Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով՝ Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Սբ Թադեոս և Սբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է Աստվածամուխ Սբ Գեղարդի ուխտի օր:
Այս տարի Սբ Գեղարդը ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ կիջեցվի Սբ Էջմիածնի Մայր Տաճար:
Աստվածամուխ Սբ Գեղարդը Մայր Տաճարում կմնա առավոտից մինչ ուշ երեկո:
ՏԵՂԵԿԱՆՔ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է պահվում համաքրիստոնեական սրբություններից մեկը՝ Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որով նաև օրհնվում է Հայոց Եկեղեցու Սրբալույս Մյուռոնը:
Սուրբ Գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զորականը՝ Ղունկիանոս հարյուրապետը, խոցեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ խաչի վրա: Սբ Ավետարանը վկայում է. «Երբ եկան Հիսուսի մոտ և տեսան, որ նա արդեն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին, այլ զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողերը, և իսկույն արյուն և ջուր ելավ» (Հռոմ. 19:33-34):
Հայոց Եկեղեցու սրբազան ավանդության համաձայն, Տերունի այս սրբությունն Ա. դարում Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտներից Սբ Թադեոս առաքյալը: Համաքրիստոնեական այդ սրբությունը դարեր շարունակ պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում, իսկ ԺԲ. դարից՝ Այրիվանքում, որը հետագայում ի պատիվ Սբ Գեղարդի կոչվել է Գեղարդավանք: ԺԸ. դարի վերջին Սբ Գեղարդը բերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և մինչ օրս պահվում է հանուր հայության հոգևոր կենտրոնում:
Համաձայն պատմական տեղեկությունների, Աստվածամուխ Սբ Գեղարդն իր հրաշագործ զորությամբ փարատել է հոգեկան ու մարմնական հիվանդություններ: Եվ այդ նպատակով՝ ԺԸ.-ԺԹ. դդ. ընթացքում Սբ Գեղարդը մի քանի անգամ տարվել է Հայաստանի որոշ գավառներ, նաև՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի:
ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ