Այսպես են կոչվում չար ոգիները՝ այն հրեշտակները, որոնք սատանայի հետ ապստամբելով՝ ընկան երկնքից եւ զրկվեցին երկնային շնորհներից ու Աստծուն ծառայելու երանությունից: Նրանք սատանայի հետ դատապարտված են հավիտենական տանջանքների, քանի որ չունեն դարձի հնարավորություն, այլ շարունակ ավելի չարանալով՝ թշնամանում են Աստծո դեմ: Նրանց հիմնական նպատակն ու հաճույքն է իրենց հետ կործանել մարդկանց՝ դրդելով գործել զանազան մեղքեր ու անօրինություններ:
Դեւերը գտնվում են երկնքի ներքո եւ ամեն կերպ ձգտում են խափանել մարդկանց կապը երկնքի՝ սրբերի, հրեշտակների եւ Աստծո հետ: Նրանք հատկապես ատում են քրիստոնյաներին՝ նրանց մշտապես ենթարկելով անտեսանելի հարձակումների զանազան չար խորհուրդների ու փորձությունների միջոցով: Սակայն պայքարելով դեւերի դեմ եւ Քրիստոսի զորությամբ հաղթելով նրանց՝ քրիստոնեական Եկեղեցին ավելի է մաքրվում եւ լուսավորվում՝ արժանի դառնալով հավիտենական պսակի:
Աղբյուր՝ «Սրբազան ժառանգություն» Հայ քրիստոնեական մշակույթի համառոտ հանրագիտարան