է տեղափոխվել Եթովպիայից, ծառայել է Սուդանում, Գերմանիայում եւ Եթովպիայում: Լիբանանահայ հոգեւորականը կրթությունը ստացել է Մեծի Տանն Կիլիկիոյ Զարեհյան Դպրեվանքում եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հոգեւոր Ճեմարանում: Տեր Մյուռոնը նախ ստանձնել է Կանադահայոց թեմի Քրիստոնեական դաստիարակության և երիտասարդաց ծառայության գրասենյակի վարիչ-տնօրենի պաշտոնը, ապա եղել է «Կանադայի երիտասարդաց առաքելություն դեպի Հայաստան» (CYMA) կազմակերպության ղեկավարը: Իսկ վերջին 5 տարիներին հոգևոր ծառայության է անցել մի համայնքում, որտեղ առավել քան զգացվում էր հոգևոր հովվի ներկայության կարիքը: Չունենալով եկեղեցի՝ Միսիսոգայի համայնքը կանգնած էր ձուլման վտանգի առջև:
Տեր Մյուռոնն այս առիթով այլևս մտավախություն չունի և հույս է հայտնում, որ ժողովրդի հավատքը կկարողանա ամուր պահել, ինչը կախված է առաջնորդի պատասխանատվության աստիճանից: Համայնքի վիճակը, եկեղեցու կարևորությունն ու ապագայի իր տեսլականը նա ներկայացրել է Noranor.ca-ին տված հարցազրույցում:
Եկեղեցու հավատացյալը եթե թերանում է, նշանակում է՝ ես եմ թերանում, ուրեմն պետք է ավելի շատ աշխատեմ
«Եթե ղեկավարությունը զլանում է իր պարտականություններում, տուժում է ժողովուրդը, եթե եկեղեցին զլանում է իր պարտականություններում, տուժում է ժողովրդի հավատքը, եթե մշակութային կազմակերպությունները զլանում են իրենց պարտականություններում և պարզապես անունն է, կոչումն է, դիրքն է, տուժում է ժողովրդի մշակույթը: Ես միշտ գնահատել եմ ժողովրդի մասնակցությունը, իսկ պատասխանատվությունը վերագրել եմ ղեկավարությանը։ Եկեղեցու հավատացյալը եթե թերանում է, նշանակում է՝ ես եմ թերանոււմ, ուրեմն պետք է ավելի շատ աշխատեմ»,– համոզված է հոգևորականը:
ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԽՆԴԻՐ ՓՈՔՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
Իր պարտականություններից բացի, փորձում է առավելագույնն անել համայնքի համար, որը 25 տարվա պատմություն ունի՝ հիմնվել է 1991 թվականին: 25-ամյակի տոնախմբությունը նախատեսվում է անցկացնել առաջիկայում՝ փետրվարի 10-ին՝ քաղաքական, պետական մարմինների և Սրբազան Հայր Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի հովանու ներքո:
Կանադայի փոքր համայնքներում, որտեղ հայերը մեծ թիվ չեն կազմում, շատ ավելի դժվար է հայկական ավանդույթներին, լեզվին ու եկեղեցուն հավատարիմ մնալը: Հատկապես եկեղեցու բացակայությունը ձուլման վտանգի մեծացման պատճառ է դառնում:
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
Հենց այս վտանգներից խուսափելու համար հոգևորականը կարևոր է համարում համայնքային կենտրոնի գոյությունը և հույս հայտնում, որ Միսիսոգան նման մի կենտրոն կունենա ապագայում: Հիմա ունեն Սուրբ Վարդան եկեղեցուն կից շաբաթօրյա վարժարանը, ամառային ճամբարը, որի մասնակիցների թիվն անցյալ տարի ռեկորդային է եղել՝ 92 երեխա, ինչը փոքր համայնքի համար նշանակալի թիվ է:
«Եկեղեցին միշտ այնտեղ է, ուր հայ կա»
Եկեղեցու ներկայությունը համայնքում կարևոր է, բայց միայն շինությամբ չի պայմանավորված հավատքը, հետևաբար, «Եկեղեցին միշտ այնտեղ է, ուր հայ կա» խոսքերը հիշատակելով, Տեր Մյուռոնը ներկայացնում է համայնքի համար մեկ այլ՝ շատ կարևոր խնդիր՝ պատանիների և երիտասարդների դաստիարակությունն ու համայնքին կապելու խնդիրը:
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱԳԱՆ
«Ցավոք, երիտասարդության պակասը զգալի է, իսկ իմ նշանաբանն է՝ «Եթե երիտասարդություն չունես, համայնքը ապագա չունի», դրա համար կենտրոնանում ենք երիտասարդներու և պատանիներու վրա: Մեր ամենօրյա աշխատանքը սկսվում է 6 տարեկանից մինչև 18 տարեկան, իսկ 18 տարեկանից հետո երկրի պայմաններն են ստիպում երիտասարդներին ավելի լծվել իրենց համալսարանական կյանքին և իրենց ապագան կառուցել։ Հենց դա էլ պատճառ է դառնում, որ երիտասարդները հեռանում են համայնքային կյանքից. դա մտահոգեցնող է»,– նշում է հոգևորականը:
Կանադահայոց թեմի առաջնորդարանը՝ իր եկեղեցիներով, մեծ ջանքեր է գործադրում երիտասարդներին եկեղեցուն կապելու ուղղությամբ, վստահեցնում է քահանան: Մեծ համայնքներում դա հաջողվում է, բայց, ինչպես Տեր Մյուռոնն է ասում՝ «տկար են փոքր համայնքներում»: Որքան փոքրանում է համայնքը, այնքան մեծանում է խնդիրը, իսկ համայնքային կենտրոնի բացակայությունն այն ավելի լուրջ է դարձնում: Ուսանողական տարիքից հետո նրանք հեռանում են համայնքային կյանքից․ առաջնորդարանը լուծում փորձում է գտնել թեմական «Արարատ» ճամբարի միջոցով, որը համայնքների միջև կապ ստեղծելու տարբերակ է:
«Դա,անշուշտ, առաջնորդարանի ամենահաջողված տարեկան ծրագիրն է։ Կան նաև այլ ծրագրեր, որոնք կազմակերպվում են մեծ համայնքների կողմից: Օրինակ՝ Տորոնտոյի կողմից կազմակերպված բոլոր երիտասարդական ծրագրերի շնորհիվ մեծ աշխուժություն կա երիտասարդների մոտ։ Ունենք նաև թեմական ծրագրեր՝ «Կանադահայ երիտասարդաց առաքելություն դեպի Հայաստան» ծրագիրը, որ ապահովում է կապը համայնքի և եկեղեցու հետ»,– ներկայացնում է Միսիսոգայի հոգևոր հովիվը:
ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ
Նորաբնակ սիրիահայերն էլ իրենց հերթին են նոր մշակույթ ու ամուր ավանդույթներ հաստատում համայնքում։ Լուրջ փորձեր են արվում նրանց տարբեր ծրագրերում ու միջոցառումներում ներգրավելու ուղղությամբ, նկատում է հոգևորականը՝ հիշեցնելով, օրինակ, անցած տարեվերջին Միսիսոգայում կայացած «Երախտագիտության համերգը», որին անդրադառնալու առիթ Noranor.ca–ն ունեցել է:
Ինչ վերաբերում է դպրոցներում հայեցի դաստիարակության և կրոնի դասավանդման խնդիրներին, ապա Տեր Մյուռոն քահանան մտավախություններ ունի, սակայն միաժամանակ լավատես է:
«Միսիսոգայի միջեկեղեցական տարբեր եկեղեցիներու խորհուրդի կողմից վերջերս մի քանի ժողովներ եղան, և հիմնական մտահոգությունը, թե ինչպես կանադական դպրոցներում արտոնություն պիտի տրվի մահմեդականներին իրենց աղոթատեղին ունենան, մինչդեռ քրիստոնյաներին նույնիսկ «Հայր մեր»-ի արտասանությունն արգելվում էր դպրոցների մեջ: Այս մտահոգությունը ոչ միայն մեր կողմից է հնչում, այլև բոլոր եկեղեցիների կողմից»,– նշում է քահանան:
Հոգևորականը եկեղեցի ունեցող փոքր համայնքների ապագայի հանդեպ մտավախություն չունի. վտանգված են այն գաղութները, որոնք եկեղեցի չունեն, իսկ ընդհանուր առմամբ, սփյուռքահայ մյուս գաղութների համեմատությամբ, կանադահայ գաղութում հայ ընտանիքներն առավելապես ավանդապահ են և պահպանում են հայկականությունը:
ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ